Jump to content

Թովմա Արծրունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Արծրունի ազգանունով այլ մարդկանց մասին։
Թովմա Արծրունի
Ծնվել էանհայտ[1]
Մահացել է10-րդ դար
ՔաղաքացիությունՀայաստան
Մասնագիտությունպատմաբան և ժամանակագիր
Տիրապետում է լեզուներինհայերեն
 Tovma Artsruni Վիքիպահեստում

Թովմա Արծրունի (անհայտ[1] - 10-րդ դար), IX-X դդ. հայ պատմիչ, գրել է «Պատմություն Արծրունյաց տան» երկասիրությունը։ Ներկայացնում է Հայաստանի և Վասպուրական նահանգի պատմությունը Արծրունիների նախարարական տան պատմության պրիսմակի տակ։ Երկը արժեքավոր աղբյուր է ոչ միայն Հայաստանի, այլև հարևան երկրների պատմության համար։ Հեղինակը սկսում է վաղ ժամանակներից՝ հասցնելով շարադրանքը մինչև մ.թ. 9-րդ դարի վերջ։ Նրանից հետո երկը շարունակում են մի քանի անանուն հեղինակներ, որոնք հասցնում են շարադրանքը մինչև 1370-ական թվականները։

9-րդ դարում Բագրատունիների գլխավորությամբ հայկական կենտրոնական և քաղաքականապես անկախ պետականության ստեղծումը հսկայական նշանակություն ունեցավ ֆեոդալական հարաբերությունների զարգացման համար: Սոցիալ-տնտեսական հարաբերությունների այդ փուլում առանձին խոշոր երկրամասերում՝ Սյունիքում, Վասպուրականում, Գուգարքում իշխող նախարարությունները ոչ միայն սկսեցին աստիճանաբար ընդարձակել իրենց սեփականատիրական և ռազմական իրավունքները, այլև ցուցադրել կենտրոնական իշխանությունից անջատվելու և անկախ ֆեոդալական միավորումներ ստեղծելու բացահայտ ձգտում: Եվ եթե այդ երևույթները 9-րդ դարի վերջերին միայն անորոշ կերպով ուրվագծվում էին խոշոր նախարարական տոհմերի փոխհարաբերությունների մեջ, ապա 10-րդ դարում, դժբախտաբար, դարձան անողոք իրականություն:

Այդ ժամանակ Հայաստանի քաղաքական կյանքում ազդեցիկ դիրք ձեռք բերած Բագրատունիներին գրեթե զուգահեռ գործում էին հատկապես Արծրունիները, որոնք իրենց բացարձակ գերիշխանությունն էին հաստատել Վասպուրականի նման ընդարձակածավալ երկրամասում: Արծրունիներն իրենց քաղաքական ակտիվությունն ուժեղացրին հատկապես Գրիգոր-Դերենիկի և նրա որդու՝ Գագիկի ժամանակ, երբ Վասպուրականն անջատվեց Բագրատունիներից և դարձավ առանձին ֆեոդալական թագավորությունը՝ 908թ.: Հայաստանի և հայ ժողովրդի պատմության հետ ընդհանուր առնչություններ ունենակով հանդերձ, Վասպուրականն այսուհետև բռնեց զարգացման ինքնուրույն ուղի, իսկ նրա գահակալները, որոնք երբեմն-երբեմն իրենց համարում էին հայկական կենտրոնական թագավորության օրինական տերեր, ամեն ջանք գործադրում էին Արծրունիների տոհմի այսպես ասած մեծությունն ու առաջնությունը շեշտելու համար: Հենց տոհմական այսպիսի նախանձախնդրությունից էլ բխում է Թովմա Արծրունու «Պատմութիւն տանն Արծրունեաց» գրքի հանդես գալը:

Թովմա Արծրունու մասին կենսագրական տեղեկությունները նույնպես շատ աղքատիկ են, բացի այն, որ պատմիչը պատկանում է Արծրունիների տոհմին։ Նրա պատվիրատուն հանդիսացել է Վասպուրականի իշխան Գրիգոր-Դերենիկը, որը սպանվել է 880-ական թվականների կեսերին: Դրանից կարելի է եզրակացնել, որ Թովման իր գիրքը սկսել է շարադրել 880-ական թվականների սկզբներից: Եվ քանի որ պատմիչը այլ առիթներով իր գրքի տարբեր մասերում որպես պատվիրատու հիշատակում է նաև Գրիգոր-Դերենիկի որդու՝ Գագիկ Արծրունու անունը, ուրեմն ԳրիգորԴերենիկի մահից հետո Թովմա Արծրունու մեկենասի դերը ստանձնում է Գագիկը: Այստեղից հետևում է նաև, որ պատմիչը իր գիրքը շարադրել է բավականին երկար ժամանակահատվածում՝ 25-30 տարում: Անշուշտ, Թովմա Արծրունին եղել է իր ժամանակի կրթված, բանիմաց ու աչքի ընկնող հոգևորականներից, որ իրենց երկրամասի ու տոհմի պատիվը բավական բարձր գնահատող երկու նշանավոր իշխաններ նրան են հանձնարարել գրել Արծրունիների պատմությունը՝ սկզբից մինչև իրենց ժամանակները:

Ինչպես միջնադարյան մյուս հեղինակները, այնպես էլ Թովմա Արծրունին իր գիրքը շարադրելու ընթացքում հանդիպել է լուրջ դժվարությունների: Հատկապես անհրաժեշտ աղբյուրների որոնման, հայթայթման և ընտրության գործում նա շատ է չարչարվել:

Թովմա Արծրունին ծանոթ է այլազան սկզբնաղբյուրների՝ թե գրավոր, թե բանավոր-ժողովրդական։ Նա հիշում է նաև օտար մատենագիրների՝ Արիստոնիկոս Քաղդեացուն, Եվսեբիոս Կեսարացուն, Հուլիանոս Հալիկառնասցուն, Փիլոն Ալեքսանդրացուն, Հովսեփոս Ֆլավիոսին, Հերոդոտոսին և ուրիշներին, օգտվել է Մովսես Խորենացուց, Ագաթանգեղոսից, Աբրահամ Խոստովանողից, Ղազար Փարպեցուց, Մամբրե Վերծանողից, Թեոդորոս Քերթողից, Կորյունից, Եղիշեից և ուրիշներից։

«Արծրունյաց տան պատմություն»-ը բաղկացած է չորս մասերից։ Առաջին դպրությունն սկսվում է հին ժամանակներից և հասցվում մինչև V-րդ դարի կեսերը։ Երկրորդ դպրությունը սկսվում է Վարդանանց պատերազմի նկարագրությամբ և հասցվում է մինչև 851-852 թվականները Արաբական խալիֆայության դեմ հայերի ապստամբության նկարագրությունը։ Թովմա Արծրունու երկասիրության կարևորագույն բաժինն է երրորդ դպրությունը, որը անգնահատելի նշանակություն ունի 9-րդ դարի երկրորդ կեսի Հայոց պատմության լուսաբանման համար։ Թովմա Արծրունու երկը հանկարծակի ընդհատվում է երրորդ մասի ԻԹ (29)-րդ գլխի վրա, որը մեզ է հասել անավարտ տեսքով։ Այն շարունակել է ոմն Անանուն պատմիչը, բայց Անանունի երկի վերնագիրը, սկիզբն ու վերջը նույնպես պակասում են։

Պատմութիւն տանն Արծրունյաց» աշխատության երկրորդ դպրության 5-րդ գլխից սկսվում են աղբյուրագիտական առանձնահատուկ հետաքրքրություն ներկայացնող 840- ական թվականներից մինչև 860-ական թվականների դեպքերի՝ Աբուսեթի, Յուսուֆի, Բուղայի Հայաստան կատարած արշավանքների, արաբների վարած հարկային ու հողային քաղաքականության, օտար նվաճողների դեմ հայ ժողովրդի մղած անհավասար ու հերոսական պայքարի, արաբական իշխանությունների թուլացման և հայկական ֆեոդալական մի քանի նախարարությունների հզորացման և այլ ու այլ հարցերի մասին եղած մանրամասն նկարագրությունները:

Արծրունին թեև ունի տոհմական որոշ սնապարծություն, որի պատճառով էլ երբեմն գերագնահատում կամ աշխատում է սքողել իր տոհմակիցների՝ Արծրունյաց տան վատ արարքները, մանավանդ երբ խոսքը վերաբերում է Արծրունիների և մյուս նախարարների փոխհարաբերություններին, տեղ-տեղ էլ քննադատում ու պախարակում է վախկոտներին, անհեռատեսներին, դավաճաններին: Չնայած կրթված ու հայրենասեր պատմիչ լինելուն, Թովմա Արծրունու վրա նույնպես ուժեղ է ժամանակի տիրապետող աշխարհայացքի ազդեցությունը: Նա ևս, ինչպես իր նախորդները, ամեն ինչ փորձում է բացատրել կրոնական տեսանկյունից և Աստվածաշնչի սկզբունքներով: Հեղինակը թեև իր աշխատության մեջ քիչ ուշադրություն է դարձնում ժամանակագրության հարցերին, սակայն հիշատակված թվականները մեծ մասամբ ճիշտ են ու վստահելի, իսկ շատերն էլ հաստատվում են օտար աղբյուրների տվյալներով:

Պատմության գրաբար բնագիրը լույս է տեսել 1852 թվականին Կ.Պոլսում։ Թովմա Արծրունու երկը թարգմանվել է մի շարք լեզուների՝ ֆրանսերեն (1874), որի թարգմանությունը իրականացրել է արևելագետ Մ. Բրոսսեն, անգլերեն (1985), ռուսերեն (2001)։ Աշխարհաբար թարգմանությունը (թարգմանիչ՝ Վրեժ Վարդանյան) լույս է տեսել 1978 թվականին, վերահրատարակվել է՝ 1999 թվականին։

Բարձր են նաև «Պատմութիւն տանն Արծրունյաց» աշխատության գեղարվեստական արժանիքները: Թովմա Արծրունին հավատարիմ մնալով միջնադարյան հայկական պատմագրության ավանդներին, ինքն էլ է իր գիրքը շարադրում գեղարվեստական շնչով ու երանգավորումներով, հատկապես այն պահերին, երբ խոսքը վերաբերում է հայ ժողովրդին հարստահարողմներին, հայերի մղած հերոսական կռիվներին ու առանձին հերոսների: Հեղինակի գրքի այդ հատվածներում անժխտելիորեն զգացվում է հատկապես Եղիշեի ոճական ազդեցությունը:

Աշխատություններ և թարգմանություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Թովմա վարդապետ Արծրունի, Պատմութիւն Տանն Արծրունեաց, Կ.Պոլիս, 1852
  • Պատմություն Արծրունյաց տան / Թովմա Արծրունի և Անանուն; Թարգմ. և ծանոթագր.՝ Վ.Մ. Վարդանյան; Խմբ. կազմ՝ Ա.Ա. Աբրահամյան և ուրիշ.; Խմբ.՝ Ռ.Գ. Սարգսյան. - Երևան։ Սովետական գրող, 1978. - 406 էջ։
  • Товма Арцруни и Аноним. История дома Арцруни. Перевод с древнеарм., вступит. статья и комментарий М. О. Дарбинян-Меликян. Ер., 2001

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թովմա Արծրունի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 201