Սալոնիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Սալոնիկ
հուն․՝ Θεσσαλονίκη
Դրոշ

Քաղաքի գլխավոր խորհրդանիշը՝ Սալոնիկի սպիտակ աշտարակը
ԵրկիրՀունաստան Հունաստան
ՊերիֆերիաԿենտրոնական Մակեդոնիա
ՆոմոսՍալոնիկ
ՔաղաքապետՅաննիս Բուտարիս (հուն․՝ Γιαννης Μπουταρης), 2011-ից
Հիմնադրված էմ.թ.ա. 315 թ.
Առաջին հիշատակումմ.թ.ա. 4-րդ դար
Մակերես19,307 կմ²
ԲԾՄ20 մետր
Պաշտոնական լեզուհունարեն
Բնակչություն365 000[1] մարդ (2007)
ԱգլոմերացիաՍալոնիկ
Ազգային կազմհույներ
բուլղարացիներ՝ 3,97%;
ռումիններ՝ 1,72%;
հայեր՝ 0,30%;
այլք՝ 1,03 %[2]
Կրոնական կազմՀունական ուղղափառ եկեղեցի՝ 90,67
Իսլամ՝9,06
Ժամային գոտիUTC+2
Հեռախոսային կոդ+30 2310
Փոստային դասիչ53x xx, 54x xx, 55x xx, 56x xx
Ավտոմոբիլային կոդMM, NA, NB, NE, NH, NI, NK, NM,
NN, NO, NP, NT, NY, NX, NZ
Սալոնիկ (Հունաստան)##
Սալոնիկ (Հունաստան)

Սալոնիկ[3] (հուն․՝ Θεσσαλονίκη (Բացել ֆայլի մասին տվյալները արտասանություն), հունական անվանումն է Թեսալոնի՛կի, հայկականը՝ Թեսաղոնիկե), նավահանգստային քաղաք Հունաստանում, Եգեյան ծովի Թերմաիկոս ծոցի ափին։ Կենտրոնական Մակեդոնիա նահանգի վարչական կենտրոնն է։ Բնակչության թվով երկրի երկրորդ քաղաքն է. առանց արվարձանների բնակչությունը կազմում է 365.000 մարդ (2011), իսկ արվարձանների բնակչության հետ՝ 1.104.460 (2011)[4]։ Հիմնվել է մ.թ.ա. 315։

Սալոնիկում են գործում Բալկանների ամենամեծ համալսարանը՝ Արիստոտելի համալսարանը, Մակեդոնիա օդանավակայանը և ծովային խոշոր նավահանգիստ, որն իր տնտեսական նշանակությամբ երկրորդ տեղում է Պիրեյոսից հետո։ Քաղաքի շրջակաքյում կան մեծ թվով բնակավայրեր, որոնք ամռանը դառնում են զբոսաշրջության օբյեկտներ։

Անվան ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրություն քարին, մ․ թ․ ա․ 2-րդ դար։ ΘΕΣΣΑΛΟΝΙΚΗΝ ΦΙΛΙΠΠΟΥ ΒΑΣΙΛΙΣΣΑΝ, ագորա Սալոնիկ։

Ավանդության համաձայն՝ քաղաքը հիմնադրել է Մակեդոնիայի արքա Կասանդրը և իր կնոջ պատվին, որ Ալեքսանդր Մեծի հարազատ քույրն էր, Թեսալիայի արքա Փիլիպոս II Մակեդոնացու դուստրը, անվանել Թեսալոնիկի։ Արքայադստեր անունն իր հերթին կազմված է երկու բառերի միաձուլումից՝ Թեսալիա և Նիկա (հին հունարեն՝ Θεσσαλία + νίκη, այսինքն՝ Թեսալիա + հաղթանակ), քանի որ նա ծնվել էր Կրոկուսի ճակատամարտի օրը, որի արդյունքում մակեդոնացիներն ու թեսալացիները հաղթել են Ֆոկիդային, որի շնորհիվ հաղթանակով են պսակել Սրբազան երրորդ պատերազմն ընդհանրապես[5]։

Տարբեր ժամանակաշրջաններում քաղաքի անվանումը տարբեր փոփոխությունների է ենթարկվել՝ հատկապես հնչյունական։ Այսպես, Ստրաբոնը հելլենիզմի շրջանում քաղաքն անվանել է Թեսալոնիկեա՝ ի պատիվ Թեսալոնիկա թագուհու[6]։ Հելլենիզմի շրջանում ընդհանրապես սովորություն է եղել աշխարհագրական անուններ ստեղծել միապետների անունով։ Այսպես, Փիլիպոս II-ի անունով է կոչվել հին մակեդոնական Ֆիլիպի քաղաքը, Սելևկոս I Նիկատորի անունով՝ Սելևկիա քաղաքը, Ալեքսանդր Մեծի անունով՝ Ալեքսանդրիան, Կասանդրա Մակեդոնացու անունով՝ Կասանդրիա թերակղզին։ Բացի Թեսալոնիկա տարբերակից հելլենիզմի շրջանում կիրառվել է նաև Թետալոնիկի (հուն․՝ Θετταλονίκη) անունը[7], իսկ հռոմեական ժամանակաշրջանում առաջացել է Թեսալոնիկեոն տարբերակը, ինչի մասին վկայում են այդ ժամանակի մետաղադրամների գրությունները, որ մատնանշեն պոլիսը։ Հետբյուզանդական դարաշրջանում աշխարհագրագետները, ճանապարհորդներն ու քաղաքական գործիչները միաժամանակ կիրառել են քաղաքի անվանման մի քանի տարբերակներ՝ Սելանիկ (թուրքերեն՝ Selanik), Սոլուն (սլավոնական տարբերակ)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտիկ շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Սալոնիկ քաղաքը հիմնադրվել է Մակեդոնիայի արքա Կասանդրի կողմից մ․ թ․ ա․ 315 թվականին։ Կասանդրի կինը Ալեքսանդր Մակեդոնացու հարազատ քույրն էր՝ Թեսալոնիկան, ում անունով էլ արքան անվանել է քաղաքը՝ միավորելով մոտ 26 առավել փոքր բնակավայրեր, որոնք գոյություն ունեին Թերմաիկոս ծովածոցի ափերին։ Հենց այդ ժամանակ էլ քաղաքը ստանում է իր հելլենիստական կերպարանքը, որն ընդհանուր գծերով պահպանվել է մինչև 15-րդ դարի վերջերը։ Մ․ թ․ ա․ 146 թվականին Թեսալոնիկան նվաճել են հռոմեացիները[8]։

Թեոդոսիոս Ա Մեծը, ի պատասխան քաղաքում իր ներկայացուցիչների սպանության, այնտեղ զանգվածային սպանություններ է կազմակերպել, որի արդյունքում մահացել է մի քանի հազար մարդ։

Բյուզանդական շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմեական կայսրության փլուզումով ու Բյուզանդիայի ձևավորումով Սալոնիկը աշխարհաքաղաքական նպաստավոր պայմաններում է հայտնվել, քանի որ գտնվում էր Կոստանդնուպոլսից Հռոմ և Աթենքից միջերկրածովյան ճանապարհների խաչմերուկում։ Արաբների կողմից Անտիոքն ու Ալեքսանդրիան նվաճելուց հետո Սալոնիկը դարձել է կայսրության՝ մեծությամբ ու նշանակությամբ երկրորդ քաղաքը։ Աստիճանաբար քաղաքի ազգային կազմը դարձել է ավելի բազմատարր․ այդտեղ բնակություն են հաստատել հարավային սլավոնները, ռոմանալեզու վալախները, հյուսիսային լեռնային տեղանքներից արտագաղթածները, հետագայում նաև գնչուները։ Տեղի բնակիչներից են եղել քրիստոնեական մարտիրոս Դիմիտրի Սոլունացին (մահացել է 306 թվականին), Կյուրեղը և Մեթոդիոսը։

6-7-րդ դարերում գոթերն ու սլավոնները մի քանի անգամ փորձել են գրավել Թեսալոնիկին։ 904 թվականի քաղաքը ավարի են մատնել սարակինոս ծովահենները, 22,000 բնակիչ վաճառվել է ստրկության։ 995 թվականին կարճ ժամանակով քաղաքին տիրացել են բուլղարները։ 1185 թվականի քաղաքը նվաճել են սիցիլիական նորմանները։

Բյուզանդական կայսրության քաղաքային պատերը

1204 թվականից Սալոնիկը դարձել է լատինական պետության՝ Թեսալոնիայի թագավորության մայրաքաղաք, որ համարվում էր Լատինական կայսրության մաս։ 1224 թվականին Էպիրոս Թեոդոր Կոմնին Դուկան հետ է նվաճել քաղաքը լատինացիներից՝ վերահսկողության տակ գտնվող տարածքում ձևավորելով Թեսալոնիայի կայսրությունը։ Սակայն արդեն 1246 թվականին նորահայտ կայսրության մայրաքաղաքը գրավում են Նիկիայի կայսր Հովհաննես III Դուկա Վատացի զորքերը։ 1342-1349 թվականներին քաղաքում իշխել են զիլոտները։ 1383-1387 թվականներին քաղաքի բնակիչները Մանուիլ II-ի գլխավորությամբ հերոսաբար պաշտպանել են շրջապատված քաղաքը թուրքերից, սակայն 1387 թվականին քաղաքը հանձնվել է։

1387-1402 թվականներին քաղաքը գտվել է թուրքերի վերահսկողության տակ։ Լենկթեմուրի կողմից պարտություն կրելուց հետո թուրքերը քաղաքը հանձնել են Բյուզանդիային։ 1423 թվականին մասնատված քաղաքը հանձնվել է Վենետիկին, որը ձգտում էր վերահսկողության տակ պահել միջերկրածովյան տարածքը և նրա առևտրա-տնտեսական հատվածը։

Թուրքերը քաղաքը դարձյալ գրավել են 1426-1430 թվականների ընթացքում, իսկ 1430 թվականին այն վերջնականապես անցել է Օսմանյան կայսրությանը։ Հունական վերնախավը բարոյական ու հոգեբանական լիակատար անկում է ունեցել․ հույները զանգվածաբար իսլամ են ընդունել, նրանց կյանքն ու կենցաղը թուրքականացվել է։ Քաղաքը դարձել է Օսմանյան կայսրության մաս։

Օսմանյան կայսրության շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Սալոնիկ

Օսմանյան կայսրության ծաղկման շրջանում քաղաքը, ինչպես նաև նրա բնակչության էթնիկական-կրոնական կազմը մեծ կերպարանափոխություն է ապրել։ Բյուզանդական կայսրության ժամանակաշրջանում հունա-սլավոնական այս քաղաքն ունեցել է մոտ 200,000 բնակիչ և Կոստանդնուպոլսից հետո կայսրության քրիստոնեական երկրորդ կենտրոնն է եղել։ 19-րդ դարի վերջին հունական նախկին հզորությունից հետք չէր մնացել․ բնակչության կեսը կազմում էին իսպանական հրեաները (սեֆարդներ), իսկ քաղաքի հիմնական լեզուն սեֆարդների լեզուն էր՝ լադինոն։ Հունական բնակչությունը կազմում էր քաղաքի բնակչության մեկ հինգերորդ մասը միայն, և այն էլ հույները դուրս էին մղված կարևոր ոլորտներից։ Հույների զգալի մասը ոչնչացել էր միջնադարյան բախումների ընթացքում։ Շատերը ստրկության էին վաճառվել Անատոլիա, որտեղ նրանք ձուլվել էին։ Հունական վերանախավի մեծ մասը և միջին դասը ընդունել էին իսլամ և յուրացրել թուրքերենը։ Շատ հույներ, այդպես էլ չընդունելով թուրքական տիրապետությունը, ուղղակի հեռացել են լեռներ։ Քաղաքում մեծացել էր մուսուլմանների թաղամասը, որտեղ ապրում էին հիմնականում թուրքերն ու թուրքական ցեղերի ներկայացուցիչները։ Ծագումով այստեղից է եղել Աթաթուրքը։ 1821 թվականի մայիսին՝ համահունական ապստամբության ժամանակ, թուրքերը քաղաքում կախաղան են հանել մոտ 3,000 բնակչի։ Հակահունական ահաբեկչությունը շարունակվել է 1821-1823 թվականներին։ Ռուս պատմաբան Վիկտոր Գրիգորովիչը, 1845 թվականին քաղաք այցելելով, նշել է, որ բնակիչների հիմնական մասը կազմում են հրեաներն ու թուրքերը, ապա նրանց հաջորդում են մակեդոնական վալախները, հույները, գնչուները։ Չնայած բուլղարական բնակավայրերի մոտ լինելուն՝ Սալոնիկում համեմատաբար քիչ թվով բուլղարներ են մշտական բնակություն հաստատել[9]։

1912 թվականին հունական ուժերի կողմից քաղաքը գրավելու պահին հույները կազմել են բնակչության 25,3 %-ը։

Տարեթիվ Սալոնիկի ընդհանուր բնակչություն Հուդայականներ Մուսուլմաններ Հույն ուղղափառներ Բուլղարներ Գնչուներ Այլ
1890[10] 118 000 55 000 26 000 16 000 10 000 2 500 8 500
մոտ 1913[11] 157 889 61 439 45 889 39 956 6 263 2 721 1 621

Վերահունականացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սալոնիկի էթնիկ բնակչությունը մինչև XX դարի կեսերը
Հասան Տաքսին փաշան Սալոնիկը հանձնում է Կոնստանտինոս I արքային

Հունաստանի անկախության պատերազմի հենց սկզբում՝ 1821 թվականին, ապստամբ հույները, որոնց ղեկավարն էր Ստամատոիս Կապսասը, փորձել են կռվով գրավել Սալոնիկը, սակայն ապարդյուն։ Քաղաքը հույները վերանվաճել են միայն Առաջին Բալկանյան պատերազմի ընթացքում։ 1912 թվականի հոկտեմբերի 25-ին (նոյեմբերի 7) հունական դիվիզիաներն անցել են Ակսիոսը (Վարդար) և բանակել Տեկելիում (Սինդոս)։ Նույն օրը բանակցություններ են սկսվել Տեկելի երկաթուղային կայարանում և Տոպսին գյուղում Սալոնիկը հանձնելու մասին։ Հոկտեմբերի 27-ին (նոյեմբերի 9) հունական զորքերը մտել են քաղաք։ Հոկտեմբերի 28-ի (նոյեմբերի 10) առավոտյան արքայազն Կոնստանտինոս I-ը եկել է Սալոնիկ և Կառավարման շենքի վրա բարձրացրել հունական դրոշը[12]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Հունաստանում հրեաների ցեղասպանության և և այնտեղից թուրքական բնակչության արտահոսքի արդյունքում Սալոնիկը դարձել է գրեթե ամբողջությամբ հունաբնակ քաղաք։ 1917 թվականի հրդեհի հետևանքով քաղաքի արտաքին տեսքն ամբողջությամբ փոխվել է, առանց արյան է մնացել շուրջ 70,000 մարդ։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին քաղաքն օկուպացվել է գերմանական զորքերի կողմից։ 1943 թվականին Գերմանիան պատրաստվել է քաղաքը հանձնել իր դաշնակից Բուլղարիային, որպեսզի զորքերն ազատի Արևելյան ռազմաճակատ ուղարկելու համար, սակայն չի համարձակվել այդ քայլին գնալ, քանի որ ամբողջ Հունաստանում զանգվածային բողոքներ են եղել, և առանց այդ էլ պարտիազանական շարժումը լայն տարածում է ունեցել։ Քաղաքն ազատագրվել է 1944 թվականի հոկտեմբերի 27-ին՝ քաղաքի հովանավոր սուրբ Դիմիտրի Սոլունացու հիշատակի օրը։

Սլավոնական փոքրամասնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սալոնիկի շրջանում և Մակեդոնիայի շրջանի հարևան գյուղական շրջաններում դեռևս 8-րդ դարի վերջից ձևավորվել է սոլունյան կամ մակեդոնյան սլավոնների համայնքը, որոնց մոտ են ներկայիս բուլղարներն ու մակեդոնացիները։ 1951 թվականի մարդահամարի տվյալներով Մակեդոնիայի շրջանում, հիմնականում արևմտյան Ֆլորինա և Կաստորիա նոմերում, ապրել է ավելի քան 41,000 հարավսլավոնական լեզվակիր[13]։ 2008 թվականի մայիսի 24-ին՝ Սլավոնական գրի օրը, Մակեդոնական ուղղափառ եկեղեցու մետրոպոլիտ Ստեֆանը պաշտոնապես մեղադրել է Հունաստանի կառավարությանը տեղի սլավոնների շրջանում հունականացման քաղաքականություն վարելու համար[14]։ Այս հայտարարությունն առաջացրել է պաշտոնական Աթենքի դժգոհությունը[15][16]։

Տեղի սլավոնական բնակչության լեզվում, ինչպես նաև բուլղարերենում ու սերբերենում Սալոնիկ քաղաքը կոչվում է Սոլուն։

Հին քաղաքի տեսարան ծովի կողմից

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սալոնիկի կլիման միջերկրածովյան է, որ սահմանակցում է չափավոր ցամաքային ու կիսաանապատային կլիմաներին։ Ընդհանուր առմամբ բնութագրվում է արևային օրերի առատությամբ։ Ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է 2007 թվականի հուլիսի 25-ին․ «Մակեդոնիա» օդանավակայանի օդաբանական կայանում գրանցվել է 44 °C ջերմաստիճան։ Ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է 1963 թվականի հունվարի 26-ին, երբ ջերմաստիճանը հասել է -14 °C-ի[17]։ Ձյուն կարող է տեղալ դեկտեմբերի սկզբից մարտն ընկած ժամանակահատվածում, չնայած ձյան ծածկույթի բարձրությունը մեծ չէ և կարող է հալվել ժամերի ընթացքում։ Հաճախ լինում է մառախուղ․ տարվա կտրվածքով այդպիսի օրերի թիվը միջինում 193 է[18]։

Սալոնիկ 1973–2019ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 23.0
(73.4)
24.0
(75.2)
32.0
(89.6)
31.0
(87.8)
36.0
(96.8)
41.4
(106.5)
44.0
(111.2)
40.4
(104.7)
37.3
(99.1)
32.2
(90)
27.0
(80.6)
25.1
(77.2)
44.0
(111.2)
Միջին բարձր °C (°F) 9.1
(48.4)
11.0
(51.8)
14.5
(58.1)
19.2
(66.6)
24.6
(76.3)
29.6
(85.3)
31.9
(89.4)
30.8
(87.4)
27.1
(80.8)
21.1
(70)
15.1
(59.2)
10.7
(51.3)
20.39
(68.72)
Միջին օրական °C (°F) 5.3
(41.5)
6.8
(44.2)
9.6
(49.3)
13.6
(56.5)
18.7
(65.7)
23.6
(74.5)
25.9
(78.6)
25.0
(77)
21.3
(70.3)
16.3
(61.3)
11.0
(51.8)
6.7
(44.1)
15.32
(59.57)
Միջին ցածր °C (°F) 1.4
(34.5)
2.5
(36.5)
4.9
(40.8)
8.0
(46.4)
12.9
(55.2)
17.5
(63.5)
19.8
(67.6)
19.1
(66.4)
15.8
(60.4)
11.6
(52.9)
7.0
(44.6)
3.0
(37.4)
10.29
(50.52)
Ռեկորդային ցածր °C (°F) −14.2
(6.4)
−10.0
(14)
−7.0
(19.4)
−2.0
(28.4)
2.8
(37)
6.0
(42.8)
10.0
(50)
7.8
(46)
3.0
(37.4)
−1.0
(30.2)
−6.2
(20.8)
−9.8
(14.4)
−14.2
(6.4)
Տեղումներ մմ (դյույմ) 41.0
(1.614)
28.3
(1.114)
39.3
(1.547)
28.7
(1.13)
39.3
(1.547)
27.9
(1.098)
26.8
(1.055)
17.6
(0.693)
42.7
(1.681)
47.1
(1.854)
34.9
(1.374)
48.5
(1.909)
422.1
(16.616)
Միջ. տեղումների օրեր 8.8 8.3 9.8 7.4 8.0 5.5 3.8 3.6 6.3 7.3 7.3 9.0 85.1
% խոնավություն 76.1 73.0 72.4 67.8 63.8 55.9 53.2 55.3 62.0 70.2 76.8 78.0 67.04
Միջին ամսական արևային ժամ 98.7 102.6 147.2 202.6 252.7 296.4 325.7 295.8 229.9 165.5 117.8 102.6 2337,5
աղբյուր: [1] [2] [3] Sunshine Hours WMO [4]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սալոնիկի նավահանգստի՝ ուղևորների համար նախատեսված տերմինալը

Սալոնիկը բնակչության թվաքանակով ու տնտեսական նշանակությամբ Հունաստանի երկրորդ քաղաքն է։ Այն արդյունաբերական ու առևտրական կենտրոն է։ Մեծ Սալոնիկի տարածքում տեղակայված են նավթաքիմիայի, մետալուրգիայի, մետաղամշակման ու մեքենաշինության՝ այդ թվում էլեկտրատեխնիկայի, նավաշինության նավավերանորոգման խոշոր ձեռնարկություններ։ Սալոնիկը երկրի տեքստիլ արդյունաբերության գլխավոր կենտրոնն է։ Այստեղ գործում են նաև դեղագործական, ծխախոտի, սննդի արդյունաբերության բազմաթիվ ձեռնարկություններ։ 1890 թվականին Սալոնիկում Ցանտալիս ընտանիքի կողմից հիմնադրվել է գինեգործական Tsantali ընկերությունը, իսկ 1968 թվականին՝ Mythos գինեգործական ընկերությունը[19]։ Ամեն տարի՝ սկսած սեպտեմբերից, կազմակերպվում են Սալոնիկի միջազգային ցուցահանդեսները[20]։

Սալոնիկի նավահանգիստը բեռնաշրջանառությամբ երկրորդն է Հունաստանում՝ զիջելով միայն Պիրեյոսին։ Այն կարևոր դեր ունի քաղաքի կյանքում։ Օգտվելով ազատ նավահանգստի իր կարգավիճակից՝ Սալոնիկի նավահանգիստը, բացի հունական բեռներից, տեղափոխում է նաև Բալկանյան թերակզու և Հարավարևելյան Եվրոպայի այլ երկրնեերի բեռներ։ 2000-ականների սկզբին բացվել է ուղևորների նոր տերմինալ, ինչը մեծացրել է նրա թողունակության հնարավորությունը[21][22]։

Քաղաքի աշխատուժի հիմնական մասն ընդգրկված է միջին ու փոքր ձեռնարկություններում, ծառայությունների ու պետական ոլորտներում։ Վերջին տարիներին քաղաքում սկսվել է ապաարդյունաբերացման գործընթաց, և տնտեսությունն առավելապես հիմնվում է ծառայությունների ոլորտի վրա։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մակեդոնիա» միջազգային օդանավակայանը

«Մակեդոնիա» միջազգային օդանավակայանը գտնվում է քաղաքից 12 կմ հարավ։ Բացի միջազգային ու տեղական թռիչքներից՝ այն հարյուր հազարավոր զբոսաշրջիկների համար իրականացնում է նաև չարտերային չվերթեր։

Սալոնիկը Հունաստանի երկաթուղային խոշորագույն հանգույցն է։ Բացի բեռների տեղափոխումից՝ Սալոնիկն ուղևորատար գծերով կապված է Աթենքին, Բելգրադին, Ստամբուլին, Բուխարեստին, Սոֆիային և Սկոպյեին։

Մերձքաղաքային գնացքները Սալոնիկը կապում են Լարիսա և Էդեսո քաղաքներին։ Ավտոբուսային երթուղիներով քաղաքը կապված է Հունաստանի հյուսիսային ու կենտրոնական շրջաններին։

2006 թվականից քաղաքում կառուցվում է մետրոպոլիտեն։ Նրա շահագործման ավարտ է մատնանշվում 2020 թվականը։

Քաղաքի հեծանվային ուղիների երկարությունը կազմում է 12 կմ․ դրանք հիմնականում ձգվում են մերձափնյա տարածքներում։

Եվրոպական նշանակության «Էգնատիա Օդոս» նոր ավտոմայրուղին, որը, ինչպես հին հռոմեական «Via Egnatia» ճանապարհը, Ադրիատիկ ծովը կապում է Հոնիական ծովին, անցնում է քաղաքից հյուսիս հատվածով և հատվում Աթենք-Բելգրադ ավտոճանապարհի առանցքին։ Ծովային փոխադրումներով Սալոնիկը կապվում է Հունական կղզեխմբի հյուսիսային կղզիներին։

Իր աշխարհագրական դիրքի շնորհիվ՝ Սալոնիկն իր ողջ պատմության ընթացքում միշտ մտել է երեք կայսրությունների կարևորագույն հինգ քաղաքների ցանկում։ Սառը պատերազմի և Եվրոպայի մասնատվածության տարիներին, երբ Հունաստանը պահպանել է իր ավանդական հույն-սերբական բարեկամական հարաբերությունները միայն Հարավսլավիայի հետ, քաղաքի՝ որպես առևտրային ու տրանսպորտային կենտրոնի նշանակությունը սահմանափակվել է։ Հունաստանի և հարևան երկրների՝ նոր միություն մուտքով Սալոնիկի դերը կրկին աճել է։

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

1960 թվականին առաջին անգամ կայացել է Սալոնիկի միջազգային կինոփառատոնը։ 1999 թվականին այդ փառատոնի շրջանակներում բացվել է Վարերագրական ֆիլմերի միջազգային կինոփառատոնը[23]։ Նոյեմբերի վերջին ցուցադրական կետրոնի հիմքի վրա բացվում է «Ծննդյան քաղաք» տոնահանդեսը, որը գործում է մինչև հաջորդ տարվա հուվարի սկիզբը[24]։

Սալոնիկում է անցկացվում ամենամյա Միջազգային առևտրական տոնավաճառը։

Քաղաքում գործում են Հյուսիսային Հունաստանի ազգային թատրոնը, «Սալոնիկ» համերգասրահը, որը բացվել է 1997 թվականի սկզբին, երբ Սալոնիկը դարձել է Եվրոպայի մշակութային մայրաքաղաք[25]։

Մակեդոնիայի շրջանի ազգային հեռուստատեսային ցանցը նույնպես գտնվում է Սալոնիկում։ Կրթամշակութային ET3 հեռուստաալիքը իր հեռարձակումն իրականացում է Սալոնիկից․ այն մարզային ամենամեծ ծածկույթ ունեցող հունական ալիքն է։ Սալոնիկում հեռարձակման իրավունք ունի նաև տեղական ANT1 հեռուստաալիքը։

2011 թվականին Սալոնիկը սկսել է պայքարը «ԵՄ-ի երիտասարդական մայրաքաղաք-2014» տիտղոսի համար[26]։

2013 թվականին Եվրատեսիլ մրցույթում Հունաստանը ներկայացրել է Koza Mostra խումբը, որի մասնակիցները Սալոնիկից էին։ Նրանք մրցույթում զբաղեցրել են 6-րդ տեղը։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպիտակ աշտարակ՝ քաղաքի խորհրդանիշը

Սալոնիկը հարուստ է վաղ քրիստոնեական ու բյուզանդական շրջանի հուշարձաններով, որոնք ընդգրկված են ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկում։ Դրանցից են․

  • Սուրբ Դիմիտրիի բազիլիկ։ Կառուցվել է 313-323 թվականներին, հրդեհից հետո վերակառուցվել է 629-634 թվականներին։ Բազիլիկի գլխավոր մասունքները քաղաքի հովանավոր, մարտիրոս սուրբ Դիմիտրի Սոլունացու մասունքներով արկղն է և 1917 թվականի հրդեհից հետո պահպանված 7-րդ դարի խճանկարը։
  • Հաղթական կամար և Սուրբ Գևորգի հին հռոմեական եկեղեցի։ Քաղաքի հին շինություններից են, համարվում են կայսր Գալերիոսի պալատի ու դամբարանային համալիրի մաս։ Ռոտոնդայում պահպանվել է 4-րդ դարի վերջի խճանկար։
  • Սուրբ Սոֆիայի տաճար։ Աշխարհում սրբապատկերագրության ժամանականերից առավել լավ պահպանված վանական համալիրներից է, կառուցվել է 690-730 թվականներին։
  • Սուրբ մարգարեների եկեղեցի (1312-1315)։ Պալեոլոգոսների հարստության դարաշրջանի վառ հուշարձան է։
  • Աքիրոպիիտոս բազիլիկ։ Վաղ քրիստոնեական շրջանից պահպանված հնագույն բազիլիկ է (5-րդ դարի կես)։
  • Սուրբ Պանթելեիմոնի եկեղեցի։ Միանավ խաչանման եկեղեցի է, վերաբերում է Պալեոլոգոսների հարստության վաղ շրջանին (13-րդ դար)։
  • Լատոմու եկեղեցի։ Սուրբ Դավիթի եկեղեցու մնացորդների հետ կառուցվել է 5-րդ դարի վերջին, 6-րդ դարի սկզբին։
  • Սուրբ Նիկողայոս Զմյուռնացու եկեղեցի։ Եկեղեցի, որ պահպանվել է Վլատադների չպահպանված համալիրից (14-րդ դարի սկիզբ)։
  • Պանագիա Հալկեոն եկեղեցի։ Խաչաձև գմբեթավոր եկեղեցի, որ նվիրված է Աստվածամորը (11-րդ դարի առաջին կես)։
Սալոնիկի կենտրոնի աերոլուսանկար՝ հիմանական տեսարժան վայրերով

     1. Սպիտակ աշտարակ      2. Արիստոտելի հրապարակ      3. Սալոնիկ նավահանգիստ      4. Հռոմեական ագորա      5. Ակրոպոլիս      6. Հաղթական կամար և Գալերիոսի դամբարան      7. Արիստոտելի համալսարան      8. Ցուցահանդեսային կենտրոն      9. «Կաֆտանզոգլիո» մարզադաշտ      10. Սալոնիկի հնագիտական թանգարան

Քաղաքի ճարտարապետական գլխավոր խորհրդանիշը Սպիտակ աշտարակն է, որ կառուցվել է ծովածոցի ափին՝ 16-րդ դարի առավել վաղ շինությունների հիմքում։ Աշտարակի վրա պարզված հունական դրոշի դրոշակաձողը թուրքական «Ֆետիխ Բուլետ» զրահանավի կայմն է, որ խորտակվել է 1912 թվականի հոկտեմբերի 18-ին՝ Բալկանյան պատերազմների հենց սկզբին, հունական «Ավիակիր-11»-ի կողմից, որին հաջողվել էր մայրամուտին մտնել Սալոնիկի նավահանգիստ։ Երեք համազարկերը, որոնցից երկուսը հասել են թիրախին, կատարել է Դիմիտրիոս Էլևսինիոտիսը։ Ավիակիրի հրամանատարի՝ Նիկոլաս Վոցիսի (հետագայում դարձել է ծովակալ) կիսանդրին կանգնեցվել է Սպիտակ աշտարակի առաջ։

Ամրոցն ու աշտարակը, որոնք իշխող դիրք ունեն քաղաքի պատմական հատվածի նկատմամբ, կառուցվել են 14-րդ դարում։

Քաղաքի թանգարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Արիս»-«Սարագոսա» թիմերի հանդիպումը «Կլեանտիս Վիկելիդիս» մարզադաշտում

Սալոնիկն ունի իրադարձություններով հարուստ մարզական կյանք։ Քաղաքի ակումբները դարձել են պատմության մեջ առաջին համահունական խաղերում ֆուտբոլի, ինչպես նաև բասկետբոլի ու ջրագնդակի հաղթող[27][28][29]։

Սալոնիկի խոշոր մարզադաշտերից են «Տումբան», «Կլեանտիս Վիկելիդասը» և «Կաֆտանզոգլիո» ազգային մարզադաշտը, որոնք «ՊԱՕԿ ՖԱ», «Արիս», «Իրակլիս» թիմերի տնային մարզադաշտերն են։ Նրանք բոլորը Հունաստանի Սուպերլիգայի անդամ թիմեր են։ Ֆուտբոլային թիմերի մեջ առանձնանում է «Ապոլլոնը», որի բազան Սալոնիկի Կալամարիա արվարձանում է։

Սալոնիկի բասկետբոլային խոշոր մրցասրահներն են «Ալեքսանդրիո Մելատրոնը», որը «Արիս» թիմի տնային մրցասրահն է։ Հունաստանի բասկետբոլի առաջնությանը մասնակցում են նաև «ՊԱՕԿ», «Իրակլիս» թիմերը։ Վերջինս դարձել է Հունաստանի առաջնության առաջին հաղթողը։

Սալոնիկում անցկացվող թեթև ատլետիկայի առավել կարևոր իրադարձություններից է «Ալեքսանդր Մեծ» մարաթոնը։ Այն ավարտվում է քաղաքի պատմական կենտրոնում՝ ցույց տալու համար Հին Մակեդոնիայի հետնորդ լինելը[30]։

Երկու անգամ՝ 1984 և 1988 թվականներին, Սալոնիկում է անցկացվել Շախմատի համաշխարհային օլիմպիադան ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց թիմերի համար։

Հրեական համայնք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սալոնիկում հրեական համայնքը զարգացել է 1492 թվականին Իսպանիայից արտաքսվել են հրեաների և նրանց հետագա սերունդների (սեֆարդներ) հաշվին։ 16-րդ դարից սկսած՝ Սալոնիկում եղել է հրեական ամենամեծ համայնքը Հունաստանում։ Հրեաները Սալոնիկն անվանում էին «մայր Իսրայել» (la madre de Israel) և «բալկանյան Երուսաղեմ»։ Սալոնիկի հրեաների հիմնական լեզուն եղել է լադինոն՝ սեֆարդ հրեաների լեզուն[31][32]։

Օտտոմանյան կառավարման ժամանակաշրջանում հրեաները կազմել են քաղաքի բնակչության կեսը, և քաղաքի առևտրի մեծ մասը կենտրոնացած է եղել նրանց ձեռքերում։ Քաղաքում եղել է նաև իսլամ ընդունած հրեաների համայնք, որոնք Սալոնիկում հաստատվել են 1680 թվականին և հիմնականում զբաղվել են առևտրով[33]։

Անկախ Հունաստանին քաղաքի միավորումից հետո 1912 թվականին Սալոնիկում ապրում էր մոտ 61,000 հրեա։ 1917 թվականի մեծ հրդեհը ոչնչացրել է քաղաքի կենտրոնը՝ այդ թվում 50,000 հրեայի տուն։ Տուժածներից շատերն արտագաղթել են ԱՄՆ, Պաղեստին ու Ֆրանսիա[34]։

1922 թվականին Հունաստանի կառավարությունը հրեաներին Հունաստանի քաղաքացու լիարժեք իրավունքներով է օժտել և 1926 թվականին կրկին հաստատել նրանց լիարժեք քաղաքացիությունը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին քաղաքում ապրում էր մոտ 50,000 հրեա։ Տեղի բնակչությունը և իտալացի զինվորականները փորձել են նրանց պաշտպանել նացիստներից։ 1943 թվականին նացիստները սկսել են միջոցառումներ ձեռնարկել քաղաքից հրեաներին չեզոքացնելու համար։ Նրանք քշվել են գետտո, որ գտնվել է գլխավոր կայարանի մոտ, որտեղից էլ նրանց ուղարկել են մահվան ճամբարներ։ Պատերազմի ավարտին ոչնչացել է Սալոնիկի հրեական բնակչության 96 %-ը[31]։

Պատերազմից հետո համայնքը վերածնվել է։ 2000 թվականին քաղաքում ապրում էր արդեն 2,000 հրեա։ Սալոնիկից դուրս եկած շատ հրեաներ տեղափոխվել են Իսրայել և ԱՄՆ, իսկ իսրայելցի երգիչ Յեուդա Պոլիկերը, ի պատիվ քաղաքի, նույնիսկ երգ է գրել՝ «Սպասի՛ր ինձ, Սալոնի՛կ»։

1997 թվականին այն նույն տեղում, որտեղ նացիստները հավաքում էին հրեաներին՝ մահվան ճամբարներ ուղարկելու համար, բացվել է հուշահամալիր՝ նվիրված պատերազմի զոհերին[35]։ 2002, 2003 թվականներին համալիրը պղծվել է նացիստական խորհրդանիշերով[36]։

2010 թվականի մայիսի 13-ին հրեական դամբարանում մի քանի տապանաքարեր նույնպես պղծվել են նացիստական խորհրդանշաններով ու գրություններով՝ «վառե՛լ հրեաներին», «Juden raus», մեկ տապանաքար այրվել է։ Ոստիկանությունը ձերբակալել է գործողություն հետ առնչություն ունեցող երեք ազգայնամոլների[37]։

Սալոնիկի քաղաքապետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի ընտրություններում քաղաքապետ Վասիլիս Պապագեորգոպուլոսը, որ «Նոր ժողովրդավարություն» կուսակցության անդամ էր, իր տեղը զիջել է «Համահունական սոցիալիստական շարժման» ներկայացուցիչ Յանիս Բուտարիսին[38]։ Նոր քաղաքապետը իր լիազորություններին է անցել 2011 թվականի հունվարի 1-ից[39]։

  • Կոնստանտինոս Անգելակիս (1916—1920)
  • Պետրոս Սինդիկաս (1922—1926)
  • Նիկոլաս Մանոս (1929—1930, 1934—1936)
  • Խարիսոս Վամվակաս (1931—1933)
  • Կոնստանտինոս Մերկուրիու (1937—1943)
  • Յորգոս Սերեմետիս (1943—1944)
  • Պետրոս Լևիս (1945—1946)
  • Խրիստոս Կոնստանտինու (1946—1950)
  • Իոանիս Մանեսիս (1950—1951)
  • Պենտելիս Պետրակակիս (1951—1955)
  • Մինաս Պատրիկոս (1956—1959)

  • Իոանիս Պապաիլիակիս (1959—1964)
  • Կոնստանտինոս Ցիրոս (1964—1967)
  • Միխալիս Պապադոպուլոս (1967—1981)
  • Տանասիս Յանուսիս (1982—1983)
  • Թեոխարիս Մանավիս (1983—1987)
  • սոտիրիս Կուվելաս (1987—1990)
  • Կոնստանտինոս Կոսմոպուլոս (1990—1999)
  • Վասիլիս Պապագեորգոպուլոս (1999—2010)
  • Յանիս Բուտարիս (2011—2019)
  • Կոնստանտինոս Զերվաս (2019 թվականից)

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Օլիմպիոն» կինոթատրոնն ընդունում է
Սալոնիկի կինոփառատոնը։

Սուրբ Դիմիտրիի մայր բազիլիկ
Մակեդոնիայի ու Թրակիայի
գործերով նախարարություն
Արիստոտելի համալսարանի գրադարան
«Տումբա» ստադիոն
Սալոնիկի հին ագորան

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Statistics
  2. Συλλογικο εργο (1973) (in Greek and English). "Ιστορια του Ελληνικου Εθνους",History of Greek Nation Том 11,. ATHENS: "ΕΚΔΟΤΙΚΗ ΑΘΗΝΩΝ". p. g. 340.
  3. Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 53. ISBN 99941-56-03-9.
  4. «ΕΛ.ΣΤΑΤ». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 24-ին.
  5. Γεώργιος Μπακαλάκης. «Η Βασίλισσα Θεσσαλονίκη», Πρακτικά της Ακαδημίας Αθηνών, 1986, т. 61, глава 1, с. 53-61
  6. Страбон. Географія. Книга VII, глава 21
  7. Inscriptiones Graecae, X 2, 1 Thessalonica Et Vicinia. с. — 19
  8. Феодорит Кирский. Церковная история. Книга V [О правлении Феодосия I Великого, 379—395], Глава 17. Об убийствах в Фессалонике
  9. «Григорович, В. Очеркъ путешествія по Европейской Турціи, Москва, 1877, с. 89» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 23-ին.
  10. Васил Кънчов «Избрани произведения», Том II, «Македония. Етнография и статистика» Издателство «Наука и изкуство» с. 440
  11. По данным последней турецкой регистрации налогов Based on the last Turkish tax registers, коллективная работа «Ιστορία του Ελληνικού Έθνους»,History of Greek Nation Том ΙΔ,"ΕΚΔΟΤΙΚΗ ΑΘΗΝΩΝ" ATHENS 1973 с. 340
  12. «1912: Οι διαπραγματεύσεις στη Σίνδο για την παράδοση της Θεσσαλονίκης» (հունարեն). Δήμος Δέλτα. 2018. Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
  13. Richard Clogg. Minorities in Greece: aspects of a plural society. C. Hurst & Co. Publishers, 2002. P. xi. ISBN 978-1-85065-705-7
  14. «В День славянской письменности македонский иерарх спровоцировал скандал в Риме». NEWSru. 26 мая 2008. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  15. В День славянской письменности македонцы устроили скандал в Риме Արխիվացված 2020-10-28 Wayback Machine / regions.ru
  16. Греция считает абсолютно неприемлемыми заявления, которые сделал в Риме глава непризнанной в православном мире Македонской православной церкви
  17. «Thessaloniki Mikra». Hellenic National Meteorological Service – Greek Ministry of Defence. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 21-ին.
  18. «Thessaloniki, Greece». www.weatherbase.com. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 21-ին.
  19. «Our Story — tsantali.gr». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 13-ին.
  20. «Офіційний сайт Міжнародної виставки у Салоніках» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 21-ին.
  21. List of free ports in the European union(չաշխատող հղում)(անգլ.)
  22. «Conventional Cargo Terminal 05 January 2007». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 13-ին.
  23. «Офіційна сторінка Міжнародного кінофестивалю документальних стрічок». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 13-ին.
  24. «Официальная страница Thessaloniki Christmas Magic City» (հունարեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 1-ին.(անգլ.)
  25. Past European Capitals of Culture
  26. «Салоники-Молодёжная столица ЕС 2014, 29-04-2011, ana-mpa». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 13-ին.
  27. «Galanis Sports Data». Galanissportsdata.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 5-ին.
  28. «Galanis Sports Data». Galanissportsdata.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 5-ին.
  29. «Κόκκινος Ποσειδώνας: Πρωταθλητής Ελλάδας στο πόλο ο Ολυμπιακός για 21η φορά στην ιστορία του! – Pathfinder Sports». Sports.pathfinder.gr. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 5-ին.
  30. «Presentation. Alexander the Great Marathon. Retrieved on 2010-04-28». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 13-ին.
  31. 31,0 31,1 «www.ushmm.org «Jewish Community in Greece»». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 6-ին., Online Exhibit, US Holocaust Museum. Retrieved 29 December 2010.
  32. Abrams, Dennis (2009); Nicolas Sarkozy (Modern World Leaders), Chelsea House Publishers, p. 26, Library Binding edition, ISBN 1-60413-081-4
  33. The Other Secret Jews — Review of Marc David Baer’s The Dönme: Jewish Converts, Muslim Revolutionaries, and Secular Turks, The New Republic, 15 February 2010. Retrieved 21 February 2010
  34. «The Great Fire in Salonica». Greece History. Hellenica Website. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 9-ին.
  35. «Holocaust Memorial/The Shoah Monument (Thessaloniki)». wikimapia. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 15-ին.
  36. «Selected Anti-Semitic Incidents Around the World in 2003». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 10-ին.
  37. Global Anti-Semitism: Selected Incidents 2010
  38. «Socialists Win 8 Regions; Conservatives 5 in Greece's Regional Elections».{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում)
  39. New Kallikratis Plan Implemented in First Round of Elections

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 123