Արաբական առաջին կոնգրես (1913)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Արաբական առաջին կոնգրես 1913, տեղի Է ունեցել հունիսի 18-23-ին, Փարիզում։ Հրավիրվել է Եգիպտոսի, Սիրիայի, Լիբանանի, Իրաքի և Պաղեստինի հայրենասիրական կազմակերպությունների ու ազգ-քաղաքական գործիչների նախաձեռնությամբ։ Կոնգրեսը պահանջել է անհապաղ բարեփոխումներ իրականացնել Օսմանյան կայսրությունում, երաշխավորել արաբների քաղաքական իրավունքները և նրանց գործնական մասնակցությունը կայսրության կառավարմանը, թույլատրել արաբների գործածությունը օսմանյան խորհրդարանում և այն ճանաչել արաբերեն վիլայեթների պաշտոնական լեզու։ Կոնգրեսի որոշումների հիմքում դրված էր Օսմանյան կայսրության ապակենտրոնացման սկզբունքը։ Կոնգրեսին ներկա էր հայերի ներկայացուցիչը, որը հայ ժողովրդի անունից լիակատար աջակցություն է հայտնել արաբների պահանջներին։ Կոնգրեսն իր հերթին քննարկել է հայերի վիճակը Օսմանյան կայսրությունում և նրանց պահանջները։ Կոնգրեսի ընդունած որոշումների 8-րդ կետն ամբողջովին վերաբերում էր հայկական հարցին։ Այնտեղ ասված էր. «Կոնգրեսը հավանություն է տալիս և պաշտպանում օսմանյան հայերի պահանջները, որոնք հիմնված են ապակենտրոնացման սկզբունքների վրա»։ Այդ կետը քննարկվել է առանձին և ընդունվել միաձայն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png