Մերձավոր Արևելքում ամերիկյան օգնության կոմիտե, Ամերկոմ (անգլ.՝ American Committee for Relief in the Near East, ACRNE), ամերիկյան բարեգործական ընկերություն։ Ստեղծվել է 1918 թ., հայկական և սիրիական նպաստամատույց կոմիտեների (1915) միավորմամբ՝ Մերձավոր Արևելքի երկրների՝ պատերազմից տուժած և կարիքավոր բնակչությանը (հայեր, հույներ, ասորիներ և այլն) պարենով, հագուստով և դեղորայքով օգնելու նպատակով։
Հայաստանում և Անդրկովկասում գործել է 1919 թ. մայիսից, երբ Հայաստանի Հանրապետության կառավարության հետ կնքված պայմանագրով ստանձնել է հայ որբերի խնամքն ու դաստիարակությունը պետական մանկատներում, ապաստարաններում, հիվանդանոցներում (1919 թ.՝ 75 որբանոց 20 հազար որբերով, 10 հիվանդանոց, ինչպես նաև Թուրքիայում, Հունաստանում և այլ երկրներում եղած 25 հազար որբերը)։ Ամերկոմի գործունեությունը շարունակվել է նաև խորհրդային իշխանության օրոք։
1921 թ. Հայաստանի կառավարությունը, իսկ ավելի ուշ՝ 1923 թվականին, Անդրֆեդերացիայի ժողկոմխորհը Ամերկոմի հետ կնքած հատուկ համաձայնագրերով հսկողության տակ են առել նրա գործունեությունը՝ սահմանափակելով այն բացառապես բարեգործական շրջանակներում։ Որբանոցների կրթության ու դաստիարակության վերահսկողությունն իրականացրել է լուսժողկոմատը։ Ամերկոմի ծառայողների (1922 թ.՝ 4500 հոգի) վրա տարածվել է խորհրդային աշխատանքային օրենսդրությունը, նրանք ընդգրկվել են արհմիությունների մեջ։ Հայաստանում Ամերկոմի տրամադրության տակ եղել են 7, 3 հազար դեսյատին հող, շենքեր, գույք և այլն, որոնցից օգտվել է արտոնյալ պայմաններով։
Հայաստանի ժողովրդական տնտեսության վերականգնման և ժողովրդի բարեկեցության բարելավման համեմատ Ամերկոմի գործունեությունը նվազել է (1926 թ. նրա խնամած որբերի թիվը ՀԽՍՀ-ում կազմել է 7440), իսկ 1931 թ.՝ ամբողջովին դադարեցվել։ 1923-1926 թթ. Հայաստանի կառավարությունը որբանոցներից դուրս է բերել և ինքնուրույն աշխատանքի տեղավորել ավելի քան 15 հազար մեծահասակ որբերի։ Որբերի և գաղթականների ծանր վիճակը թեթևացնելու գործում ցուցաբերած օգնության համար Ամերկոմի գործունեությունն արժանացել է խորհրդային կառավարության դրական գնահատականին։
1916-1926 թթ. Հայաստանում և Մերձավոր Արևելքի հայաբնակ վայրերում որբանոցներ է պահել և բարեգործական այլ աշխատանքներ կատարել նաև Անգլիական օգնության կոմիտեն (Անգլկոմ)։
Մելիքսեթյան Հ. Ու., Արևմտահայերի բռնագաղթը և սփյուռքահայերի հայրենադարձությունը Սովետական Հայաստան (1915-1940 թթ.), Ե., 1975
Hovannisian R. G., The Republic of Armenia, v. 1, Berkeley - L. A.-L, 1971
Ավետիսյան Ս. Ռ., Մերձավոր Արևելքի Ամերիկյան նպաստամատույց կոմիտեի /Ամերկոմ/ գործունեությունը Հայաստանում 1918-1930 թթ., Եր., ՀՀ ԳԱԱ պատմ. ինստ., 2009 թ.:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է«Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։