Ադամակերտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Ադամակերտ / Բաշքալե
թուրքերեն՝ Başkale
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՄարզՎան
ԳավառԱղբակի գավառ
Այլ անվանումներԱդամակերտ, Հադամակերտ
Մակերես2727 քառակուսի մետր
ԲԾՄ2320 մետր
Բնակչություն52 544 մարդ (2018)
Ժամային գոտիUTC+3
Փոստային դասիչ65600
Ավտոմոբիլային կոդ65
Պաշտոնական կայքbaskale.gov.tr
Ադամակերտ (Թուրքիա)##
Ադամակերտ (Թուրքիա)

Ադամակերտը (այժմ՝ Բաշքալե, թուրքերեն՝ Başkale, քրդ.՝ Elbak) քաղաք է ներկայիս Թուրքիայի Հանրապետության արևելյան մասում, Վանի մարզում, Վանա լճից 78-80 կմ հարավ-արևելք, Տիգրիսի ձախակողմյան վտակ Մեծ Զավ (Զաբ) գետի վերին հոսանքում, ընդարձակ սարավանդի արևմտյան մասում, ծովի մակարդակից 2250 մ. բարձրության վրա։ Պատմագրության մեջ հիշատակվում է որպես ավան, գյուղաքաղաք և քաղաք։ Կլիման բարենպաստ է, հողն արգավանդ։ Նրա միջով է հոսում Մեծ Զավը։

Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեպագիր արձանագրություններում հիշատակվում է Adamma ձևով։ Ադամակերտ անվանումը ստուգաբանվում է եբրայերեն «Ադամ» և հայերեն «կերտ»։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնում Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Մեծ Աղբակ գավառի կենտրոնն էր, Արծրունիների ոստանը։ Նոր ժամանակներում՝ Վանի նահանգի Աղբակի գավառի կենտրոնը։

Քաղաքի մասին հիշատակվում է դեռևս սեպագիր արձանագրություններում։ Ադամակերտի մասին վկայություն ունեն նաև Մովսես Խորենացին, Ղազար Փարպեցին, Թովմա Արծրունին և այլ պատմիչներ։ Միջին դարերում Ադամակերտն ավելի շեն, մարդաշատ, նշանավոր կենտրոն է եղել, քան հետագայում։ XIX դարում և XX դարասկզբին այն փաստորեն սովորական գյուղական բնակավայրից ոչնչով չէր տարբերվում

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ադամակերտում և համանուն գավառում տեղի են ունեցել մարտեր, որոնցում կարևոր դեր է խաղացել զորավար Անդրանիկը։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX դարի 70-ական թվականների սկզբին ուներ ընդամենը 100 տուն բնակիչ, որից 40-ը հայկական, իսկ 55–ը քրդական, թուրքական և հրեական։ 1885 թվականին ուներ 100 տուն մուսուլման և 150 տուն հրեա բնակչություն։ 1909 թ. քաղաքի տների թիվը մոտ 500 էր։ Ապրում էին հայեր, մուսուլմաններ (քրդեր ու թուրքեր) և հրեաներ։ Գրեթե նույնքան էր նրա տների թիվը նաև Մեծ եղեռնի նախօրյակին։ 1915 թվականին Ադամակերտի հայ բնակչությունը համանուն գավառի ողջ հայության հետ միասին՝ թվով 10 հազար մարդ, օգտվելով բարեպատեհ առիթից (այդ թվականին ռուսական զորքերը գրավել էին Ադամակերտը), գաղթել են Կովկաս՝ փրկվելով կոտորածից։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադամակերտի հայերը հիմնականում զբաղվում էին երկրագործությամբ և վաճառականությամբ, թուրքերն ու հրեաները՝ մանր առևտրով, իսկ քրդերը՝ խաշնարածությամբ։ Հին ժամանակներից ի վեր Ադամակերտով էր անցնում Թավրիզ-Վան-Բաղեշ (Բիթլիս) ճանապարհը։ Չնայած իր փոքրությանը՝ Ադամակերտը XIX դարում և XX դարի առաջին քառորդում առևտրի նշանակալի կենտրոն էր։ Քաղաքի խանութների և կրպակների թիվը հասնում էր 100–ի։

Պատմամշակութային կոթողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադամակերտում եղել է համանուն վանքը, որի պատմությունը մեզ համար մնում է անծանոթ։ Թովմա Արծրունու վկայությամբ, այդ վանքում է հանգչում Վահան Մամիկոնյանի քեռու՝ Աղան Արծրունու (V դար) աճյունը։ Քաղաքը նոր ժամանակներում ուներ փայտաշեն եկեղեցի։

Ադամակերտն ուներ իր բերդը, որի պաշտպանական պարիսպներն ու մյուս կառուցվածքներն ավերել ու քարուքանդ են արել օսմանյան Իսմայիլ փաշայի զորքերը այն քրդերից գրավելու ժամանակ։

Ադամակերտի համար մշակութային առումով կարևոր նշանակություն է ունեցել ս. Բարդուղիմեոսի վանքը, որը գտնվում է 21 - 22 կմ հեռավորության վրա և մեծ դեր է խաղացել միջնադարյան Հայաստանի մտավոր կյանքում։

Քաղաքի տարածքում կար ավերակ հայկական եկեղեցի[1]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX դարի երկրորդ կեսին և XX դարասկզբին Ադամակերտի հայությունն ուներ դպրոց[2]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 600, Բաշկալա
  2. Թ.Խ. Հակոբյան (1987). Պատմական Հայաստանի քաղաքները. Երևան: «Հայաստան». էջ 24-25.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 63