Գրիգոր Խլաթեցի (Ծերենց)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գրիգոր Խլաթեցի
հայ․՝ Գրիգոր Խլաթեցի
Grigor Khlatetsi.jpg
Ծնվել է1349
Մահացել է1425
Ազգությունհայ
Մասնագիտությունգիտնական

Գրիգոր Խլաթեցի (Վկայասեր, Ծերենց, Բզնունեցի) (1349, Խլաթ, Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Բզնունիք գավառ – 1425 թ. մայիսի 27, Ցիպնավանք), նոր վկա, մատենագիր, մանկավարժ, բանաստեղծ, երաժիշտ, հասարակական գործիչ, րաբունապետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1349 թվականին Խլաթում: Նախնական կրթությունն ստացել է Խլաթում։ Սովորել է Ցիպնավանքի Վարդան Ճգնավորի դպրոցում (1361–1367 թթ.)։ 1367–1377 թվականներին զբաղվել է քարոզչությամբ։ 1378–1386 թվականներին Ապրակունյաց դպրոցում Գրիգոր Տաթևացու հետ աշակերտել է Հովհան Որոտնեցուն, 1386–1388 թվականներին Խառաբաստավանքի դպրոցում՝ Սարգիս Վարդապետ Ապրակունեցուն։ 1388 թվականից դասավանդել է նույն դպրոցում, այնուհետև մեկնել է Սալնապատ, որտեղ 1406 թվականից որպես րաբունապետ հաջորդել է մեծ ճգնավոր Վարդան վրդ. Հոգոցեցուն։

Հետևելով Գրիգոր Տաթևացուն՝ 1408 թվականին տեղափոխվել է Մեծոփավանք (1410 թվականից՝ րաբունապետ)։ Կարճ ժամանակ անց առանձնացել է Ցիպնավանքում, հիմնել իր դպրոցը, շարունակել գիտամանկավարժական, գրչական գործունեությունը։ Նրա աշակերտներից են Հովհաննեսը, Կարապետը, Թովման, Ստեփանոսը, Առաքել Բաղիշեցին։ Վերջինս ուսուցչի մահից հետո տաղ է ձոնել նրան։ Գրիգոր Խլաթեցին արտագրել է ձեռագրեր, գրել և խմբագրել ժողովածուներ, շարադրել վարքեր, մեկնություններ, պատմական երկեր։ Հիշատակության արժանի է 1422 թվականին նրա գրած Գանձարանի չափածո հիշատակարանը, որն ընդգրկում է 1386–1422 թվականների պատմական իրադարձությունները Հայաստանում։ Միջնադարում բարձր է գնահատվել Հայսմավուրքի խմբագրման Գրիգոր Խլաթեցու շուրջ կեսդարյա աշխատանքը։ Հայսմավուրքը նա լրացրել և հարստացրել է պատմագրքերից վերցված՝ հայ ժողովրդի կյանքին վերաբերող նյութերով, գրել և լրացումներ արել նոր վկաների մասին, որի համար արժանացել է Վկայասեր անվանը։ Նրա շնորհիվ Հայսմավուրքը մասամբ ձեռք է բերել հայ ժողովրդի պատմության սկզբնաղբյուրի արժեք։

Գրիգոր Խլաթեցին 70 տարեկան հասակում ուխտի է գնացել Երուսաղեմ։ 1391 թվականին ընդօրինակել է Ոսկեփորիկ գիրքը, 1399–1400 թվականներին՝ խմբագրել Գանձարան ժողովածուն, 1404–1406 թվականներին՝ Ճառընտիրը (Մատենադարան, ձեռ. դդ 1520, 1521)։ Նրա բանաստեղծություններից հայտնի է «Յիշատակարան աղէտից»-ը, որտեղ որպես ականատես և ժամանակակից անդրադարձել է 1386–1422 թվականների քաղաքական իրադարձություններին։

Գրիգոր Խլաթեցին եղել է նաև մանրանկարիչ։ Նրա ինքնագրերով մեզ են հասել տասնյակ ձեռագրեր, որոնց մի մասը (Մատենադարան, ձեռ. դդ 1520, 1521, 3714) նկարազարդված է իր իսկ ձեռքով։ Գրիգոր Խլաթեցին վայելել է հմուտ երգիչ կատարողի համբավ։ Եղել է երաժիշտ, գանձասաց, տաղասաց։ Հավաքել է մոռացության մատնված և ժամանակակիցների շատ ստեղծագործություններ, որպես խազագետ-գրիչ և տեսաբան-խմբագիր կազմել երգարաններ։ Նրա գրական գործերից երաժշտածիսագիտական նշանակություն ունեն «Խրատ ժամատեղաց» և «Գովութիւն Սաղմոսի» գրվածքները։ Հայ միջնադարյան հոգևոր երգարվեստի պատմական հեղաշրջման որոշ հարցերի լուսաբանման համար կարևոր են նրա կազմած Գանձարանները (Մատենադարան, ձեռ. դդ 8366, 4011 և 5328)։ Գրիգոր Խլաթեցին տվել է Գանձարանի նոր խմբագրություն (նաև խազավորման իմաստով), ավելացրել նոր միավորներ, ստեղծել գանձ-մեղեդի-տաղ-հորդորակ նոր շարքեր, կորստից փրկել մի շարք հին գործեր։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: CC-BY-SA-icon-80x15.png