Բագարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Բագարան (այլ կիրառումներ)

Բագարան (Ամուր, Բագրան, Դիցավան, Բաքրան), բերդաքաղաք, պաշտամունքային կենտրոն, Մեծ Հայքի Այրարատ նահանգում, Ախուրյանի և Արաքսի միախառնման շրջանում, Ախուրյան գետի աջ ափին, Մրեն գյուղից հարավ, իսկ պատմական Երվանդաշատ մայրաքաղաքից 8-9 կմ հյուսիս։ Հիշատակվում է նաև իբրև ամրոց, ավան, բերդ, քաղաք։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Մովսես Խորենացու, Բագարանը կառուցել է Երվանդ Դ թագավորը մթա II դ սկզբին, Արմավիրից այնտեղ են տեղափոխվել հեթանոսական կուռքերը, քաղաքի մոտ տնկել անտառ։ Բագարանում քրմապետ է եղել Երվանդի եղբայր Երվազը։ Սակայն Արտաշես Ա-ն, գրավելով թագավորությունը, սպանել է Երվանդին ու Երվազին, կուռքերը Բագարանից տարել Արտաշատ և իր զորավար Սմբատին նվիրել Երվազի 500 ծառաներին։ Սմբատը նրանց բնակեցրել է Մասիսի ստորոտում՝ նոր բնակավայրում, որը նախկինի անունով կոչվել է Բագարան։ Հետագայում Բագարանը կորցրել է իր երբեմնի քաղաքական ու հասարակական դերը։ Միայն IX դ, երբ Աշոտ Բագրատունի Մսակերը գնեց Կամսարականների տիրույթները, Բագարանը դարձավ նախարարական ոստան։ IX դարի վերջին Բագարանը Բագրատունիների նորաստեղծ պետության մայրաքաղաքն էր։ Այստեղ էր Բագրատունիների տոհմական դամբարանը։ Բագրատունյաց թագավորության անկումից հետո Բագարանը նորից անշքացավ։ 1048 թվականին Բագարանը զավթեցին սելջուկները, որոնք ավերեցին քաղաքը, կոտորեցին բնակչությունը։ XII դ սկզբին այն գրավեցին Շահ–ի–Արմենները, իսկ 1211 թվականին՝ ազատագրեցին հայ–վրացական զորքերը։ 1394 թվականին Լենկթեմուրի հորդաները ավերի ու կողոպուտի մատնեցին Բագարանը։

Պատմամշակութային կոթողները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի մայրաքաղաքները

Բագարանում հայտնի են հայկական երեք եկեղեցի՝ ս. Թեոդորոս, ս. Գևորգ, ս. Շուշան։ Դրանցից առաջինը, որը մեր օրերն է հասել կանգուն վիճակում, բայց առանց գմբեթի, կառուցվել է VII դարում։ Այն հիմնադրվել է Բուտ Առավելյան իշխանը 624 թ., իսկ կառուցումն ավարտել է նույն իշխանի կինը՝ Աննան 631 թ.։ Ներքուստ ու արտաքուստ խաչաձև այդ եկեղեցին իր կառուցվածքով հարում է Էջմիածին տաճարին և համարվում է հայկական եկեղեցական ճարտարապետության եզակի կոթողներից մեկը։ Օտարերկրյա հեղինակավոր մասնագետների կարծիքով ս. Թեոդորոս տաճարի կառուցվածքային տարրերը Բյուզանդիայի միջոցով անցել են Եվրոպա և իրենց ազդեցությունը թողել Հունաստանի, Իտալիայի և Ֆրանսիայի մի ամբողջ շարք եկեղեցիների վրա։ Հին ու ակնահաճո կառուցվածք ունի նաև ս. Գևորգ եկեղեցին, որը գտնվում էր բերդի հյուսիսային կողմում և գավառի բնակչության նշանավոր ուխտատեղներից էր՝ կառուցված Պետրոս Գետադարձ կաթողիկոսի և ՀովհաննեսՍմբատ թագավորի օրոք 1030 թ., իսկ ս. Շուշանը հավանաբար կառուցվել էր ավելի ուշ։ Բագարանի եկեղեցիների վրա նշմարված են ավելի քան 10 արձանագրություններ, որոնց թվում են նաև 956 ու 1034 թվականների արժեքավոր երկու արձանագրությունները։ Վերջինիս մեջ հիշատակվում է Վահան անունով մի քահանա, որ իրեն անվանում է «գծող»։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]