Ցիպնավանք
Ցիպնավանք | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Թուրքիա |
Տեղագրություն | Արծկե |
Տարածաշրջան | Տուրուբերան |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Ճարտարապետ | Վարդան Ճգնավոր |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Հիմնադրված | 14-րդ դար |
Ցիպնավանք կամ Դաստակ[1], հայկական առաքելական եկեղեցի, որը գտնվում է Արևմտյան Հայաստանում, Տուրուբերան աշխարհում, Արծկե քաղաքից հարավ, Վանա լճի Ցիպան (Ծիպան) կղզու հարավում։ Եղել է միջնադարյան հայկական կրթական և գրչության կենտրոններից մեկը։
Անվանումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ ավանդության` այստեղ է պահվել Ստեփանոս Նախավկայի դաստակը, որից էլ առաջացել է վանքի անվանումը՝ Դաստակ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]14-րդ դարի կեսերին Ցիպնավանքում հիմնադրվել է բարձր տիպի դպրոց՝ Ցիպնավանքի դպրոց, որը կառուցել է Վարդան Ճգնավորը՝ Հերմոնի համալսարանի Տիրատուր րաբունապետի սանը[2]։ Գրիգոր Խլաթեցու րաբունապետությամ օրոք 1406-ին Ցիպնավանք է տեղափոխվել Խառաբաստավանքի վարդապետարանը, որը շուտով փակվել է։ Հետագայում Ցիպնավանքում Գրիգոր Խլաթեցին հիմնել է դպրոց, որտեղ գիտամանկավարժական բեղուն գործունեություն է ծավալել, խմբագրել է Հայսմավուրք, Տոնական, Գանձարան ժողովածուները, ինչպես նաև ընդօրինակել բազմաթիվ ձեռագրեր, որոնցից մի քանիսը (NN 3440, 3414, 5328, 8366 և այլն) պահպանվում են Մատենադարանում։ Գրիգոր Խլաթեցին խմբագրել է Հայսմավուրքը, թողել է շոշափելի մատենագրական ժառանգություն (օր․՝ «Յիշատակարան աղետից» չափածո երկը)։ Նա նահատակվել է Ցիպնավանքում 1425 թվականին, նվաճողների հարձակման ժամանակ։ Ցիպնավանքում Գրիգոր Խլաթեցու աշակերտներից Հովհաննեսը, Կարապետը, Թովմա Մեծոփեցին, Առաքել Բաղիշեցին գրել են իրենց ուսուցչի վարքը։ Հետագայում ջրի մակարդակի բարձրացման արդյունքում և´ կղզին, և´ վանքը անցել են ջրի տակ։ Երբեմնի շեն վանքից այժմ նշմարվում են ավերակներ[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Roberson, Ed (2002). «Stand-In Invocation». Callaloo. 25 (4): 1027–1028. doi:10.1353/cal.2002.0165. ISSN 1080-6512.
- ↑ «Ցիպնավանք | armenianreligion.am». www.armenianreligion-am.armin.am. Վերցված է 2022 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «ՀԱՅԿԱԿԱՆ ԳՐՉՕՋԱԽՆԵՐ». www.armenianscriptoria.com. Վերցված է 2022 թ․ հուլիսի 19-ին.