Երիտթուրքական հեղափոխություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օսմանյան կայսրությունը 1801 թ.

Երիտթուրքական հեղափոխություն, 1908 թվականի հուլիսին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած զինված ապստամբություն։ Կազմակերպել էր Իթթիհադ վե թերաքքին (թուրք.՝ İttihat ve Terakki Cemiyeti, արաբ․՝ إتحاد و ترقى‎‎)` միություն և առաջադիմություն կոմիտեն, որը հիմնադրվել էր 1889 թվականին:

19-րդ դարի վերջին և հատպապես 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունը շարունակում էր քայքավել տնտեսական և քաղաքական ճգնաժամի պատճառով: Թուրք հասարակական-քաղաքական կյանքում առաջացած նոր ուժերը նպատակ ունեին կանխել կայսրության մոտալուտ փլուզումը և այդ ուղղությամբ առաջին քայլը համարում էին երկրի դուրս բերումը այդ օրհասական դրությունից: Որպես այդ նպատակի միջոց, առաջնահերթ հրատապ էր սուլթան Աբդուլ Համիդի ռեժիմի տապալումը: Հակասուլթանական շարժման գլուխ կանգնած էր դեռևս 1889 թ.-ին հիմնադրված «Իթթիհատ վե թերաքքի» («Միություն և առաջադիմություն») կուսակցությունը։ Երիտթուրքերը դաշնակցականներին և հնչակյաններին առաջարկել էին միասնաբար պայքարել սուլթանական վարչակարգի դեմ։ Հնչակյանները հրաժարվեցին երիտութրքերի հետ համագործակցությունից, որովհետև ինչպես իրենք են նշել.«…թուրք կոմիտեն պայման կը դնէր ազգային ամեն մասնավոր պահանջում մէկդի ընել, և համաձայնիլ Միության և Առաջադիմության Օսմանյան ծրագրին վրա» : Մինչդեռ Դաշնակցական գործիչները ընդունել էին համագործակցության առաջարկը՝ պատճառաբանելով, որ իրենք նախընտրել են չմերժել թուրքերի մեկնած ձեռքը և առաջնային նպատակ են համարել Համիդյան վարչակարգի տապալումը։ Արդյունքում՝ 1907 թ.-ի դեկտեմբերին, Փարիզում կայացած կոնգրեսում Իթթիհատ վե թերաքքի և Հայ հեղափախական դաշնակցություն կուսակցությունները, արաբական, հրեական և մակեդոնական կոմիտեները համաձայնության եկան համիդյան վարչակարգը միասնական ուժերով տապալելու և Թուրքիայում սահմանադրական կարգեր հաստատելու խնդրի շուրջ։ Երիտթուրքերը շատ պարզ հասկացրեցին դաշնակցականներին, որ չպետք է անկախանալու կամ ինքնավարություն ձեռք բերելու հույսեր փայփայեն, սակայն հայերը կարող են «այլ ժողովուրդների հետ համահավասար իրավունք » ստանալ։ Չնայած Փարիզի վեհաժողովում դաշնակից ուժերի միջև եղած տարակարծություններին, այնուամենայնիվ քաղաքական ուժերը համախբմվեցին և դա բախտորոշ նշանակություն ունեցավ շարժման ընթացքի համար։ Աբդուլ Համիդի միահեծան կառավարմանը վերջ տալու համար մղվող պայքարը շուտով դրվեց գործնական հողի վրա։ Դրա համար ազդակ հանդիսացավ Մակեդոնիայում կառուցվող երկաթգիծը, որն ըստ սուլթանի նպատակ ուներ ամրապնդել թուրք-գերմանական դաշինքը։ Սակայն Թուրքիայի ընդդիմադիր ուժերը համոզված էին որ, սա Մակեդոնիային տանում էր գերմանիզացման, որը կանջատեր այդ երկիրը Օսմանյան կայսրությունից։ 1908 թ.-ի հուլիսին, Մակեդոնիայում սպաներ Նիազի և Էնվեր բեյերի գլխավորությամբ զորքերն ապստամբում են։ Սուլթան աբդուլ Համիդի ուղարկած պատժիչ ուժերը, որոնք գտնվում էին իթթիհատականների քարոզչության ազդեցության ներքո, նույնպես ապստամբում են։ Սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդը իր գահը փրկելու համար համաձայնում է երկրում սահմանադրական կարգեր հասատելու ընդդիմության պահանջին։ Այսպիսով Թուրքիայում տեղի է ունենում պետական հեղաշրջում, որից հետո սուլթանի իշխանությունը կրում է ձևական բնույթ։ Երկրում փաստացի իշխանությունը կենտրոնանում է երիտթուրք պարագլուխների ձեռքում։ Օսմանյան կայսրությունը հռչակվում է սահմանադրական միապետություն։ Երիտթուրքական հեղաշրջումից հետո Օսմանյան կայսրությունում իր քաղաքական գործունեությունն էր ծավալում նաև Հայ հեղափախական դաշնակցություն կուսակցությունը։ Նրա գործունեությունը 1908 թ-1914 թթ.-ին կարելի է բաժանել երկու փուլերի՝ 1908-1911 թթ. և 1912-1914 թթ.: Թեև մի շարք դաշնակցական գործիչներ թերահավատորեն էին վերաբերվում «Ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսով հեղաշրջում կատարող երիտթուքերին, այնուամենայնիվ առաջին փուլում ՀՅԴ-ն համագործակցեց իթթիհատականների հետ։ Հրաժարվելով դրսի միջամտությունից՝ Հայկական հարցի լուծումը նա փորձեց կապել սահմանադրական միապետության ժողովրդավարացման հետ՝ որպես երկրի ներքին խնդիր։ ՀՅԴ-ն իր մասնակցությունն էր բերել երիտթուրքերի հաղթանակին և սահմանադրության շրջանակներում գործելու հնարավորություն ձեռք բերեց, ինչը վերջնականապես հաստատվեց 1908 թ. Օգոստոսին Կ.Պոլսում երիտթուրքերիև Սաբահեդինի հետ կայացած խորհրդկացությունից հետո Հեղաշրջումից հետո բոլորը ազատ արձակվեցին բանտերից։ Մի պահ կարծես, հայերը դարձել էին թուրքերի սիրելի հարևանները։ Թուրք պաշտոնյաները հարմար առիթը բաց չէին թողնում հայերի հանդեպ իրենց համակրանքը արտահայտելու համար։ Հատկանշական է, որ Սաբահեդինի հետ ունեցած խորհրդակցությանը եկած դոկտոր Ռեշիդ Նիհադը պահանջում էր ավելի լայն արտոնություններ քան հայ հեղափոխական դաշնակցականները արդեն ստացել էին։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե թուրքական իշխանությունները քաղաքական ինչպիսի խորամանկ ու երկդիմի մոտեցում էին որդեգրել հայերի նկատմամբ։ Սահմանադրական պետություն ստեղծելու կարևորագույն առհավատչյաներից մեկն էլ Օսմանյան խորհրդարանի ձևավորումն էր։ 1908 թ. հուլիսից հոկտեմբեր ընկած ամիսները կարող էին բախտորոշ լինել Օսմանյան ողջ հասարակության համար։ Երիտթուրքերն իրենց իրական դեմքը ցույց տվեցին հենց խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Օսմանյան խորհրդարանի ընտրությունները տեղի ունեցան թուրք հետամնաց ու անուղղելի տարրի քաղաքացիական տհասությանն ու ազգայնական գաղափարներին համահունչ ու լիովին համապաստասխան։ Այդ խայտառակ ընտրությունների մասին տեղեկություններ են պահպանվել Կիլիկիայում պատգամավորության իր թեկնածությունն առաջադրած հայ թեկնածուի շնորհիվ, որը, ցավոք, իր անուն չի շեշտում. «Թուրք տարրը հաառակ այն գիրկընդխառնումին, զոր ի գործ դրած էր առաջին թափով ուրախության վայրկյանին,…ընտրության միջոցին ուրիշ բան չմտածեց, բայց միայն ամենուրեք հաջողացնել թրքերու ընտրությունը …» : Հատկապես ուշագրավ է ոչ միայն թուրքերի խախտումները այլև դրանց միջոցները, որոնցից մի քանիսը առավել կարևոր են։ Թուրքերը հայ թեկնածուների ընրությունը խափանելու համար դիմեցին տարատեսակ ընտրակեղծիքների։ Օրինակ՝ ընտրողների ցուցակում հայերի թիվը պակաս գրելը, հայկական թաղերը թուրքական թաղերի ու շրջանների մեջ բաժանելը, հայերին նոր ջարդերով ու կոտորածներով ահաբեկելը, բացահայտ և ծածուկ խախտումները, որոնց անվերապահ իրականացումը պայմանավորված էր հայերի անփորձությամբ ու թուլությամբ։ Այս ամենի հետևանքով էր, որ ընտրությունների ավարտին, ըտրված հայ պատգամավորների քանակը մեծապես տարբերում էր Օսմանյան կայսրությունում բնակվող հայության ընդհանուր քանակին համապատասխանող և բոլորի կողմից սպսած թվից։ Արդյունքում 1908 թ.-ի հոկտեմբերին բացվեց 230 տեղերից բաղկացած խորհրդարանը, որտեղ հայերը զբաղեցրին 12 պատգամավորական տեղ(մինչդեռ հայ պատգամավորների թիվը պետք է եղածից առնվազն 2 անգամ ավելի լիներ)։

Կուսակցության հիմնումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Flickr - …trialsanderrors - Yeni Cami and Eminönü bazaar, Constantinople, Turkey, ca. 1895.jpg

Կուսակցության կազմի մեջ մտնում էին մտավորականության և զինվորականների առաջատար ներկայացուցիչները, ովքեր արտահայտում էին թուրք բուրժուազիայի շահերը և ձգտում էին Օսմանյան կայսրությունը վերածել բուրժուա-սահմանադրական պետության։ Նրանց հիմնական պահանջն էր սահմանադրության վերականգնումը։ Սկզբնական շրջանում կոմիտեի ղեկավարները պահպանում էին գաղտնիություն։ Աբդուլհամիդյան աջակիցների միջոցով հաջողվեց բացահայտել երիտթուրքերի ընդհատակյա կազմակերպությունների մի մասը և գլխատել շարժումը։

1897 և 1899 թվականներին տեղի ունեցան կազմակերպության անդամների դատերը, և նրանցից շատերը ստիպված եղան լքել երկիրը։ Արտագաղթի ընթացքում տեղի ունեցավ երիտթուրքական շարժման պառակտում։ 1902 թվականին Փարիզյան համաժողովի ժամանակ Միություն և Առաջադիմությունից անջատվեցին մի խումբ օսմանցի լիբերալիստներ (ազատականներ) Սաբահեդին արքայազնի գլխավորությամբ, ով հիմնեց «ապակենտրոնացման և անհատական նախաձեռնության լիգան»: Սաբահեդինը և նրա կողմնակիցները գտնում էին, որ Թուրքիայի ծանր կացության գլխավոր պատճառը միջնադարյան տնտեսական կարգն է, որտեղ բացակայում է անհատական ձեռներեցական նախաձեռնությունը։ Մյուս չարիքը նա համարում էր թուրքական պետության բազմազգ կառուցվածքը։ Սաբահեդինը և նրա կողմնակիցները առաջինն էին, որ հեղափոխականների ուշադրությունը սևեռեցին ազգային հարցի վրա և կապեր հաստատեցին ազգային փոքրամասնությունների քաղաքական խմբավորումների հետ։ Այս հարցում երիտթուրքերի միջև առաջացան տարաձայնություններ։ Նրանց մի մասը Սաբահեդինի գլխավորությամբ հանդես էր գալիս Օսմանյան կայսրության ապակենտրոնացման հիմքի վրա ինքնավար նահանգների ստեղծման ճանապարհով ազգային խնդրի լուծման օգտին։

Greek lithograph celebrating the Ottoman Constitution.png

Այս հոսանքն ակտիվորեն պաշտպանվում էր հունական և հայկական, մասամբ ալբանական բուրժուազիայի ներկայացուցիչների կողմից։ Հայկական կողմի շահերը ներկայացնում էր գլխավորապես Հայ Հեղափոխական Դաշնակցությունը: Սակայն Սաբահեդինը չէր հանդիսանում երիտթուրքական շարժման ղեկավարներից, իսկ ժամանակի ընթացքում նա իր կողմնակիցների հետ միասին ընդհանրապես հեռացավ քաղաքական գործունեությունից։

Թուրք հեղափոխականների հիմնական մասը, որը միավորվել էր Միություն և առաջադիմություն խմբավորման շուրջ, կողմնակից էր կենտրոնացված, միասնական թուրքական պետությանը, ելնելով նրանից, որ Թուրքիայում պետք է իշխի թուրք ազգը։ Բայց քանի որ նրա հիմնական խնդիրը կայանում էր աբդուլհամիդյան զուլումի ռեժիմի տապալումը, ապա նա հնարավոր էր համարում այդ խնդրի լուծման համար միավորվել ազգային փոքրամասնությունների կազմակերպությունների հետ։

Թուրքիայում հեղափոխական ալիքի բարձրացման առիթ հանդիսացավ 1905-1907 թվականների ռուսական հեղափոխությունը, ինչպես նաև Իրանի հեղափոխությունը և այլ պետություններում ազգային-ազատագրական շարժումների վերելքը։

Հեղափոխության նախապատրաստումը[խմբագրել | խմբագրել կոդը]

1906 թվականին Միություն և առաջադիմություն կոմիտեն իր նստավայրը տեղափոխեց Սալոնիկ և ձեռնամուխ եղավ հեղափոխական կազմակերպությունների լայն ցանց ստեղծելուն։ Շարժման գլխավոր կենտրոն ընտրվեց Մակեդոնիան: Միաժամանակ նրանք որոշեցին միավորել բոլոր հեղափոխական ուժերը։ Այս նպատակող 1907 թվականի վերջին Փարիզում հրավիրվեց Օսմանյան կայսրության բոլոր ընդդիմադիր կուսակցությունների և խմբավորումների կոնգրես։

Greek demonastration Bitola 1908.JPG

Կոնգրեսին ներկա էին հայկական, արաբական, մակեդոնական ազգային և քաղաքական կազմակերպություններ, ինչպես նաև Սաբահեդինի «Ապակենտրոնացման և անհատական նախաձեռնության» լիգան։ Փարիզյան կոնգրեսի ընթացքում ձևավորվեց ազգային-հեղափոխական ուժերի միացյալ ճակատ։

Երիտթուրքերը և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները գնացին փոխզիջումների. երիտթուրքերը համաձայնվեցին ազգային փոքրամասնությունների մշակութային և քաղաքական ինքնորոշման սկզբունքի հետ, իսկ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները հայտարարեցին, որ կբավարարվեն Օսմանյան կայսրության տարածքում ստացած ինքնավարությամբ։ Կոնգրեսի մասնակիցները մշակեցին պայքարի ձևեր և միջոցներ. հրաժարվել բանակում ծառայելուց, հարկեր վճարելուց, կազմակերպել գործադուլներ պետական ապարատի հակակազմավորման համար, և ի վերջո, կազմակերպել զինված ապստամբություն։ Ապստամբության իրականացման համար ընտրվեց 1908 թվականի հոկտեմբեր ամիսը։

Ապստամբությունը և հեղափոխության հաղթանակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային իրադարձությունները արագացրին ապստամբության սկիզբը։ 1908 թվականի հուլիսի 3-ին Մակեդոնիայում Ռեսնա ամրոցի պարետ Նիյազին ապստամբություն բարձրացրեց և հեռացավ լեռներ։ Նրան միացան նաև Էնվերը, Մուստաֆա Քեմալը, Ջեմալը և ուրիշներ։

Ottoman-Empire-Public-Demo.png

Օսմանյան սուլթան Աբդուլ Համիդ 2-րդը, տեսնելով, որ Կոստանդնուպոլում և Փոքր Ասիայում տեղակայված զորքերը ևս աջակցում են հեղափոխական ուժերին, որոշում է գնալ զիջումների։ 1908 թվականի հուլիսի 24-ին նա վերականգնում է սահմանադրությունը և նշանակում է ընտրություններ։ Այնուհետև արձակվում են մի շարք դեկրետներ, որոնք սահմանում են խոսքի, տպագրության և կազմակերպությունների ազատություն, համաներում է շնորհվում քաղբանտարկյալներին։ Երիտթուրքերի հեղափոխությունը հաղթանակում է։ Նրանք ձգտում էին համաձայնության գալ նախկին կառավարության հետ։ Այդ նպատակով չի կազմավորվում նոր կառավարություն, իշխանությունը մնում է սուլթանի և նրա կողմից նշանակված կառավարության ձեռքում։

Հեղափոխության հաղթանակի և սահմանադրության վերականգման լուրը մեծ ուրախությամբ ընդունվեց Օսմանյան կայսրության արաբական նահանգներում։ Արաբները հեղափոխությունը ընդունում էին որպես իրենց հաղթանակ։ Հեղափոխության հաղթանակը մեծ ոգևորություն առաջացրեց ժողովրդի շրջանում, և նրանք ոտքի կանգնեցին իրենց շահագործողների դեմ։ Բեյրութում, Հուրանում, Իրաքի մի շարք շրջաններում տեղի ունեցան ժողովրդական ելույթներ, որոնք ձախողվեցին։ Արաբական երկրներում դեմոկրատական շարժման թուլության գլխավոր պատճառը կայանում էր նրանում, որ գյուղացիական ելույթները կապված չէին քաղաքներում տեղի ունեցող ելույթների հետ, որտեղ գործող մի շարք դեմոկրատական խմբակներն ընդհանուր լեզու չէին գտնում գյուղի ապստամբական ուժերի հետ։

Արաբները և հեղափոխությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Declaration of the 1908 Revolution in Ottoman Empire.png
Մեհմեդ Թալեաթ փաշա
Ահմեդ Ջեմալ փաշա
Բեհաէդդին Շաքիր բեյ

Հեղափոխությանը հաջորդած առաջին օրերին արաբական ազգային բուրժուազիայի շրջանակներում մեծ տարածում են գտնում նորացված Թուրքիայի շրջանակներում արմատական բարեփոխումների և ազգային ազատագրման հնարավորության պատրանքները։ Արաբ ազգայնականները խաղադրույքը դնում էին երիտթուրքերի հետ համագործակցության վրա և հույս ունեին նրանց օգնությամբ լուծել արաբական երկրների կենսական խնդիրները։ Արաբ ազգայնականների պատրանքներին ուժեղ հարված եղան թուրքական պառլամենտական ընտրությունները և երիտթուրքերի ծրագիրը, որը հրատարակվեց 1908 թվականի աշնանը, որն ավելի չափավոր էր, քան նախկին ծրագրերը և խոստումները։ Այն անցկացվեց երկաստիճան համակարգով։ Սանջակներում ընտրության ժամանակ ժողովրդի ներկայացուցիչներին չթույլատրվեց մասնակցել ընտրական գործընթացին։ Իսկ ընտրության արդյունքները էլ ավելի հիասթափեցնող էին, քանի որ 245 պատգամավորներից 150-ը թուրք էին և միայն 60-ը՝ արաբ, այն դեպքում երբ 22 միլիոն բնակչության 7.5 միլիոնը թուրք էին, իսկ 10.5-ը՝ արաբ։ Խորհրդարանում պատվիրակությունը չդրսևորեց ոչ մի ինքնուրույնություն, այն աջակցում էր երիտթուրքերին։

Դժգոհ արաբները միավորվեցին 1908 թվականին ստեղծված Լիբերալների կուսակցության «Հիզբ ալ-ահրար»-ի շուրջ, որը աջակցեց Աբդուլ Համիդին պետական հեղաշրջում իրականացնելիս։ 1909 թվականի ապրիլի 13-ին հեղաշրջման արդյունքում գրավվեցին մի շարք կառավարական շենքեր և սկսվեցին ճնշումներ երիտթուրքերի դեմ։ Սակայն երիտթուրքերը կարողացան Մուստաֆա Քեմալի և Մահմուդ Շևկետ փաշայի գլխավորությամբ հակահարված տալ ապստամբներին։ 1909 թվականի ապրիլի 27-ին նրանք գահընկեց արեցին Աբդուլ Համիդ II-ին, նրա փոխարեն գահին նստեցրին եղբորը՝ Մահմեդ V-ին։ Իշխանությունը վերահաստատելով՝ երիտթուրքերը վերջնականապես հրաժարվեցին այն խոստումներից, որ տվել էին Փարիզյան կոնգրեսի ընթացքում ազգային փոքրամասնություններին, սկսեցին համագործակցել ծայրահեղական կազմակերպությունների հետ՝ ճնշելու համար դժգոհությունների ալիքը։ Ազգային կազմակերպությունները փակվեցին։ Փակվեցին ազգային դպրոցները, և թուրքերենը սկսեց պարտադրվել բոլոր դպրոցներում։

Արաբական քաղաքական ուժերը. Օսմանյան կայսրության մասնատման սկիզբը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղափոխությունից հետո արաբական ազգայնական շարժման կենտրոնը տեղափոխվեց Կոստանդնուպոլիս, որտեղ կենտրոնացվեցին սպաները, ուսանողները, բարձրաստիճան պաշտոնյաները։ 1908 թվականի սեպտեմբերի 2-ին Կ․ Պոլսում հավաքի ժամանակ արաբները հիմնեցին առաջին քիչ թե շատ զանգվածային արաբական կազմակերպությունը, որը ստացավ «Արաբա-Օսմանական եղբայրություն» անվանումը՝ «Ալ-Իխա ալ-արաբի ալ-օսմանի» (արաբ․՝ الإخاء العربي العثماني‎‎), որն ուներ իր թերթը։ Եղբայրության ղեկավարները պանօսմանիզմի կողմնակիցներ էին և ընդունում էին այսպես կոչված «օսմանյան ազգի» գոյությունը։ Միակ ազգային պահանջներն էին ազգային հավասարությունը, արաբերենով կրթությունը և արաբական սովորույթների պահպանումը։ Եղբայրության ղեկավարները երիտթուրքական կուսակցությանը պատկանող արաբներ էին։ 1909 թվականին նրա գործունեությունը արգելվեց։

Հայտնի ազգային կազմակերպություններ էին «Գրական խմբակը» և «Կահտանիան»: 1909 թվականի ամռանը գաղտնի «արաբա-օսմանական եղբայրության» փոխարեն նրանք Կոստանդնուպոլսում հիմնեցին «Գրական Խմբակը»՝ «ալ-Մունթադա ալ-ադաբի» (արաբ․՝ المنتدى العربي‎‎)։ Հաշվվում էր մի քանի հազար անդամ, մեծամասամբ՝ ուսանողներ։ Այն իր մասնաճյուղերն ուներ Սիրիայի և Իրաքի շատ քաղաքներում։ 1909 թվականի վերջին «Գրական խմբակի» ներկայացուցիչ Աբդ ալ-Քերիմ Խալիլը հիմնադրեց գաղտնի քաղաքական կազմակերպություն։ Արաբների միֆական նախնի Կահտանի անունով այն կոչվեց «Կահտանիա» (արաբ․՝ قحطانية‎‎)։ Այս ընկերությունը հիմնականում բաղկացած էր արաբ սպաներից, որոնք ծառայում էին թուրքական բանակում։ Նրանք ենթադրում էին վերակառուցել Օսմանյան կայսրությունը և ստեղծել երկազգ արաբա-օսմանյան պետություն Ավստրո-Հունգարիայի օրինակով։

1911 թվականին Փարիզում մի խումբ արաբ ուսանողներ հիմնադրեցին «Երիտարաբական միությունը» (արաբ․՝ جمعية العربية الفتاة‎‎), իրենց առջև նպատակ դնելով լինել այն, ինչ երիտթուրքերը Թուրքիայի համար։ Ավելի որոշակի ծրագիր հասունացավ աստիճանաբար՝ հենվելով արաբական անկախության սկզբունքների վրա։ Ժամանակի ընթացքում նրանք սկսեցին պահանջել արաբական երկրների անկախացումը և պայքարում էին արաբների ազատագրման համար թուրքերից և այլ օտարերկրյա տիրապետությունից։ «Երիտարաբական միությունը» գործում էր խիստ գաղտնի։ Նրանք իրենց փաստաթղթերում օգտագործում էին բազմաթիվ գաղտնաբառեր։ Ուսումը ավարտելուց հետո հայրենիք վերադառնալով, նրանք մտան ակտիվ քաղաքական պայքարի մեջ։ 1913 թվականին նրանք հանդես եկան բոլոր արաբական ազգային կուսակցությունների և կազմակերպությունների միավորման նախաձեռնությամբ։ Այս միությունը մեծ դեր խաղաց արաբական ազգային-ազատագրական շարժման պատմության մեջ։

1913 թվականի հունիսի 18-23-ը տեղի ունեցավ Արաբական առաջին կոնգրեսը, ներկա էին 24 պատվիրակ, որոնցից 19-ը՝ Սիրիայից և Լիբանանից, 2-ը՝ Իրաքից, 3-ը՝ ԱՄՆ-ի արաբական համայնքներից։ Այն պահանջեց ճանաչել արաբների ազգային իրավունքները և արաբներին տալ ավելի մեծ մասնակցություն Օսմանյան կայսրության կենտրոնական կառավարությունում, ինչպես նաև ինքնավարություն տալ արաբական նահանգներին։ Կոնգրեսի բանաձևերը ներկայացվեցին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարին, Փարիզում մեծ տերությունների դեսպաններին և թուրքական կառավարությանը։ Քանի որ այդ ընթացքում Ֆրանսիան թուրքերի հետ վարում էր պարտքի շուրջ բանակցություններ և հետևաբար մեծ ազդեցություն ուներ Թուրքիայի վրա, Փարիզ հրավիրեց Թուրքիայի կառավարության ներկայացուցիչ Միհդատ Բեյին, ով էլ երիտթուրքական կուսակցության անունից ստորագրեց համաձայնագիր կոնգրեսի ներկայացուցիչ Ալ-Զահրավիի հետ։ Սակայն համաձայնագիրը չիրականացավ։ Երիտթուրքերը արեցին ամեն հնարավորը, որ ձախողեն համաձայնագրի իրականացումը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]