Մակու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մակու (այլ կիրառումներ)
Քաղաք
Մակու
ماكو
Panorama makou edit.jpg
Մակու քաղաքի համայնապատկեր
ԵրկիրԻրան Իրան
ՕսթանԱրևմտյան Ադրբեջան
ԲԾՄ1634 մ մ
Պաշտոնական լեզուՊարսկերեն
Բնակչություն46 581 [1] մարդ (2016)
Ագլոմերացիաքրդեր, ադրբեջանցիներ, հայեր
Ժամային գոտիUTC+3:30
Պաշտոնական կայքmakucity.com/cm/
##Մակու (Իրան)
Red pog.png

Մակու (պարսկերեն՝ ماکو, քրդ.՝ Mako), քաղաք Իրանում, Արևմտյան Ադրբեջան նահանգի հյուսիս-արևմտյան մասում, Մակու շահրեստանի կենտրոնը։ 2016 թ. բնակչությունը կազմել է 46 581 մարդ[1]։

Գտնվում է Թուրքիայի սահմանից 13 կմ հեռավորության վրա, Փոքր Մասիս լեռնագագաթից մոտ 40 կմ հարավ, երկու լեռնաշղթայի արանքում, զառիթափ լեռնալանջի վրա` կիրճի մեջ։ Քաղաքի միջով հոսում է Զանգմար գետը։ Տարբեր ժամանակներում եղել է տարբեր կարգի բնակավայր՝ գյուղ, բերդավան, բերդաքաղաք, գյուղաքաղաք։

Անվան ստուգաբանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնագույն ժամանակներում կոչվել է Շավարշան կամ Շավարշական՝ ինչպես կոչվել է նաև գավառը, իսկ հետագայում, Մովսես Խորենացու վկայությամբ, գավառը կոչվել են Արտազ՝ Ալանքի համանուն գավառի անունից, որտեղից բավական թվով բնակիչներ էին եկել ու հաստատվել Վասպուրականի այդ գավառում, վերջինս էլ կոչել իրենց հին գավառի անունով՝ Արտազ (երբեմն գործածվել է նաև Արտաժ ձևով)։ Ենթադրվում է, որ Մակուն մանքու բառի աղավաղված ձևն է, իսկ վերջինս պարսկերեն նշանակում է երկու ժայռի արանք։ Կոչվել է նաև Մանքու կամ Կապան-կալեսի։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մակուն միշտ վարչական կենտրոն է եղել։ Հնում այն Մեծ Հայքի Վասպուրական աշխարհի Արտազ գավառի կենտրոնն էր, իսկ XVI դարից համանուն խանության կենտրոնը։ Ենթադրվում է, որ հնում Ամատունի նախարարների ոստանն էր և դժվար է ասել, թե երբ է դադարել այդպիսին լինելուց։ Ավելի վաղ ժամանակներում (մ.թ.ա. VIII-VII դարեր) Մակուի շրջակայքում տարածվում էր Ռուսայի քաղաքի երկրամասը և բացառված չէ, որ ուրարտական այդ քաղաքն էլ համապատասխանում է հետագայի Մակուին։

Մակուի բերդը հիշատակում են Սեբեոսը, Ղևոնդ Երեցը, Թովմա Արծրունին, Թովմա Մեծոփեցին, Գրիգոր Դարանաղցին և այլ մատենագիրներ։ Ենթադրվում է, որ այդ բերդը հիմնադրվել է VII-VIII դարերում, Առաքել Դավրիժեցին (XVII դար) վկայում է, որ Մակուի բերդը գրավել ու ավերել է Շահ-Աբաս 1-ինը XVII դարի սկզբին։

Մակուում վիմագիր կոթողի վրա հայտնաբերված է ուրարտական Ռուսա Բի մի սեպագիր արձանագրությունը։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջին դարերում, ընդհուպ մինչև XVII դարը ներառյալ, Մակուն ուներ միատարր հայ բնակչություն։ 1829-1830 թվականներին նրա հայ բնակչության մի մասը 1826-1828 թվականներին ռուս-պարսկական պատերազմից հետո կազմակերպված ընդհանուր գաղթի ժամանակ ապաստան է գտել Ռուսաստանին միացված Արևելյան Հայաստանում։ Նոր ժամանակներում Մակուն ընդհանրապես սակավամարդ բնակավայր է։ XIX դարի վերջերին քաղաքն ուներ 400 տուն, իսկ XX դարի սկզբին ընդամենը 300 տուն բնակիչ, որոնց մեծ մասը կազմում էին պարսիկներն ու թուրքերը։ Հայերը, որ մոտավորապես 80 տուն էին, բնակվում էին Էրմենիստան կոչված առանձին թաղամասում։ Ներկայումս բնակչությունը կազմում է 47.115 մարդ, հիմնականում ադրբեջանցիներ, կան նաև քրդեր և հայեր։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մակուի հայ բնակչությունը հիմնականում զբաղվում էր արհեստագործությամբ։ Առանձնապես տարածված արհեստ էր զինագործությունը։ Նրանք զբաղվում էին նաև մանրածախ առևտրով։ Քաղաքը գտնվում է Կարին-Խոյ-Թավրիզ ճանապարհի վրա և համարվում էր տարանցիկ կետ այդ ճանապարհով կատարվող միջազգային առևտրի համար։ Մակուի բնակչության զգալի մասի հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն էր երկրագործությունը, այգեգործությունը և անասնապահությունը։

Ականավոր մակվեցիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թ. Ավդալբեկյան - պատմաբան, բանասեր, թարգմանիչ, բառարանագիր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թ.Խ. Հակոբյան (1987)։ Պատմական Հայաստանի քաղաքները։ Երևան։ «Հայաստան», էջ 183-186։