Ասորիների ցեղասպանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ասորի Ցեղասպանություն
Shoa b'Tabbakh, Օգոստոսի 7 Ասորիների Նահատակների օր (Assyrian Martyr’s day)

Ասորիների Ցեղասպանություն (արամ. ܩܛܠ ܥܡܐ ܡܫܝܚܝܐ, թուրք. Süryani Katliamı - «սիրիական ջարդ» ), Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրության տարածքում բնակվող ասորի բնակչության զանգվածային բնաջնջում, Հայոց ցեղասպանության և Հույների ցեղասպանության հետ համատեղ[1][2][3]։

Ներածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասորիներն Արևելքի հնագույն դասական ժողովուրդներից են։ Նրանց նախնիները կանգնած են եղել վաղնջական քաղաքակրթության ակունքներում և մեծ նպաստ են բերել համաշխարհային մշակույթի զարգացման գործին։ Ասորական պետության անկումից / 605 թ. մ.թ.ա. / անցել է ավելի քան 2,5 հազարամյակ։ Ասորիների ժառանգները, շարունակելով ապրել իրենց պատմական հայրենիքում՝ Պարսից ծոցի, Միջերկրական ծովի, Ուրմիա լճից մինչև Միջագետքի անապատներն ընկած տարածքն ընդգրկող հնագույն Բեթնահրինում, հալածվել են պարսիկների, մոնղոլների, արաբների, օսմանյան թուրքերի և քրդերի կողմից։ Այդ բազմաչարչար ժողովուրդն ծվարել է Իրաքի, Իրանի, Թուրքիայի և Սիրիայի սահմաններում՝ Վերին Միջագետքի սահմանափակ մի տարածքի վրա։

Առաջին համաշխարհային պատերազմից առաջ ասորական գյուղեր կային Օսմանյան Թուրքիայի արևելյան շրջաններում՝ Արևմտյան Հայաստանի Վանի վիլայեթի Հաքյարիի սանջակում, ինչպես և Էրզրումիի, Դիարբեքիրի, Բիթլիսի, Խարբերդի, Սեբաստիայի նահանգների, Իրանի Ուրմիայի, Իրաքի Մոսուլի և Սիրիայի հյուսիս -արևմտյան տարածքներում։ Այստեղ ապրում էր մոտ մեկ միլիոն ասորի ժողովուրդ միասնական լեզվով, մշակույթով, ազգային սովորույթներով։

Ասորի ժողովրդի պատմությունը սերտ առնչություններ ունի հայոց պատմության հետ։ 19-րդ դարի երկրորդ կեսին և 20-րդ սկզբին հայ և ասորի ժողովուրդները ենթարկվեցին թուրքական իշխանությունների կողմից ձեռնարկված հալածանքներին և եղբայրաբար կողք կողքի կանգնած, պայքարեցին օսմանյան բռնապետության դեմ։ 1914-1918 թթ. մեծ տերությունների կողմից սանձազերծված համաշխարհային պատերազմի տարիներին թուրքական ավանդական ջարդարարական քաղաքականությունը հասավ իր գագաթնակետին։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի երկրորդ կեսին Օսմանյան կայսրությունը ռազմա-ֆեոդալական բռնապետություն էր։ Երկիրը պատած էր լրտեսների ցանցով, իսկ բանտերը լցված էին քաղաքական բանտարկյալներով։ Կայսրության ասիական նահանգները գրեթե դուրս էին մնացել սուլթանի իրավասությունից։ Երկրի ներսում հզորացող կենտրոնախույս ուժերի ոչնչացումը, ֆեոդալական մանր ու մեծ կիսանկախ իշխանությունների վերացումը, պետության կենտրոնացումը հրամայական պահանջ էին դարձել։ Պետական գանձարանը կողոպտված ու դատարկված էր։ Սուլթանը կուսակալներից պահանջում էր չափից դուրս գումարներ, իսկ վերջիններս այդ ամենը գանձում էին ժողովրդից՝ սահմանելով կամայական տուրքեր։ Հարկային բեռն ընկած էր գերազանցապես գյուղացիների վրա, որոնք կազմում էին ընդհանուր բնակչության առավելագույն մասը։ 1839 թ. սուլթան Աբդուլ Մեջիդի օրոք հռչակվում է կայսերական թանգիմաթ, որն իբրև իրավահավասարություն պետք է շնորհեր կայսրության բոլոր կրոնական համայնքներին։ Ինչպես այս, այնպես էլ 1856 թ. նույն սուլթանի կողմից հռչակված բարեփոխումների ծրագիրը, որն ըստ էության առաջինի լրացված տարբերակն էր, մնացին թղթի վրա, և կայսրության ազգային փոքրամասնությունների, մասնավորապես ասորիների՝ վիճակը հետզհետե վատանում էր։

19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին ասորիները հիմնականում տեղաբաշխված էին Օսմանյան կայսրության ասիական մասում, մասնավորապես Արևմտյան Հայաստանի վեց նահանգներում՝ Վանի, Բիթլիսի, Էրզրումի, Դիարբեքիրի, Խարբերդի, Սեբաստիայի նահանգներում։ Նրանք բաժանված էին դավանական և սոցիալական հատկանիշներով։ Դավանական առումով ասորիները հիմնականում տրոհված էին նեստորականների, կաթոլիկների / քաղդեացիներ /, ուղղափառներ / օրթոդոքսներ /, իսկ սոցիալապես՝ երկու մեծ կաստաների՝ աչիրեթների / ինքնուրույն ցեղախմբեր / և ռայաների / ենթակա ժողովուրդ /, որոնց հիմնական զբաղմունքը հողագործությունն ու անասնապահությունն էր։

Խոսելով Օսմանյան կայսրության ազգաբնակչության, տվյալ դեպքում՝ ասորիների թվաքանակի հարցերի մասին, մի շարք պատմաբաններ իրավացիորեն գտնում են, որ պետք է վերապահությամբ վերաբերվել վիճակագրական տվյալներին։ Անճշտությունների պատճառները մի կողմից պետք է փնտրել ընդհանրապես Օսմանյան կայսրությունում կանոնավոր վիճակագրության բացակայության, մյուս կողմից զինվորական հարկից ազատվելու նպատակով քրիստոնյաների հաշվառումից խուսափելու և այլ հանգամանքների մեջ։ Պարզաբանելով վերոշարադրվածը նշենք, որ օսմանյան իշխանությունների հակաքրիստոնեական քաղաքականությունը վիճակագրության ասպարեզում տարվում էր երկու ուղղությամբ՝ քրիստոնյա բնակչության թվի կտրուկ նվազեցմամբ և մուսուլմանների թվի բարձրացմամբ։ Այսպես Վանի ռուսական փոխհյուպատոս Վլ. Մաևսկին իր « Վանի վիլայեթ Ռազմա-վիճակագրական նկարագրություն » գրքում գրում է, որ բելգիացի հետազոտող Վ. Քինեն իր « Ասիական Թուրքիա » աշխատության մեջ, անդրադառնալով 1890-ական թթ. Ասիական Թուրքիայում ապրող 92 հազ. նեստորական ասորիների թվաքանակին[4] նշում է. « Նրանց թիվը հնարավոր չէ ճշգրիտ ասել, որովհետև անգամ իրենք՝ նեստորականները հստակ չգիտեն այն։ Եթե ինչ-որ մի ճանապարհորդ կպնդի, որ նրանց թվաքանակը Թուրքիայում հասնում է ոչ թե 100 հազարի, այլ 50 հազարի կամ 150 հազարի, դժվար թե գտնվի մեկը, որ փաստեր բերի հիմնավորելու այդ թվաքանակի անճշտությունը »[5]. Հայ անվանի ազգագրագետ Ե. Լալայանի վիճակագրական տվյալների համաձայն ասորիների թիվն Օսմանյան կայսրությունում կազմում էր ավելի քան 863 հազար, Իրանում 76 հազար, Ռուսաստանում 2 հազար։ Կրոնական հատկանիշով ասորիների պատկերն այսպիսին էր

Ասորիների քանակը ըստ կրոնական պատկանելության
Նեստորականներ 135 հազ
Քաղդեացի-կաթոլիկներ 23 հազ
Հակոբինյաններ 125 հազ.
Մարոնիներ կամ լիբանանյան կաթոլիկներ 525 հազ.
Սիրիական կաթոլիկներ 100 հազ.
Քաղդեա-լյութերականներ և այլ բողոքականներ 1 հազ.
Ուղղափառներ 32 հազ.
Ընդհանուր 941 հազ.[6]

19- րդ դարի երկրորդ կեսին Օսմանյան կայսրությունում քրիստոնյա բնակչության վիճակը գնալով ավելի էր վատթարանում։ 1854- 1855 թթ. ռուս գեներալ Մ. Լիխուտինը, որ անմիջական մասնակցություն էր ունեցել Ղրիմի պատերազմի Կովկասյան ճակատի ռազմական գործողություններին և քաջատեղյակ էր Արևմտյան Հայաստանում տիրող իրավիճակին, գրում էր. « Հայերի, ինչպես Թուրքիայի մյուս բոլոր քրիստոնյաների դրությունը շատ ողբերգական է և նրանք մշտապես գտնվում են անհանգիստ վիճակում։ Այստեղ նրանց ահաբեկում են ոչ միայն թուրքերը, այլ նաև քրդերը, որոնք խանգարում են հիմնականում ասորիներին և հայերին՝ խաղաղ ու հանգիստ կյանք վարել »[7]։

Այդ ժամանակաշրջանում Օսմանյան կայսրությունը հայտնվեց եվրոպական մեծ տերությունների քաղաքական և տնտեսական մրցակցության կիզակետում։ Սակայն ստեղծվեց մի իրավիճակ, երբ թուրքական պետության վերնախավերի և արևմտյան խոշոր տերությունների շահերը համընկան, և երկու կողմերի նպատակը դարձավ Օսմանյան կայսրության ամբողջականությունն ու նրանում տիրող փոխհարաբերությունների պահպանումը։

Ասորիների զանգվածային կոտորածներն 19-րդ դարի երկրորդ կեսին և 20-րդ դարի սկզբին[խմբագրել | խմբագրել կոդը]

1876 թ. գահ բարձրացած սուլթան Աբդուլ Համիդ II-ը /1876-1909/ ձեռնամուխ եղավ քրիստոնյաների զանգվածային կոտորածների ծրագրմանը։ Այս ժամանակաշրջանը պատմության մեջ հայտնի է, որպես Զուլումի տարիներ, երբ երկրում իշխում էին անիշխանությունը և քաոսը, չկար անձի անձեռնամխելիություն ու գույքի ապահովություն։ Աբդուլ Համիդի արտաքին և ներքին քաղաքականությունը պանիսլամիզմն էր, որի նպատակն էր Թուրքիայի շուրջ համախմբել մուսուլմաններով բնակեցված երկիրներն ու տարածքները՝ անշուշտ չբացառելով ոչ թուրք ժողովուրդների հալածանքը և ազգային-ազատագրական շարժումների ճնշումը։ Քաղաքական այդպիսի հաշվարկով էլ կազմակերպեցին զանգվածային ջարդեր, ուր հազարավոր հայերի հետ մեկտեղ զոհ գնացին նաև բազմաթիվ ասորիներ։

Կոտորածների քաղաքականությունն իրագործելու համար սուլթանը բավարար չհամարեց մշտական զորքը. 1891 թ. Արևմտյան Հայաստանում սուլթանի հրամանով ստեղծվեցին «համիդիե» քրդական հեծելագնդերը, որոնք էլ իրականացնում էին կոտորածները։ Համիդիեականներին տրվեցին լայն լիազորություններ՝ պաշտոն, թոշակ, զենք կրելու իրավունք և այլն։ Համիդիեկանները գործում էին ոչ միայն Թուրքիայի տարածքում, այլև հաճախակի, անցնելով Իրանական Քրդստան, ասպատակում ու կողոպտում էին նաև այնտեղի քրիստոնյա բնակչություն ունեցող գյուղերը[8]։ Աբդուլ Համիդը կարողացավ կեղծիքի, կաշառքի, ահաբեկման և զանազան այլ միջոցներով հպատակ ազգերի միջև թշնամանք սերմանել՝ մի կողմից հայերի և քրդերի, մյուս կողմից՝ ասորիների և քրդերի միջև և կայսրության ազգային փոքրամասնություններին հանեց միմյանց դեմ[9]։

1890 թ. հունիսի 10-ին Էչզրումում ռուսական հյուպատոս Ա. Դեննետը Կ.Պոլսի ռուսական դեսպան Ա. Նելիդովին ուղղված հեռագրում[10] հայտնում էր, որ

Քրիստոնյա բնակչության վիճակը ծայրահեղ ծանր է, և որ ամեն րոպե մի չնչին առիթից կարող է տեղի ունենալ մուսուլմանական մոլեռանդության պայթյուն

Դիարբեքիրի անգլիացի նախկին հյուպատոս Դ. Թեյլորն իր գրքում[11] նշում էր.

Քրդստանը, որը մի հսկա տարածք էր և իր մեջ էր ներառում ռուս-թուրքական սահմանից մինչև Միջագետքի հյուսիսային շրջաններն ընկած տարածքները, իր արևելյան մասում հյուրընկալել էր բազում ասորիներ։ Հողագործ և արհեստավոր բնակչությունը տեղի հայերն ու նեստորական ասորիներն են, որոնք շատ հաճախ տուժում են տեղական իշխանությունների, այսինքն քուրդ - բեյերի հալածանքներից և նման են ստրուկների։ Նրանց կոչում են «,զիր- հուրլի ", այսինքն գնված ոսկով։ Դա իրոք այդպես է, որովհետև նրանք քրդերի առուծախի առարկան են։ Իսկ տեղի քուրդ բեյերն իրենց տարածքում անկախ են և չեն ենթարկվում թուրքական իշխանություններին


Արևմտյան Հայաստանում ապրող ասորիներն իրենց անվտանգությունն ապահովելու համար ամենուրեք մասնակցում էին հակաթուրքական ազատագրական պայքարին, ստեղծում ֆիդայական-զինական խմբեր։

1894 թ. Սասունի ապստամբությունից հետո սկսվեցին հայերի և առհասարակ քրիստոնյաների զանգվածային կոտորածներն Օսմանյան կայսրությունում։ Այն տևեց մինչև 1896 թ., որի արդյունքում եղան բազմաթիվ ավերածություններ ու հարյուրհազարավոր անմեղ զոհեր։ Ասորիների զանգվածային ջարդերը սկիզբ առան 1895 թ. հոկտեմբերի սկզբին Դիարբեքիրում, ապա տարածվեցին ամենուր։ Ասորական կոտորածներն աննախադեպ չափեր ընդունեցին. բազմաթիվ վայրերում տեղի ունեցած սոսկալի իրադարձություններ, որոնց ժամանակ սպանվեցին, բռնի կրոնափոխ եղան և արտագաղթեցին հազարավոր ասորիներ։ 245 գյուղերի շուրջ 100 հազար ասորի բնակչություն իսլամացվեց, բազմահազար ասորի կանայք և աղջիկներ քշվեցին թուրքական հարեմներ։ Նրանց գույքը թալանվեց[12]։

1895 թ. հոկտեմբերի 20-ին Ամիդ / Դիարբեքիր / քաղաքում թուրք ու քուրդ խուժանի ձեռքով իրականացվեցին քրիստոնյաների կոտորածները։ Ասորական Սբ. Աստվածամոր եկեղեցին իր մեջ պատսպարեց բազմաթիվ քրիստոնյաների՝ ասորիների, հայերի ու հույների։ Բարեբախտաբար տվյալ եկեղեցին զերծ մնաց հարձակումներից[13]։ Դիարբեքիրի սանջակի 119 գյուղ հրդեհվեց և ավերվեց։ 6 հազար քրիստոնյա ընտանիք՝ շուրջ 30 հազար մարդ, այդ թվում նաև բազմաթիվ ասորիներ սրի քաշվեցին։

1895 թ. հոկտեմբերին Ուրֆա մտած 3 հազարանոց թուրքական բանակը և 1,5 հազարանոց համիդիեկանների զորքը սրի քաշեց 13 հազար ասորիների[14]։

1895-1896 թթ. կոտորածների ժամանակ Հաքյարիի Սանջակի Դերև, Յելյա, Պակե գյուղերը, ուր ապրում էին 200 տուն նեստորական ասորիներ, հավասարվեցին հողին։

1896 թ. սկզբներին թալանից և սպանություններից զերծ չմնացին նաև Սարայի ասորական գյուղերը, որտեղ թուրքական ուժերը ավերեցին 12 գյուղ[15],

կանանց բռնաբարեցին ի բաց առյալ մի քանի գյուղեր, որ դիմադրության պատճառով թալանը կիսով չափ եղավ

Եթե ամփոփելու լինենք, 19-րդ դարի վերջին Օսմանյան կայսրությունում սուլթան Աբդուլ Համիդի կողմից կազմակերպված ջարդերի վիճակագրությունը, ապա հարկ է նշել, որ 300 հազար հայերի հետ միասին թուրքական յաթաղանին զոհ գնացին նաև 55 հազար ասորիներ[16]։

Ասորիների ցեղասպանության իրականացումն Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսմանյան կայսրության մեջ մոլեգնող համիդյան ռեակցիան չափազանց ծանր ու անտանելի դրություն էր ստեղծել երկրի քրիստոնյա ժողովուրդների համար։

1905-1907 թթ. ռուսաստանյան առաջին հեղափոխությունը որոշ չափով նոր խթան հանդիսացավ Թուրքիայի և Իրանի ժողովուրդների հակաֆեոդալական, հակամիապետական պայքարի համար։ 1908թ. հուկիսի 11-ին Թուրքիայում տեղի ունեցած երիտթուրքական հեղաշրջման հետևանքով տապալվեց Աբդուլ Համիդի միապետական ռեժիմը, և երկրում հաստատվեց սահմանադրական կարգեր։ Բացվեցին բանտերի դռները և ազատ արձակվեցին բազմաթիվ ազատախոհ գործիչներ։ Բացվեցին երկրի սահմանները, և հայրենիք վերադարձան հազարավոր տարագիրներ ու փախստականներ։ 1908 թ. հուլիսի 24-ին վերականգնվեց 1876 թ. սահմանադրությունը, որը 1831 թ. բելգիական և 1850 թ. պրուսական սահմանադրությունների կրկնօրինակն էր։ Երկրում հռչակվեց ազգերի, կրոնների իրավահավասարություն, խոստումներ հնչեցին տնտեսական և սոցիալական մի շարք սուր խնդիրների շուտափույթ լուծման համար։

1908 թ. բացվեց երեսփոխանական ժողովը։ Խորհրդարանի 275 պատգամավորներից 133-ը այլազգիներ էին։ Նշենք, որ հեղափոխությունից հետո իշխանության ղեկը մեծ մասամբ դեռ մնում էր հին ռեժիմի պաշտոնյաների ձեռքում։

Երիտթուրքական հեղափոխությունից հետո երկրում որոշ ազատականացում ստեղծվեց։ Թվում էր՝ Թուրքիան ընթանում է քաղաքակիրթ ճանապարհով, սակայն իրադարձություններն այլ ընթացք ունեցան։ Այս երկրի համար սկսվեց ներքին և արտաքին կյանքի անհանգիստ ժամանակաշրջան, որը և պետք է պայմանավորեր երիտթուրքերի առավել ծայրահեղ թևի հաղթանակը։

Առաջնորդվելով համաթուրքաբանության և համաթուրքականության քաղաքականության սկզբունքներով՝ երիտթուրքերը չէին ճանաչում հայերի, հույների, ասորիների և այլ ժողովուրդների ազգային իրավունքները։ Նրանք ուզում էին ստեղծել էթնիկապես « մաքուր » մի ազգ « Թուրքիան թուրքերի համար » նշանաբանի ներքո։

1913- 1918 թթ. Օսմանյան կայսրության ղեկավարությունը լիովին անցավ Թալեաթի, էնվերի և Ջեմալի ձեռքը, որոնք էլ երկիրը ներքաշեցին Առաջին համաշխարհային պատերազմի մեջ և իրագործեցին պատմության մեջ ամենաարյունոտ ու դաժան կոտորածներն ու ջարդերը։

Թուրքերն ազգամիջյան կռիվներ էին հրահրում մի կողմից քրդերի, և մյուս կողմից հայերի և ասորիների միջև։ Թուրքերն այս պայմաններում ձգտում էին իրենց կամքը թելադրել հպատակ ազգերին։

1907 թ. Սղերդից Ջեզիրե ընդգրկող տարածքում քրդերի կողմից ավերվեց, թալանվեց և հրդեհվեց շուրջ 13 ասորական բնակատեղի։ Նույն վիճակն էր Իրանի հյուսիսում, որը զգալիորեն թյուրքաբնակ էր։ Այսպես, 1907 թ. հունիսից մինչև 1908 թ. նոյեմբեր ամիսները Ուրմիայում և Սալմաստում արձանագրվել են վայրագության մի շարք դեպքեր, որոնք իրականացրեցին քրդերն ասորիների և հայերի նկատմամբ։

1914 թ. օգոստոսի 1-ին բռնկվում է Առաջին համաշխարհային պատերազմը, սանձազերծած մեծ տերությունները՝ Գերմանիան, Անգլիան, Ֆրանսիան և Ռուսաստանը ձգտում էին աշխարհի վերաբաժանման, նորանոր գաղութների ձեռքբերման։ Ամբողջ Եվրոպան զբաղված էր պատերազմով։ Առաջին աշխարհամարտը սկսվելուց հետո երիտթուրքական կառավարությունն արդեն որոշել էր մտնել պատերազմի մեջ և հանդես գալ գերմանա-ավստրո-հունգարական խմբավորման կազմում, թեև պաշտոնապես սկզբում հայտարարել էր իր չեզոքության մասին։ Սկսված պատերազմը երիտթուրքերի համար բարենպաստ առիթ էր գործնականում ստուգելու համաթուրքական գաղափարների կենսունակությունը, իրականացնելու իրենց նվաճողական և ցնորական ծրագրերը, որոնք պաշտպանություն էին գտնում ռազմաֆեոդալական, բուրժուական, իթթիհատական-շովինիստական վերնախավի շրջանում։

Թուրքիայի ներքին գործերի նախարար Թալեաթ փաշան գերմանական դեսպանատան աշխատող դոկտոր Մոռթմանի հետ զրույցի ժամանակ հաղորդել էր, որ թուրքական կառավարությունը օգտվելով պատերազմական իրավիճակից վերջնականապես կձերբազատվի ներքին թշնամիներից՝ քրիստոնյաներից՝ չվախենալով անգամ օտար երկրների դիվանագիտական միջամտությունից[17]։

Ասորիների տեղաբաշխումն Օսմանյան կայսրությունում և հարակից թյուրքաբնակ տարածքներում մինչև Առաջին Համաշխարային պատերազմը։

Պատերազմի նախօրյակին Օսմանյան տերությունում և Հյուսիսա-արևմտյան Իրանի տարածքում բնակվող ասորիների տեղաբաշխման պատկերը հետևյալն էր ՝

Բնակության վայր Ասորիների թվաքանակ
Հյուսիս-արևմտյան Իրան 70000
Հաքյարի և մոտակա շրջաններ 153000
Վանի վիլայեթ 98000
Սեբաստիայի վիլայեթ 25000
Խարբերդի վիլայեթ 5000
Դիարբեքիրի վիլայեթ 60000
Բիթլիսի վիլայեթ 15000
Մոսուլի վիլայեթ 100000
Սապնա 10000
Զիրար 15000
Բոհթան 5000
Ստորին Փերվարի 5000
Ուրֆա 5000
Սղերդ 25000
Թուր-Աբդինի շրջան 200000
ընդամենը 791000[18]

1914 թ. հոկտեմբերի սկզբին Վանի կայմակամ Դերվիշ էֆենդին ասորական պատրիարք Մար-Շիմուն XIX, որը այդ ժամանակաշրջանում Օսմանյան Թուրքիայի և Իրանի ասորիների քաղաքական, ռազմական և հոգևոր առաջնորդն էր, խոստացավ դպրոցներ ու բուժական հիմնարկներ բացել ասորիների համար, գումար հատկացնել հոգևորությանը, միայն թե նրանք կապերի մեջ չմտնեն ռուսների հետ։ Խոստումներն, իհարկե, չկատարվեցին։

Ասորիները հայերի հետ մեկ տեղ ազատագրական պայքար էին մղում թուրքական բռնակալության և քրդական ավազակախմբերի դեմ։

1914 թ. օգոստոսի 3-ին Թուրքիայում հայտարարվեց սոֆերբերլիք՝ ընդհանուր զորակոչ իր հետ բերելով նաև թեքեալիֆիհարպիեն՝ պատերազմական տուրքեր, բանակը պահելու համար գումար էր հարկավոր, իսկ թուրքական գանձարանը դատարկ էր, ուստի ժողովրդից պետք է վերցնեին այն ամենը, ինչ անհրաժեշտ էր բանակին։ Մյուս կողմից, զորքին տրվելիք անհրաժեշտ պարագաները գնահատվում էին բավականին ցածր գներով։ Գանձված հարկի դիմաց տալիս էին թղթի կտորներ, որով ոչինչ ձեռք բերել չէր լինում։

20-45 տարեկան քրիստոնյա տղամարդկանց զորահավաքի անվան տակ ներգրավեցին աշխատանքային գումարտակների մեջ և ըստ ռազմական նախարար Էնվեր փաշայի հատուկ հրահանգի՝ աչքից հեռու, ծածուկ վայրերում վայրագաբար ոչնչացրին։

Մար-Շիմուն XIX

Այդ տարիներին Մար-Շիմունը բազմիցս դիմեց ռուսական իշխանություններին՝ պաշտպանության համար զենք ստանալու խնդրանքով, սակայն այդ ջանքերն անցան ապարդյուն։ Թուրքական իշխանությունները լուրեր էին տարածում, թե իբր Ռուսաստանը ասորիներին զինում է ընդդեմ քրդերի։ Այսպես թուրքերը քրդերին տրամադրեցին ասորիների դեմ։ եվ այդ ամենը կատարվում էր գերմանական իշխանությունների գործուն օժանդակությամբ։

Ասորիների ցեղասպանության քարտեզ

1914 թ. դեկտեմբերին ավերվեցին 10 ծուխ ասորի բնակիչ ունեցող Խարաբասորիկ գյուղը։ Փրկվում է միայն երկու ընտանիք, իսկ մնացածները սպանվում են։ Աղջիկներն ու կանայք տարվում են քրդական հարեմներ[19]։

Նույն այս ժամանակաշրջանում Թուր-Աբդինի շրջան ներխուժեց 12 հազարանոց թուրքական մի զորաբանակ։ Այնվարդո ասորական գյուղի բնակիչները փորձեցին դիմակայել թշնամուն, բայց բոլորն էլ սպանվեցին։

1915 թ. սկզբին Գարդիեն ասորական գյուղում թուրք զինվորները, այրելով տեղի նեստորական եկեղեցին՝ կանանց ստիպեցին իսլամ ընդունել։

1915 թ. ռուսական զորքերի հաջողությունները Կովկասյան ճակատում երիտթուրքերին «ստիպում են» դիմել «խանգարող» ոչ թուրք բնակչությունից ազատվելու համար։ Ասորիների կոտորածներ են տեղի ունենում ոչ միայն ռազմաճակատին մոտ վայրերում, այլև՝ հեռավոր Դիարբեքիրում, Վանում, Բիթլիսում, Ուրֆայում, Ադանայում և այլուր։

Դիարբեքիրի քաղդեացի քահանա Ժոզեֆ Նայեմը վկայում էր, որ 1915թ. ապրիլի 8-ից սկսած ահավոր ջարդեր են տեղի ունեցել։ 16 տարեկանից բարձր տղամարդկանց հավաքում էին, ծեծում, խոշտանգում, սպանում, ապա փաթթոցներ հագցնում գլուխներին ու նկարում, որ հետո ապացուցեն աշխարհին, թե իբր քրիստոնյաները հալածել են մուսուլմաններին[20]։

Թուրքական ջարդերից հատկապես տուժեցին Մարդինի, Միդյաթի և Ջեզիրեի ասորիները։ Դիարբեքիրի վիլայեթի ասորիների ձարդերին է անդրադարձել արաբ հեղինակ Ֆուադ Հաֆիզը իր « Հայ ժողովրդի պատմությունը սկզբից մինչև մեր օրերը », ուր գրում է .

Թուրքերի կողմից ոչնչացման ենթակա ժողովրդների ցանկի մեջ էին մտցված նաև ասորիները։ .... Դիարբեքիրի վիլայեթում հազարավոր ասորիներ սպանվեցին

1915 թ. մայիսի 10-30-ը Դիարբեքիրի վիլայեթի 1200 նշանավոր հայերին և ասորիներին փերբակալեցին և խեղդեցին Տիգրիս գետում։ Սկսվեց քրիստոնյաների բռնագաղթը։ Մոտավորապես 4300 ասորիներ անցան պարսկական տարածք և շարժվեցին դեպի Խոյ։

1915 թ. հուկիսի 1-ին հայերի և ասորիների կոտորածներն տեղի ունեցան Մծբինում, Մարդինում և Թեչ-Էրմենում։ Նրանց հանձնարարվեց 24 ժամվա ընթացքում հանձնել զենքը։ Քրիատոնյաները ստիպված էին կատարել հրամանը։

Ականատեսի վկայության համաձայն[21] .

ասորական բոլոր կտուրներից արյուն էր հոսում

Միայն Իրանին սահմանակից թուրքապատկան գավառներում թուրքերի և քրդերի կողմից 1915 թ. կոտորվեց 47 հազար նեստորական ասորի։

1915թ. հունիսի սկզբին ասորիների զանգվածային կոտորածներ տեղի ունեցան Վանի հյուսիսային մասում, Թիմարում և Թհումում։ Քոչանիսը ավերվեց քրդերի կողմից։ Հրդեհվեց պատրիարքարանի շենքը։ 17 հազար ասորիներ կոտորվեցին[22]։

Մարդինում ֆրանսիական քարոզիչների շենքում սպանդի ենթարկվեցին 6 հազար ասորիներ, 5 հազարի չափ ասորիներ մահացան քաղցից և հիվանդություններից։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ասորիների ջարդեր իրականացվեցին նաև 1914 թ. նոյեմբերի 2-ին իրեն չեզոք երկիր հայտարարած Իրանի տարածքում։ Գերմանական և թուրքական հրամանատարությունների մշակած ծրագրում ռազմական գործողություններ էին նախատեսվել նաև Իրանում, որի տարածքը Գերմանիան և Թուրքիան ուզում էին օգտագործել որպես միջանցք դեպի Բաքվի նավթային շրջանները և այնուհետև Միջին Ասիան գրավելու համար։ Ուստի Հյուսիսայի Իրանը ևս վերածվեց հակամարտող երկու ճամբարների ռազմական գործողությունների թատերաբեմի։

Ասորի փախստականներ, որոնք քշվել են իրենց Հյուսիսային Պարսկաստանի տներից, դժբախտ, երկաթուղային գծի մոտ, Միջագետքի անապատում սպասում են գնացքի

Իրանում ապրող հպատակ ասորիների վիճակը անմխիթար էր։ Այդ առիթով Կովկասի փոխարքայի օգնական Օրլովն իր զեկուցագրերից մեկում նշում էր .

Ուրմիայի և Սալմաստի ասորիների դրությունն անելանելի է, և, ընդհանրապես, ներկա պատերազմում ասորիները հույսով են նայում Ռուսաստանին՝ նրանից սպասելով օգնություն

Ինչ խոսք, թուրքական բռնատիրության դեմ ազգային-ազատագրական պայքարում ասորիների մոտեցումները լիովին համընկնում էին հայ ժողովրդի ձգտումներին։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Արևմտյան Իրանի տարածքում սկսվեցին զանգվածային բռնություններ։ Այստեղ հատկապես տուժեցին Ուրմիայի տարածաշրջանի ասորիները, որոնց գյուղերն ամբողջովին հրդեհվեցին և թալանվեցին քրդերի կողմից։

1914 թ. Ուրմիայում Ռուսաստանի փոխհյուպատոս Վեդենսկին այսպես է նկարագրում իր տեսածը.

Ամենուրեք առկա են ջիհադի արդյունքները։ Անգար գյուղում ես տեսա ասորիների հրկիզված դիակներ, որոնց փորերը խոցված էին մեծ սրածայր ցցերով։ Ասորիների շինությունները հրդեհված և ավերված են։ Հարևան գյուղի հրդեհը դեռ շարունակվում է։ Ասորիների ընտանիքները հավաքվել էին քաղաքի մոտակա դաշտերում

Այս ժամանակաշրջանում Ուրմիայից, Սալմաստից և Խոյից Ռուսաստանի տարածք են գաղթել 63 հազար գաղթականներ, որոնցից 30 հազարը հայեր են, իսկ 33 հազարը ասորիներ։ Այդ գաղթերի կապակցությամբ անգլիացի մի ականատես վկայում էր.

Իմ առաջ բացվեց մերժված մի ժողովրդի ողբերգական գաղթի ճակատագրի պատկերը. ես խոսում եմ ասորիների մասին

1915 թ. ապրիլի 20-ին ռուսների կողմից Դիլմանի գրավումից գազազած՝ թուրքերը մոտակա 20 ասորական գյուղերի բնակիչներին սրի քաշեցին։ Մի քանի հարյուր ասորի կանանց մերկացնելով՝ հանեցին կենտրոնական փողոց։ Նրանց տրվեց մեկ ժամ ժամանակ որոշում կայացնելու՝ փոխում են իրենց կրոնը, թե՝ ոչ։ Ականատեսի վկայությամբ՝ Դիլմանի կենտրոնական փողոցով հոսում էր այդ սպանված կանանց արյունը։

1915 թ. ապրիլին Ուրմիայում 500 ասորիների, որոնց մեջ էին այդ տարածաշրջանի եպիսկոպոսը և հինգ այլ հոգևորականներ, թուրքերը քարշ տալով հասցրեցին ֆրանսիական առաքելության շենքի մոտ և բազմաթիվ մարդկանց աչքի առաջ սպանեցին։

Այսպիով, այդ ընթացում նահատակվեցին 100 հազարից ավելի քրիստոնյաներ՝ ասորիներ և հայեր, որոնք բնակվում էին Ուրմիո լճի արևմտյան ափամերձ տարածքում։

Վերջաբան[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան Թուրքիայում և նրա հարակից տարածքներում, ուր ապրում էր մոտ մեկ միլիոն ասորի ժողովուրդ, միջազգային իրավունքի չափանիշներով կատարվեց ցեղասպանություն։

Ըստ տարբեր աղբյուրների զոհերի թիվը եղել է 500 000—750 000 մարդ[23][24]։

1968 թ-ին Միջազգային ասորական ասոցիացիայի[25] կողմից Օգոստոսի 7-ը[26][27] հրապարակվեց որպես Ասորիների Նահատակների օր / Assyrian Martyrs day /:

Միջազգային ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիր Ճանաչման թվական
Հայաստան Հայաստան մարտի 24, 2015[28]
Շվեդիա Շվեդիա մարտի 11, 2010[29]
Նոր Հարավային Ուելս Նոր Հարավային Ուելս[30]
Նյու Յորք Նյու Յորք[31][32]
Ասորիների ցեղասպանության հուշահամալիր, Երևան

Հուշահամալիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Զոհվածները հիշատակող հուշարձաններ են կանգնեցված Ֆրանսիայում, Գերմանիայում, Ավստրալիայում, Հայաստանում, Շվեյցարիայում, ԱՄՆ, Բելգիայում։

Monument Arameans (Brussels, Belgium)
Etterbeek, Place Van Meyel, monument au genocide 1915
Ասորիների ցեղասպանության հուշահամալիր, Սիդնեյ, Ավստրալիա
Assyrian Genocide Memorial Wall and Plaque at St. Mary's Parish in Tarzana CA 17February2007
Ասորիների ցեղասպանության հուշահամալիր, Շվեյցարիա, Լոկառնո
Ասորիների ցեղասպանության հուշարձան, Ֆրանսիա
Gedenktafel Fürstenbrunner Weg 67 (Westend) Osmanischer Genozid
Ասորիների ցեղասպանության հուշահամալիր, Չիկագո, ԱՄՆ

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Резолюция Международной Ассоциации исследователей геноцида о признании геноцида греков и ассирийцев в Османской империи в 1914—1923 гг» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 21-ին.
  2. Aprim, Frederick A. Assyrians: The Continuous Saga, page 40
  3. Ninos Donabed «Assyrians of Eastern Massachusetts» Издатель Arcadia Publishing, 2006 p127 ISBN 0-7385-4480-9, 9780738544809 стр 9]
  4. Cuinet V., La Turquie d’Asie, T, H, Paris, 1892, p.635
  5. Маевский, Владимир. «,, Ванский вилайет, Военно-статистическое описание Т., 1901, с 98-99».
  6. Խոսրոևա, Անահիտ (2004). Ասորիների ցեղասպանությունն Օսմանյան Թուրքիայում և հարակից թյուրքաբնակ վայրերում (XIX դարի վերջ- XX դարի առաջին քառորդ). Երևան: Ա.Ա.Մելքոնյան. էջ 14. ISBN 99930-4-213-1. {{cite book}}: Check |isbn= value: checksum (օգնություն)
  7. Лихутин М., Русские в Азиатской Турции в 1854 и 1855 годах СПБ, 1863, с.168,152
  8. Բայբուդյան Վ.Ա., Թուրք-Իրանական հարաբերությունները /1900-1914 թթ./, Ե.,1974, էջ 236։
  9. Джалиле Д., Из истории общественно- политической жизни курдов в конце 19 начале 20 вв., СПБ, 1997, с.80
  10. Геноцид армян в Османской империи, сбр. документов и материалов под редакцией проф.М.Г. Нерсисяна, Е., 1996,с.13
  11. Тейлор Д., Путешествие по Курдистану, Изе. Кавк. отд. русского геогр. общества, Т.II, прилож.I, Т., 1873
  12. Саргизов Л.М., Дружба идущая из глубины веков /Ассирийцы в Армении/, ''Атра'', .4, СПБ, 1992, ц.71
  13. Մկունդ. Տ., նշվ. աշխ
  14. Asuri-Suryani-Keldani halkinin 1915 soykirum / SEYFO / dosyasy, Bethnahrin yurtsever devrimci ӧrgütü halkina yonelic 1915, Soykirimi ve katliamlari arastirma komysyonu, Frankfurt, 1998, s.55.
  15. "Դրոշակ" 1896, № 14, 1 հունիսի
  16. Naayem, Joseph. «Shall this nation die». www.aina.org.
  17. Lepsius J., Deutchland and Armenian 1914-1918 Sammlung diplomatischer Aklenstiicke, Herousgegeben und eingeleilet, Potsdam, p.26
  18. Խոսրոևա, Անահիտ (2004). Ասորիների ցեղասպանությունն Օսմանյան Թուրքիայում և հարակից թյուրքաբնակ վայրերում (XIX դարի վերջ- XX դարի առաջին քառորդ). Երևան: Ա.Ա.Մելքոնյան. էջ 60. ISBN 9993-4-213-1. {{cite book}}: Check |isbn= value: length (օգնություն)
  19. Տեր-Մարտիրոսյան, Հովհաննես. «Ա-ԴՕ., Մեծ դեպքերը Վասպուրականում 1914-1915 թթ., Ե.,1917, էջ 117».
  20. Alichoran J., Du genocide a la diaspora: les Assyro-chaldeens au XX siecle, Paris. 1994, p.370
  21. Ղոսեյն էլ Ֆայեզ, Ջարդերը Հայաստանի մեջ, Գահիրէ, 1960
  22. Halo T., op.cit., p.284
  23. The Armenian Genocide: Wartime Radicalization Or Premeditated Continuum — Page 272 edited by Richard Hovannisian
  24. The Plight of Religious Minorities: Can Religious Pluralism Survive? — Page 101 by United States Congress
  25. «Assyrian Universal Alliance». Assyrian Universal Alliance (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  26. «Assyrian Martyrs Day».
  27. «Կոտորած Սեմմելում». 2019 թ․ սեպտեմբերի 23. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  28. Парламент Армении осудил геноцид греков и ассирийцев
  29. ИА REGNUM: Швеция признала Геноцид армян
  30. "Consultation Paper for Proposed Memorial Dedicated to the Victims of the Assyrian Genocide Արխիվացված 2011-03-12 Wayback Machine." Fairfield City Council.
  31. State of New York, Gov. David Paterson, Proclamation Արխիվացված 2010-01-08 Wayback Machine, 24 April 2008. Retrieved 2010-02-02.
  32. Governor Pataki Commemorates Armenian Genocide, Proclamation, 05 May, 2004. Retrieved 2010-02-02.