Շոգեքարշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարդատար շոգեքարշ

Շոգեքարշ, շոգեմեքենայով շարժման մեջ դրվող լոկոմոտիվ։ Հիմնական տարրերն են շոգեկաթսան, շոգեմեքենան, էկիպաժը և տենդերը։ Կաթսայի հնոցում վառելիքի այրման ջերմությունը հաղորդվում է կաթսայի ջրին, որը վերածվում է գոլորշու։ Շոգեմեքենան ջերմային էներգիան փոխակերպում է շոգեգլաններում մխոցի շարժման մեխանիկական էներգիայի։ Շուռտվիկա-շարժաթևային մեխանիզմի միջոցով այդ շարժումը փոխանցվում է շարժվող անիվներին։ Շոգեքարշի էկիպաժը բաղկացած է շրջանակից, որի վրա տեղադրվում են կաթսան ու մեքենան, և ընթացային մասից։ Տենդերում սովորաբար պահում են ջրի և քսանյութի պաշարները։ Ըստ անվածրի լայնության տարբերում են լայնածիր և նեղծիր շոգեքարշեր, ըստ սպասարկվող շարժակազմի տեսակի՝ գնացքային (մարդատար և բեռնատար) և մաներային։ Առաջին շոգեքարշերը ստեղծվել են Մեծ Բրիտանիայում՝ 1803 թվականին Ռ․ Թրևիթիկի կողմից և 1814 թվականին Ջ․ Սթեֆենսոնի կողմից։ Ռուսաստանում առաջին շոգեքարշը ստեղծել են Ե․ Ա․ և Մ․ Ե․ Չերեպանովները 1833 թվականին։ Շոգեքարշերի ցածր արդյունավետության պատճառով ԽՍՀՄ-ում 1956 թվականից դադարեցվել է դրանց թողարկումը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png