Իրանի վարչական բաժանում
Իրանի վարչական բաժանում, պետության տարածքի կառավարումը երեք վարչատարածքային միավորների միջոցով: Դրանք են՝ օսթան (պարս․՝ استان՝ նահանգ, 31 հատ), շահրեսթան (պարս․՝ شهرستان՝ գավառ, 429 հատ), բախշ (պարս․՝ بخش՝ շրջան, 1057 հատ): Քաղաքային (շահր, պարս․՝ شهر՝ 1245) և գյուղական համայնքները (դեհեսթան, պարս․՝ دهستان՝ 2589) կառավարման առավել փոքր միավորներ են:
Իրանի ժամանակակից տարածքը ձևավորվել է 1857 թվականի Փարիզի պայմանագրից հետո: Միապետության ժամանակ, մինչև Իրանի իսլամական հեղափոխությունը, նահանգների ղեկավարներին՝ «օսթանդարներին» նշանակում էր շահը, 1979 թվականից սկսած՝ Ներքին Գործերի Նախարարությունը, սակայն հաստատում է երկրի նախագահը։ Տարբեր տարիներին նահանգների թիվը փոփոխվել է: 1906 թվականի սահմանադրության ընդունումից հետո մինչև 1950 թվականը, Իրանը բաժանված է եղել 12 նահանգի՝ Արդալան, Ադրբեջան, Բելուջիստան, Ֆարս, Գիլան, Էրաքե- Աջամ, Խորասան, Խուզեսթան, Քերման, Լարեսթան, Լոռեսթան և Մազանդարան[1]:
1960 թվականին նահանգների քանակը նվազել է մինչև 10, իսկ 1970-ականներին ավելացել ևս 13-ով։ 1987 թվականին Կենտրոնական նահանգը բաժանվեց 2 փոքր հատվածի՝ Թեհրանի (1) և Մերքեզի (3)։ 1993-1997 թվականներին ստեղծվել են Արդաբիլ (6), Ղոմի (2), Ղազվին (4) և Գոլեսթան (27) նահանգները։ 2004 թվականին Խորասանը, որը ամենամեծն էր, բաժանվել է 3 նահանգի (28, 29, 30)։ Դրա փոքր մասնիկն անցել է Յազդի նահանգին։
Վերոնշյալ վարչական միավորների ղեկավարման պատասխանատվությունը կրում են համապատասխանաբար Ներքին գործերի նախարարությունը, օսթանդարին (նահանգապետարանը), ֆարմանդարին (գավառապետարանը), բախշդարին (շրջանապետարանը), դեհդարին (համայնքապետարնը):
Իրանի վարչական միավոր | Անվանումը՝ նախքան 1935թ | Վարչ. տարածքի պատասխանատուն ներկայում | Վարչ. տարածքի պատասխանատուն նախկինում |
երկիր (պետություն) | մամալեքե մահրուսե (հպատակ երկրներ) | Ներքին գործերի նախարար | շահ |
օսթան (նահանգ) | էյալեթ (նահանգ) | օսթանդար (նահանգապետ) | հաքեմ-ե էյալեթի |
շահրեսթան(գավառ) | վիլայեթ (գավառ) | ֆարմանդար և հատուկ ֆարմանդար (գավառապետ) | վալի հաքեմ |
բախշ (շրջան) | բոլուք (շրջան) | բախշդար (շրջանի ղեկավար) | նայեբոլ հոքումե |
դեհեստան (համայնք) | ղասաբե (ավան), բոլուք | դեհդար (դեհեստանի կառավարիչ) | սար-ե բոլուքբաշի |
շահր (քաղաք) | շահր (քաղաք) | շահրդար (քաղաքապետ) | բալադիյե ռաիս |
ռուսթա (գյուղ) | ղարյե (գյուղ) | դեհյար (գյուղապետ) | քեդխոդա |
Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ներքին գործերի նախարարությունը, անհրաժեշտության դեպքում, կարող է Նախարարների խորհրդի համաձայնությամբ սահմանակից գյուղերի, բախշերի կամ շահրեսթանների կցմամբ ու միացմամբ փոփոխել օսթանների վարչատարածքային կազմը և Իսլամական խորհրդատվական խորհրդի՝ Մեջլիսի հավանությամբ նոր օսթան կազմավորել: Նոր օսթանը պետք է ունենա առնվազն 1մլն բնակչություն:
- Օսթանի կենտրոնն է համարվում նույն օսթանի լավագույն քաղաքներից մեկը, որը նահանգի քաղաքական, տնտեսական, մշակութային, բնական ու սոցիալական կենտրոնն է հանդիսանում:
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Gwillim Law Statoids website։ «Provinces of Iran»։ Վերցված է 2006-04-30
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Իրանի վարչական բաժանում (անգլ.)
|