Երկաթուղի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չորս BNSF GE C44-9W դիզելային լոկոմոտիվներ
Աշխարհի երկաթուղային ցանցի ինտերակտիվ քարտեզ

Երկաթուղի, ռելսային ուղիներով լոկոմոտիվային կամ մոտորավագոնային քարշի միջոցով բեռնատար և մարդատար փոխադրամիջոցի տեսակ։ Առաջացումը սերտորեն կապված է խոշոր, հատկապես լեռնահանքային արդյունաբերության զարգացման հետ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռելսերով ընթացող առաջին շոգեքարշը ստեղծել է Ռիչարդ Տրևիթիկը 1803 թվականին Անգլիայում։ Այն օգտագործվում էր Ուելսի մետաղագործական գործարաններում։ Մեկ ուրիշ անգլիացի՝ Ջորջ Սթեֆենսոնը, 1814 թվականին կառուցեց առաջին լոկոմոտիվները, ինչպես նաև առաջին մարդատար երկաթուղային ճանապարհը՝ Սթոքթոնի և Դառլինգթոնի միջև, որը բացվեց 1825 թվականին։ Սթեֆենսոնը ղեկավարում էր նաև Մանչեստր–Լիվերպուլ երկաթուղու շինարարությունը, որը բացվեց հինգ տարի անց և դրեց երկաթուղիների դարաշրջանի սկիզբը։ Սթեֆենսոնը նախագծեց նաև «Հրթիռ» կոչված նշանավոր շոգեքարշը, որը կառուցեց նրա որդին՝ Ռոբերտը, 1829 թվականին։ Երկաթուղիների կառուցումը շարունակվեց ողջ 19-րդ դարի ընթացքում։ Հանրային երկաթուղիներ կառուցվեցին 1835 թվականին Բելգիայում և Գերմանիայում, իսկ հետագա 20 տարիներին դրանց շինարարությունն սկսվեց նաև աշխարհի բազմաթիվ այլ երկրներում։ Երկաթուղային տրանսպորտի զարգացման փայլուն նվաճումներից մեկը դարձավ Բրիստոլ–Լոնդոն երկաթգիծը, որն անվանեցին «Գրեյթ Վեստեռն»։ Նրա շինարարությունը տևեց ութ տարի և ավարտվեց 1841 թվականին։ 1863 թվականին ամերիկյան «Յունիոն Փասիֆիք» և «Սենթրալ Փասիֆիք» ընկերությունները ողջ Հյուսիսային Ամերիկայում սկսեցին կառուցել երկաթուղիներ։ Այդ ընկերություններից մեկը շինարարությունն սկսեց արևելքից՝ Խաղաղ օվկիանոսի ափերից, իսկ մյուսը՝ արևմուտքից՝ Միսուրիի գետաբերանից։ Վեց տարի անց նրանց կառուցած երկաթուղիները միացան իրար Յուտա նահանգում։ Հայաստանում առաջին՝ Թիֆլիս–Ալեքսանդրապոլ–Կարս երկաթուղին շահագործման է հանձնվել 1899 թվականին և ուներ 213,8 կմ երկարություն։ Շոգեքարշները լայնորեն օգտագործվում էին մինչև 1960-ական թվականները, իսկ որոշ երկրներում դրանցով երթևեկում են ցայսօր։

Երկաթուղիների շինարարությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկաթուղու պաստառը պետք է լինի հնարավորինս հարթ։ Ցանկացած թեքություն կամ բարձրությունների տատանումներ կարող են դանդաղեցնել լոկոմոտիվի ընթացքը։ Շրջադարձերը պետք է լինեն սահուն, քանի որ մեծ արագությամբ սլացող գնացքը չի կարող կտրուկ շրջադարձ կատարել։ Կիրճերի վրայով ճանապարհ գցելու համար կառուցում են երկաթուղային կամուրջներ, իսկ լեռներում թունելներ են փորում։ Երկաթուղիների շինարարության սկզբում հիմնական աշխատանքները կատարվում էին ձեռքով. շինարարների բազմահազարանոց ջոկատները փորում էին հողը և տեղադրում ռելսերը։ Ներկայումս այդ աշխատանքները մեքենայացված են. միանգամից տեղադրվում են երկաթուղային պատրաստի պաստառներ։ Երկաթուղային պաստառը բաղկացած է բետոնե կամ փայտե կոճերի վրա ամրացված պողպատե ռելսերից։ Դրանք իրենց վրա են կրում գնացքի ծանրությունը և ապահովում ռելսերի հորիզոնական դիրքը։ Ռելսերի վերջնամասերի միջև փոքրիկ արանքներ են թողնում, որոնք շոգ եղանակին չեզոքացնում են ռելսերի ջերմային ընդարձակումը։ Առանց այդ արանքների, ռելսերը կարող են ծռմռվել։ Երկշարք ռելսերն իրարից բաժանված են հաստատուն միջակայքով՝ ռելսամեջով։ Ռելսամեջի ամենատարածված լայնությունը 1,44 մ է։ Ռուսաստանում, Իսպանիայում և Ֆինլանդիայում օգտագործվում են ավելի լայն ռելսամեջեր։ Մեծ թեքությամբ երկաթուղային պաստառներում երկու ռելսերի արանքում տեղադրվում է նաև ատամնավոր երրորդ ռելսը։ Դրան հպվում է լոկոմոտիվի տակ ամրացված հատուկ ատամնաանիվը, որի շնորհիվ գնացքը, առանց ռելսերից դուրս սահելու վտանգի, կարող է հաղթահարել վերելքներն ու վայրէջքները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 597