Գրիգոր Օտյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիքիպեդիայում կան հոդվածներ Օտյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Գրիգոր Օտյան
Grigor-Otyan.jpg
Ծնվել է1834
ԾննդավայրԿոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն
Մահացել է1887
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա
Ազգությունհայ
Մասնագիտությունհասարակական գործիչ

Գրիգոր Պողոսի Օտյան (1834, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - 1887, Փարիզ, Ֆրանսիա), օսմանահայ հասարակական քաղաքական գործիչ, հրապարակախոս։ Ստացել է իր ժամանակի համար փայլուն կրթություն՝ սկզբում ուսանելով Կ.Պոլսում, այնուհետև՝ Փարիզում։ Եղել է 1848 թ. ֆրանսիական բուժուական հեղափոխության ականատեսը, որը մեծ ազդեցություն է ունեցել նրա գաղափարական ձևավորման վրա։ 1851 թ. վերադարձել է Կ.Պոլիս։ Եղել է սահմանադրական շարժման ղեկավարներից, մասնակցել Ազգային սահմանադրության մշակմանը։ 1875 թ. օգնել է Միհդատ փաշային մշակելու Օսմանյան կայսրության սահմանադրությունը։ 1878 թ. Բեռլինի կոնգրեսի նախօրյակին Կ.Պոլսի հայոց պատրիարքարանի հանձնարարությամբ մշակել է Արևմտյան Հայաստանի բարենորոգումների ծրագրի նախագիծ («Ծրագիր կազմակերպական կանոնագրի օսմանյան Հայաստանի»)։ Աբդուլ Համիդի կողմից օսմանյան սահմանադրության գործողությունը դադարեցնելուց հետո և դրան հաջորդած հալածանքների պայմաններում Օտյանը 1880 թ. ստիպված մեկնել է Փարիզ, որտեղ ապրել է մինչև իր կյանքի վերջը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգոր Օտյանը ծնվել է 1834 թվականի դեկտեմբերի 9-ին, Կ.Պոլսում, Սկյուտարում։ Հինգ տարեկանից սովորել է հոր՝ Պողոս Օտյանի հիմնած տնային դպրոցում։ Առաջին ուսուցիչը եղել է Գաբրիել Պարտիզպանյանը։ Տասնչորս- տասնհինգ տարեկանում դասախոսություններ է լսել Փարիզում, իսկ տասնվեց տարեկանից սկսել է թարգմանություններ անել ֆրանսերենից հայերեն՝ թարգմանելով Լամարթինի, Վիկտոր Հյուգոյի բանաստեղծությունները (վերջինիս հետ եղել է մտերիմ)։ Օտյանը հատուկ ուշադրություն է դարձրել գիտությանը, ազգային-ազատագրությանը և ազգային ինքնագիտակցության զարթոնքին։ 1851 թվականին Կ.Պոլսում լույս է տեսնում նրա «Առաջարկություն աշխարհաբար լեզվի վրա» աշխատությունը, որտեղ Օտյանը պաշտպամում է աշխարհաբարի մշակումն ու տարածումը։ 1857 թվականին Ազգային ժողովի հանձնարարությամբ մասնակցում է Թուրքիայում ապրող հայերի ներքին գործերի կանոնադրության մշակմանը։ Օտյանը, Պալյանը, Ռուսինյանը և Սերվիչյանը ստեղծում են մի կանոնադրություն, որը հետո կոչվեց ազգային սահմանադրություն, բայց ընդունվեց միայն 1863 թվականի մայիսի 17-ին, իսկ նույն թվականի սեպտեմբերի 20-ին գումարվեց առաջին նիստը։ 1862 թվականին Օտյանի օժանդակությամբ Հ.Սերվիչյանը, Ն. Ռուսինյանը, Գր.Աղաթոնը, Տ. Չուխաջյանը ու Գ. Երանյանը հիմնում են «Հայ երաժշտական ընկերությունը»՝ «Քնար հայկական» շաբաթաթերթով, որտեղ Մկրտիչ Պեշիկթաշլյանը հրատարակում է իր հայտնի «Եղբայր ենք մենք» բանաստեղծությունը։ Օտյանը աջակցում է նաև Զեյթունի հերոսական ապստամբության ղեկավարներին։ 1864-1867 թվականներին կառավարությունը մեկուսացնում է Գր.Օտյանին՝ ուղարկելով Բուլղարիայի Ռուսճուգ քաղաքը։ 1867 թվականի հետ է կանչվում։ 1869 թվականին Օտյանը ուղևորվում է Եվրոպա՝ Ֆրանսիա, Գերմանիա: Վերադառնալով՝ նվիրվում է օսմանյան սահմանադրության կայացմանը։ 1878 թվականին կրկին մեկնում է Եվրոպա, սակայն վերադառնում է և հիվանդանում։ Օտյանի հետապնդումները սկսվում են Աբդուլ Համիդի գահակալությամբ։ 1880 թվականին Օտյանը բարեկամների խորհրդով և Գ. Սամանճյանի աջակցությամբ գաղտնի հեռանում է Պոլսից և հաստատվում Փարիզում։ Իր կյանքի վերջին տարիները նվիրում է գրականությանը։ 1885 թվականին սրվում են հիվանդությունները՝ հոդացավ, շնչառության դժվարություն, սրտի և երիկամների հիվանդություն։ 1887 թվականի օգոստոսի 15-ի գիշերը 53 տարեկանում մահանում է Գրիգոր Օտյանը։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մանկավարժ ամսագիր12, 1990 թ.:
  • Մ. Չերազ, Կենսագրական մյուզիոններ, Գրիգոր Օտյան, պարիս, 1929 թ.:
  • Մ. Կազմարարյան, Գրիգոր Օտյանի գոհարները, Կ.Պոլիս, 1931 թ.: