Առաքել Բաղիշեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առաքել Բաղիշեցի
Ծնվել էմոտ 1380[1]
ԾննդավայրՊոռ, Բաղեշ, Բիթլիսի էմիրաթ[1]
Մահացել է1454[1]
Ազգությունհայ
Մասնագիտությունբանաստեղծ, մատենագիր, ուսուցիչ, երաժիշտ և հասարակական գործիչ

Առաքել Բաղիշեցի (այլ անվամբ՝ Առաքել Պոռեցի, մոտ 1380[1], Պոռ, Բաղեշ, Բիթլիսի էմիրաթ[1] - 1454[1]), հայ տաղերգու, երաժիշտ, հասարակական–եկեղեցական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Վասպուրականի Պոռ գյուղում։ Աշակերտել է Գրիգոր Խլաթեցուն, նրա եղերական մահվան առթիվ գրել է «Եղերգութիւն ի մահ նահատակութեան Ծերենց Գրիգորի վարդապետի Խլաթեցւոյ» (1425) և «Պատմութիւն քաջ և տիեզերալոյս վարդապետին մերոյ Գրիգորի Խլաթեցոյ Ծերենցն» (1426)։

Ստեղծագործական աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ա. Բաղիշեցու ստեղծագործության մեջ դրսևորվել է օտար բռնակալությունից հայերի ազատագրման ու պետականության վերականգնման գաղափարը։ Հայ ժողովրդի քաղաքական տրամադրությունները լիարժեք է արտացոլել առանձնապես «Ողբ մայրաքաղաքին Ստըմպօլայ» (1453) պատմա–քաղաքական պոեմը՝ գրված Կ.Պոլիսը թուրքերի կողմից գրավելու առթիվ[2]։ Ա. Բաղիշեցին ողբացել է բյուզանդական մայրաքաղաքի աղետալի ներկան, բայց խոր հավատ է արտահայտել, որ գալու է նվաճված ժողովուրդների, մասնավորպես՝ հայերի ու հույների, ազատագրության բաղձալի օրը։ Պոեմը միջնադարյան հայկական պոեզիայի լավագույն նմուշներից է։ Թարգմանվել է ռուսերեն[3] և ֆրանսերեն։

Ա. Բաղիշեցին գրել է նաև պոեմներ՝ նվիրված հայ եկեղեցու գործիչներին ու քրիստոնեության տարածմանը Հայաստանում («Պատմութիւն սրբոյն Գրիգորի մեր լուսաւորչին...», «Ներբողեան տաղաչափական ի վերայ վարուց Մեծին Ներսէսի...»)։

Ա. Բաղիշեցին հայ հոգևոր երաժշտա–բանաստեղծական արվեստի զարգացման դասական շրջանի ավանդույթներն կապված վերջին ստեղծագործողներից է։ Գրիգոր Խլաթեցուն աշակերտած լինելու պարագան ցույց է տալիս, որ եղել է նաև խազագետ։ Տաղաչափել է Հովասափի և Բարաղամի մասին վարքաբանական միջնադարյան վեպը («Տաղ Յովասափու», 1434), որը հատուկ տեղ է գրավում հայ երաժշտության պատմության մեջ։ Ինչպես երևում է ստեղծագործության հիշատակարանից և խազավոր ձեռագրերում հանդիպող մի շարք բնորոշ ցուցումներից, այն եղանակներով (ասերգի ձևով) պատմվել ու հատվածաբար երգվել է։ Հորինել է տաղեր, գանձեր, ողբեր ու այլ երգեր, որոնք ցրված են գրչագիր ժողովածուներում և դեռ ուսումնասիրված չեն երաժշտական առումով։

Ա. Բաղիշեցին, որպես եկեղացական, հավատարիմ մնաց քրիստոնեական վարդապետությանը, որպես բանաստեղծ՝ կյանքի պահանջներին ու ժամանակի ոգուն։ Նա գրաբարից չի հրաժարվել, բայց, հատկապես պոեմներում, լեզուն մոտեցրել է ժողովրդական լեզվամտածողությանը, նպաստել է գրականության աշխարհականացմանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 533
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առաքել Բաղիշեցի» հոդվածին։