Ծնվել է 1926 թվականի դեկտեմբերի 15-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Ստեփանակերտի (այժմ՝ Ասկերանի) շրջանի Դահրավ գյուղում։ Ծագում է իշխանական տոհմից։ Նրա առաջին բանաստեղծությունը լույս է տեսել 1943 թվականին «Սովետական Ղարաբաղ» թերթում։ Շուշիի մանկավարժական ուսումնարանն ավարտելուց հետո 1945 թվականին ընդունվել և 1950 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը։ 1952-1954 թվականներին եղել է Ղափանի շրջանի ժողովրդական կրթության բաժնի վարիչը։ Միաժամանակ հայոց լեզու և գրականություն է դասավանդել Ղափան քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցում։ 1955-1959 թթ. աշխատել է Ղափանի «Պղնձի համար» և «Քաջարան» թերթերի խմբագրություններում։ 1960-1965 թվականներին աշխատել է Հայկական հեռագրական գործակալությունում (այժմ՝ Արմենպրես) որպես թղթակից, բաժնի վարիչ։ 1964-1965 թվականներին եղել է Արմենպրեսի գլխավոր խմբագիրը, 1965-1971 թվականներին՝ «Հայրենիքի ձայն» թերթի խմբագրի տեղակալը։ 1971 թվականից մինչև իր մահը աշխատել է Հայկական սովետական հանրագիտարանի գլխավոր խմբագրությունում՝ սկզբում որպես գիտական և գրական հսկողության բաժնի վարիչ, 1976-1979 թվակններին եղել է Հայկական սովետական հանրագիտարանի պատասխանատու քարտուղարն ու գլխավոր խմբագրի տեղակալը։ 1979 թվականից՝ պատասխանատու քարտուղարը։ ԽՄԿԿ անդամ 1953 թվականից։ Մահացել է 2001 թվականի վերջին 75 տարեկանում։
Առաջին գիրքը («Տիգրան Մեծ») լույս է տեսել 1967 թվականին։ Երևանի հիմնադրման 2750-ամյակին է նվիրված «Էրեբունի» վեպը (1968)։ Այնուհետև տպագրվել են «Տիգրան Մեծ» (Ա և Բ մասերը մեկ գրքով, 1972), «Արտավազդ» (1975 թ.), «Արտաշես» (1980 թ.), «Քերթողահայրը» (1985), «Խաշխաշ» (1987), «Երվանդ Սակավակյաց» (1989), «Տրդատ Մեծի խաչը» (1996), «Վաչագան» (1998), «Գրիգոր Մագիստրոսի վերջին թուղթը» (1999) «Կիլիկյան Հայաստանի երևելիները» (2001), «Հայոց առաջին արքան» (2005 թ.) պատմավեպերը, «Վանատուր» (1978), «Հացապատում» (1984), «Սոսյաց անտառ» (1988), «Արքայապատում» (1996), «Հայոց թագուհիները» (1998), «Հայոց հնօրյա զվարճախոսները» (2005), «Հազարագիտարան» (2003), «Հայուհիներ։ պրակ Ա (2001)», պատումաշարերը։ Գրել է նաև Հայաստանի սովետական գրողների միության «Գրական տեղեկատու» (1975 թ., երկրորդ հրատ.` 1981, երրորդ հրատ.` 1986) և «Հայկական օրացույցների և տարեցույցների մատենագիտություն. 1513-1973» (1976) գրքերը։ Դեռևս անտիպ են Հայկ Խաչատրյանի «Թեժ եկեղեցի», «Նեմրութի գաղտնիքը», «Հայոց աստվածների Ամանորը» պատմավեպերը, «Հայ բարերարներ», «Հայուհիներ։ պրակ Գ», «Հայոց ամենախելոք խոսքը» պատումաշարերը և այլ գործեր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 20)։