Նեխո II

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ուհեմիբրա Նեխո II
Necho-KnellingStatue BrooklynMuseum.png
Մահացել է մ. թ. ա. 595
Ազգություն եգիպտացի
Կրոն հին եգիպտական կրոն
Մասնագիտություն պետական գործիչ
Ծնողներ հայր՝ Psamtik I
Զբաղեցրած պաշտոններ Փարավոն
Երեխաներ Պսամետիհ II
Necho II Վիքիպահեստում

Նեխո II (ամբողջական անունը Ուհեմիբրա Նեխո II; Աստվածաշնչում` Նեխաո), Հին Եգիպտոսի փարավոն` XXVI (Սաիսյան) արքայատոհմից, որը կառավարել է մոտ մ.թ.ա. 610-595 թվականներին:

Նեխո II կառավարման տարիներին Եգիպտոսը կրկին սկսում է բարգավաճել և դառնում է հին աշխարհի հզորագույն երկրներից մեկը: Շարունակելով հոր` Պսամետիհ I քաղաքականությունը, նա զարկ տվեց արտաքին առևտրին` հենվելով հույն առևտրականների և վարձկանների ու փյունիկեցի նավատերերի վրա:

Նեխո II և Ասորեստանի անկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեխոն նախ փորձեց վերականգնել Եգիպտոսի` Ասիայում վաղուց կորցրած դիրքերը: Այդ ժամանակահատվածում Ասորեստանը խորը ճգնաժամի մեջ էր: Բնականաբար, Ասորական կայսրության մնացորդները ոչ ոք չէր պատրաստվում պաշտպանել, սակայն այն կիսելու գաղափարը գրավիչ նախաձեռնություն էր: Բայց Բաբելոնի հետ Ասորական կայսրության որոշիչ պատերազմում եգիպտական զորքը բռնեց Ասորեսատանի կողմը, որովհետև Բաբելոնի հետագա հզորացումը սպառնում էր Եգիպտոսին:

Մ.թ.ա 609 թվականի հունիսին եգիպտական բանակը Նեխո II գլխավորությամբ շտապեց օգնության հասնել ասորական բանակին, որը ռազմական գործողություններ էր վարում Բաբելոնի և Մարաստանի դեմ Խառանի շրջանում: Գազան և Ասկալոնը դիմադրեցին եգիպտական զորքին, ինչի համար գրավվեցին և խստորեն պատժվեցին: Մեգիդոյի մոտակայքում փարավոնի ճանապարհը հանկարծակիորեն փակեց Հրեաստանի արքա Հովսիանն իր բանակով: Փարավոնը պահանջեց թույլ տալ իրեն անցնել Երփրատը և մերժվեց: Սկսվեց ճակատամարտ, որի հենց սկզբում Հովսիանը կոկորդի հատվածում մահացու վիրավորվում է և հրեական բանակը փախուստի է դիմում:

Միանալով Ասորեստանի արքա Աշուր-ուբալիտ II հետ, փարավոնն անցնում է Եփրատը և գրոհում է Խառանը: Ծանր մարտերը շարունակվում են ամբողջ ամառ: Բաբելոնյան կայազորը հերոսաբար հետ է մղում եգիպտա-ասորական բոլոր գրոհները և պահպանում քաղաքը: Մ.թ.ա 609 թվականի սեպտեմբերին Բաբելոնի արքա Նաբոպալասարը, օգնություն ստանալով մարերից, շտապեց դեպի Խառան: Նեխոն` իմանալով այդ մասին, դադարեցնում է պաշարումը և առանց մարտերի նահանջում Եփրատի մյուս կողմը: Խառանը մնում է Բաբելոնի տիրապետության տակ: Մ.թ.ա 609 թվականին Ասորեստանը անկում ապրեց:

Եգիպատական ջոկատները, փոխարինելով ասորիներին, զբաղեցնում են Անդրգետքի (միջագետքյան աղբյուրներում այդպես էր անվանվում Եփրատ գետից դեպի արևմուտք, մինչև Միջերկրական ծովն ընկած տարածաշրջանը, առավել հայտնի որպես Արևելյան Միջերկրածովք) քաղաքներն ու ամրոցները: Հրեաստանի արքա Հովաքազը, սպանված Հովսիանի որդին, չհամարձակվեց չենթարկվել փարավոնի հրամանին և ժամանեց Ռիբլ: Նեխոն նրան ուղարկեց Եգիպտոս, որտեղ էլ նա մահացավ: Հրեական գահը փարավոնի համաձայնությամբ զբաղեցրեց Հովաքազի եղբայրը` Հովակիմը, և վերջինս պարտավորվեց տարեկան 100 տաղանդ (3 տոննա) արծաթ ու 1 տաղանդ (30 կգ) ոսկի հարկ վճարել Եգիպտոսին:

Պատերազմ Նաբուգոդոնոսոր II-ի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ.թ.ա. 607 թվականի հոկտեմբերին Նաբոպալասարը հարձակվեց եգիպտացիների վրա: Սկսվեց կատաղի պատերազմ` Եփրատ գետն անցնելու համար, որը տևեց մինչև մ.թ.ա. 605 թվականի գարունը: Մ.թ.ա. 607 թվականի դեկտեմբերին բաբելոնացիներին հաջողվեց Կիմուխու քաղաքի մոտ Եփրատի վրա կամուրջ կապել, որը սակայն ծանր մարտերից հետո եգիպտացիները մ.թ.ա. 606 թվականի ամռանը ոչնչացնում են: Բայց նույն թվականի աշնանը բաբելոնցիները նոր կամուրջ են կառուցում Շունադիրի, Էլամի և Դուխամի քաղաքների մոտակայքում և եգիպտացների բոլոր փորձերը կամուրջը ոչնչացնելու ուղղությամբ ձախողվում են:

Մ.թ.ա 605 թվականի գարնանը բաբելոնյան բանակը արքայազն Նաբուգոդոնոսոր II գլխավորությամբ սկսում են արշավանքը: Նեխո II իր գլխավոր ուժերի (որի մեջ մտնում էին նաև լիբիացիներ, նուբիացիներ, լիդիացի աղեղնավորներ և հույն վարձկաններ) գլուխն անցած նույնպես շարժվում է դեպի Եփրատը: Վճռական ճակատամարտը տեղի է ունենում մ.թ.ա. 605 թվականի մայիսին Կարքեմիշի մոտ: Բաբելոնացիները, Կարքեմիշի հարավային կողմից անցնելով Եփրատը, գրոհում են քաղաքային պարիսպների տակ տեղակայված եգիպտական ճամբարը: Եգիպտացիները, չդիմանալով գրոհին, տեղի են տալիս և թշնամու զորքը ներխուժում է քաղաք: Քաղաքի փողոցներում հրդեհներ են բռնկվում, ինչը ստիպում է եգիպտացիներին բաց դաշտ դուրս գալ, որտեղ և բաբելոնացինեը վերջնականապես ջախջախում են նրանց: Եգիպտական բանակի մնացորդները խուճապահար նահանջում են մինչև Խամատ քաղաք, որտեղ հաղթողները հասնում և կոտորում են նրանց: Եգիպտական բանակը տասնյակ հազարների կորուստ է ունենում: Սիրիայի, Փյունիկիայի և Պաղեստինի փոքր պետությունները ոչ միայն չեն դիմադրում Նաբուգոդոնոսորին, այլ շտապում են դիմավորել նրան: Վերջնական պարտությունից Նեխոին փրկում է Նաբոպալասարի մահը (մ.թ.ա. 605 թվականի օգոստոսի 15), որի պատճառով Նաբուգոդոնոսոր II վերադառնում է Բաբելոն:

Արևելյան Միջերկրածովքը վախեցած էր փարավոնի պարտությունից, սակայն չէր ցանկանում փոխարինել եգիպտական համեմատաբար լոյալ հեգեմոնիան Բաբելոնի ծանր լծի հետ: Բաբելոնի տիրապետության դեմ առաջինը կանգնում է Ասկալոն քաղաքը (Ասկալոնի արքա Ադոնը հույս ուներ, որ եգիպտացիները օգնության կհասնեն): Մ.թ.ա. 604 թվականի դեկտեմբերին սկյութական ցեղերը հարձակվում, գրավում և թալանում են քաղաքը: Եգիպտոսը կրկին վտանգի մեջ է հայտնվում: Ինչպես գրված է Աստվածաշնչում`

Aquote1.png Եգիպտական արքան այլևս դուրս չեկավ իր երկրից, քանի որ Բաբելոնի արքան Եգիպտոսից մինչև Երփրատ ամենը, ինչ պատկանում էր փարավոնին, գրավել էր: Aquote2.png


Մ.թ.ա. 601 թվականի դեկտեմբերին Նաբուգոդոնոսոր II, դաշնակից սկյութների հետ համատեղ հարձակվում է Եգիպտոսի վրա և հասնում մինչև եգիպտական սահման: Կատաղի պայքարում եգիպտացիներին հաջողվում է կասեցնել թշնամու գրոհը: Երկու կողմն էլ խոշոր կորուստներ են կրում: Այդ պատերազմից հետո Նեխոն ընդհանրապես մոռանում է ասիական գաղութները հետ նվաճելու համար մոտակա տարիների ընթացքում Բաբելոնի դեմ պատերազմելու մասին:

Ներքին քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած ցամաքային մարտերոմ Եգիպտոսի կրած անհաջողություններին, ծովային ճանապարհով ձեռք բերված հաջողությունները աներեր էին մնում: Ռազմական անհրաժեշտության համար Միջերկրական և Կարմիր ծովերում կառուցվում են թիավար նավեր: Ինչպես հայտնում է Հերոդոտոսը` Նեխոյի նախաձեռնությամբ մ.թ.ա. 600 թվականին փյունիկեցի նավաստիները նավարկում են Աֆրիկայի շուրջը` այն շրջանցելով արևելյան կողմից (ընդհանուր առմամբ նավարկությունը տևեց երեք տարի)[1]: Այդ նավագնացությունը դժվար թե իր առաջ ռազմական նպատակներ դրած լիներ: Հավանաբար այն նպատակ ուներ առևտրի զարգացման կամ նոր առևտրական ուղիների հայթայթման: Նեխոն զարկ տվեց արտաքին առևտրին` հենվելով հույն վարձկանների և փյունիկեցի նավատերերի վրա:

Ըստ Հերոդոտոսի` Նեխոյի ժամանակ սկսեցին ջրանցք փորել, որը միացնելու էր Նեղոսը` Կարմիր ծովին: Այդ ջրանցքը փորելու կամ վերականգնելու ձգտումները հավանաբար, ոչ միայն առևտրական, այլ նաև ռազմական նշանակություն ունեին: Ջրանցքի շինարարության ժամանակ մեծ թվով` 120 հազար մարդ է զոհվել: Սակայն շինարարությունն այդպես էլ չի ավարտվել: Ջրանցքի կառուցումն ավարտին է հասել պարսից Դարեհ I կայսեր օրոք, սակայն այն քանդվել է 764 թվականին` խալիֆ Ալ Մանսուրի կողմից, ով ձգտում էր ապահովել Դամասկոսի առևտրային մոնոպոլիան:

Մանեթոնը (բոլոր երեք վարկածներում) նշել է, որ Նեխո II կառավարել է 6 տարի[2]:

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1976 թվականին Միջազգային աստղագիտական միությունը Լուսնի հակառակ կողմում հայտնաբերված խառնարանը անվանակոչում է Նեխո II անունով:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]