Հաթթը Հումայուն
Հաթթը Հումայուն (hatt-i hiimayun - կայսերական գիր), 1856 թ.-ի փետրվարի 18-ին սուլթան Աբդուլ Մեջիդի ստորագրած հրովարտակը Օսմանյան կայսրության ոչ մուսուլման ժողովուրդների վիճակը բարելավելու վերաբերյալ։ Հրապարակվել է 1853-1856 թթ.-ի Ղրիմի պատերազմից հետո, Անգլիայի և Ֆրանսիայի ճնշմամբ, որոնք ուզում էին կանխել Փարիզի հաշտության բանակցությունների ընթացքում Ռուսաստանի հնարավոր միջամտությունը՝ Թուրքիայում ապրող քրիստոնյաների իրավունքների պաշտպանության առիթով։
Հաթթը Հումայուն կրկնում էր Հաթթը շերիֆը՝ միայն ավելի ընդարձակ և մանրամասնված։ Հաթթը Հումայուն առանձին փոփոխություններ չմտցրեց Թուրքիայի բռնակալական վարչակարգի էության մեջ, պահպանվում էր ոչ մուսուլման բնակչության իրավազրկությունը։ Ազգային փոքրամասնություններին շնորհած հրամանագրերից առանձին սահմանափակումներով և խոչընդոտներով իրականացվեցին միայն կրոնական համայնքներին վերաբերող կանոնադրությունները, քրիստոնեաբնակ առանձին նահանգներին տրված ներքին ինքնավարության արտոնությունները (Կրետե կղզի, «Լիբանան լեռ», Սամոս կղզի, Աֆոնի լեռ)։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 46)։ |