Սուեզի ջրանցք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սուեզի ջրանցք
արաբ․՝ قناة السويس,‎‎
Սուեզի ջրանցքը
Սուեզի ջրանցքը
Դիրք
Երկիր Եգիպտոս Եգիպտոս
Բնութագիր
Երկարություն 163 կմ
Սուեզի ջրանցքը տիեզերքից
Սուեզի ջրանցքը տիեզերքից

Սուեզի ջրանցք[1] (արաբ․՝ قناة السويس,‎‎ Qanā al-Suways) — Միջերկրական ծովը Կարմիր ծովի հետ միացնող նավարկելի արհեստական ջրանցք Եգիպտոսում։ Փորվել է 1859 - 1869 թվականներին։ Միջերկրական ծովը և Հնդկական օվկիանոսը միացնող ամենակարճ ջրային ճանապարհն է (այլընտրանքային ուղին ավելի երկար է շուրջ 8 հազար կմ-ով)։ Ջրանցքի գիծը համարվում է Աֆրիկա և Ասիա մայրցամաքների պայմանական սահմանը։ Գլխավոր նավահանգիստներն են Պորտ-Սաիդը (Միջերկրական ծովի վրա) և Սուեզը (Կարմիր ծովի վրա)։

Գտնվում է Սինայի թերակղզուց արևմուտք, երկարությունը կազմում է 163 կմ։

Ներկայումս ջրանցքի շահագործումից ստացած գումարները կազմում են Եգիպտոսի բյուջեի եկամուտների ամենամեծ չափաբաժինը՝ գերազանցելով անգամ զբոսաշրջիկությունից ստացած եկամուտները։

Պատմություն[խմբագրել]

Սուեզի ջրանցքի կառուցման անհրաժեշտությունը[խմբագրել]

Մուհամմադ Ալիի 1840 թվականի կապիտուլյացիայից հետո Եգիպտոսը բացվեց արտասահմանյան կապիտալի համար։ 1842 թվականին Եգիպտոսի վրա տարածվեցին 1838 թվականի անգլո-թուրքական պայմանագրի պայմանները, որով անգլիացիները կարող էին ազատորեն եգիպտական բամբակ առնել արդեն հենց արտադրողից։ Խոշոր արևելյան տերությունից Եգիպտոսը վերածվեց Բարձր Դռան վասալի։ Սակայն փաստացի Եգիպտոսն անցավ Ֆրանսիայի և Անգլիայի համատեղ պրոտեկտորատի տակ։

SuezCanalKantara.jpg

Եգիպոսում բուռն պայքար էր ընթանում 2 խմբերի միջև։ Առաջինը այն հետադիմական ավատատերերն էին, ովքեր ուզում էին պահպանել կապը Թուրքիայի հետ։ Նրանք Անգլիայի կողմից էին, որի ազդեցությունը Կ.Պոլսի վրա գերակշռում էր։ Հաջորդը առևտրականներն ու լիբերալ ֆեոդալներն էին։ Նրանք ռեֆորմների կողմնակից էին և հավակնում էին Ֆրանսիային։ Այս պայքարը արտացոլվեց Իբրահիմ փաշայի (1848-1848) և Աբբաս փաշայի (1848-1854) գործունեության մեջ։ Երկրի փաստացի կառավարիչը Իբրահիմն էր։ Մուհամմադ Ալին այդ ժամանակ տարեց էր և իր պարտականությունները հանձնել էր նրան։ Իբրահիմը մեծ տեղ էր տալիս Եգիպտոսի տնտեսական զարգացմանը, փորձում էր լավացնել Եգիպտոսի պետական ապարատի գործունեությունը, որը կոռուպցիայի մեջ էր խրված, վերականգնել ֆինանսները։ Նա ստեղծեց մշտական պետական բյուջե։ 1842 թվականին մեծացվեցին հողատերերի իրավունքները։ 1848 թվականին նա պաշտոնապես դարձավ Եգիպտոսի կառավարիչ, սակայն 3 ամիս անց մահացավ։

Իբրահիմին փոխարինեց Մուհամմադ Ալիի թոռը՝ Աբբաս փաշան, ով իր պապի հակապատկերն էր (1849-1854)։ Նա կարծես իր առջև նպատակ էր դրել հմքից արմատախիլ անել ռեֆորմների արդյունքները։ Նա լուծարեց Ալիի կողմից կառուցված մանուֆակտուրաները, փակեց դպրոցները, քչացրեց բանակը։ Եթե Մուհամմադ Ալիի օրոք բանակը ստանում էր ազգային բնույթ, ապա նա բանակը վերածեց իր անձնական գվարդիայի։ Աբբաս փաշան միշտ ընդգծում էր իր վասալական կախումը թուրքական իշխանություններից։ Նա ատում էր արևմտյան մշակույթը և եվրոպացիներին, ինչը նրան չէր խանգարում կատարել անգլիացիների հրամանները։ 1851 թվականին նա անգլիացիներին համաձայնություն տվեց կառուցել Սուեզի երկաթգիծը, որը մեծ նշանակություն ուներ Անգլիան Հնդկաստանի հետ կապելու համար։ Սուեզի ջրանցքը դեռ փորված չէր, բայց արդեն 19-րդ դարի սկզբից անգլիացիները փորձում էին փոխարինել Աֆրիկայի շուրջ երկար ճանապարհը Եգիպտոսի միջոցով ավելի կարճ ճանապարհով։ Ֆրանսիական կապիտալիստները, որոնք Մուհամմադ Ալիի և Իբրահիմի կառավարման շրջանում որոշիչ դեր ուներիմ այժմ հետին պլան մղվեցին։ Սակայն նրանք չհանձնվեցին և ի հակադրություն անգլիացիների երկաթգծի ծրագրի առաջարկեցին ջրանցքի կառուցման ծրագիր, որը կկապեր Միջերկրական և Կարմիր ծովերը։

Գերտերությունների շահերը[խմբագրել]

Սուեզի ջրանցքը

Դեռևս 19-րդ դարի սկզբին Նապոլեոն Բոնապարտը հրամայեց իր ինժեներներից մեկին մշակել ջրանցքի կառուցման նախագիծ, բայց վերջինս սխալ ուսումնասիրության արդյունքում ասաց, որ դա գրեթե անհնար է։ Հետագայում ֆրանսիացիների բոլոր փորձերը կապված ջրանցքի կառուցման հետ հանդիպեցին Մուհամմադ Ալիի և Անգլիայի դիմադրությանը։ Մուհամմադ Ալին գիտակցում էր ջրանցքի ստատեգիական հսկայական նշանակությունը և հականում, որ դա կհրապուրի եվրոպական տերություններին ոչ պակաս և Եգիպտոսը կդառնար նվաճողական ծրագրերի առարկա։ Իսկ Անգլիան դեմ էր այդ ծրագրին մինչև այն պահը, երբ Եգիպտոսում տիրում էր ֆրանսիական ազդեցությունը, մինչև Սուեզը, որը Հնդկաստան տանող բանալին էր, գտնվում էր օտարի ձեռքում։

19-րդ դարի 50-ականներին ծրագիրը առաջ քաշվեց ֆրանսիացի դիվանագետ Ֆերդինան դե Լեսսեպսի կողմից։ Ծրագրի դեմ էին Անգլիան և Աբբաս փաշան։ Երկրի տնտեսական պահանջները ստիպում էին, որ Աբբասը գահնըկեց լինի։ Նա սպանվեց և 1854 թվականին նրան փոխարինեց Մուհամմադ Ալիի որդի Սաիդ փաշան (1854-1863) ։ Նա արևմտամետ էր և Լեսսեպսին կոնցեսիա տվեց ջրանցքը կառուցելու համար։ Այս քայլը արագացրեց Եգիպտոսի կախվածությունը եվրոպական երկրներից և արագացրեց գաղութացումը։ 1855 թվականին նոր ուսումնասիրություններ կատարվեցին և 1859 թվականի ապրիլին սկսվեց կառուցումը։ Կառուցմանը մշտապես մասնակցում էին 25-40 հազար գյուղացիներ, որոնցից 20,000-ը զոհվեցին։ Նրանց տաժանակիր աշխատանքը զզվանք առաջացրեց ֆրանսիացիների նկատմամբ, ինչից օգտվեց Անգլիան, ով մեծ պայքար սկսեց Ֆրանսիայի հետ ջրանցքի կառուցման համար։

Սաիդ փաշան չապրեց մինչև ջրանցքի կառուցման ավարտը, նրան փոխարինեց Իսմայիլ փաշան (1863-1879) , ով արևմտամետ էր, դեմ չէր ջրանցքի կառուցմանը և ձգտում էր Եգիպտոսը դարձնել Եվրոպայի մի մաս։ Սակայն նա 1863 թվականին հրովարտակ հռչակեց շինարարության ժամանակ ստիպողական աշխատանքների արգելման համար։ Այս գործողությունը պաշտպանվեց Բարձր Դռան կողմից, որի մեջքին կանգնած էր Անգլիան։ Սրանից Լեսսեպսը մեծ ֆինանսական հարված էր ստանում։ Սակայն Իսմայիլը ոչ միայն չկարողացավ վերացնել ֆելահների հարկադիր աշխատանքը, այլ նաև պարտավորվեց վճարել 84մլն ֆրանկ Սուեզի ընկերությանը, որպես վնասի հատուցում։ Աշխատանքները ավարտվեցին 1869 թվականին և նույն տարվա նոյեմբերի 17-ին տեղի ունեցավ ջրանցքի պաշտոնական բացումը։ Իսմաիլի հրամանով Ջուզեպպե Վերդին դրա կապակցությամբ գրեց «Աիդա» օպերան։ Ջրանցքի կառուցումհը Եգիպտոսի վրա նստեց 400 միլիոն ֆրանկ։

Եգիպտոսի ֆինանսական խնդիրները և Սուեզի ջրանցքի կորուստը[խմբագրել]

Սուեզի ջրանցքը (արաբ․՝ قناة السويس‎‎‎), այսպիսով, կառուսվել է 1869 թվականին։ Ջրանցքի կառուցման հետ կապված ահռելի ծախսերը ստիպեցին եգիպտական իշխանություններին դիմել օտարերկրյա ֆինանսական օգնությանը։ Դրա սկիզբը դրեց Սաիդ փաշան (1854-1863)։ Նա չուներ առանց Բարձր Դռան գիտության պայմանագիր կնքելու իրավունք։ Այդքանով հանդերձ, նա գնաց այդ քայլին, որի հետևանքով նրա մահվան պահին Եգիպտոսն ուներ 6 միլիոն ֆունտ արտաքին պարտք։ Այս գործում իր խոշոր ներդրումն ունեցավ Գերման Օպենգեյմը, ով համագործակցում էր բրիտանական իշխանությունների հետ և ծառայում էր նրանց շահերին։ 1862 թվականին նրա միջնորդությամբ Սաիդը վերցրեց առաջին եգիպտական պետական պարտքը, և դրանից հետո տարեց տարի պարտքի չափը մեծանում էր։ Հատկանշական է, որ նոր պարտք վերցնելով Եգիպտոսը փակում էր նախորդ պարտքը։ 1865 թվականին Իսմայիլը (1863-1879) նորից պարտք վերցրեց Անգլո-եգիպտական բանկից։ Այն օգտագործվեց շաքարի գործարանների կառուցման համար։

Այս ամենի արդյունքում 11 տարվա ընթացքում Եգիպտոսը կուտակեց 68 միլիոն ֆունտ պարտք, ամբողջը Անգլիայից, և 1876 թվականին այն կազմում էր 94 միլիոն ֆունտ։ Դրա մի մասը Իսմայիլը վատնել էր սեփական կարիքների վրա, մյուս մասը` գործարանների, երկաթգծերի, կամուրջների, նավահանգիստների կառուցման վրա, որի մեծագույն մասը վատնվել էր արտասահմանցի ինժեներներին և շինարարական ընկերություններին նորմայից ավել վճարելով։ Օրինակ` Ալեքսանդրիայի նավահանգիստը կառուցելու համար եգիպտական գանձարանից եվրոպական շինարարական ընկերությանը վճարվեց 2.5 միլիոն ֆունտ ստերլինգ 1.5 ի փոխարեն։ մյուս կողմից գրեթե 22 միլիոն ֆունտ յուրացվեց բանկիրների կողմից` փոխարժեքի տատանումների պատճառաբանմամբ։ Այսպիսով, պարտքի մեծ մասը առաջացել էր եվրոպական բանկիրների ֆինանսական մախինացիաների միջոցով։ 1875 թվականի վերջին, որպեսզի մարի հերթական պարտքը, Իսմայիլը որոշեց վաճառել Եգիպտոսին պատկանող Սուեզի ջրանցքի ակցիաները։

Բրիտանական կառավարությանը տեղյակ չպահելով՝ վարչապետ Դիզրաելին իր ընկեր Ռոտշիլդից 4 միլիոն ֆունտ պարտք վերցնելով գնեց Սուեզի ջրանցքը։ Գործարքը տեղի ունեցավ 1875 թվականի նոյեմբերի 25-ին։ 176 հազար ակցիա անցավ բրիտանական կառավարության ենթակայության ներքո։ Ստացվում է, որ ջրանցքը, որի պատճառով Եգիպտոսը խրվել էր 300 մլնի հասնող պարտքի մեջ, որի կառուցման համար ծախսվել էր 16 մլն. Ֆունտ, վաճառվեց ընդամենը 4 մլնով։ 1910 թվականին արդեն բաժնետոմսերի գինը հասել էր 35 միլիոնի։ Գործարքն ուներ նաև քաղաքական կողմ։ Անգլիան, ինչպես հայտնի է, ողջ 19-րդ դարի ընթացքում ձգտում էր իրեն ենթարկել Եգիպտոսը և դա հանդիպում էր Ֆրանսիայի ուժեղ դիմադրությանը։ Իսմայիլի այն խոսքերը, որ «ջրանցքը կլինի Եգիպտոսինը, ոչ թե Եգիպտոսը` ջրանցքինը» իրենց չարդարացրին։ Ջրանցքի բաժնետոմսերի մեծ մասը` 55 %ը պատկանում էին Ֆրանսիային, սական տարբեր բաժնետերերի։ Իսկ մնացյալ 45 %-ը ամբողջությամբ բրիտանական կառավարությանն էր։ Եվ դա առաջին քայլը դարձավ Անգլիայի կողմից Եգիպտոսի օկուպացիայի համար։

Ծանոթագրություններ[խմբագրել]

Աղբյուրներ[խմբագրել]

  • Луцкий Владимир Борисович։ Луцкий Владимир Борисович, Новая история арабских стран, 2 изд., М., 1966.