Խոյ (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow blue.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Խոյ (այլ կիրառումներ)
Քաղաք
Խոյ
պարսկ.՝ خوی
ադրբ.՝ Xoy
Darvazeh sangi khoy.jpg
Դարվազեհ Սանգի («Ամուր դուռ»), Խոյի շուկայում
38°32′00″ հս. լ. 44°58′00″ ավ. ե. / 38.533333° հս. լ. 44.966667° աե. ե.
Երկիր Իրան Իրան
Օսթան Արևմտյան Ադրբեջան
Այլ անվանումներ Հեր
ԲԾՄ 1,148 մ
Խոսվող լեզուներ Պարսկերեն
Բնակչություն 182 000 մարդ (2006)
Ժամային գոտի UTC+3:30
Հեռախոսային կոդ 0461
Պաշտոնական կայք www.khoycity.ir
##Խոյ (քաղաք) (Իրան)
Red pog.png

Խոյ (պարս․՝ خوی, ադրբ.՝ Xoy), քաղաք ներկայիս Իրանի հյուսիս-արևմուտքում, Արևմտյան Ադրբեջան նահանգում, Կապուտան լճից դեպի հյուսիս, Կոտուր գետի միջին հոսանքի ձախ կողմում, Խոյի այգեվետ և բարեբեր դաշտում։ Նախկինում Խոյը եղել է Պարսկահայքի գլխավոր քաղաքներից մեկը։ Հիշատակվում է իբրև բերդ, ավան, բերդաքաղաք, քաղաք։

Պատմություն[խմբագրել]

Ենթադրվում է, որ Խոյը համապատասխանում է Պևտինգերյան քարտեզի հին Գոբդի ճանապարհային կայանին։ Նրա մասին հիշատակություններ ունեն Թովմա Արծրունին, Վարդան Արևելցին, Ստեփանոս Օրբելյանը, Աբրահամ Երևանցին, վրաց աղբյուրները և այլ հեղինակներ։ Միջին դարերում որոշ ժամանակ Խոյը Արծրունյաց իշխանների մի ճյուղի ոստանն էր, բարգավաճ քաղաք և ամուր բերդ։

Մի ժամանակ առանձին խանության, ներկայումս Խոյ համանուն գավառի (մահալի) կենտրոնն է։ Իսկ Խոյ գավառը XIX դարի վերջերին ուներ 8 հայաբնակ գյուղ 308 տնտեսություններով և 1836 բնակիչներով։ Գավառն ուներ 8 եկեղեցի և միայն մեկ վարժարան։ Նրա զուտ հայաբնակ գյուղերից էին Սեյդավարը, Դիզան և Մահլազան։ Խոյի գավառը համապատասխանում է պատմական Պարսկահայք աշխարհի Հեր գավառին:

Խոյ քաղաքը բավական վնասներ է կրել 1791 թ. դեկտեմբերի 27ի Թավրիզի աղետաբեր երկրաշարժից։

Կառուցվածքը[խմբագրել]

Փռված քաղաք է Խոյը։ XIX դարի վերջերին այն արևմուտքից արևելք տարածվում էր 5—6 կմ երկարությամբ։ Ունի ամուր բերդ, որ գտնվում է քաղաքի արևելյան մասում։ Բերդն իր շրջակայքով համարվում է բուն քաղաք՝ կոչվելով Ղալա, իսկ արևմտյան մասը կոչվում է Փոքր մահլա (թաղ): Այս վերջինը համարվում էր նրա արվարձանը և բաղկացած է երեք թաղից՝ Վերին կամ Աղայի, Փոս և Ցածր կամ Քոչաբաղ։ Արվարձանի այդ երեք թաղերում էլ ապրում են հայերը։

Քաղաքը շրջապատված է երկկարգ հողե բարձր պարիսպներով, որոնց զուգահեռ ներսի և դրսի կողմում ձգվում են խրամներ։ Բուն քաղաքում բնակվում են թուրքեր և պարսիկներ։

Բնակչություն[խմբագրել]

Խոյի բնակչության քանակի վերաբերյալ առաձին հեղինակների մոտ և պաշտոնական փաստաթղթերում հաղորդվում են խիստ հակասական տվյալներ։ Մինչև 1826—1828 թթ. ռուս պարսկական պատերազմին հաջորդած ներգաղթը, Խոյ քաղաքի և համանուն գավառի բնակչության մեծամասնությունը կազմում էին հայերը, իսկ այդ ժամանակներում քաղաքն ուներ մոտ 4000 տուն բնակիչ։ Այստեղի հայերը զանգվածորեն գաղթեցին Արևելյան Հայաստան 1828—1829 թվականներին։ XIX դարի վերջերին և XX դարի սկզբներին այստեղի հայ բնակչությունը մոտ 115 տուն էր, որոնք ապրում էին քաղաքի բերդից դուրս։

1970 թվականին ուներ 50 000 բնակչություն, այդ թվում և հայեր։

Տնտեսություն[խմբագրել]

Հայերը հիմնականում զբաղվում էին արհեստներով՝ ոսկերչությամբ, զինագործությամբ, հյուսնությամբ, փականագործությամբ և այլն։ Քաղաքն ուներ իր շուկան՝ տասնյակ կրպակներով ու խանութներով։ Կապված էր Վանի և Թավրիզի հետ։

Ներկայումս Խոյը Ռուսաստան և Թուրքիա տանող ավտոճանապարհների հանգույց է, առևտրական կենտրոն։ Այնտեղ գործում է տեքստիլ, սննդի արդյունաբերություն, գորգերի և բրդյա գործվածքեղենի տնայնագործական արտադրություն, շաքարի գործարան։

Պատմամշակութային կոթողները[խմբագրել]

Բերդը[խմբագրել]

Խոյի բերդը կառուցվել է XVII դարում և ամրացվել XIX դարի առաջին քառորդում։ Այստեղ պարսկական թագաժառանգ Աբաս Միրզան դարի սկզբներին մի շարք ամրություններ էր կառուցել տվել ֆրանսիացի ինժեներների ղեկավարությամբ։ 1827 թ. ռուսական զորքը գրավել էր այդ բերդը, բայց Թուրքմենչայի հաշտությամբ (1828թ.) նորից վերադարձվել է Իրանին։

Այլ կառույցներ[խմբագրել]

Խոյում բերդի ամրություններից բացի ուշադրության արժանի են վարչական շենքերը, մզկիթները և եկեղեցիները: Այստեղ հայերն ունեին երկու եկեղեցի՝ ս. Սարգիսը, որ կառուցվել էր XVIII դարում և հաջորդ դարի վերջերին գտնվում էր խարխուլ վիճակում, և նոր եկեղեցին՝ ս. Աստվածածինը։

Քաղաքից 2 — 3 կմ հեռավորությամբ, բլրի վրա, կա մի մատուռ։ Հայկական ժողովրդական ավանդության համաձայն իբր հենց այդտեղ էլ թաղված է Ավարայրի մեծ հերոսը՝ Վարդան Մամիկոնյանը։

Խոյում ս. Սարգիս եկեղեցուն կից գործում էր մի փոքր, ցածր տիպի ուսումնարան, որ գրագիտություն էր սովորեցնում հայ մանուկներին։ Քաղաքում առաջին համաշխարհային պատերազմի տարիներին կար երկու որբանոց, որտեղ հանգանակությունների միջոցով պահվում էին ծնողներից զրկված հարյուրավոր հայ մանուկներ։

Տես նաև[խմբագրել]

Աղբյուրներ[խմբագրել]

  • Թ.Խ. Հակոբյան (1987)։ Պատմական Հայաստանի քաղաքները։ Երևան: «Հայաստան», էջ 147-149:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png