Դիլմանի ճակատամարտ
Թվական | ապրիլի 15, 1915 |
---|---|
Մասն է | Առաջին համաշխարհային պատերազմ |
Վայր | Իրան Դիլման (ներկայիս Սալմաստ) |
Արդյունք | Ռուսական կայսրության հաղթանակ |
Հակառակորդներ | |
Ռուսական կայսրություն | Օսմանյան կայսրություն |
Հրամանատարներ | |
Թովմաս Նազարբեկյան Անդրանիկ Օզանյան[1] | Խալիլ |
Կողմերի ուժեր | |
10 գումարտակ Կովկասյան բանակից; 1 գումարտակ Հայ ֆիդայիներ | 248 սպա 10,920 հոգի զորք 12,000 քրդական հեծելազոր |
Ռազմական կորուստներ | |
| |
3500 հոգի | |
Ընդհանուր կորուստներ |
Դիլմանի ճակատամարտ (1915), տեղի է ունեցել ռուսական կայսրության և թուրքական զորքերի միջև, ապրիլի 17—18-ին, Ուրմիա լճի շրջանում, Դիլման գյուղաքաղաքի մոտ (Իրան), Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Թուրքական հրամանատարությունը Իրանի, ապա և Աֆղանստանի վրա ճնշում գործադրելու, նրանց Ռուսաստանի և Անգլիայի դեմ պատերազմի մեջ ներքաշելու նպատակով ապրիլի սկզբներին ռազմական մեծ ուժեր շարժեց դեպի թուրք-իրանական սահմանը։ Հաջողության դեպքում թուրքերը մտադիր էին գրավել Ատրպատականը, ապա Նախիջևանի վրայով շարժվել Սիսիան-Գորիս-Շուշի և դուրս գալ Գանձակ՝ կազմալուծելով Կովկասյան ռազմաճակատի թիկունքը։ Խալիլ բեյը իր հրամանատարության ներքո ունենալով 3-րդ հավաքական դիվիզիան, ոստիկանական և սահմանապահ զորախմբեր, ինչպես նաև քրդակաև հեծյալ գնդեր, 12 հրանոթ, հարձակում ձեռնարկեց Դիլմանի ուղղությամբ, որի շրջակայքում էին տեղավորված ռուսական 4-րդ կորպուսի զորամասերը գեներալ Չեռնոզուբովի հրամանատարությամբ։ Դիլմանի պաշտպանությունը ուժեղացնելու համար ռուսական, հրամանատարությունը այնտեղ ուղարկեց 5-րդ, 6-րդ Կովկասյան հրաձգային և 1-իև Սունժեն-Վլադիկավկազյան կոզակային գնդերը և գեներալ Թովմաս Նազարբեկյանին նշանակևց Դիլմանի շրջանում գործող զորամասերի ընդհանուր հրամանատար։ Մինչ ռուսական զորամասերը զբաղված էին իրենց ուժերի կենտրոնացումով, թուրքական զորքերն անցան հարձակման և գրավեցին Դիլմանը (ապրիլի 16-ին)։ Առաջինը թուրքերի հետ ընդհարվեց ռուսական բանակում գործող հայկական կամավորական ջոկատը Անդրանիկ Օզանյանի հրամանատարությամբ։ Խալիլ բեյը Անդրանիկից պահանջեց առանց կռվի ճանապարհ տալ դեպի Խոյ, բայց վճռական մերժում ստացավ։ Ապրիլի 18-ի առավոտյան թուրքերը անցան հարձակման, և սկսվեց ճակատամարտը։ Թեև ուժերը անհավասար էին (հայերը շուրջ 1300 զինվոր, թուրքերը՝ 1600 սվին), կամավորները կռվեցին հերոսաբար և դիմադրեցին՝ մինչև վրա հասած ռուսական զորքերի հետ մտան Դիլման։ Ապրիլի 19-ին ռուսական զորքերը անցան հակահարձակման, սկսվեցին թուրքական նահանջող բանակի երկարատև հետապնդումները։ Դիլմանի ճակատամարտում Անդրանիկի և նրա կամավորների քաջագործության մասին գովեստով են գրել գեներալներ Չեռնոզուբովը, Տրուխինը և ուրիշներ, իսկ գեներալ Նազարբեկյանը նշել է․ «Դիլմանի համբավավոր ճակատամարտը շահողը զորավար Անդրանիկն էր»։ Դիլմանի ճակատամարտում թուրքերի կրած պարտությամբ ձախողվեցին Անդրկովկաս ներխուժելու և Իրանն ու Աֆղանստանը Անտանտի դեմ հանելու գերմանաթուրքական ռազմաքաղաքական պլանները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Bryce, James (2000). The Treatment of Armenians in the Ottoman Empire, 1915-1916. էջ 109.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 387)։ |
- Ճակատամարտեր այբբենական կարգով
- 1915 Օսմանյան կայսրությունում
- Առաջին համաշխարհային պատերազմում Ռուսաստանի ճակատամարտեր
- Առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրության ճակատամարտեր
- Ճակատամարտեր Իրանում
- Ռուսաստանի ճակատամարտեր
- Վանի նահանգի պատմություն
- Օսմանյան կայսրության ճակատամարտեր
- Օսմանյան կայսրության պատմություն