Աբդուլ Համիդ II-ը կառավարման սկզբնական շրջանում եղել է բարենորոգումների և սահմանադրական կարգի կողմնակից. 1876 թվականի դեկտեմբերի 23-ին հռչակել է օսմանյան սահմանադրությունը։ Սակայն 1878 թվականին ցրել է խորհրդարանը, հաստատել ռազմաոստիկանական վարչակարգ, որը հայտնի է «զուլում» անունով։ Դաժանորեն ճնշել է բուլղարների, մակեդոնացիների, արաբների, հայերի ազատագրական շարժումները, հաստատել է խիստ գրաքննություն, արգելել «ազատություն», «իրավունք», «հավասարություն», «Հայաստան» և նման այլ հասկացությունների գործածությունը։ 1890-ական թվականներին պանիսլամիզմը (համաիսլամականություն) Օսմանյան կայսրությունում հիմնական քաղաքական ուղղությունն էր, որի հիմքում իսլամ դավանող ժողովուրդների քաղաքական միավորման և պանթուրքիզմի՝ թուրքալեզու ժողովուրդներին մեկ պետության մեջ միավորման գաղափարախոսությունն է։
Աբդուլ Համիդ II-ի օրոք շարունակվել է Օսմանյան կայսրության անկումը. Անգլիան գրավել է Կիպրոսն ու Եգիպտոսը, Ֆրանսիան՝ Թունիսը։ 1877–1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի հետևանքով ազատագրվել են եվրոպական մի շարք ժողովուրդներ, Ռուսաստանին են անցել Կարսը, Արդահանը և Բաթումը։ Սան Ստեֆանոյի և Բեռլինի պայմանագրերով (1878 թվական) սուլթանը պարտավորվել է բարենորոգումներ կատարել Թրակիայում, Մակեդոնիայում, Ալբանիայում և երկրի հայաբնակ նահանգներում։ Սակայն դրան հետևել են հայերի կոտորածները, որոնք մեծ չափերի են հասել 1894–1896 թվականներին բնաջնջվել է ավելի քան 300 հազար մարդ։ Դա արևմտահայության առաջին ցեղասպանությունն էր։ Ջարդերն իրագործել են թուրքական զորքերը և հատուկ ստեղծված հեծելագնդերը, որոնք սուլթանը կոչել է իր անունով՝ «համիդիե»։ Այդ արյունալի գործունեության համար Աբդուլ Համիդին տվել են Կարմիր սուլթան մականունը։ Երիտթուրքերի հեղաշրջումից (1908 թվականն) հետո Աբդուլ Համիդը հարկադրված վերականգնել է 1876 թվականի սահմանադրությունը, սակայն 1909 թվականի մարտի 31-ին իր կազմակերպած հեղաշրջման անհաջող փորձից հետո՝ ապրիլի 28-ին, գահազրկվել է և աքսորվել։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 19)։