Հեկտոր Ռշտունին ծնվել է 1915 թվականին Աշտարակի շրջանիՈսկեվազ գյուղում։ 1930 թվականին ավարտել է Նոր Բայազետի (այժմ՝ Գավառ) միջնակարգ դպրոցը։ 1930-1935 թվականներին աշխատել է Երևանի համար 9 և 7 դպրոցներում որպես հայոց լեզվի ու գրականության ուսուցիչ։ 1935 թվականին էքստեռն քննություններ է տվել և ընդունվել Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի չորրորդ կուրսը, ավարտել է Երևանի պետական համալսարանը (1937)։ 1937 թվականից դասավանդել է Երևանի տարբեր ինստիտուտներում։ 1937-1949 թվականին աշխատել է Երևանի Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտում, որպես հայոց լեզվի ավագ դասախոս։ 1950 թվականին «Գեղամ Սարյանի պոեզիան» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1972 թվականին «Սիամանթո» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։ 1961 թվականից դասախոսել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտում։ Ռշտունու աշխատությունները նվիրված են հայ դասական, հատկապես արևմտահայ գրական խոշոր դեմքերին, խորհրդային գրականության պատմությանը և պոեզիայի գեղագիտական վերլուծության հարցերին («Գեղամ Սարյան», 1958, «Դանիել Վարուժան», «Սիամանթո», 1970, մենագրություններ)[2]։ ԽՄԿԿ անդամ 1961 թվականից։
«Հայ դասականների գրադարան» մատենաշարի «Սիամանթո»։ «Դանիել Վարուժան» (1979) հատորի բնագիրը պատրաստել, առաջաբանները գրել, ծանոթագրություններն ու բառարանները կազմել է Ռշտունին[3][4]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։