Jump to content

Դանիել Վարուժան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դանիել Վարուժան
Ծննդյան անունարմտ. հայ.՝ Դանիէլ Չպուքքարեան
Ծնվել էապրիլի 20, 1884(1884-04-20)[1][2][3]
ԾննդավայրԲրգնիք, Սեբաստիայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[2][3]
Վախճանվել էօգոստոսի 26, 1915(1915-08-26)[1][2][3] (31 տարեկան)
Վախճանի վայրՉանկիրի, Քասթամունիի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Գրական անունԴանիէլ Վարուժան
Մասնագիտությունբանաստեղծ և հասարակական գործիչ
Ազգությունհայ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
ԿրթությունՄուրադ-Ռափայելյան վարժարան (1905)[2] և Գենտի համալսարան (1909)[2]
Ուշագրավ աշխատանքներՀարճը, Հեթանոս երգեր և Ցեղին սիրտը, Սարսուռներ, Հացին երգը
Изображение автографа
Դանիել Վարուժան Վիքիքաղվածքում
Դանիել Վարուժան Վիքիդարանում
 Daniel Varujan Վիքիպահեստում

Դանիել Վարուժան (Դանիել Գրիգորի Չպուգքյարյան, ապրիլի 20, 1884(1884-04-20)[1][2][3], Բրգնիք, Սեբաստիայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[2][3] - օգոստոսի 26, 1915(1915-08-26)[1][2][3], Չանկիրի, Քասթամունիի վիլայեթ, Օսմանյան կայսրություն), արևմտահայ բանաստեղծ, գրական-հասարակական գործիչ։ Վարուժանի գրական նախափորձերը վերաբերում են Քաղկեդոնի գիշերօթիկում ուսանելու տարիներին։ Առաջին ոտանավորները հրապարակվել են աշակերտական «Արձագանք Մոտայի» (1901) ձեռագիր թերթում։ 1902 թվականին պատրաստել է իր առաջին ժողովածուն՝ «Ծաղկեփունջ կամ բրգնիքցիի մը նվագները», որը մնացել է անտիպ։ Առաջին տպագիր գործերն են «Բանաստեղծ նահապետին շիրիմին առջև» բանաստեղծությունը և «Եվկիտ Տոնել» դյուցազնավեպը («Բազմավեպ», 1904)։ 1904 թվականին կազմել է իր երկրորդ ժողովածուն՝ «Փուշի ակոսներ» (սկզբնապես՝ «Մրկահույզ կայծոռիկներ») խորագրով, որը նույնպես չի տպագրվել։ 1905 թվականին տպագրության է ներկայացրել մի նոր ժողովածու՝ «Սարսուռներ», որտեղ առաջին անգամ ստորագրել է՝ Դանիել Վարուժան։ «Սարսուռներ»-ը որոշ իմաստով գեղարվեստական ծրագիր է, որտեղ նշմարվում են Վարուժանի ապագա ստեղծագործության գրեթե բոլոր հիմնական հատկանիշները։ Բանաստեղծը աշխարհը տեսնում է ռոմանտիկական սուր բևեռացումների մեջ, մտածում վառ արտահայտված պատկերների լեզվով, հոգեբանական ու առարկայական տեսարանները ներկայացնում հատու և խոշոր գծերով։

Վարուժանի երկրորդ գիրքը՝ «Ցեղին սիրտը» (1909), նշանավորում է արևմտահայ բանաստեղծական մտքի զարգացման մի նոր աստիճան. ժողովածուի լայնահուն պոեզիան հնչեցնում է ազգային ու համամարդկային ցավի, վրեժի ու պայքարի երգը («Ձոն», «Նեմեսիս»)։ «Հեթանոս երգեր»-ը (1912) 1910-ական թվականներին ծայր առած «հեթանոսական» շարժման ամենաամբողջական արտահայտությունն է։ Այս հոսանքի էությունը ազատության, ուժի, գեղեցկության պաշտամունքն էր՝ ի հակադրություն տիրող սոցիալական ու բարոյական անկման, բարքերի ապականության, մարդու բնական նկարագրի աղավաղման։ Գրքի երկու բաժիններում («Հեթանոս երգեր» և «Գողգոթայի ծաղիկներ») Վարուժանը պատկերում է իրարից տարբեր և իրար հակադրվող երկու աշխարհ։ Լիարյուն ու ներդաշնակ կյանքի, ուժեղ, առողջ, բնականորեն անեղծ մարդու իդեալը «Հեթանոս երգեր»-ից տարբեր, բայց էությամբ նույնական մի այլ աշխարհի սկիզբ է դարձել «Հացին երգը» (1921) շարքում, որի թեման հացի արարման պատմությունն է՝ հողագործի աշխատանքի ոգեշունչ փառաբանությամբ։ Ավելի լայն առումով «Հացին երգը» արտահայտում է մտքի ու մկանի աշխատանքով հայրենի եզերքն արգասավորելու, վերածնության ոգեղեն իդեալները հողեղեն մի սկզբի կապելու գաղափարը։ Նա ծրագրել էր նաև գրել «Գինիին երգը» ն մշակել ամբողջ «Սասնա ծռեր» էպոսը, բայց ողբերգական մահը անկատար է թողել այդ ծրագրերը։

Վարուժանի ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն և այլ լեզուներով։ Վարուժանը եղել է նաև գրական կյանքի ակտիվ կազմակերպիչ, նրա և Հ․ Սիրունու նախաձեռնությամբ հրատարակվել է «Նավասարդ» (1914) տարեգիրքը, ինչպես նաև նա մասնակցել է «Մեհյանի» (1914) խմբագրությանը։ 1958 թվականի փետրվարի 8-ին Գենտում տեղի է ունեցել Վարուժանին նվիրված երեկո, իսկ փետրվարի 9-ին համալսարանի մատենադարանի մեծ սրահում ամրացվել է հուշատախտակ՝ Վարուժանի դիմաքանդակով և հայերեն, ֆրանսերեն, ֆլամանդերեն արձանագրությամբ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1884-1901 թվականներ. վաղ տարիներ և գրական առաջին փորձեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանիել Չպուգքյարյանը ծնվել է 1884 թվականի ապրիլի 20-ին[Ն 1] Արևմտյան Հայաստանի Սեբաստիայի նահանգի Բրգնիք գյուղում, Գրիգոր Չպուգքյարյանի և Թագուհի Պաղտիկյանի[Ն 2] ընտանիքում։ Եղել է իր ծնողների ավագ որդին և Դանիել է անվանակոչվել նախ այն պատճառով, որ որդու ծննդյան լուրն իմանալու ժամանակ հայրն ընթերցելիս է եղել Դանիել մարգարեի պատմությունը, ապա ի հիշատակ մոր պապի` Դանիելի, որի քաջագործությունների մասին պատմությունները տարածված են եղել շրջակա գյուղերում. նա (բարբառային հնչաձևով` Տոնել) ունեցել է ջորիների քարավան և բեռներ է տեղափոխել վտանգավոր ճանապարհներով` երբեմն կռվի բռնվելով ավազակների հետ, և այդպիսի մի բախման ժամանակ էլ զոհվել է. «Փոքրիկ Դանիելը, որին ծնողները նույնպես Տոնել էին կոչում, պիտի ժառանգեր իր մեծ պապի էության ինչ-ինչ գծեր` ընբոստություն, համարձակություն, շիտակություն»[6]։ Ըստ հիշատակության` բանաստեղծի նախնիները ծագել էին Անիից Սեբաստիա գաղթած Բագրատունիների իշխանական ցեղից, և նրանց անունով էլ գյուղը կոչվել է Բրգնիք։ Ըստ բանաստեղծի եղբոր` Վահան Չպուգքյարյանի կազմած տոհմագրության[7]` ազգանունը ծագել է իրենց պապի պապի մականունից (ծնվել է մոտավորապես 1770 թվականին), որն ունեցել է ազնվական ծագում, և նրան նվաստացնելու համար թուրք փաշան ստիպել է կրել և լցնել իր ծխափողը (չիբուխը), որից էլ նա ստացել է իր մականունը` Չիպուգքյար[Ն 3]։ Չիպուգքյար պապը հավանաբար ունեցել է երեք որդի, որոնցից Թամթախտոյի որդի Սիմոնը եղել է բանաստեղծի պապը (ծնվ.` 1823 թվականին)։ Սիմոնի կնոջ անունը եղել է Վերոն, որի անունով էլ Դանիել Վարուժանը կոչել է իր դստերը` Վերոնիկ։ Սիմոնը ունեցել է հինգ որդի, որոնցից ավագի` Գրիգորի ավագ որդին էլ եղել է Դանիել Վարուժանը, որից հետո ծնվել են ևս երեք տղաներ` Վահանը (ծնվ.` 1900 թվական), Պետրոսը (ծնվ`. 1904 թվական) և Արշակը (ծնվ.` 1908 թվական)[Ն 4]։ Հայրը` Գրիգոր Չպուգքյարյանը կյանքի մեծ մասն «անցկացրել է Պոլսում` մաքսային գործերում»[10], Խավյար խան պանդոկում` «անբարոյական և քարասիրտ տերերուն լուծին տակ»[11]։ Նա եղել է գրագետ և թղթակցել է Պոլսի մամուլին[12]։

Դանիելը Բրգնիքում ապրել է տասներկու տարի` 1884-1896 թվականներին. «Լսում էր հողի մշակ պապի` «ափ մը ցորյանի» օրհնությունը, տեսնում էր, թե ինչպես ավազակները հաճախ ավերում էին իրենց գյուղերը, և հովվական մահակի տեղ հրացան ու վառոդ վերցնող պապին էր տեսնում, լսում էր իգիթ Տոնելի քաջագործությունների պատմությունները, և սրտում ծալ-ծալ նստվածք էին տալիս մաղձն ու զայրույթը` անարդարության դեմ, հպարտությունը, սերն ու նվիրվածությունը` հողի, աշխատանքի ու մարդու նկատմամբ։ Եվ ձևավորվում էր խառնվածքը, սկզբում ավելի ակտիվ ու հարցասեր, ապա խուսափուկ ու լռակյաց, մելամաղձիկ և խորհող»[13], «որպես գեղջուկ տղա եղել էր ամաչկոտ, անհամարձակ»[14]։ Այդ տարիներին հայրը եղել է պանդխտության մեջ, և Դանիելն ապրել է մոր հետ, որը «միջահասակ, շնորհալի և ժպտերես... ճերմակ մորթով, երկար մազերով... մի կին էր»[10], որը կրթություն չէր ստացել և հազիվ գրաճանաչ է եղել։ Դանիելը հավանաբար տասը տարեկան հասակում սկսել է հաճախել գյուղի դպրոց, որտեղ հասցրել է սովորել «ժամգիրքը կարդալ»[15], իսկ 1896 թվականին` կոտորածի օրերին, տասներկու տարեկան հասակում մոր հետ տեղափոխվել է Կոստանդնուպոլիս` հոր մոտ։

Պատանի Դանիելը հեռացավ գյուղից` լցված գյուղով, բնության բանաստեղծական պատկերներով, հողի կախարդական հրապույրով, հայրենի գետի ջրերի անիմանալի խորհուրդով, արյամբ և քրտինքով հողը ոռոգող գյուղացու տառապանքի, արյան բաբախի ներքին զգացողությամբ, քաղցր ու դառն հիշատակներով։ Անհատի, բանաստեղծի նրա էության կազմավորման սկիզբը, հիմքը դրվեց գյուղում։ Կրկին լսենք իրեն. «Բրգնիքը էությանս հիմնաքարը կը կազմե. իր մրրիկները հոգվույս մեջ անմահ են և իր ծոթրինաբույր կավը առհավետ ուղեղիս ամենաջերմ փսորը պիտի հորինե»[16][17]։

Կաստոնդնուպոլսում հորը գտել են բանտում` «ստորեն ամբաստանված», իսկ մայրը հասնելուց հետո հիվանդացել է։ Սակայն կարճ ժամանակ անց պարզվել է Գրիգորի անմեղությունը, և նա ազատվել է բանտից։ Նույն թվականին Դանիելն ընդունվել է Բերայի Սագըզ-աղաճի թաղի մխիթարյան կաթոլիկ նախակրթարան։ Նրա մասին իր դասընկեր Վահրամ Փափազյանը գրել է. «Երազող, խաժակն, հանդարտ ու միշտ անխնամ հագնված մի տղեկ էր նա, գլուխը շարունակ կախ, միշտ մտածկոտ...»[18]։ Սակայն հայ պանդուխտների վիճակը («Արձակուրդներս ընդհանրապես անցած են հորս քով, Խավյար խանը, հայ պանդուխտներուն հառաչանքներուն ու վերքերու տրոփյունին ունկնդիր»[19]) և հայերի ջարդերը, որոնց ականատեսն էին լինում, ծանր տպավորություն են թողել տղայի վրա. «Լռակյաց, մենավոր, խոհուն պատանին դարձավ անզուսպ, բողոքող, կռվարար, մի անսանձ գազան։ Կռվում էր բոլորիս հետ և կատաղության նոպաներին գրասեղաններն ու աթոռները կոտրատում, իսկ հաճախ էլ, լուռ նստած, մի տեսակ խուլ մռնչյունով, եղունգներն էր կրծոտում»,- գրել է Փափազյանը[20]։

1898 թվականին Դանիելն ավարտել է Սագըզ-աղաճիի մխիթարյան երկամյա նախակրթարանը և ընդունվել Գատըգյուղում գտնվող մխիթարյան գիշերօթիկ վարժարանի Գ (երրորդ) դասարան, որտեղ եղել է ձրիավարժ աշակերտ, քանի որ հայրը չէր կարող վճարել նրա ուսման համար։ Դանիելն այնտեղ սովորել է չորս տարի` մինչև 1902 թվականը։ «Մոտայի գեղածիծաղ ափին» տեղակայված Քաղկեդոնի վարժարանում դասավանդել են Պոլսի լավագույն մասնագետները, ինչպես նաև Մխիթարյան հայկաբանները[21], որոնք հատուկ ուշադրություն են դարձրել հայ մատենագրությանն ու գրաբարին, սակայն տղայի վրա առավել մեծ ազդեցություն է թողել վարժարանի տեսուչ, հայոց լեզվի ուսուցիչ Արիստակես Քասգանտիլյանը` «հին մագաղաթների ու գրքերի վրա ծերացած», «բոլորին առինքնող, աշխարհում բնակվող, սակայն ոչ աշխարհից»[22]։ Տարիներ անց նրան ուղղված նամակում Դանիել Վարուժանը գրել է. «Ոչ մեկ հայերենի վարժապետ իմ վրա այնքան ազդած չէ, որքան Դուք։ Մյուսներուն դասերը ինձի սովրեցուցին` գիտնալ, Ձերիններն` ստեղծել։ Մյուսները ավելի անձնասեր եղան. մյուսները ես միշտ պիտի հարգեմ, բայց զՁեզ պիտի սիրեմ»[23]։ Հենց Քասգանտիլյանն է խրախուսել Դանիելի առաջին գրական փորձերը, սրբագրել նրա առաջին ստեղծագործություններն ու դրանցից մի քանիսն ընդգրկել վարժարանի «Արձագանք Մոտայի» ձեռագիր թերթում, իսկ հետագայում սրբագրել է Դանիել Չպուգքյարյանի բանաստեղծությունների առաջին տետրակը, գրել փոքրիկ առաջաբանը և ներկայացրել տպագրության։ 1902 թվականին, երբ Դանիելն ավարտել է Քաղկեդենի մխիթարյան վարժարանի Է դասարանը (քերականական կարգը) և տեղափոխվել Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան դպրոց, Քասգանտիիլյանը` Վենետիկի մխիթարյան հայրերին ուղղված իր հանձնարարական նամակում գրել է. «Նոր Մկրտիչ Պեշիկթաշլյան կը ղրկեմ, լավ նայեցե՜ք»[24]։

1901 թվականին Դանիել Չպուգքյարյանը գրել է իր առաջին բանաստեղծությունները` «Սիրերգ», «Երգ», «Քնարի հեծկլտանքներ» և այլն, ինչպես նաև գրել է հոդվածներ, որոնցից «Թատրոնի շուրջ» հոդվածը 1902 թվականի տպագրվել է Պոլսի «Մեճմուայի ախպար» հայատառ թուրքրերեն թերթում։ Նրա առաջին ստեղծագործությունները եղել են «անձնական ցավի, անորոշության, երազի, սիրո ու բնության մասին»[25], այդ տարիներին նա կրել է Պետրոս Դուրյանի ազդեցությունը։ 1901 թվականին «Արձագաքն Մոտայի» աշայերտական ձեռագիր թերթում տեղ գտած իր առաջին բանաստեղծությունների վերաբերյալ լսած քաջալերիչ խոսքերը Դանիել Չպուգքյարյանին դրդել են 1902 թվականին տպագրության ներկայացնել իր բանաստեղծությունների ժողովածուն` «Ծաղկեփունջ կամ Բրգնիքցիի մը նվագները», որի երկու սևագիր և մեկ մաքրագիր ձեռագրերը ներկայում պահվում են Վարուժանի արխիվում[26][Ն 5]։ Սևագիր տետրում ընդգրկված է ծաղիկների մասին 12 ոտանավոր (հեղինակը դրանք անվանել է «երգ», «Դափնե վարդ», «Շուշան», «Մեխակ», «Հասմիկ», «Նարգիզ», «Անմոռուկ», «Լելակին կյանքը (առ հայ օրիորդս)», «Հակինթ», «Կուսածաղիկ», «Վարդ», «Մանուշակ», «Խնձոր-ծաղիկ») և Սեբաստիայի թեմի առաջնորդ տեր Սահակ արքեպիսկոպոս Հաճյանին ուղղված մի ձոն, Քասգանտիլյանի առաջաբանն ընդգրկող մաքրագրի Ա մասում ներառված են այդ 12 երգերը, Բ մասում` «Մայիս» բանաստեղծությունը «Գարնան երեկոները Մոտայի մեջ» արձակ բանաստեղծությունը (Բ մասի մնացած էջերը կտրվել են, սակայն դրանք պահպանվել են երկրորդ սևագրում)։ Տասնութամյա բանաստեղծի կազմած ժողովածուն կնքվել ու մակագրվել-հաստատվել է Պոլսի գրաքննչության կողմից, սակայն այդպես էլ լույս չի տեսել, ինչի պատճառներից կարող էին լինել հովանավորի բացակայությունը և այն հանգամանքը, որ Վարուժանի Վենետիկ մեկնելը, որտեղ ««նոր կյանքն ու նոր հոգսերը նրան մոռացնել տվին նախկին ոգևորությունը»[28].

Եվ օր առ օր հասունացող, «բանաստեղծական նոր թռիչներ առնող» Չպուգքյարյանը շուտով հրաժարվեց լույս աշխարհ հանել իր «Ծաղկեփունջը...», բայց մինչև կյանքի վերջ սիրով պահեց այդ երգերը, որպես առաջին սիրո ծաղիկներ[29]։

1902-1905 թվականներ. ուսումը Մուրադ-Ռափայելյան վարժարանում, «Սարսուռներ»

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դանիել Վարուժան, 1905 թվական

1902 թվականի աշնանը Դանիել Չպուգքյարյանը դարձել է Վենետիկի Մխիթարյան միաբանության Մուրադ-Ռաֆայելյան վարժարանի երկրորդ կարգի աշակերտ։ Նա սիրել է ինչպես արևմտահայ հեղինակների, այնպես էլ Րաֆֆի և Աբովյան, ինչպես նաև Շեքսպիր, Հյուգո, Ռասին, Շատոբրիան։ Այդ տարիներին վարժարանի սովորողների շրջանում քննարկել են Եվրոպայի հեղափոխական շարժումները և սեփական ժողովրդի ազատագրության հարցերը. «Պարտեզին մեջ մեր պտույտները սովորական էին, կը խոսեինք շատ մը նյութերու շուրջ, կարոտով կը հիշեինք մեր հայրենիքը։ Երիտասարդական խանդավառությամբ և վառ գույներով կը պատկերացնեինք մեր անցյալի փառքերը և երազներով կը սպասեինք մեր հայրենիքի հրաշալի հարության... Մենք տեսած էինք 95-ի ջարդերը։ Այդ արյունոտ օրերը մեր հիշողության մեջ դրոշմված էին, չէինք կրնար մոռնալ»[30]։

1904 թվականի ամռանը Պոտուրյանի և Վարուժանի նախաձեռնությամբ սկսում են հրատարակել «Եղի» ձեռագիր գրական հանդեսը[Ն 6], որի ամեն համարում Դանիելը գրել է մի ոտանավոր[24]։ Դրա համար գրած մի քանի հոդվածներ ու արձակ խոհեր ստորագրել է Զիրդուշտ կեղծանունով։ Վենետիկում պատանի բանաստեղծի վրա մեծ ազդեցություն է թողել Ղևոնդ Ալիշանը, որի գերեզմանին այցելել է Քասգանտիլյանի խնդրանքով, որը նրա համար ամբողջ կյանքում մնացել է «հայրենասիրության տիպար էր և սիրելի բանաստեղծ»[31][32][33], և հենց նրան նվիրված «Բանաստեղծ-նահապետին շիրմին առջև»[34] բանաստեղծությունն էլ դարձել է Չպուգքյարյանի առաջին տպագիր ստեղծագործությունը։

Վենետիկ տեղափոխվելու առաջին տարում Դանիել Չպուգքյարյանը քիչ է ստեղծագործել, սակայն 1903 թվականի կեսերից նրա կյանքում սկսվել է ստեղծագործական ակտիվ շրջան։ 1904 թվականին «Բազմավեպում» լույս են տեսել նրա «Բանաստեղծ-նահապետին շիրմին առջև» բանաստեղծությունը և «Եվկիտ Տոնել» դյուցազնավեպը, որոնք «արժանանում են ընկերների, ուսուցիչների ջերմ վերաբերմունքին։ Հեղինակը շնորհավորական նամակներ է ստանում տարբեր տեղերից»[35]։ 1904 թվականի ուշ աշնանը Չպուգքյարյանը կազմել է իր երկրորդ ժողովածուն, որն սկզբում կոչել է «Մրրկահույզ կայծոռիկներ», սակայն բանաստեղծությունների մեծ մասը մշակելուց և տետրը նորից արտագրելուց հետո (ընդգրկելով նախորդ ոչ բոլոր բանաստեղծությունները և փոխելով դասավորությունը) ընտրել է նոր խորագիր` «Փուշի ակոսներ» (տետրի վրա խորագրից բացի գրել է` հեղինակ` Դ. Չպուգքեար, 1904 թ., Վենետիկ

Երկու ընդհանուր տետրից կազմված այդ ժողովածուում ընդգրկվել է 55 բանաստեղծություն[Ն 7], որոնց բոլորի տակ նշված են դրանց գրության թվականները` հիմնականում 1903-1904։ Ներառվել են նաև 1901-1902 թվականներին գրված բանաստեղծություններ, մասնավորապես «Ծաղկեփունջ» ժողովածուից վերցված մի քանի սիրային բանաստեղծություններ և «Մանուշակ» միակ բանաստեղծությունը ծաղիկների մասին երգերից։ Այդ ժողովածուն նույնպես լույս չի տեսել, իսկ երբ 1905 թվականին Չպուգքյարյանի բանաստեղծական տաղանդի մասին ի թիվս այլոց կարծիք են հայտնել նաև Արփիար Արփիարյանը և Վահան Թեքեյանը[Ն 8], նա կազմել է նոր ժողովածու[35], որում ընդգրկվել են 1903-1905 թվականներին գրված բանաստեղծություններից, և 1905 թվականի օգոստոսին այն ներկայացրել Ս. Ղազարի հրատարակչական մարմիններին։ Ժողովածուի մաքրագիր տետրի կազմի վրա գրված է` Դանիել Վարուժան, «Սարսուռներ», Վենետիկ, 1905, իսկ երկրորդ էջում` «Սարսուռներ», 1903-1905։ Հայտնի չէ, թե քանի բանաստեղծություն է ներկայացրել Վարուժանը[Ն 9], սակայն դրանցից միայն 18-ն են ընդգրկվել գրքում, ինչի առթիվ Վարուժանը գրել է. «Մեծ ցավով կըսեմ... թե վանքը քերթվածներուս հրատարակությունն այլանդակեց»[37], «Կեսեն ավելին,- կրնամ ըսել լավ մասը,- չհրատարակվեցավ»[38][39][Ն 10]։ Ժողովածուից ընտրված մի քանի բանաստեղծություններ 1905 թվականին «Բազմավեպ»-ի նոյեմբերյան համարում լույս են տեսել առաջին անգամ Դ. Վարուժան ստորագրությամբ, և դրանից հետո բանաստեղծը հանդես է եկել միայն այդ անունով[Ն 11]։ Վարուժանի ուղարկած ժողովածուից շուրջ քսան բանաստեղծություններ Սիմոն Երեմյանը տպագրել է «Բազմավեպ» ամսագրում և «Գեղունի» տարեգրքում։

1905 թվականին ավարտելով Մուրադ-Ռաֆայելյան վարժարանը` Դանիել Չպուգքյարյանը մեկնել է Բելգիայի Գենտ (Կանտ) քաղաք` ուսումը շարունակելու։ Քանի որ նա բավարար միջոցներ չուներ, Սիմոն Երեմյանը, որը խրախուսել է բանաստեղծությունները տպագրել «Բազմավեպ» և «Գեղունի» պարբերականներում, միջնորդել է Ս. Ղազարի ուսումնական վարչությանը` Մուրադ-Ռաֆայելյան կտակի թոշակով Չպուգքյարյանին ուղարկել եվրոպական որևէ համալսարան, և նրանց պնդմամբ Դանիելը մեկնել է Գենտ, քանի որ դա համարել են «ավելի կաթոլիկ»[41], քան Լոզանը, ուր ցանկանում էր գնալ Դանիելը։

1906 թվականի փետրվարին[Ն 12] լույս է տեսել Դանիել Վարուժանի «Սարսուռներ» ժողովածուն, որի առաջին էջում գրված է` «Սարսուռներ, քնարական բանաստեծությունք, երգեց Վարուժան Դանիել», Վենետիկ, Ս. Ղազար, 1906 թ., իսկ մյուս էջի վրա` «Կը ձոնեմ խորին երախտագիտությամբ Մուրատ և Ռափայել բարերարներու անմահ հիշատակին»[43]։ Ժողովածուին առաջին արձագանքել են Արշակ Չոպանյանը, Արփիար Արփիարյանը, Վահան Թեքեյանը, Երեմյանը, Կարապետ Տեր-Սահակյանը, որոնք նամակներով շնորհավորել են երիտասարդ բանաստեղծի հաջողությունն, ապա վերլուծական հոդվածներ տպագրել մամուլում։ Արփիարյանը Վարուժանի առաջին բանաստեղծությունների մասին գրել է. «Բրգնիք գեղը մեզ լավ բանաստեղծ տվավ»[44]։ «Սարսուռներին» նվիրված ազդի մեջ Չոպանյանը գրել է[45].

Վարուժանը հայ բանաստեղծության ամենեն ինքնատիպ ու հզոր դեմքերեն մին ըլլալու կոչված է։

1905-1909 թվականներ. ուսումը Գենտի համալսարանում, «Ցեղին սիրտը»

[խմբագրել | խմբագրել կոդը]

1905 թվականին Դանիել Չպուգքյարյանը դարձել է Բելգիայի Գենտի համալսարանի «ազատ» ուսանող` ընտրելով «գրական և իմաստասիրական» ճյուղերը[46], ինչին հայրը խիստ դեմ է եղել. «Հորմես ջլատիչ նամակներ կ'ստանամ. սկզբեն ի վեր դառն ու միանգամայն տհաճ դժգոհություն մը ցույց կուտա որոշած ասպարեզիս հանդեպ. այն դիրքին մեջ եմ` որ կամ հորս պետք է ծառայեմ` կամ հայրենիքիս։ Մինչ ցարդ վերջինն է ընտրածս. տեսնանք։ Մեկ խոսքով, տխուր է ծնողքի այն մեծ սերին հագուրդ չտալը»[47]։ Նաև այդ պատճառով նա հաջորդ տարի ընտրել է քաղաքական և սոցիալական գիտությունների մասնաճյուղը` երեք տարի սովորելով ոչ թե որպես ազատ ունկնդիր, այլ որպես «կանոնավոր ուսանող» և ուսումնասիրելով քաղաքատնտեսություն, սահմանադրություն, տնտեսագիտություն և այլն. «նա պիտի դառնար իր երկրի ու ժողովրդի մտավորականը, նրա իրավունքների պաշտպանը, գաղափարախոսը, մանկավարժը։ Քաղաքական ու գրական պայքարի ուղին էր լինելու իր ճամփան»[48]։ Համալսարանում նույնպես սովորել է Մուրադ-Ռաֆայելյան կտակի կրթաթոշակով և ցուցաբերել է բարձր առաջադիմություն, սովորել ֆրանսերեն, արժանացել դասախոսների և ուսանողների հիացական վերաբերմունքին և արդյունքում 1909 թվականին հաջողությամբ հանձնել է քննությունները և ավարտել համալսարանը քաղաքական գիտությունների լիցենցիատի որակավորման դիպլոմով[48]։

Ուսմանը զուգահեռ Վարուժանը ուսումնասիրել է համաշխարհային գրականություն` անտիկ ժամանակաշրջանից մինչև 20-րդ դար, շրջագայել երկրում, ուսումնասիրել արվեստը, չնայած նյութական սուղ վիճակին (Վենետիկից գումարը հաճախ ուշացրել են)` գնել գրքեր և հաճախել թատրոն։ 1906-1907 ուսումնական տարում Վարուժանը սիրահարվել է բելգիացի մի կնոջ, որը «կանացի թեթև քմահաճույքով հեռանում է` ծանր ողբերգության մեջ գցելով երիտասարդ, գուցե և առաջին անգամ սիրահարված Վարուժանին», և այդ հիվանդագին վիճակը հաղթահարելու համար նա մեկնել է Օսքաթեր Լուրթ գյուղ, որտեղ մատնվում է մենության (այդ թվում նաև լեզու չիմանալու պատճառով). «Տխրություն, մտատանջություն, ձանձրույթ և հուսահատություն, ահա՛ բաժինը երիտասարդ հասակիս։ Վիճակս է ցիրուցան, միշտ գերագրգռված։ Ժամեր կունենամ, որ ես իմ թշնամին կը դառնամ, ես ինձմե գրեթե կը սոսկամ. եթե այսպես շարունակվի, ես ինձի հետ գեշ պիտի լմնցունեմ»[49][50]։ Ապա ընկերոջ` Դերենիկ Ճիզմեճյանի պարտադրանքով մեկնել է Տուրին, որտեղ ընկերական միջավայրում կարողացել է հաղթահարել իրավիճակը և հետագայում ոչ ոքի չի պատմել այդ իրադարձությունների մասին, և այդ կնոջ անունն անգամ հայտնի չէ, սակայն իր տառապանքի մասին հետագայում գրել է «Տրտունջք» բանաստեղծության մեջ։

Ծանոթանալով Սիամանթոյի պոեզիային` Վարուժանը 1906 թվականին առաջին անգամ հանդիպել է նրա հետ[51]։ Սիամանթոյի հետ մտերմությունը, որին Վարուժանը համարել է «ժամանակակից մեր մեծագույն բանաստեղծը»[52] շարունակվել է մինչև իրենց եղեռնական վախճանը։

Սիմանաթոյի հետ մտերմությունը Վարուժանին մղում է անդրադառնալու հայրենսիրական թեմային։ Արշակ Չոպանյանը բարձր կարծիք է հայտնել Վարուժանի «Առևանգիչը» (1906 թվականի հունվար) բանաստեղծության, ապա «Ջարդը» ստեղծագործության մասին, որը խոստացել է նախ տպել «Անահիտ»-ում, ապա առանձին գրքով, ինչպես նաև հետաքրքրվել է «Ցեղին սիրտը» ժողովածուի տպագրությամբ և խրախուսել է Վարուժանին։ Բուլղարիայի Ֆելիպե քաղաքում «Ռազմիկ» թերթը հրատարակող Ռուբեն Զարդարյանը Վարուժանին խնդրել է աշխատակցել թերթին. «Եվ Դուք, հուսով եմ, պիտի ըլլաք հայրենի մեծագույն և իսկատիպ երգիչներեն մեկը»[53]։ Նա տպագրել է «Առաքյալը» բանաստեղծությունը թերթի առաջին էջում, օգնել է կազմակերպել «Ջարդը» գրքույկի վաճառքը և գաղտնի ուղարկումը Թուրքիա[54]։

1906 թվականից սկսած Վարուժանը զեկուցումներ է կարդացել Հայաստանի և հայ ժողովրդի մասին։ 1908 թվականի սահմանադրության ընդունումից հետո նա հայտնի է դառնում նաև Արևմտյան Հայաստանում և Պոլսում. պոլսաբնակ Հակոբ Սիրունի գրել է, թե Սահմանադրությունը «մեզի բերավ նաև երկու նոր ու քաղցր անուններ - Վարուժանինն ու Սիամանթոյինը։ Ոչ ոք մեզմե անունց անունգի գիտեր»։ Սահմանադրության ընդունմանը հաջորդող կիրակի օրը, երբ հայերը Շիշլիի գերեզմանատանը մասնակցել են 1895-1896 թվականների ջարդերի հիշատակի սգահանդեսին, Վահրամ Փափազյանը (այդ ժամանակ` Միլանի գեղարվեստի ակադեմիայի ուսանող, արձակուրդին եղել է Պոլսում) արտասանել է «Ջարդը». «Բարձրացավ մի ահռելի աղմուկ, ոգևորության մի այնպիսի արտահայտություն, որից ես անգամ վախեցա»[55]։ Կիլիկիայում տեղի ունեցած կոտորածների արձագանքն իր արտահայտությունը գտավ Վարուժանի «Կիլիկյան մոխիրներուն» ստեղծագործության մեջ և մի շարք այլ բանաստեղծություններում։ Նա շարունակում է ստեղծագործել հայրենասիրական թեմայով, 1907 թվականին «Անահիտ» հանդեսում, իսկ 1908 թվականին առանձին գրքով լույս է տեսնում «Ջարդը» պոեմը (գրվել է 1906 թվականի ամռանը)` դառնալով Վարուժանի երկրորդ գիրքը։ Նա սկսում է նախապատրաստել նոր ժողովածու` «Վրեժին քուրմերը» խորագրով, որը «Նեմեսիս» (սկզբում վերնագրել էր «Արձանը») նախերգանքից հետո բաժանում է երեք մասի` «Վրեժին քուրմերը», «Զոհերուն բագինին վրա», «Զինված առաքյալները», փորձում է մեկենաս գտնել այն հրատարակելու համար։ Չոպանյանը, որ մեկնել էր Պոլիս, խորհուրդ է տալիս հետաձգել դրա հրատարակումը` հաշվի առնելով Թուրքիայում տիրող իրավիճակը։ Միայն 1909 թվականի աշնանը, երբ Վարուժանը արդեն վերադարձել էր Գենտից և Սեբաստիայի Արամյան ազգային վարժարանի ուսուցիչ էր, սկսվել է նրա ժողովածուի տպագրությունը, որը նախաձեռնել էր «Արծիվ» գրավաճառանոցը «Մատենաշար ազդակ» մատենաշարով։ 1910 թվականի գարնանը լույս է տեսել «Ցեղին սիրտը» ժողովածուն (կազմի վրա գրված է` 1910 թվական, իսկ անվանաթերթի վրա` 1909 թվական)[56][57]. հեղինակը փոխել էր վերնագիրը, սկզբում դրել «Ձոն» բանաստեղծությունը, ապա «Նեմեսիս» նախերգանքը, որին հաջորդում են երեք բաժինները` «Բագինին վրա», «Կրկեսին մեջ» և «Դյուցազնավեպեր»։ Ժողովածուում ընդգրվել է նաև «Ջարդը»[58]։

«Ցեղին սիրտը» արժանացել է ջերմ ընդունելության. 1911 թվականին «Շանթ» հանդեսի (23) անցկացրած հարցման արդյունքում ընթերցողների մեծ մասը «Որոնք են Ձեր ամենաշատ սիրած գրքերը» հարցին ի պատասխան նշել են Վարուժանի այդ ժողովածուն։ Ժողովածուն բարձր գնահատող գրախոսություններ են տպագրվել արևմտահայ և արևելահայ մամուլում. Արտաշես Հարությունյանը գրել է. «Հայ քնարը բավական ատենե ի վեր չէր հնչեցուցած այսքան վեհ, այսքան լայնածավալ սավառնումով հնչյուն մը»[59]։ Հակոբ Օշականը, վերլուծելով ժողովածուն, գրել է. «Կը փութամ հայտարարել, թե ...Վարուժան մեր ամենեն մեծ բանաստեղծն է»[60]։ Թիֆլիսում լույս տեսնող «Գեղարվեստ» հանդեսում տպագրված ընդարձակ վերլուծականում նշվել է, թե «Ցեղին սիրտը» պիտի դառնա ընթերցողի սեղանի զարդը, և այդ գրքով Վարուժանը «ներկայանում է մեզ ապագա մեծ հեղարվեստագետի ուրույն դեմքով»[61]։ Բանաստեղծն իր ժողովածուի թեմատիկան պատճառաբանել է հետրյալ կերպ. «1904-1907 շրջանն էր, երբ հայությունը կը խեղդվեր սուրի և սովի մղձավանջին մեջ... նախընտրեցի երգել ցեղին սիրտը, որուն բաբախյունները կ'զգայի իմ մեջս իմ սեփական արյունիս խորը։ Հայությունը կ'ուլար և կը մռնչեր իմ մեջս...»[62]։

1909-1912 թվականներ. մանկավարժական գործունեություն, ամուսնություն, «Հեթանոս երգեր»

[խմբագրել | խմբագրել կոդը]

1906 թվականի հուլիսի 26-ին Վարուժանը, ավարտելով ուսումը Գենտի համալսարանում, մեկնել է Վենետի, որտեղից էլ ճանապարհվել է Պոլիս, ապա հասել Բրգնիք. 1908 թվականին հայրը (որոշակի գումար հավաքելուց հետո) վերադարձել էր Բրգնիք և վերանորոգել տունը։ Ուսումնական տարվա սկզբին Վարուժանին հրավիրել են Սեբաստիայի Արամյան ազգային վարժարան, որտեղ նա դասավանդել է հայերեն և ֆրանսերեն, հայ գրականություն, բաղդատական սահմանադրություն և քաղաքական տնտեսագիտության հիմունքներ։ Վարուժանը Սեբաստիայում աշխատել է երկու տարի, այնտեղ վարձել է սենյակ, որտեղ երբեմն գիշերել է, սակայն հիմնականում ապրել է հայրենի գյուղում և աշխատանքի է գնացել ոտքով կամ գրաստով[63]։

Դանիել Վարուժանը կնոջ՝ Արաքսիի հետ

Վարուժանի աշակերտուհի Արաքսի Թաշճյանը, որ մեծահարուստ ընտանիքի զավակ էր և գրական փորձեր է արել, հիացած լինելով Վարուժանի տաղանդով, ծնողներին խնդրել է իրեն ուղարկել նրա մոտ մասնավոր դասերի։ Այդ ընթացքում նրանց միջրև ծնվել է փոխադարձ սեր, չնայած հարուստ «մի պարոն» խնդրել էր Արաքսիի ձեռքը, և վերջինիս ծնողները համաձայնել էին։ Քաղաքում տարածվել են րանց մասին խոսակցություններ և Վարուժանի անձը վարկաբեկող բամբասանքներ։ Իմանալով նրանս սիրո մասին` Արաքսիի հայրը` Միրիճան Թաշճյանը, աղջկան արգելել է գնալ դասերի, ապա ծնողներն աղջկան ստիպել են երկտող գրել Վարուժանին. «Այսուհետև հրաժարեցեք ինձմե. ես ինձի համար մեկը գտած եմ և այն կը սիրեմ, սիրեցեք ուրիշ մը և զիս հանդարտ թողուցեք հորս տան մեջ»։ Հասկանալով, որ աղջիկը գրել է իր կամքին հակառակ, Վարուժանը համոզել է նրան պայքարել հանուն իր սիրո, ինչին ի պատասխան Արաքսին գրել է. «Այո՛, կը սիրեմ ու պիտի սիրեմ ինչ որ ալ ըլլամ, կամ սիրելովս պիտի ապրիմ, իսկ եթե չի հաջողիմ ապրիլ, սիրուս համար պիտի զոհվիմ և ահա հերոսությունը զոր դուք կը սպասեք ինձմե։ ...Ասկե վերջ կյանքիս միակ երջանկությունն է Ձեզ սիրել»։ Վարուժանը, այլ ելք չգտնելով, ծրագրել է իրենց գաղտնի փախուստը, ինչի մասին իմացել են աղջկա ծնողները, որոնք ստիպված տվել են իրենց համաձայնությունը` համոզվելով, որ չեն կարող իրենց կամքին ենթարկել աղջկան և վախենալով բամբասանքներից։ Կես տարի տևած պայքարից հետո` 1910 թվականին նրանք ամուսնացել են. Նշան Տեր-Ստեփանյանին ուղղված նամակում Վարուժանը գրել է. «Օրիորդը, որ արդ ուրախ եմ ըսելու` որ կինս է, գավառացիի համեստության հետ ունի եվրոպական նուրբ գեղեցկություն և գրական զարգացում։ Կարող է գոհացնել բանաստեղծի երազս։ Ամուսնությունս եղավ հանկարծակի, սիրային ողբերգությունե մը վերջ, որ գրեթե տարի մը տևեց։ Կատարյալ վեպ մըն է` զոր ապրեցա Սվազի մեջ, անցնելով ես և նե, խիստ վտանգալից, տռամաթիկ և իր մանրամասնություններուն մեջ շատ վսեմ փուլերե` որոնց տակավին վեպերու մեջ հանդիպած էի միայն»[64]։ Թեոդիկին ուղղված նամակում ավելացրել է. «Վերջապես հաղթանակը տարավ մաքուր և անկաշկանդ սերը, և հարբած Սվազը տեսակ մը հետաքրքրությամբ հանդիսատես ըլլալե վերջ` գիտցավ գոնե ծափահարել այդ ընտրությունս և իմ ու ներա կամքի հաղթանակը»[65]։ 1911 թվականի հունիսի 6-ին ծնվել է նրանց դուստրը՝ Վերոնիկան, որին հայրը սիրել է Վարուժնակ կոչել[66]։

1911 թվականի աշնանը Վարուժանը տեղափոխվել է Թոքատ (Եվդոկիա) և աշխատանքի անցել Ազգային ճեմարանում որպես ավագ ուսուցիչ։ Այնտեղ նա դասավանդել է հայ գրականություն, տնտեսագիտություն, բարոյագիտություն և ֆրանսերեն։ Գավառում անցկացրած կյանքի մասին Վարուժանը հետագայում գրել է. «Գավառին 3 տարվա կյանքս ջղայնացնող պայքարում մը եղավ ընդդեմ նախապաշարումներու, ժողովրդական տգիտության և կուսակցական խոլություններու»[67]։ Այդ ընթացքում նա ծավալել է ակտիվ գործունեություն` հանդես գալով նաև որպես հրապարակախոս-գործիչ և իր բանավոր ու գրավոր ելույթներով միջամտելով «գավառի հասարակական մտքի ընթացքին»[68]։ Սեբաստիայում և Թոքատում նա կազմակերպել է հանդեսներ, դասախոսություններ է կարդացել գրականության, լեզվի, մշակույթի տարբեր հարցերի վերաբերյալ, դպրոցականների հետ կազմակերպել թատերական ներկայացումներ (օրինակ` Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանները»)[69][70][71]։ Սեբաստիայի «Հողդար»թերթը գրել է. «Վարուժա՜ն, բայց պարծանքն էր ան քաղաքիս... Քաղաքն ամբողջ պաշտամունք ուներ իր հանդեպ։ Հավաքույթներու, հանդեսներու խայծն էր ինք»[72]։

Դեռևս 1908 թվականի հունվարին Վարուժանը գրել է. «Հեթանոս կյանքը օրեօր զիս կգրավե. եթե այսօր կարելի ըլլար կրոնքս կը փոխեի և սիրով կ'ընդգրկեի բանաստեղծական հեթանոսությունը»[73]։ Նույն թվականի մայիսին Չոպանյանին ուղղված նամակում գրել է. «Արդեն ծրագիր դրած եմ բանաստեղծությանց ուրիշ շարք մը, բոլորովին մտերմական և ապրված»[74], իսկ նոյեմբերին արդեն որոշել էր շարքերից մեկի վերնագիրը` «Գողգոթայի ծաղիկներ»[75]։ 1909 թվականի վերջին որոշել է նոր ժողովածուի վերնագիրը` «Հեթանոս երգեր»[Ն 13]։ Գրքի ստեղծագործությունների հիմնական մասը Վարուժանը գրել է 1910-1912 թվականներին` Սեբաստիայում և Թոքատում աշխատելու ժամանակ։ Ժողովածուն տպագրության է հանձնել 1912 թվականի ամռանը. հրատարակության ծախսը հանձն է առել ռոստովցի մի գրասեր հարուստ` Հովհաննես Պալյանը (նրա հետ ծանոթ չի եղել), որին Վարուժանը նվիրել է ժողովածուի վերջին բանաստեղծությունը` «Մատյանն ահա»։ Գիրքը տպագրվել է 1912 թվականի վերջին, սակայն ընթերցողներին հասանելի է դարձել միայն հաջորդ տարվա սկզբում։ Դրա մասին տպագրվել են բազմաթիվ գրախոսություններ, այն արժանացել է հակասական գնահատականների արևմտահայ և արևելահայ մտավորականների կողմից (Քյուֆենճյան, Գազազյան, Փայլակ, Սուրխաթյան, Տերյան և այլն)[76]։

1912-1915 թվականներ. գործունեությունը Պոլսում, «Հացին երգը»

[խմբագրել | խմբագրել կոդը]

1912 թվականին Վարուժանը ընտանիքի հետ տեղափոխվել է Պոլիս, որտեղ պետք է բարելավեր իր ընտանիքի նյութական վիճակն, ինչպես նաև մոտ լիներ գրական կյանքին։ աշնանը Պոլսի կաթոլիկական համայքնի քաղաքական և վարչական գործերը ղեկավարող վարչական ժողովի և Մուրադ-Ռաֆայելյան սանուց միության հրավերով ստանձնել է Լուսավորչյան վարժարանի[Ն 14] տնօրենի պաշտոնը։ Վարուժանի` և՛ որպես տնօրեն-մանկավարժի, և՛ որպես բանաստեղծի հեղինակությունը գնալով ավելի է տարածվել։ Երկու տարվա ընթացքում Լուսավորչյան վարժարանը դարձել է Պոլսի ամենահեղինակավոր դպրոցներից մեկը[Ն 15]։ 1913-1914 թվականներին վարժարանը, ինչպես վկայել է ժամանակակիցը, «կ'ապրեր իր փառավոր շրջաններեն մին», «իր փառքի գագաթին», և դա եղել է շնորհիվ «մեր ցեղին լավագույն և անմահ բանաստեղծներեն լուսահոգի Դանիել Վարուժանի, որ իր օժտյալ ձեռքերով կ'ավանդեր հայ մատենագրությունն ու գրականությունը` առինքնելով և հմայելով իր բոլոր ուսանողները և ունկնդիրները» և որ «ուսումնարանին մեջ կ'ապրեցներ հայերենին ոսկեդարը»[77]։ Պոլսում նույնպես Վարուժանը շարունակել է իր հրապարակախոսական գործունեությունը. 1912 թվականի ամռանը ելույթ է ունեցել «Ակնարկ մը գրական դպրոցներու վրա», 1913 թվականի գարնանը` «Սիամանթոյի քերթողությունը» թեմայով, հանդես է եկել կաթոլիկ ու լուսավորչական հայերի պառակտման քաղաքականության դեմ, հայ գրերի գյուտի 1500-ամյակի միջոցառումների ժամանակ հանդես է եկել լեզվի մասին բանախոսություններով։

Պոլիս տեղափոխվելուց հետո Վարուժանն իր շուրջն է համախմբել մի քանի համակիրների և առաջարկել է ստեղծել գրողների և արվեստագետների միություն` «Աստեղատուն»։ Այդ նախաձեռնության կազմակերպիչներն են դարձել Վարուժանը, Սիրունին և Ահարոնը, որոնք ստացել են միություն ստեղծելու թույլտվություն, սակայն նրանցից առաջ նույնանուն միություն ստեղծելու թույլտվություն էր ստացել նաև «Շանթ»-ի խմբագիր Մ. Պարզամյանը. նրանք մեկը մյուսին խանգարել են, և ի վերջո միության ստեղծումը ձախողվել է։ Չանցած մեկ տարի` Վարուժանը Սիրունու հետ լույս է ընծայել «Նավասարդ» տարեգիրքը, որը գրական նոր` հեթանոսական շարժման մամուլն էր. Մի քանի ամսում նախապատրաստվել են առաջին համարի նյութերը, իսկ Վարուժանը գրել է առաջնորդող-հանգանակը` «Նավասարդյանը»[Ն 16]։ Տարեգրքի հրատարակությունն սկսվել է սեպտեմբերին, սակայն մինչև տարեվերջ չի ավարտվել, և առաջին գիրքը լույս է տեսել 1914 թվականի սկզբում։ Տարեգիրքը դարձել է գրական նոր շարժման պարբերական, և նրանում տեղ են գտել Կ. Տեր-Սահակյանի, Կ. Գաբիկյանի, Գ. Տեր-Կարապետյանի, Վ. Գույումճյանի, Մ. Բաբայանի, Կոմիտասի հոդվածներն ու ուսումնասիրությունները։ 1914 թվականի աշնանը կազմված և տպագրվելու պատրաստ է եղել տարեգրքի երկրորդ հատորը, սակայն սկսվել է պատերազմը, և այն լույս չի տեսել։

1914 թվականին Պոլիս է եկել Կոստան Զարյան և նախաձեռնել «Մեհեան» գրական ամսաթերթի հրատարակությունը, Վարուժանը միացել է նրան և դարձել պարբերականի 5 հիմնադիրներից մեկը Կոստան Զարյանի, Յակոբ Քյուֆեճյանի (Օշական), Գեղամ Բարսեղյանի և Ահարոն Տատուրյանի հետ[Ն 17]։ Զարյանն ու Վարուժանը միասին ստորագրել են «Մեհյանի» առաջնորդողը` «Մեր հանգանակը»[79] Շուտով պարզվել է, որ Զարյանի առաջադրած ուղղությունը բոլորովին տարբեր է «Նավասարդի» ուղղությունից, և Վարուժանը հեռացել է «Մեհյանից», որի հինգերորդ համարում տպագրվել է «Հեթանոսությո՞ւն» երկխոսություն-հոդվածը, որում պարզ ընդգծվել է, որ իրենց ուղին բոլորովին տարբեր է և հեռու հեթանոսությունից[80][81]։

«Հացին երգը» շարք ստեղծելու միտք Վարուժանն ունեցել է դեռևս ուսանողական տարիներին (1909 թվական), սակայն դրան անդրադարձել է միայն «Հեթանոս երգեր» ժողովածուի հրատարակումից հետո։ Դրա առաջին բանաստեղծություններն մամուլում լույս են տեսել 1913-1914 թվականներին, նա նպատակ է ունեցել ժողովածուն ավարտել 1914 թվականի վերջին և լույս ընծայել 1915 թվականի գարնանը, իսկ դրա բանաստեղծությունները գրվել են 1913-1915 թվականներին[82]։ Սակայն երկրում ստեղծված իրավիճակը և ծավալված իրադարձությունները խանգարել են բանաստեղծի ծրագրի իրականացմանը։ Կյանքի վերձին տարիներին Վարուժանը գրել է շուրջ 15 բանաստեղծություններ, որոնք չեն ներառվել ոչ մի շարքում («Ո՜վ Դար, ո՜վ դար», «Դալար ճյուղ», «Գուշակը», «Հմայքի աղբյուր», «Սպասում», «Բարտիներ» և այլն)։ Նա ծրագրել է գրել «Գինիի երգը», ապա ազգային ավանդությունների թեմաներով գրված պոեմների շարք` «Հայ հոմերագիրքը»[Ն 18], մշակել հայ ժողովրդի էպոսը ամբողջությամբ «Սասմա տուն» վերնագրով, թղթին հանձնել «Աչքեր» դրաման (կույր մարդու հոգու լուսավոր աչքերի մասին), թատերախաղի վերածել «Հարճը պոեմը[83]։

Օգտվելով Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքով ստեղծված խառնակ իրավիճակից` երիտթուրքերի գլխավորած կառավարությունն սկսել է հայերի բռնի տեղահանությունն ու կոտորածը։ 1915 թվականի ապրիլի 24-ին սկսվել են 200-ից ավելի հայ մտավորականների ձերբակալություններն ու աքսորը։ Երբ լուրեր են տարածվել, թե ոստիկանությունը կազմում է աքսորվող մտավորականների ցուցակը, ընկերները (Մ. Պարտիզյան, Հ. Սիրունի) Վարուժանին առաջարկել են մեկնել Բուլղարիա կամ Իտալիա, սակայն նա մերժել է` նախընտրելով մնալ յուրայինների ու իր ընտանիքի հետ (կինը և երկու երեխան, շուտով պետք է ծնվել երրորդը)։ Վարուժանըւ ձերբակալվել է ապրիլի 24-ի գիշերը. այդ երեկո նրանց տանը հավաքվել են մի քանի ընկերներ, խոսել «գավառից, գյուղից, գեղջուկից», պատերզմի ու հայ ժողովրդի ճակատագրի մասին։ Արաքսի Թաշճյան պատմել է, որ նրանց հեռանալուց հետո` «չանցած կես ժամ», դուռը թակել են. «Եվ քանի որ Վարուժան կես մը հանված էր, ես գացի դուռը բանալու, խորհելով, որ մեր այցելուները հավանաբար մոռցված բան մը առնելու կուգային։ Ժամը 11-ը անցած էր։ Դուռը պստիկ մը բացի և ահա երեք հոգի գտա դրան առջևը։ Դուռը հրելով բացին և ներս մտան` «էֆենտին ուր է» ըսելով։ Իրենցմե մեկը առաջացավ դեպի ննջարան... Մյուս երկուքը անցան Վարուժանի գրասենյակը և սկսան խուզարկել դարակները և առին ինչ որ գտան և լեցուցին իրենց տոպրակները։ Մինչև այդ մյուս մարդը Վարուժանին հետ դուրս եկավ ննջարանեն և երեքը միասին ինձ դարձան ու ըսին. «Էֆենտին մեզի հետ պետք է գա, որպեսզի ստորագրե, թե ասոնք իր թուղթերն են»... Սպասեցի մինչև առավոտ, բայց իզուր...»[84]։ Ձերբակալվածները տեղավորվել են Այաշում և Չանղըրիում։ Այաշում գտնվողների թվում են եղել Զարդարյանը, Սիամանթոն, Զոհրապը, Կյուրճյանը, Չյոկյուրյանը, Չանղըրիում` Կոմիտասը, Վարուժանը, Սևակը և այլք։ Սկզբում Չանղըրիի խումբը տեղավորվել է զորանոցներում, հետո նրանց թույլ են տվել ապրել քաղաքում։ Վարուժանն վարձով ապրել է մահմեդականություն ընդունած հայ Իպրահիմի տանը։ Արաքսի Թաշճյանը գրել է. «Աքսորի շրջանին Վարուժանեն ստացած եմ թուրքերեն գրված բացիկներ[Ն 19]։ Ուզած էր Հոմերոսի «Իլիականը» որ ղրկած էի իրեն։ Գիտեմ, որ հոն իսկ կաշխատեր ու կը գրեր»[84]։ Այդ մասին վկայել են նաև աքսորավայրի նրա ընկերները` Մ. Շամտանճյանը, Ս. Սրենցը, Կոմիտասը։ Սիրունին գրել է. «Իր աքսորի ընկերները պատմած են ինծի, թե «Դանիելը արդեն շատ մը գեղեցիկ էջեր էր գրած»[85]։

1915 թվականի օգոստոսի 26-ին Վարուժանին, Ռուբեն Սևակին, հացագործ Արթին աղային, կազմարար Օնիկ Մաղազաճյանին և երկաթագործ Վահան Քեհյանին կառք են նստեցրել իբր այլ քաղաք տեղափոխելու համար։ Հասկանալով, որ իրենց տանում են մահվան` Վարուժանը խնդրել է կնոջը պատվիրել նոր ծնվելիք երեխայի անունը Վարուժան դնել և երդվել է ընկերներին. «Պիտի մեռնիմ Հայաստանի պատկերը բիբերուս մեջ»։ Չանղըրիի իթթիհատի քարտուղար Ջեմալ Օղուզը և ոստիկանության պետ Նուրետտին[Ն 20] կառքի մեկնումից հետո նրանց հետևից ուղարկել են քուրդ Ալոյին, որն իր ընկերների հետ Թունեյի ձորում` Չանղըրիից վեց ժամ հեռավորության վրա, հարձակվել են կառքի վրա, բոլորին իջեցրել են ու մերկացրել (որ հագուստները չփչանան), կապել ծառերից ու գազանաբար սպանել[86]։

Վարուժանի ձերբակալությունից հետո ոստիկանություն բռնագրավել է նրա ձեռագրերը, որոնց մեջ է եղել նաև «Հացին երգը» անավարտ շարքը։ 1919 թվականին Վարուժանի այրին` Արաքսի Թաշճյան-Վարուժանը, կաշառելով գրաքննչության աշխատողին, մտել է այն ներքնահարկը, որտեղ պահվում էին հայ գրողների բռնագրավված ձեռագրերը[Ն 21]։ Այդ մասին ակնարկ կա գրքի սկզբում դրված «Երկու խոսք»-ում. «Գրաքննության մոտ ծառայող տխրահռչակ հայու մը անմեկնելի պատրաստականությունը և, մյուս կողմե` կատարված նյութական որոշ զոհողություն մը` հաջողեցան ես խլել այս գործը»[88]։ «Հացին երգը» ժողովածուի տպագրությունն ստանձնել է Վարուժանի արվեստի երկրպագուներից կազմված «Նավասարդ» նորաստեղծ միությունը, որը 1921 թվականի մայիսի 19-ին կազմակերպել է գրական ցերեկույթ։ Դրա շրջանակներում բանախոսությամբ հանդես են եկել Վահան Թեքեյանը և Շահան Պերպերյանը, արտասանել են Վարուժանի բանաստեղծություններից, կատարել նրա ստեղծագործությունների հիման վրա գրված երգեր (Ն. Մելիքշահի «Հասուն արտ», «Առաջին ծիլեր», «Լուսին», Ա. Թաթյանի «Արյան հաղթանակ»), իսկ Վարուժանի դուստրը` Վերոնիկ Վարուժանը, արտասանել է իրեն նվիրված «Վարուժնակիս» բանաստեղծություն։ «Հացին երգը» գիրքը լույս է տեսել 1921 թվականին և ընդգրկում է 29 բանաստեղծություն (Վարուժանի սահմանած հերթականությամբ). առաջաբանում նշվել է, որ բացակայում են շարքի վերջին վեց բանաստեղծությունները, «որոնց վերնագրերը նշանակված գտանք բանաստեղծի գրպանի տետրակներուն մեջ` հետևյալ շարադասությամբ - Ալյուր, Ախոռը, Թթխմոր, Փուռը, Հայրենի սեղան և Հացին երգը»[89]։

Դանիել Վարուժանի կիսանդրին համանուն դպրոցի առջև
Դանիել Վարուժանի արձանը Շիշլիի գերեզմանատանը

Բելգիացի պրոֆեսոր Պիեռ Մաեզը գրել է. «Դանիել Վարուժանի հոգին և հոգին մի ամբողջ ժողովրդի, որ արտացոլված է նրա գրքերում, վերապրում է նրա և Հայաստանի մտավորականության նահատակումից հետո էլ, մինչդեռ թուրքերը կարխել էին, թե կարողացել են բնաջնջել այն 1915 թ...»[90]։

Վարոժանի պոեզիան դարձել է ոգեշնչման աղբյուր այլ գրողների համար, նրա մասին գրվել են գրքեր, հուշեր ու հոդվածներ, նրան ձոնել են բանաստեղծություններ (Վ. Յարճանյան, Ա. Երկաթ, Ս. Տարոնցի և այլք)։ Պատերազմից անմիջապես հետո Պոլսում Վարուժանի երկրպագու երիտասարդ մտավորականներ ստեղծել են «Նավասարդ» միությունն ի հիշատակ իրենց ուսուցչի և 1921 թվականին հրատարակել «Հացին երգը»։

1958 թվականի փետրվարի 8-ին Գենտում տեղի է ունեցել Վարուժանին նվիրված երեկո։ Փետրվարի 9-ին հայ ուսանողների նախաձեռնությամբ և բելգիահայ երիտասարդական միության ղեկավարությամբ համալսարանի մատենադարանի մեծ սրահում ամրացվել է հուշատախտակ[Ն 22]՝ Վարուժանի դիմաքանդակով և հայերեն, ֆրանսերեն, ֆլամանդերեն արձանագրությամբ։ Դիմաքանդակի վրա նշվել են բանաստեղծի հետևյալ խոսքերը՝

Ի՜նչ փոյթ կեանքը մեռնող,
երբոր երազը կ՚ապրի,
երբոր երազն անմահ է։

Ֆրանսիացի հայագետ Ֆրեդերիկ Ֆեյդին իրավացիորեն գրել է. «Վարուժանը պատկանում է նույնքան Արևմուտքին, որքան Հայաստանին»։ Եղիշե Չարենցը «Վարուժանի պոեզիան համարում էր հայրենի գրականության փառքերից մեկը»[91]։ Պարույր Սևակը Վարուժանի մասին գրել է ուսումնասիրություն, որը դարձել է նրա դիպլոմային աշխատանքը. եզրակացության մեջ Սևակը գրել է, թե «Վարուժանը մեկն է հայ ամենամեծ բանաստեղծներից», որ կարողացել է պատկերել հայ ժողովրդի ու հայ բանաստեղծի հոգու երկվությունը, կարողացել է «ոտնահարել» ազգային սահմանները` դեպի համաշխարհային գրականության սահմանները ելնելու համար[92]։ Վահագն Դավթյանը, որն ստեղծել է «Գինու երգը» շարքը, գրել է, թե Վարուժանի «Հեթանոս երգեր» և «Հացին երգը» գրքերը «հայ նոր պոեզիայի անկյունաքարային գործերից են», որ նա «մի շարք իմաստներով... իսկական նորարար է», որ «վարուժանական արվեստիորակը, պոեզիայի արտահայտչական միջոցների մեջ կատարած նրա բարենորոգչական սխրանքը... շատ է համարձակ, մեծ ու երևելի»[93]։ Հակոբ Օշականը, որ եղել է Վարուժանի ժամանակակիցը և նրա գրքերի առաջին գրախոսողներից, տարիներ անց գրել է. «Չեմ վախնար գրելու.- Դանիել Վարուժան մեծագույն փառքերեն մեկն է մեր քնարերգության եթե ոչ մեծագույնը»[94]։ Ռուս բանաստեղծ և գրականագետ Վալերի Բրյուսովը գրել է, թե Վարուժանն իր կարճատև կյանքում հասցրել է իր կայուն տեղը գրավել հայ գրականության մեջ, որովհետև «ճշմարիտ բանաստեղծ» էր, բերում էր «կենդանի կապ շրջապատի իրականության հետ»[95]։

Վարուժանի երկերը թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն և այլն։

Երևանում կա Վարուժանի անվան փողոց, Երևանում և Վանաձորում` դպրոցներ։

Ստեղծագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարուժանի գրական նախափորձերը վերաբերում են Քաղկեդոնի գիշերօթիկում ուսանելու տարիներին։ Առաջին ոտանավորները հրապարակվել են աշակերտական «Արձագանք մոտայի» (1901) ձեռագիր թերթում։ 1902 թ. բանաստեղծը պատրաստել է իր առաջին ժողովածուն՝ «Ծաղկեփունջ կամ բրգնիքցիի մը նվագները», որը մնացել է անտիպ։ Առաջին տպագիր գործերն են «Բանաստեղծ նահապետին շիրիմին առջև» բանաստեղծությունը և «Եիկիտ Տոնել» դյուցազնավեպը («Բազմավեպ», 1904)։ 1904 թ. կազմել է իր երկրորդ ժողովածուն՝ «Փուշի ակոսներ» (սկզբնապես՝ «Մրրկահույզ կայծոռիկներ») խորագրով, որը նույնպես չի տպագրվել։

«Սարսուռներ»

[խմբագրել | խմբագրել կոդը]

1905 թ. տպագրության է ներկայացրել մի նոր ժողովածու՝ «Սարսուռներ», որտեղ առաջին անգամ ստորագրել է՝ Դանիել Վարուժան։ Սակայն Մխիթարյան հայրերը հարմար չեն գտել ամբողջապես հրատարակել այն։ Բանաստեղծությունների մի մասը նույն թվականին լույս է տեսել «Գեղունի» և «Բազմավեպ» հանդեսներում (1905)։ «Գեղունի»-ում տպագրվածները 1906 թ. հրատարակվել են Վենետիկում «Սարսուռներ» խորագրով։ Ժողովածուն Սիամանթոյի բանաստեղծական շարքերից հետո բերում է նոր գաղափարներ ու նոր ոճ. բնության, սիրո, անորոշ երազանքի տարածված մոտիվների փոխարեն ներշնչանքի աղբյուր է դառնում իրական կյանքը՝ մարդկային ճակատագրերով («Հիվանդ է»)։

Բանաստեղծը խորհում է ժողովրդի և անհատի, արվեստի և իրականության, բանաստեղծի և աշխարհի բարդ ու բազմազան կապերի մասին («Մուսային», «Ավազանին ձուկերուն», «Երազ և խոհ»)՝ արծարծելով մարդու տառապանքների հանդեպ բարության, անձնազոհության, հումանիզմի դեռևս աղոտ գաղափարներ։ «Սարսուռներ»-ը որոշ իմաստով գեղարվեստական ծրագիր է, որտեղ նշմարվում են Վարուժանի ապագա ստեղծագործության գրեթե բոլոր հիմնական հատկանիշները։ Բանաստեղծը աշխարհը տեսնում է ռոմանտիկական սուր բևեռացումների մեջ, մտածում վառ արտահայտված պատկերների լեզվով, հոգեբանական ու առարկայական տեսարանները ներկայացնում հատու և խոշոր գծերով։ Շարունակում է ձևավորվել բանաստեղծական աշխարհայեցողության այն կերպը, որով բնութագրվում է մի ամբողջ գրական ուղղություն՝ հայկական նեոռոմանտիզմը, որն իր ամենացայտուն արտահայտությունը պիտի գտներ Վարուժանի ստեղծագործության մեջ։

«Ցեղին սիրտը»

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարուժանի երկրորդ գիրքը՝ «Ցեղին սիրտը» (1909), նշանավորում է արևմտահայ բանաստեղծական մտքի զարգացման մի նոր աստիճան։ Ռեակցիայի ծանր տարիները մնացել էին հետևում։ 1908 թ. երիտթուրքական հեղափոխությունը ժամանակավոր հնարավորություն էր ստեղծել համախմբելու ցրված գրական ուժերը։ Գրական անհատը ներաշխարհի անձուկ ոլորտից դուրս էր գալիս կենսական լուրջ հարցադրումների ասպարեզ։ Վարուժանը դառնում է գրական նոր շարժման կենտրոնական դեմքը։ Ժողովածուի լայնահուն պոեզիան հնչեցնում է ազգային ու համամարդկային ցավի, վրեժի ու պայքարի երգը («Ձոն», «Նեմեսիս»)։ Քաղաքական ու սոցիալական ճնշման «Բագինին վրա» բարոյապես ու ֆիզիկապես ողջակիզվում է ոչ միայն հայը, այլև մարդն առհասարակ («Հայրենիքի ոգին», «Թիապարտները», «Վաղվան բողբոջներ», «Լվացարարուհին», «Ջարդը»)։ Վրեժի ու պայքարի «Կրկեսին մեջ» հերոսանում է ոչ միայն դարերով հալածված մի փոքրիկ ազգ, այլև իր վաղվա օրը կերտող մի ամբողջ մարդկություն («Վերածնություն», «Կռվի երթ», «Վահագն», «Դյուցազնի մը սուրին»)։

Ազգային-ազատագրության հույսերի արթնացման նոր ալիքը քաղաքական ու սոցիալական սուր շեշտվածություն է հաղորդում Վարուժանի բանաստեղծությանը։ «Ցեղին սիրտը» ժողովածուի մեջ նոր ձևով ու բովանդակությամբ շարունակվում են Խ․ Աբովյանի, Ղ. Ալիշանի, Մ․ Պեշիկթաշլյանի, Րաֆֆու ռոմանտիկական ավանդույթները։ Հայրենասիրությունը միայն զգացմունք չէ, այլև գաղափար, աշխարհայացք, գեղարվեստական մթնոլորտի կազմակերպման եղանակ, պոետիկական համակարգը ձևավորող սկզբունք։ Վարուժանը խորապես յուրացրել էր համաշխարհային հին ու նոր մշակույթի փորձը, երազում էր ստեղծել «մարդ էակին գիրքը»՝ իրար ձուլելով արևմտյան մտքի խստությունն ու արևելյան երևակայության կանոնազանց ազատությունը, վենետիկյան գույներն ու ֆլանդրիական «բարբարոս իրապաշտությունը»։ Սակայն ժողովրդի քաղաքական ճակատագրի անհրաժեշտությամբ գեղարվեստական խոսքը պետք է դառնար պայքարի զենք, հագենար հրապարակախոսական տարերքով։ Այս հարկադրական ինքնօտարումը վերաճում է ստեղծագործող անհատի ներքին դրամայի («Տրտունջք»), որով բնութագրվում է ժամանակի արևմտահայ բանաստեղծությունն առհասարակ։ «Ցեղին սիրտը» հարազատ ժողովրդի «ծովածուփ արյան» և ճնշված մարդկության դարավոր տառապանքի աղաղակն է։

«Հեթանոս երգեր»

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարուժանի յուրաքանչյուր նոր ժողովածու բաց է անում արվեստի նոր ուղղություն, բերում է նոր բովանդակություն ու ոճ, հաստատում գեղարվեստական ձևի նոր սկզբունքներ՝ դասականորեն ներկայացնելով գրական շարժման տվյալ պահի համար բնորոշ միտումները։

«Հեթանոս երգեր»-ը (1912) 1910-ական թվականներին ծայր առած «հեթանոսական» շարժման ամենաամբողջական արտահայտությունն է։ Այս հոսանքի էությունն ազատության, ուժի, գեղեցկության պաշտամունքն էր՝ ի հակադրություն տիրող սոցիալական ու բարոյական անկման, բարքերի ապականության, մարդու բնական նկարագրի աղավաղման։ Գրքի երկու բաժիններում («Հեթանոս երգեր» և «Գողգոթայի ծաղիկներ») Վարուժանը պատկերում է իրարից տարբեր և իրար հակադրվող երկու աշխարհ։ «Ասպետական դարերու», «մեծազոր կենցաղի» փառաբանությունը չէր նշանակում անցյալի իդեալականացում կամ պատմության վաղնջական ժամանակները վերադառնալու կոչ․ դա միայն գեղարվեստական պայմանականություն էր, որով բանաստեղծը մարմին էր տալիս ուժեղ, առնական, կատարյալ մարդու, ազատ, ներդաշնակ ու գեղեցիկ աշխարհի մասին իր իդեալներին («Գեղեցկության արձանին», «Վանատուր», «Հեթանոսական», «Օ՛ Տալիթա», «Արևելյան բաղնիք», «Մեռած աստվածներուն»)։ Արվեստի հրաշքով նա փորձում է վերագտնել մարդկության կորցրած արժեքները («Բեգաս», «Լույսը»)։

Աւելի վերջ հրատարակուած հատորներում զետեղուած է «Հարճը» 600 տողանի բանաստեղծությունը, գրուած «հեթանոս երգեր»ի նմանողութեամբ:

Իդեալի այսպիսի բարձրությունից բուրժուական աշխարհը ներկայացվում է որպես մարդկային չարչարանքի գողգոթա։ Գործարաններում, հանքերում, աշխատանքի բորսաներում եռում է մարդկանց բազմամիլիոն բանակը, ապրելը վերածվում է գոյության ծանր հարկադրանքի։ Մարդն օտարվում է իր նախաստեղծ էությունից, «ոսկի հորթի» պաշտամունքը, կեղծիքը, սուտը եղծում են գեղեցկի մաքուր իդեալը՝ ապրելու երջանկությունը դարձնելով գոյության դրամա («Բանվորուհին», «Սպասում», «Ընկեցիկը», «Մեռնող բանվոր», «Մեքենաները», «Դադար», «Մայիս մեկ»)։

«Հեթանոս երգեր»-ի գեղագիտական համակարգի հիմքը վսեմի կատեգորիան է՝ հերոսականի, ուժի, գեղեցկի կոնկրետ դրսևորումներով։ Եթե կլասիցիստներն անտիկ ժամանակներում փնտրում էին քաղաքացիական արիության ու առաքինության օրինակներ, իսկ Լըկոնտ դը Լիլը՝ սոցիալական ներդաշնակության իդեալ, ապա Վարուժանի ստեղծագործության մեջ հեթանոսական կենցաղի դրվագները վերանում են իրենց պատմական ժամանակից, այդ յուրօրինակ գեղարվեստական իրականության մեջ անունն ու տարազը փոխած ապրում է ժամանակակից մարդը։

«Գողգոթայի ծաղիկներ» շարքը ընդհանրության որոշ եզրեր ունի Էմիլ Վերհառնի ստեղծագործության հետ։ Էական տարբերությունն այն է, որ եթե Վերհառնը համանման բանաստեղծություններում հետևում էր որոշակի սոցիալական ուտոպիայի, ապա Վարուժանի ակնկալած վերածնությունը չէր ենթադրում որևէ հայտնի սկզբունքով կազմակերպված սոցիալական իրականություն, հակառակ ակնհայտ դեմոկրատական կողմնորոշմանը՝ հայ բանաստեղծի իդեալը կապվում էր գեղեցկի, ներդաշնակի, բնականի թագավորության որքան հրապուրիչ, նույնքան էլ անիրական մի աշխարհի հետ։

«Հացին երգը»

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեք ժողովածուները լույս ընծայելուց հետո Վարուժանը պատրաստվում է հրատարակել «Հացին երգը» բանաստեղծական շարքը, որի վրա սկսել էր աշխատել դեռևս 1909-1910 թվականներից («Հացին երգը» գարնան դեմ պիտի սկսիմ»)։ 1914 թվականի մարտի 26-ին Պոլսից ընկերոջը՝ Վ. Ահարոնյանին գրում էր.

Այժմ կգրեմ «Հացին երգը», որ հուսամ տարիե մը լույս կտեսնե. այդ հատորին մեջ երգված պիտի ըլլան հայրենի հողը, մշակներու աշխատությունը և գյուղական կյանքի խաղաղ մեծությունները[96]։

Լիարյուն ու ներդաշնակ կյանքի, ուժեղ, առողջ, բնականորեն անեղծ մարդու իդեալը «Հեթանոս երգեր»-ից տարբեր, բայց էությամբ նույնական մի այլ աշխարհի սկիզբ է դառնում «Հացին երգը» (1921) շարքում, որի հղացման ազդակը Հեսիոդոսի «Աշխատանք և օրեր» և Վերգիլիոսի «Մշակականք» պոեմներն են։ Սակայն Վարուժանն ստեղծել է ձևով ու բովանդակությամբ միանգամայն ինքնուրույն երկ։ Նրա նոր գրքի թեման հացի արարման պատմությունն է՝ հողագործի աշխատանքի ոգեշունչ փառաբանությամբ։ Ավելի լայն առումով «Հացին երգը» արտահայտում է մտքի ու մկանի աշխատանքով հայրենի եզերքն արգասավորելու, վերածնության ոգեղեն իդեալները հողեղեն մի սկզբի կապելու գաղափարը։ Մյուս կողմից՝ թեև «Հացին երգը» շարքում զգալի է հայ գյուղին բնորոշ կոլորիտը (բառապաշար, պատկերի կառուցման առարկայական ատաղձ ևն), բայց և այնպես ներկայացված գյուղաշխարհը չի կարելի կապել որոշակի աշխարհագրական միջավայրի հետ։ Բանաստեղծը թևակոխում է մի նոր եզերք՝ ընդարձակելով «Հեթանոս երգեր»-ում նվաճված աշխարհի սահմանները, այստեղ էլ քնարական մթնոլորտը շնչում է գեղեցկի ու ներդաշնակի որոնման պաթոսով, պոետիկական կառույցի հիմքը դարձյալ վսեմի կատեգորիան է, մասշտաբներն էպոսային վիթխարիություն ունեն («Մշակները», «Ցան», «Սայլերը»)։

«Հացին երգը» Վարուժանի ստեղծագործության մեջ որքան շարունակություն, նույնքան էլ սկիզբ էր․ բանաստեղծը ձգտում էր «Ցեղին սիրտը» և «Հեթանոս երգեր» շարքերի դասական արվեստի չափանիշները ձուլել ժողովրդական մտածողության տարերքին («Առաջին ծիլեր», «Ցորյանի ծովեր», «Հասուն արտ», «Հունձք կը ժողվեմ․․․», «Կամներգ», «Երնում»)։ Այս տեսակետից Վարուժանի վերջին գիրքը եզակի երևույթ է արևմտահայ բանաստեղծության մեջ։

Վարուժանը ծրագրել էր նաև գրել «Գինիին երգը» և մշակել ամբողջ «Սասնա ծռեր» էպոսը, բայց ողբերգական մահն անկատար թողեց այս ծրագրերը։

Վարուժանի ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն, թուրքերեն[97] և այլ լեզուներով։

Երկերի մատենագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սարսուռներ, Վենետիկ, 1906, 44 էջ։
  • Ցեղին սիրտը։ Բագինին վրայ։ Կրկէսին մէջ, Կ. Պոլիս, 1909, 256 էջ։
  • Հեթանոս երգեր, Կ. Պոլիս, 1912, 336 էջ։
  • Հացին երգը, Կ. Պոլիս, 1921, 96 էջ։
  • Սարսուռներ, Վենետիկ, 1927, 116 էջ։
  • Հացին երգը, ա. տ. և թ., 88 էջ։
  • Սարսուռներ։ Ցեղին սիրտը, Վենետիկ, 1944, 132 էջ։
  • Հեթանոս երգեր։ Հացին երգը, Վենետիկ, 1944, 88 էջ։
  • Երկեր. Սարսուռներ, Ցեղին սիրտը, Հեթանոս երգեր, Հացին երգը, Արձակ էջեր, Թարգմանություններ, Նամակներ, Երևան, 1946, 480 էջ։
  • Հացին երգը, Երուսաղէմ, 1950, 76 էջ։
  • Սարսուռներ, Երուսաղէմ, 1950, 64 էջ։
  • Հեթանոս երգեր, Երուսաղէմ, 1953, 208 էջ։
  • Ցեղին սիրտը։ Բագինին վրայ։ Կրկէսին մէջ, Երուսաղէմ, 1953, 228 էջ։
  • Բանաստեղծություններ, Երևան, 1955, 448 էջ։
  • Հացին երգը (բանաստեղծություններ), Երևան, 1964, 86 էջ։
  • Նամականի, Երևան, 1965, 372 էջ։
  • Երկեր. Սարսուռներ, Ցեղին սիրտը, Հեթանոս երգեր, Հացին երգը, Երևան, 1969, 356 էջ։
  • Երկեր, Երուսաղէմ, 1973, 204 էջ։
  • Հացին երգը, Պէյրութ, 1974, 56 էջ։
  • Ձոն (բանաստեղծություններ), Երևան, 1975, 80 էջ։
  • Վարուժան Դանիել, Սիամանթո, Երկեր. Բանաստեղծություններ  և պոեմներ, Երևան, 1979, էջ 209–509:
  • Սարսուռներ։ Ցեղին սիրտը, Վենետիկ, 1981, 132 էջ։
  • Հեթանոս երգեր։ Հացին երգը, Վենետիկ, 1981, 88 էջ։
  • Երկեր, հատ. 1. Սարսուռներ, Հացին երգը, Թեհրան, 1983, 80 էջ։
  • Երկեր, հատ. 2. Ցեղին սիրտը, Թեհրան, 1983, 228 էջ։
  • Երկեր, հատ. 3. Հեթանոս երգեր, Թեհրան, 1983, 208 էջ։
  • Երկեր (բանաստեղծություններ, արձակ էջեր), Երևան, 1984, 576 էջ։
  • Հացին երգը, Նիւ Ճըրզի, 1984, 80 էջ։
  • Բանաստեղծական երկեր, Անթիլիաս, 1986, 609 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 1. Բանաստեղծություններ, Երևան, 1986, 596 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 2. Բանաստեղծություններ, Պոեմներ, Թարգմանություններ, Երևան, 1986, 448 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 3. Արձակ էջեր, Հոդվածներ և ելույթներ, Նամակներ, Երևան, 1987, 720 էջ։
  • Հացին երգը, ա. տ. և թ., 368 էջ։
  • Երկերի ժողովածու, Երևան, 2004, 476 էջ։
  • Հեթանոս երգեր, Իսթանպուլ, 2006, 204 էջ։
  • Հացին երգը, Երևան, 2009, 60 էջ։
  • Ընտրանի, Երևան, 2011, 276 էջ։
  • Հացին երգը, Անթիլիաս, 2011, 78 էջ։
  • Ստեղծագործությունների ժողովածու, Երևան, 2012, 300 էջ։
  • Poemes, Beyrouth, 1972․

Ընտրյալ բանաստեղծություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Գեղեցկության արձանին »
  • «Հայր, օրհնե՛»
  • «Մեռած Աստվածներուն»
  • «Մոխիրներուն առջև»
  • «Ձոն»
  • «Վահագն»
  • «Նավասարդյան»
  • «Անդաստան»

Թարգմանություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Ֆրանսիական պոեզիա.- Երևան։ Երևանի համալս. հրատ., 1984.- 480 էջ.- (Ուսանողի գրադարան)։
  1. Դանիել Վարուժանի ծննդյան թվականը բանաստեղծն ինքն է մի քանի անգամ նշել իր կենսագրականներում, սակայն նրա ծննդյան օրը և ամիսը ստույգ չեն։ «Սովետական մեծ հանրագիտարանում» նշված է 21.4.1884 - 15.4.1915[4]։ Բանաստեղծի կինը` Արաքսի Վարուժան-Աբիկյանը, գրել է. «Գրիգորի և Թագուհիի ամուսնութենեն երեք տարի վերջը, Զատկի թման իրիկուն (ապրիլն) երբ Գրիգոր Բրգնիքի եկեղեցին Դանիել մարգարեի ավետարանը մտիկ կըներ, իր բարեկամներեն մեկը կուգա ավետելու որ մանչ զավակ մը ծնուած է իրեն։ Կը վազե տուն և կը մտադրե տղուն անունը Դանիել դնել[5]»։ Վազգեն Գաբրիելյանը գրել է. «Այդ պատմությունը հավաստի է հնչում նաև այն փաստարկով, որ, իրոք, Զատկի նախորդ իրիկունը եկեղեցում ժամերգության պահին ընթերցում են Դանիել մարգարեի պատմությունը, և ընթերցողները ընտրվում են ժողովրդի ներկայացուցիչներից` գրագետ, լավ կարդացողներից, իսկ Գրիգորը կրթված էր, գրասեր։ 1884 թ. եկեղեցական օրացույցից իմանում ենք, որ Զատկի կիրակին այդ տարի համընկել է ապրիլի 8-ին։ Ուրեմն Վարուժանը ծնվել է ապրիլի 7-ին, շաբաթ օրը, նոր տոմարով` ապրիլի 20-ին»[6]։
  2. Թագուհին եղել է Պողոս և Աննա Պաղտիկյանների աղջիկը և ըստ Վահանի հիշողությունների` քույր կամ եղբայր չի ունեցել։
  3. Չիբուգքյարը թուրքերեն չուբուքքյար բառն է, կազմված չուպուք կամ չուբուք (երկար, փայտյա ծխափող, ցուպիկ, չիբուխ) արմատից և քյար (կրող, ունեցող, կատարող իմաստով) վերջածանցից։ Թուրքական փաշաները պահում էին առանձին ծառայողներ, որոնք կրում և պատրաստում էին իրենց ծխափողը և իրենց «պաշտոնի» անունով կոչվում էին չուբուքքյար[8]։ Արևմտահայերն իրենց ազգանունները հաճախ կազմել են իրենց պաշտոնի, արհեստի անունով կամ իրենց մականունով, և այդ ձևով էլ Վարուժանի հայրը կազմել է իր ազգանունը` Չուբուքքյար մականվան ավելացնելով «յան»-ը։ Դանիել Վարուժանը դպրոցական փաստաթղթերով գրվել է Չուպուգքյարյան[9]։ Նամակներում իր հասցեն նշելիս և բանաստեղծությունների տակ ստորագրելիս գրել է` Չպուգքյարյան (սկզբնական շրջանում հանդիպում են նաև Չըպուգկեռյան, Չպպուգքյար ձևերը, ), և հետագա տարիներին մինչև իր կյանքի վերջը նա օգտագործել Է այդ ձևը` Չպուգքյարյան[8]։
  4. 1915 թվականի եղեռնին զոհ է գնացել Գրիգորի ամբողջ ընտանիքը, փրկվել է միայն 15-ամյա Վահանը, որ տարիներին հետո հաստատվել է Փարիզում (մահացել է 1967 թվականին)։
  5. Նվիրել է իր ծննդավայրում կրթական գործի անխոնջ երախտավոր Սահակ Հաճյանին[27]։
  6. «Եղի» նշանակում է դեռ չհասունացած ցորեն։
  7. Կարող էին ավելի շատ լինել, քանի որ երկրորդ տետրի էջերն իրարից անջատված են։
  8. Վարուժանին ուղղված նամակում Թեքեյանը գրել է. «Այսօր կարդացի «Գեղունի»ի մեջ Ձեր քերթվածները։ Ա՛նչափ զանոնք սիրեցի և ա՛նչափ հիացա անոնց վրա` որ կը քաշվիմ բառերով հայտնելու մտածումս, նկուն մնալե վախնալով»[36]։
  9. Մաքրագիր ձեռագիր տետրից հանվել էին այն բանաստեղծությունները, որոնք դուրս են մնացել ժողովածուից։
  10. Վարուժանին ուղղված նամակներից մեկում հիաշատակվել է «Մաշած լար» խորագրով ժողովածուի մասին, որը պետք է հրատարակվեր «Սարսուռների» հետ, սակայն դրա վերաբերյալ այլ տեղեկություններ չկան[40]։
  11. 1912 թվականին Եվդոկիայի «Իրիս» կիսամյա հանդեսի № 1-ում նրա «Երգ» բանաստեղծությունը («Փուշի ակոսներ» ձեռագիր տետրից) տպագրվել է Մոլլա ծածկանունով։
  12. Գիրքը տպագրվել է 1905 թվականի դեկտեմբերին, սակայն հեղինակին ուղարկվել է միայն «Գեղունի» տարեգրքի լույս տեսնելուց երկու ամիս անց` 1906 թվականի փետրվարին[42]։
  13. Վարուժանի արխիվում կա խզբզված թղթի մի կտոր, որի վրա բանաստեղծը գլխատառերով գրել է «Հեթանոս երգերի» վերնագրի մի քանի տարբերակ` «Հեթանոս բամբիռ, Հեթանոս բամբիռն, Հեթանոս քնար, Բամբիռն հեթանոս, Հեթանոս երգեր»։
  14. Պոլսի Բերայի Ս. Գրիգոր Լուսավորիչ վարժարան
  15. Վարուժանի` տնօրենի պաշտոնն ստանձնելուց կարճ ժամանակ անց վարժարանի աշակերտների թիվը 70-ից դարձել է 120։
  16. Սիրունին գրել է. «Բառերը տակավին անզոր էին մեր հուզումները բանաձևելու համար, բայց պետք էր խոսք մը ըսել։ «Նավասարդը» մամուլին հանձնելու օրը կուգար և դեռ մեր «առաջին էջը» չունեինք։ Շաբաթ օր մը – 1913, օգոստոս 25 – Վարուժանին, հետ կ'անցնեինք Բերայի Շիտակեն։ Անակնկալ տեղատարափ մը մեզ սրճարան մը նետեց, ու հոն, աղմուկին ու ծուխին մեջ, Դանիել սա պստիկ գոհարը գրեց, «Նավասարդյանը» – զոր անմիջապես գացի զետեղելու մեր տարեգրքին սկիզբը»[78]։
  17. Քանի որ «Նավասարդը» տարեգիրք էր, «Մեհյանն» ամսաթերթ, այդ դեպքում Վարուժանը կարող էր ավելի հաճախ հանդես գալ։
  18. Վարուժանի ձեռագրերի մեջ պահպանվել են սևագրություններ, պոեմների, վիպերգերի ծրագրեր ու պատառիկներ։ Դրանցից մեկը կոչվում է «Ուրացողը», զեյթունցի Տեր-Օհանի կյանքից, մյուսը` «Կմախքի սիրահարը»։ «Մեծն Տիգրանի վրա ի՜նչ հոյակապ դյուցազներգություն կը գրվի»,- գրել է Վարուժանն իր նամակներից մեկում։
  19. Այդ ժամանակ Վարուժանը նամակներ է գրել նաև իր հորը և Արաքսիի հորը, ինչի մասին նրանց հիշատակել են Արաքսիին ուղղված նամակներում։
  20. Պատերազմի ավարտից հետո թուրքական նոր կառավարությունը դատապարտել է նախկին կառավարությանը, հայերի պահանջով դատապարտվել են ջարդերի կազմակերպիչները։ Վարուժանի, Սևակի և ընկերների սպանությունը կազմակերպելու համար Ջեմալ Օղուզը դառապարտվել է հինգ տարի և չորս ամիս թիապարտության, փախստական Նուրետտին` վեց տարի և ութ ամիս։
  21. Այդ մասին գրել է Վաղինա Բյուրատը. «1919-ին գացի փնտրելու հորս ձեռագրերը։ Կաշառքով թույլտվություն ստացա հայագետ Ահմետ Միրզայի պեյեն և մտա այն նկուղները, ուր հայերի ձեռագրերը պահված էին։ Նկատեցի, որ այնտեղ է Վարուժանի այրին...»[87]։
  22. Հանդեսին մասնակցել և ելույթ են ունեցել Բելգիայի կրթական նախարարի ներկայացուցիչը, արքայական ակադեմիայի անդամ, բանաստեղծ Պոտառը, համալսարանի վերատեսուչ պրոֆեսոր Լամբրեխտը, Լուք Անդրե Մարսելը, պրոֆեսոր Ֆեյդին, Մաեզը, Պալարը, ինչպես նաև հայեր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Brockhaus Enzyklopädie (գերմ.)F.A. Brockhaus, 1796.
  2. 1 2 3 4 5 6 7 8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1985. — հատոր 11. — էջ 348—349.
  3. 1 2 3 4 5 6 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 4.
  4. Սովետական մեծ հանրագիտարան, հատոր 4, 1971, Մոսկվա, էջ 312։
  5. Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան, Դ. Վարուժանի ֆոնդ, № 340։
  6. 1 2 Վազգեն Գաբրիելյան, Դանիել Վարուժան. կյանքը և գործը, Երևան, 1978, էջ 9-10։
  7. Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան, Դ. Վարուժանի ֆոնդ, № 339։
  8. 1 2 Վազգեն Գաբրիելյան, Դանիել Վարուժան. կյանքը և գործը, Երևան, 1978, էջ 11-12։
  9. Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան, Դ. Վարուժանի ֆոնդ, № 335։
  10. 1 2 Ա. Պատրիկ, Դանիել Վարուժանն իմ հուշերում, Բ տպագրություն, Բեյրութ, 1968, էջ 96։
  11. Դանիել Վարուժան, Նամականի, Երևան, 1965, էջ 161։
  12. Դանիել Վարուժան, Նամականի, Երևան, 1965, էջ 561։
  13. Վազգեն Գաբրիելյան, Դանիել Վարուժան. կյանքը և գործը, Երևան, 1978, էջ 16։
  14. Ա. Պատրիկ, Դանիել Վարուժանն իմ հուշերում, Բ տպագրություն, Բեյրութ, 1968, էջ 21։
  15. Դանիել Վարուժան, Նամականի, Երևան, 1965, էջ 157։
  16. Դանիել Վարուժան, Նամականի, Երևան, 1965, էջ 102։
  17. Վազգեն Գաբրիելյան, Դանիել Վարուժան. կյանքը և գործը, Երևան, 1978, էջ 18։
  18. Վ. Փափազյան, Հետադարձ հայացք, Երևան, հ. 1, 1956, էջ 47։
  19. Դանիել Վարուժան, Նամականի, Երևան, 1965, էջ 158։
  20. Վ. Փափազյան, Հետադարձ հայացք, Երևան, հ. 1, 1956, էջ 51։
  21. Վ. Փափազյան, Հետադարձ հայացք, Երևան, հ. 1, 1956, էջ 66։
  22. Վ. Փափազյան, Հետադարձ հայացք, Երևան, հ. 1, 1956, էջ 81։
  23. Դանիել Վարուժան, Նամականի, Երևան, 1965, էջ 48։
  24. 1 2 Մ. Պոտուրյանի հուշերը, «Էջմիածին», 1958, № Ը։
  25. Վազգեն Գաբրիելյան, Դանիել Վարուժան. կյանքը և գործը, Երևան, 1978, էջ 30։
  26. Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան, Դ. Վարուժանի ֆոնդ, № 13։
  27. Վազգեն Գաբրիելյան, Դանիել Վարուժան. կյանքը և գործը, Երևան, 1978, էջ 58։
  28. Վազգեն Գաբրիելյան, Դանիել Վարուժան. կյանքը և գործը, Երևան, 1978, էջ 35։
  29. Վազգեն Գաբրիելյան, Դանիել Վարուժան. կյանքը և գործը, Երևան, 1978, էջ 40։
  30. Դ. Ճիզմեճյան, Դանիել Վարուժան, էջ 18
  31. Վազգեն Գաբրիելյան, Դանիել Վարուժան. կյանքը և գործը, Երևան, 1978, էջ 46։
  32. «Ամսօրյա տեղեկատու», Կ. Պոլիս, 1913 թվական, նոյեմբեր, № 30, էջ 98։
  33. Դանիել Վարուժան, Նամականի, Երևան, 1965, էջ 194։
  34. «Բազմավեպ», 1904 թվական, էջ 244։
  35. 1 2 Վազգեն Գաբրիելյան, Դանիել Վարուժան. կյանքը և գործը, Երևան, 1978, էջ 52-53։
  36. Դանիել Վարուժան, Նամականի, Երևան, 1965, էջ 234։
  37. Դանիել Վարուժան, Նամականի, Երևան, 1965, էջ 41։
  38. Դանիել Վարուժան, Նամականի, Երևան, 1965, էջ 45, 55, 57։
  39. Հեկտոր Ռշտունի, Դանիել Վարուժան, Ե․, 1961, էջ 80։
  40. Դանիել Վարուժան, Նամականի, Երևան, 1965, էջ 228։
  41. Դանիել Վարուժան, Նամականի, Երևան, 1965, էջ 58։
  42. Դանիել Վարուժան, Նամականի, Երևան, 1965, էջ 226։
  43. Վազգեն Գաբրիելյան, Դանիել Վարուժան. կյանքը և գործը, Երևան, 1978, էջ 58։
  44. «Լուսաբեր», Կահիրե, 1905, № 151, նոյեմբեր 28։
  45. «Անահիտ», Փարիզ, 1906, №1-2, էջ 32։
  46. Դանիել Վարուժան, Նամականի, Երևան, 1965, էջ 36։
  47. Դանիել Վարուժան, Նամականի, Երևան, 1965, էջ 70։
  48. 1 2 Վազգեն Գաբրիելյան, Դանիել Վարուժան. կյանքը և գործը, Երևան, 1978, էջ 94-97։
  49. Դանիել Վարուժան, Նամականի, Երևան, 1965, էջ 117։
  50. Վազգեն Գաբրիելյան, Դանիել Վարուժան. կյանքը և գործը, Երևան, 1978, էջ 106-107։
  51. «Գրական ասուլիսներ, Կ. Պոլիս, 1913, Զ, էջ 23։
  52. Ա. Պատրիկ, Դանիել Վարուժանն իմ հուշերում, Բ տպագրություն, Բեյրութ, 1968, էջ 27։
  53. Դանիել Վարուժան, Նամականի, Երևան, 1965, էջ 251։
  54. Վազգեն Գաբրիելյան, Դանիել Վարուժան. կյանքը և գործը, Երևան, 1978, էջ 113-114։
  55. Վ. Փափազյան, Հետադարձ հայացք, Երևան, հ. 1, 1956, էջ 53։
  56. «Գրական ասուլիսներ» (Դ. Վարուժանի «Հեթանոս երգերը»), Կ. Պոլիս, 1913։
  57. Ա. Պատրիկ, Դանիել Վարուժանն իմ հուշերում, Բ տպագրություն, Բեյրութ, 1968, էջ 57։
  58. Վազգեն Գաբրիելյան, Դանիել Վարուժան. կյանքը և գործը, Երևան, 1978, էջ 144-146։
  59. «Ձայն հայրենյաց», Կ. Պոլիս, 1910, № 21։
  60. «Հայ գրականություն», Զմյուռնիա, 1913, № 2, էջ 11։
  61. «Գեղարվեստ», Թիֆլիս, 1911, № 4, էջ 139։
  62. Դանիել Վարուժան, Նամականի, Երևան, 1965, էջ 207։
  63. Վազգեն Գաբրիելյան, Դանիել Վարուժան. կյանքը և գործը, Երևան, 1978, էջ 236-237։
  64. Դանիել Վարուժան, Նամականի, Երևան, 1965, էջ 186։
  65. Դանիել Վարուժան, Նամականի, Երևան, 1965, էջ 185։
  66. LLC, VIP Studio. «Դանիել Վարուժանի դուստրը. Լուսանկարներ». www.arevelk.am (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 17-ին.
  67. Դանիել Վարուժան, Նամականի, Երևան, 1965, էջ 208։
  68. Վազգեն Գաբրիելյան, Դանիել Վարուժան. կյանքը և գործը, Երևան, 1978, էջ 238։
  69. Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան, Դ. Վարուժանի ֆոնդ, № 399։
  70. «Պայքար», 1973 թվական, № 93-95։
  71. Ա. Ալպոյաճյան, Պատմություն Եվդոկիո հայոց, Գահիրե, 1952, էջ 980։
  72. «Հողդար», 1911 թվական, № 34։
  73. Դանիել Վարուժան, Նամականի, Երևան, 1965, էջ 131։
  74. Դանիել Վարուժան, Նամականի, Երևան, 1965, էջ 138։
  75. Դանիել Վարուժան, Նամականի, Երևան, 1965, էջ 165։
  76. Վազգեն Գաբրիելյան, Դանիել Վարուժան. կյանքը և գործը, Երևան, 1978, էջ 259-261։
    Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան, Դ. Վարուժանի ֆոնդ, № 370։
  77. «Ս. Հակոբ», տեղեկատու ամսագիրք, Իսթամպուլ, 1958, Բ տարի, №2։
  78. Հ. Ճ. Սիրունի, Դանիել Վարուժան, Պուքրեշ, 1940, էջ 126։
  79. «Մեհյան», Կ. Պոլիս, 1914 թվական, № 1։
  80. Վազգեն Գաբրիելյան, Դանիել Վարուժան. կյանքը և գործը, Երևան, 1978, էջ 363-364։
  81. «Մեհյան», Կ. Պոլիս, 1914 թվական, № 5։
  82. Վազգեն Գաբրիելյան, Դանիել Վարուժան. կյանքը և գործը, Երևան, 1978, էջ 373։
  83. Վազգեն Գաբրիելյան, Դանիել Վարուժան. կյանքը և գործը, Երևան, 1978, էջ 402-403։
  84. 1 2 Հուշամատյան Դանիել Վարուժանի, Փարիզ, 1958, էջ 85։
  85. Հ. Ճ. Սիրունի, Դանիել Վարուժան, էջ 159։
  86. Վազգեն Գաբրիելյան, Դանիել Վարուժան. կյանքը և գործը, Երևան, 1978, էջ 373-375։
  87. Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան, Դ. Վարուժանի ֆոնդ, № 357։
  88. Դ. Վարուժան, Հացին երգը, Կ. Պոլիս, 1921, էջ 4։
  89. Վազգեն Գաբրիելյան, Դանիել Վարուժան. կյանքը և գործը, Երևան, 1978, էջ 407-408։
  90. Հուշամատյան Դանիել Վարուժանի, Փարիզ, 1958, էջ 74։
  91. «Հիշողություններ Ե. Չարենցի մասին», Երևան, 1961, էջ 195։
  92. Պարույր Սևակ, Երկեր, հատոր 6, էջ 369։
  93. «Սովետական գրականություն», 1974, № 4, էջ 104-106։
  94. Դ. Վարուժան, Հեթանոս երգեր, 1953, էջ ԺԴ (Առաջաբանը)։
  95. Վ. Բրյուսով, Հայաստանի և հայ կուլտուրայի մասին, Երևան, 1967, էջ 132։
  96. Դ. Վարուժան, Նամականի, Երևան, 1965 թ., էջ 208
  97. Դանիել Վարուժանի «Հացին երգը»՝ թուրքերենով

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանիել Վարուժան» հոդվածին։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանիել Վարուժան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանիել Վարուժան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 348