Միություն և առաջադիմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միություն և առաջադիմություն
İttihad ve Terakki Cemiyeti
Տեսակ կուսակցություն
Երկիր Ottoman flag.svg Օսմանյան կայսրություն
Առաջնորդ Ջեմալ փաշա,
Թալեաթ Մեհմեդ,
Էնվեր փաշա
Հիմնադրված 1889
Լուծարված 1918
Գաղափարախոսություն համաթյուրքականություն
Շտաբ Ստամբուլ
Committee of Union and Progress Վիքիպահեստում

Միություն և առաջադիմություն (թուրք. «İttihat ve Terakki», «իթթիհաթ վե թերաքքի»), երիտթուրքեր, թուրքական քաղաքական կուսակցություն։ Հիմնվել է 1889 թ. մայիսի 21-ին՝ «Օսմանյան միասնության ընկերություն» անունով։ Նպատակը 1876 թվականի Սահմանադրության վերականգնումն էր և պառլամենտի գումարումը։ Ավելի ուշ վերանվանվել է «Միության և առաջադիմության օսմանյան ընկերություն» և միավորվել երիտթուրքերի Փարիզի խմբի հետ։ Հիմնադիրներն էին Աբդուլլահ Ջևդեթը, Իսհակ Սյուքութին, Իբրահիմ Թեմոն, Հիլմի Թունալըն և Աքիլ Մուխթարը։ Հալածանքների պատճառով ղեկավարները փախել են արտասահման։ 1897 թվականին սկսել են գործել ընկերության Ժնևի, ապա և Կահիրեի բաժանմունքները։ Ընկերությունը հրատարակել է թերթեր Կ.Պոլսում, Զմյուռնիայում, Ժնևում, Կահիրեում, քննադատել Աբդուլ Համիդ ll-ի վարչակարգը։ 1902 թվականին Փարիզի համագումարում ընկերությունը պառակտվել է 2 խմբի. Սաբահէդդինի կողմնակիցների և Ահմեդ Ռիզայի կողմնակիցների։ Դաշնակցության ներկայացուցիչ Խ. Մալումյանի միջնորդությամբ, կողմերը համաձայնել են միավորել ուժերը սուլթանի դեմ պայքարում։ Այդ ժամանակ Սալոնիկում գործել է Ազատության օսմանյան ընկերությունը, որը հանդես է եկել կայսրության ներքին գործերին եվրոպական տերությունների միջամտության դեմ. ագիտացիա արել բանակում և այլն։ 1908 թվականին այդ ընկերությունը որոշել է միավորվել Փարիզի ընկերության հետ, և նրա պարագլուխները մտել են ԿԿ կազմի մեջ։ 1908 թվականի հուլիսի 23-ի զինված հեղաշրջման հետևանքով իթթիհաթականները հռչակել են սահմանադրության վերականգնումը։ Դրանից հետո գաղտնի ԿԿ անդամներ Թալեաթը, Էնվերը, Բեհաեդդին Շաքիրը, Միդհաթ Շյուքրին և ուրիշներ Սալոնիկից տեղափոխվել են Կ. Պոլիս, շուտով նրանց գլխավորած ընկերությունը հռչակվել է քաղաքական կուսակցություն։ Լինելով պանթյուրքիզմի մոլի ջատագովներ՝ նրա պարագլուխները իրենց տասնամյա կառավարման ընթացքում (1908-18) Օսմանյան կայսրությունը երեք անգամ ներքաշել են արկածախնդրական պատերազմների (1911 թվականին՝ Տրիպոլիտանական, 1912-13-ին՝ Բալկանյան, 1914-18-ին՝ Առաջին աշխարհամարտ) մեջ՝ նոր տարածքներ զավթելու նպատակով։

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին և ընթացքում «Միություն և առաջադիմություն» կուսակցության պարագլուխները ծրագրել և իրագործել են հայերի ցեղասպանությունը։ Պատերազմում Թուրքիայի պարտությունից հետո՝ 1918 թվականի հոկտեմբերի 19-ին, տեղի է ունեցել կուսակցության վերջին համագումարը, որը հայտարարել է ինքնալուծարման և նոր՝ «Թեջադդուդ» («Վերածնունդ») կուսակցության ստեղծման մասին։ Սակայն նոյեմբերի 2-ին դաշնակիցների (Անտանտի) զորքերը մտել են Կ.Պոլիս, և «Միություն և առաջադիմություն» կուսակցության պարագլուխները փախել են արտասահման։

1919—1920 թվականներին Կ.Պոլսում տեղի է ունեցել կուսակցության ԿԿ անդամների դատավարությունը։ Պատերազմի և հայերի ցեղասպանության գլխավոր հանցագործները հեռակա կարգով դատապարտվել են մահվան, սակայն հանցագործների զգալի մասը խուսափել է արդար պատժից։ Կուսակցության որոշ պարագլուխների մահվան դատավճիոն ի կատար են ածել հայ վրիժառուները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png