Աբու Ջաֆար Աբդալլահ իբն Մուհամմադ ալ-Մանսուր (արաբ․՝ أبو جعفر عبدالله بن محمد المنصور, 714[1][2], Հումեիմա, Բիլադ ալ-Շամ, Արաբական խալիֆայություն - հոկտեմբերի 7, 775[3], Բաղդադ, Արաբական խալիֆայություն),[5], Արաբական խալիֆա (754-775)։ Աբբասյանների դինաստիայից։ Մանսուր (նշանակում է «Հաղթական»), ամրապնդել է Աբբասյանների նորաստեղծ պետությունը։ Անց է կացրել վարչական-ֆինանսական բարեփոխումներ, ծանրացրել է հարկերը (Արմինիա կուսակալությունը տարեկան վճարել է 13 միլիոն արծաթ դիրհեմ), 762 թվականին հիմնել է Բաղդադը, որը դարձել է խալիֆայության մայրաքաղաքը։
Աբու ալ-Մանսուրը 750-753 թվականներին եղել Արմինիայի ոստիկան: Խալիֆա դառնալուց հետո, նրա հրամանով վերացվում է զինվորական նպաստը, որի վերացվելուց հետո այն այլևս չի վերականգնվում ու նաև վերացվում է նախարարների և նրանց հեծելազորի քանակը պահելու անհրաժեշտությունը[6][7]: Մանսուրի օրոք Արմինիայում բռնկվել է (774-775) ապստամբություն Մուշեղ Մամիկոնյանի գլխավորությամբ, և մոտ մեկ տարի երկիրը գտնվել է ապստամբների ձեռքին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 240)։