Փարավոնների ջրանցք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փարավոնների ջրանցք
Տեսակջրանցք
Երկիր Եգիպտոս,  Աքեմենյան պետություն և Եգիպտոսի XXVI դինաստիա
Վարչատարածքային միավորAchaemenid Egypt?

Փարավոնների ջրանցք, Չորս արքաների ջրանցք[1], Տրայանոսի գետեր, հնագույն ջրատեխնիկական կառույցի պայմանական անվանում, որը կապել է Կարմիր ծովի Սուեզի ծոցը Նեղոսի հետ․ գոյություն է ունեցել մինչև մ․թ․ա․ 8-րդ դարը։ Նախորդել է Սուեզի ջրանցքին։

Նախքան պարսկական նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարմիր և Միջերկրական ծովերի միջև Նեղոսի ընթացքն օգտագործող նավարկելի ջրանցքի կառուցման միտքն առաջացել է հնագույն ժամանակներից։ Արիստոտելը հաղորդում է[2], որ ջրանցքի առաջին շինարարը համարվում է Սեսոստրիսը։ Սեսոստրիսը եգիպտական փարավոնների հավաքական կերպար է, որը հաճախ է նույնացվում Ռամզես II-ի (մ․թ․ա․ 8-րդ դար) կամ Սենուսերտ III-ի (մ․թ․ա․19-րդ դար) հետ։ Արիստոտելի վկայությամբ՝ ջրանցքի շինարարությունը կիսատ թողնվեց, որովհետև պարզվեց՝ ծովի մակարդակը բարձր է գետի մակարդակից, և շինարարությունը դադարեցվեց՝ «վախենալով փչացնել գետի ջուրը՝ այն խառնելով ծովի ջրի հետ»։ Նույն բանի մասին է հաղորդում նաև Ստրաբոնը[3]։

Այնուամենայնիվ, Սեթի I փարավոնի ժամանակաշրջանից (մ․թ․ա․ 13-րդ դար) մեզ են հասել ջրանցքների պատկերներ, որոնք Նեղոսը կապում են Դառը լճերի հետ։ Դրանցից մեկը ճյուղավորվում էր արևելյան թևից՝ Դելտայի սկզբից քիչ ներքև (Հելիոպոլիսից մի քիչ ներքև), մյուսը՝ Բուբաստիսից արևելք։ Ըստ ամենայնի, հետագա դարերին ջրանցքը չի օգտագործվել, աստիճանաբար լքվել է, իսկ հունը լցվել է ավազով[4]։

Հերոդոտոսը վկայում է[5], որ Նեխո II փարավոնի օրոք (մ․թ․ա․ 7-6-րդ դարեր) Նեղոսից Կարմիր ծով նավարկելի ջրանցքի կառուցման նոր փորձ արվեց։ Այն «4 օրվա ճանապարհի չափ» երկար էր և այնքան լայնություն ուներ, որ 2 տրիերներ կարող էին կողք կողքի լողալ։ Շինարարության ժամանակ իբր մահացավ 120000 եգիպտացի, սակայն փարավոնը ստիպված էր հրաժարվել շինարարությունից գուշակի անբարենպաստ կանխագուշակման պատճառով․ «Կանխագուշակությունն ասում էր, որ արքան ջրանցքը կառուցում է միայն հօգուտ բարբարոսների»։ Հնարավոր է՝ խոսքը քրմության երկյուղի մասին էր, որ ջրանցքի շահագործումը երկիր կբերի օտարերկրացիների մեծ հոսք՝ ի դեմս հույն վաճառականների, որոնք ամենից շատն էին դրանով հետաքրքրված[4]։ Այնուամենայնիվ, Նեխոն հաջողացրեց ուղեգծել ջրանցքը, որը համընկնում է Սեթի ջրանցքի ավելի հյուսիսային հունի հետ[4]։

Մ․թ․ա․ 525 թվականին պարսիկները նվաճեցին Եգիպտոսը։ Պարսից արքա Դարեհ I-ը, ով լայնարձակ գերտերություն ուներ, որն իր մեջ բացի Եգիպտոսից ներառում էր Առաջավոր Ասիայի մեծ մասը և վերահսկում էր Հնդկաստան տանող առևտրական ճանապարհները, վերադարձավ ջրանցքի կառուցման գաղափարին։ Ակնհայտ է, որ արքայի որոշմանը նախորդում էր հանձնարարությունը, որն իրականացրել էր ծովագնաց Սկիլակը, ով, համաձայն Հերոդոտոսի, ապացուցեց Հնդկաստանից Եգիպտոս ուղիղ նավարկելու հնարավորությունը[6]։ Թեև Արիստոտելը, Ստրաբոնը, Պլինիոս Ավագը[7] և Դիոդորոս Սիկիլիացին պնդում են[8], որ պարսիկներին ևս չհաջողվեց ավարտին հասցնել նախագիծը (Հերոդոտոսը ասում է միայն այն, որ Դարեհ I-ը «շարունակեց» շինարարությունը, որը սկսել էր Նեխո II-ը[5]), հնագիտական պեղումները հակառակն են վկայում։ Ջրանցքի հունի երկայնքով արքայի հրամանով մի քանի գրանիտե պատ դրվեց՝ եգիպտերեն, հին եգիպտերեն, էլամերեն և աքքադերեն արձանագրություններով, որոնք լավ պահպանված հասել են մեր օրերը և գտնվել ժամանակակից Սուեզի ջրանցքի շինարարության ժամանակ։ Ջրանցքի կառուցման ժամանակ Դարեհ I-ը ենթադրաբար օգտվել է Նեխո II-ի օրոք կատարված հունի ուղեգծումից[4]։

Հելլենիզմի դարաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետագա դարերին ջրանցքը կրկին դատարկվեց և կրկին մաքրվեց արդեն Պտղոմեոս II Եղբայրասերի կողմից։ Ինչպես հայտնում է եգիպտերեն գրառումը, որը գտնվել է Թել էլ Մասխութում՝ դա տեղի ունեցավ արքայի գահակալման 6-րդ տարում, այսինքն՝ մ․թ․ա մոտ 277 թվականին[Ն 1]։ Դիոդորոս Սիկիլիացին Պտղոմեոս II-ի ինժեներներին է վերագրում «սրամիտ շլյուզի» հայտնագործությունը[8], որը թույլ տվեց լուծել բարձրությունների անկման և նեղոսյան ջրի ու հողի հնարավոր աղակալման խնդիրը։ Ջրանցքի՝ Կարմիր ծով դուրս գալու մոտ կառուցվեց Արսինոյա նավահանգիստը, որն այդպես անվանվեց արքայի երկրորդ կնոջ պատվին։ Նեղոսի դելտայի պելուզիական թևի աստիճանական գերչորացումը ջրանցքը աննավարկելի դարձրեց արդեն Կլեոպատրա VII-ի օրոք (մ․թ․ա․ 1-ին դար)։ Այն վերականգնեցին հռոմեական կայսր Տրայանոսի օրոք (մ․թ․ 2-րդ դարի սկիզբ), որից հետո այն ստացավ Տրայանոսի գետեր անվանումը[9]։

Արաբական նվաճումների դարաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Արաբների կողմից Եգիպտոսը նվաճելուց հետո ջրանցքը կրկին վերականգնվեց Ամիր իբն ալ Ասի կողմից 642 թվականին, որն այն անվանեց «ուղղահավատների տիրակալի ջրանցք» (արաբ․՝ خليج أمير المؤمنين‎‎‎)[10] և օգտագործում էր Արաբիան հացահատիկ մատակարարելու համար։ Սակայն 776 թվականին ջրանցքն ալ Մանսուրի հրամանով ծածկվեց, որպեսզի առևտրային ճանապարհները ուղղորդեն Խալիֆաթի կենտրոնական շրջաններ[10], որի մայրաքաղաքն այդ ժամանակ Արաբիայից տեղափոխվել էր Իրաք։

Եգիպտական արշավանքի ժամանակ փարավոնների ջրանցքի վայրում եղել է Նապոլեոն Բոնապարտը։ Նա նկարագրում է հին կառույցի մնացորդները որպես 25 տուազ լայնությամբ խրամատ, որն այնքան խորն էր, որ այնտեղ գտնվող ձիավորն անտեսանելի էր[11]։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Պտղոմեոս II-ը մ․թ․ա․ 285 թվականին սկսեց հոր հետ միասին գահակալել, իսկ մ․թ․ա․ 283 կամ 282 թվականից գահակալում էր միայնակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Суэцкий канал // Советская историческая энциклопедия. — Т. 13.
  2. Аристотель. Метеорологика, I, 14, 58.
  3. Страбон. География, II, 31.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Комментарий к труду Плиния Старшего «Естественная история» на сайте «Библиотека Annales»
  5. 5,0 5,1 Геродот. История, II, 158—159 и IV, 42.
  6. Геродот. История, IV, 44.
  7. Плиний Старший. Естественная история, VI, XXXIII, 165—166.
  8. 8,0 8,1 Диодор Сицилийский. Историческая библиотека, I, 33.
  9. Кравчук А. Галерея римских императоров. Принципат. — М.: У-Фактория, Астрель, ОГИЗ, 2010. — 512 с. — (Историческая библиотека). — 5000 экз. — ISBN 978-5-271-26532-7, 978-5-9757-0496-2
  10. 10,0 10,1 Корягин В., Мухаматулин Т. «Пушек гром и мусикия». 155 лет назад началось строительство Суэцкого канала. Публикация «Газеты.Ru»
  11. Наполеон. Воспоминания и военно-исторические произведения. — М.: СБА, 1994. — С. 438. — 704 с. — (Всемирная история). — 10 000 экз. — ISBN 5-87164-012-2

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]