Մխիթար Գոշի դատաստանագիրք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մխիթար Գոշի դատաստանագիրք
ՀեղինակՄխիթար Գոշ
Տեսակգրական ստեղծագործություն
Բնօրինակ լեզուհայերեն
Ստեղծման տարեթիվ1184
ՎիքիդարանՄխիթար Գոշի դատաստանագիրք

Մխիթար Գոշի դատաստանագիրք, միջնադարյան Հայաստանի ֆեոդալական իրավունքի հավաքածու, որը կազմել է Մխիթար Գոշը 12-րդ դարի վերջում։ Ճիշտ անվանումն է «Գիրք Դատաստանի»։

Բացի այս, Մխիթարի աշխատություններում ներառվել են նաև այլ հեղինակների աշխատանքներ, օրինակ Մխիթար Գոշին չեն պատկանում սիրիա-հռոմեական օրենքների թարգմանությունները, որոնք ներառված են դատաստանագրքում։

Օրենքի ուժ որևէ պետության մեջ դատաստանագիրքը ստացել է 13-րդ դարում Կիլիկիայի հայկական թագավորությունում։ 16-րդ դարում այն ընդունվել է Լեհաստանի թագավոր Սիգիզմունդ I-ի կողմից հայկական Լվովի, Կամենեց-Պոդոլսկի և այլ քաղաքների գաղութների համար։ Դատաստանագրքի առանձին հատվածներ թարգմանվել են լատիներեն, լեհերեն, թաթարերեն լեզուներով։ 18-րդ դարում Մխիթար Գոշի դատաստանագիրքը մտել է վրացական օրենքների մեջ, դրանք հայտնի են իբրև Վախթանգի օրենքների ժողովածու (օրենքների ժողովածու, որը կազմվել է Վրաստանի Վախթանգ թագավորի կողմից), ժողովածուն շարունակում էր գործել նույնիսկ այն ժամանակ, երբ Վրաստանը անցավ Ռուսաստանի կազմի մեջ։

Դատաստանագիրքը պահպանվել է բազմաթիվ հայկական ձեռագիր աղբյուրներում, որոնք այժմ պահպանվում են Երևանի Մատենադարանում Վենետիկի, Վիեննայի, Բեյրութի, Փարիզի և այլ հայտնի գրադարաններում և մատենադարաններում։

Ձեռագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պահպանվել են բազմաթիվ ձեռագրեր (շուրջ 40-ը՝ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում)։ Գրվել է դասակարգային հակասությունները մեղմացնելու, ժողովրդի ազգային-ազատագրական ոգին բարձրացնելու նպատակով։ Հայտնի են դատաստանագրքի Ա, Բ, Գ խմբագրությունները։ Ա խմբագրությունը բաղկացած է նախադրությունից և բուն դատաստանագրքից (251 հոդված)։ Բ խմբագրությունը բաժանվում է աշխարհական (130 հոդված) և եկեղեցական մասերի (124 հոդված)։ Գ խմբագրությունը նույնանում է Ա-ի հետ, սակայն համառոտ է և տարբերվում է ըստ էության։

«Դատաստանագրքի» գրման 12 պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախադրության մեջ Մխիթար Գոշը խոսում է հիմնականում Դատաստանագրքի նշանակության, անհրաժեշտության մասին։ Մխիթար Գոշը իր Դատաստանագրքով հիմք դրեց դատարանի ձևավորմանը և դատարանակազմությանը։ Նախադրության մեջ Գոշը անդրադարձել է Հայաստանում առկա օրենսդրական խնդիրներին։ Նախադրության Բ գլխում Մխիթար Գոշը բերում է տասներկու պատճառ Դատաստանագրքի անհրաժեշտության մասին։ «Այս տասներկու գլուխները պարունակում էին այն պատճառները, որ եղան դատաստանի այս գիրքը գրելու համար»։

Սոցիալական պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին պատճառը Գոշը համարում էր այն, որ մուսուլմանները և այլ քրիստոնյաները համարում էին, որ հայերը չունեն գրավոր օրենքներ։ Մխիթար Գոշը այս կապակցությամբ գրում է․

«Որովհետև թեպետ ասվեց, թե Տիրոջից հարկավոր գրով մեզ դատաստան անելու ավանդ չկա, սակայն այժմ այդ կամեցանք մենք անել, որովհետև բազմաթիվ անգամներ պարսավանքներ լսեցինք ոչ միայն այլահավատներից, այլ նաև քրիստոնյաներից, որ ասում են, թե, իբր ըստ Ավետարանի բնավ դատաստան չկա, այդպես անգիտանալով, որ իրենց ներսում է։ Եվ նրանց այդպիսի կարծիքի պատճառով երկու անգամ ի հայտ է գալիս չարի ախտը, առաջինը, որ իբր օրինադիրը անիմաստությամբ է վարվել, երկրորդը, որ չի կամեցել զուգահավասար կենցաղավարել մարդկային ազգերին»։

Երկրորդ պատճառը, որի մասին խոսում է Մխիթարը, չարությունն է։ «Եվ երկրորդ, որ իր էությամբ մեր մեջ օրենքներով չարությանը հանգեցրեց եւ կատարելություն տվեց ակատարությանն հոգու և տվեց վշտակցությունը սիրո՝ ատելության փոխարեն»։ Մխիթար Գոշը չարությունը ընդունում է՝ որպես բազմաթիվ հանցագործությունների հիմք։ Բացի այդ նա՝ որպես ուսուցչապետ, իր ստեղծագործություններում միշտ կոչ է անում սիրո ատելության փոխարեն։

Երրորդ պատճառը նա համարում է ծուլությունը, երբ մարդիկ չեն վարժվում օրենքներին և հասարակության պահանջների և չեն գիտակցում դրանց կարևորությունը իրենց իսկ համար։ «Երրորդ․ որովհետև հեղգության պատճառով անվարժներ կան օրենքներին եւ մարգարեներին եւ Ավետարանին, որոնց զորությունից հեռու մնալով, հեղգությամբ ապրողները անկարող եղան ընտրել դատաստանի գիրը, որ արժանի վարքերով ապրելու ժամանակ, իբրեւ քնից կարթնացներ նրանց՝ դատաստանի գրվածքների ձեռքով»։

Մխիթար Գոշի գերեզմանաքարը

Չորրորդ պատճառ կրթության պակասը, որը ժամանակի ընթացքում դարձել էր կարևոր հիմնախնդիր, ինչը հանգեցրեց հմտության և փորձառության պակասությանը, ինչպես նաև Գոշը անդրադառնում է նրան, որ փոխվել էին պահանջմունքները և դեպքերը և այլևս հնարավոր չէր միայն մարգարեական օրենքներով և ավետարանի օրենքներով առաջնորդվել։  «Չորրորդ՝ որովհետև նվազեց հմտությունն ու փորձառությունը ըստ ժամանակի եւ ազգերի եւ աշխարհները փոփոխվեցին ըստ պատահմունքների եւ չմնացին անշարժ՝ ըստ օրենքների, մարգարեների եւ Ավետարանի»։

Հինգերորդ պատճառը Սուրբ Հոգին դադարել էր ներգործություն ունենալ մարդկանց կյանքի վրա Գոշը նշում է, որ Սուրբ Հոգու ներգործության բացակայությունը հանգեցնում է մարդկանց կողմից գրավոր օրենքների հաստատմանը և նրանց իսկ կողմից այն խախտելուն։ «Հինգերորդ՝ նախկինում Սուրբ Հոգին ներգործում էր մարդկանց վրա և նպաստում ճշմարիտ դատաստան կատարելուն, և Հոգին էր օրենք գրված մարդկանց սրտերի մեջ, ուստի գրավոր օրենքի կարիք չկար։ Այժմ, երբ Սուրբ Հոգին այն ազդեցությունը չունի և մարդիկ «վրիպել են» քրիստոնեական եղբայրասիրությունից, ուղղամտությունից և «վասն այնը պատճառի հարկեցաք գրել» Դատաստանագիրքը»։

Վեցերորդ պատճառը ըստ Գոշի այն է, որ մարդկային բարոյականությունը անկում է ապրել, իսկ երդումը դարձել է պղծության հիմնական միջոցը։ «Վեցերորդ՝ որովհետև դատաստանի իրողությունները երդման են հանգեցնում, մի բան, որ Տիրոջ կողմից թույլ չտրվեց, սակայն որն այժմ հաճախ, գործ ընդ գործի ետևից եւ վայրապար վարվող դատաստանների ժամանակ կամ առանց դատաստանի հավատացյալները չարաշահում են։ Նման իրողություններից ելնելով կամեցանք, ոչ թե Տիրոջ հրամանը լուծանել, այլ խնդիրները լուծելու համար դատաստանի օրենքներն ու կանոններն հաստատել, ըստ հարկավորության նաեւ՝ ներել դատաստանի ժամանակ»։

Յոթերորդ պատճառը ըստ Գոշի այն է, որ քրիստոնյաները չունենալով գրով ամրագրված դրույթներ հանցագործությունների և դատարանների համար դիմում էին մուսուլմանների դատարանները, որտեղ արմատացած էր կաշառակերությունը։ «Յոթերորդ՝ որովհետև գրով դատաստան չլինելու պատճառով, քրիստնյաները գնում դիմում են այլահավատներին, ըստ մարգարեի հետևյալ հանդիմանության մի՞թե Իսրայելի մեջ Աստված չկա, որ գնում հարցնում են Ճանճիկին։ Այս մասին առաքյալն եւս հանդիմանում է, ասելով՝ եւ եղբոր դեմ դատ բացում, այն էլ անհավատների մեջ»։

Քրիստոնեական պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ութերորդ պատճառն այն է, որ քրիստոնյաների դատարանները ևս լի են կաշառակեր եպիսկոպոսներով, քահանաներով և աշխարհականներով, ովքեր տգիտությամբ են առաջնորդվում և չեն կարողանում կատարել արդար դատեր։ «Ութերորդ՝ այժմ էլ տեսնում ենք՝ բազմաթիվ են եւ եպիսկոպոսներից, եւ վարդապետներից, ու քահանաներից, եւ գլխավոր աշխարհականներից, որ երեսանց, կաշառքի համար եւ տգիտությամբ թյուրում են ճշմարիտ դատաստանները։ Եվ այս ամենի համար հոժարեցինք գրել գիրքը դատաստանների»։

Իններորդ պատճառ՝ «Իններորդ՝ որովհետեւ մարդու բնությունից ելնելով, որքան էլ շատ հոգով կամ տարբեր զբաղմունքների մարդկանցով կամ ցնորներով եթե կամենանք ուղիղ դատաստան անել՝ չենք կարողանա՝ մոռացությունից, ու եթե այդպես վարվեինք, հետո պիտի փոշմանած ետ դառնայինք, ասելով, ուղի՞ղ դատաստան արեցինք, թե՞ ոչ»։

Տասներորդ պատճառ՝ «Տասներորդ՝ քանի որ, երբ Տեր Աստված ստեղծեց Ադամին, օր օրի շնորհները Սուրբ Հոգու զորանում էին մեզ վրա։ Իսկ սատանան ասաց, թե Սուրբ Հոգին էլ մարդկանց վրա չմնաց, նրանց մեղքերի պատճառով, երբ մեղանչեցին Աստծո դրախտում»։

Տասնմեկերորդ պատճառ՝ «Տասնմեկերորդ՝ որովհետև դատավորները միշտ երկնչում են Աստծուց, նրանք գիտեն, որ կանգնելու են երկնավոր դատավորի առջեւ, ուստիեւ ճշմարիտ եւ ուղիղ գրով թող կատարեն դատաստան մարդկանց համար»։

Տասներկուերորդ պատճառ՝ «Տասներկուերորդ՝ եւ մարդիկ, որ գան դատավորի առջեւ, երկյուղեն Աստծուց եւ դատավորներին չկաշառեն եւ թյուրել չտան ճշմարիտ դատաստանը, քանզի ծածկագետ Աստված տեսնում է նրանց գործերը եւ Նրա առջեւ ամենքս էլ կանգնելու ենք դատաստանի»։

Գոշի պետական ինքնիշխանության հայեցակարգը դատաստանագրքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոշն իր օրենքների ժողովածուում մեծ տեղ է հատկացնում պետական ինքնիշխանությանը, ինչպես նաև պետության ձևավորման հայեցակարգին, ինչը արտահայտվում է նրա օրենքներով։ Գոշն այս օրենքներով ձգտում էր դրդել հայ իշխաններին և ժողովրդին պետական անկախության վերականգնման։ Նա պետության գլուխ համարում էր թագավորին, ով պետք է ունենար միանձնյա կառավարման բոլոր լծակները։ Երկրորդ օրենքը իրավամբ ամենից հետաքրքիրներից է, քանի որ Գոշը խոսում է այլ երկրներից հարկ վերցնելու և այլ ժողովուրդներ հպատակեցնելու և ոչ թե հպատակվելու մասին և սա այնպիսի ժամանակներում, որբ հայ ժողովուրդը գտնվում էր օտարերկրյա պետությունների ազդեցության գոտում։ Գոշն ինքնիշխանության կարևոր հատկանիշներից է համարում պետության գերիշխանությունը հպատակ ժողովուրդների և արտաքին հարաբերություններում լիակատար ինքնուրույնության։ Պետությունը պետք է ունենա ամբողջական հսկողություն ներքին կյանքի վրա։

Գոշը քաջատեղյակ լինելով հայ ժողովրդի պատմությանը գտնում էր, որ հայ ժողովրդի անկախության վերականգնման համար ամենից կարևոր հանգամանքը ներքին ուժերի համախմբուն էր մեկ ընդհանուր գաղափարի շուրջ։ Այդ պատճառով Գոշը միշտ պարսավում էր այն ավատատերերին, ովքեր ճնշում են իրենց տիրույթներում բնակվող գյուղացիներին։ Գոշը գտնում էր ազգային անկախության վերականգնման միակ ճանապարհը ազգային ազատագրական պայքարն է։ Թագավորի իրավասությունների մասին խոսելով Գոշը նշում է, որ թագավորը պետք է ունենա բացարձակ իշխանություն ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտաքին հարաբերությունների կառուցման ժամանակ։ Այսպես, Գոշը նշում է, որ թագավորին պետք է պատկանի միայն բերդեր և ամրոցներ կառուցելու իրավասությունը, թագարվորը միայն կարող է պատերազմ հայտարարել կամ հաշտություն կնքել։

Ուժեղ միապետության երաշխիքներից մեկը ժառանագական համակարգի կարգավորումն է։ Գոշը նշում է, որ պետությանը անհրաժեշտ է մի համակարգ թագաժառանգի ընտրության համար, որը հնարավորություն կտա ունենալ անխախտ պետական համակարգ։ Ըստ նրա, հայ ժողովրդի պատմությունից բխեցնում է անդրանիկ որդու գահաժառանգ դարձնելու հարցը։

Այսպիսով, Գոշը ներկայացնում է մի համակարգ, որը հետագայում հնարավորություն է տալիս շատ թագավորությունների պահպանել իրենց ինքնիշխանությունը և հենվել քաղաքացիական բնակչության վրա, ինչը հնարավորություն է ընձեռում պահպանելօ երկրի հզորությունը հնարավորինս երկար ժամանակ, սակայն ինչպես Գոշն է նշում ամեն ինչ անցողիկ է անգամ թագավորությունները և թագավորները։

Մարդու իրավունքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս մարդը ընդունվում է՝ որպես գերագույն արժեք և ներկա ժամանակաշրջանի կարևորագույն ձեռքբերումներից մեկը համարվում է մարդու իրավունքների սահմանումը և դրանց վերադասումը։

Մխիթար Գոշի Դատաստանագիրք

Այժմյան պետությունների գաղափարախոսության առանցքային նշանակություն ունեցող կետերից մեկն է դարձել մարդու իրավունքների պահպանումը և սահմանումը։ Արդի հասարակակարգի հիմնական գաղափարախոսությունը ժողովրդավարությունը հիմնված է մարդու իրավունքների և մարդու արժանապատվության պահպանման գաղափարախոսության վրա։

Մարդու իրավունքների հիմնախնդիրը բոլոր ժամանակներում եղել է փիլիսոփաների և քաղաքագետների ուշադրության կենտրոնում։ Գոշը որպես մարդու իրավունքների պաշտպանման հիմք վերցնում էր մարդուն, ով որպես այդպիսին ուներ իրավունքների պաշտպանության կարիք։ Այս ժամանակաշրջանի համար սովորական դրույթներ առաջ քաշելով Գոշը ձգտում էր վեր հանել ազգային-ազատագրական պայքարը։ Սա մի շատ կարևոր քայլ էր դատաստանագիրքը ժողովրդի ցածր խավերի մեջ տարածելու համար։ Այս տեսանկյունից էր հենց Գոշը կարևորում «Դատաստանագրքի» պաշտոնական ձևաչափը։ Գոշը շատ լավ էր հասկանում չունենալով պետական հստակ գաղափարախոսություն և համակարգ դժվար է պահպանել պետությունը որպես բարձր արժեք մարդու և հասարակության համար։ Անձի իրավունքների պաշտպանությունը Գոշը դնում էր պետության վրա նպատակ ունենալով պահպանել հայ մարդու կերպարը՝ որպես մեկ ժառանգություն։

Մինչ Գոշը բնական իրավունքի վերաբերյալ կային բազմաթիվ նկարագրություններ, սակայն Գոշը դրեց այն ավելի բարձր հարթության վրա և ձևակերպեց բնական իրավունքը՝ որպես ի սկզբանէ աստծո կողմից ստացված ճշմարտություն, որը պետք է պահպանել և փոխանցել սերնդե սերունդ։ Ըստ նրա, մարդուց է կախված արդարացի վարվելը և առաքինի լինելը, իսկ իրենց բնությամբ մարդիկ ազատ են և հավասար։ Բնական իրավունքը արտահայտում է աստվածային արդարության, ազատության, հավասարության իրավունքները, որոնք հավերժ են, համամարդկային արժեքներ են և չեն ենթարկվում փոփոխությունների։

Գրավոր օրենքները, որոնցով պետք է ղեկավարվեն մարդիկ, հիմնվում են բնական իրավունքի վրա և ստեղծվում են արդարություններ, ապահովելու խաղաղությունն ու պահպանելու իրավունքը։ Այդ իսկ պատճառով բնական իրավունքը և պետությունում գործող օրենքը չեն կարող հակադրվել։ Դրական օրենքը բնական իրավունքի տրամաբանական շարունակությունն է հասարակության մեջ։ Այն պետք է համապատասխանի աստվածային իրավունքին՝ հավասարության, ազատության և արդարության գաղափարին։ Սրանով վարդապետը գաղափարախոսական մեծ առաջընթաց կատարեց, քանզի մինչ այդ օրենքը պաշտպանում էր ոչ թե մարդուն, այլ՝ անձին, որոշակի անհատի կապված նրա սոցիալական դիրքի հետ։ Գոշը մարդկանց հավասարության գաղափարը փոխադրեց օրենսդրական դաշտ, սահմանեց մի շարք նորմեր, որոնցով, իրոք հավասարեցրեց մարդուն ու անձին պոզիտիվ իրավունքում։ Իրավամբ՝ այս ամենը չի նշանակում, որ Գոշը դեմ է դուրս գալիս ավատատիրական գաղափարախոսությանն ու ամբողջությամբ վերացնում մարդու և անձի միջև եղած հակադրությունները, սակայն նրա գաղափարները աչքի են ընկնում իրենց առաջադիմությամբ և մարդասիրությամբ։

Գոշի մարդասիրական հայացքները առաջին հերթին դրսևորվում են նրա կյանքի իրավունքին վերաբերվող հատվածներում։ Նրա բացասական վերաբերմունքը մահապատժի վերաբերյալ արդեն իսկ ապացուցում է նրա մարդասիրությունը։ Նա մի կարևոր կերպ է պատկերացնում մարդկանց կատարած սխալների ուղղումը։ Առաջ քաշելով այն գաղափարը, որ հանցագործները պետք է ետ վերադարձնեն պարտքը հասարակությանը նա կոչ է անում հանցագործներին օգտագործել հասարակական բարիքներ ստանալու համար։ Սակայն այստեղ ևս արտացոլվում է Գոշի պետականամետ գործչի կերպարը։ Նա կարծում է, որ առանց ողորմածության մահապատժի են արժանի դավաճանները, ովքեր հանձնում են բերդերը և ամրոցները, ովքեր բացում են քաղաքի դարպասները թշնամու առաջ։ Գոշի մարդասիրական հայացքն այն է, որ նա ձգտում է հասնել նրան, որ մահապատիժների փոխարեն հեռացվեն մարդկանց որևէ մի անդամ, ինչը հնարավորություն կտա նրանց ապաշխարելու։ Պատժի այս ձև ընդունված է հատկապես մուսուլմանների մոտ։ Այն ժամանակ, երբ քրիստոնյաները անխնա մահապատիժների էին ենթարկում միմյանց, իսկ ահա մուսուլմանները կատարում էին անդամահատումներ, որով շատերը ապաշխարում էին, բացի այդ նրանք այս կամ այլ կերպ սկսում էին նպաստել հասարակության առաջընթացին։

Ըստ Գոշի, անձի մահապատժի համար հիմք կարող է հանդիսանալ նաև դիտավորյալ սպանությունը։ Այս տեսանկյունից կարող ենք նշել միջնադարյան կրոնադավանաբանական հայացքները Մխիթարի աշխատության մեջ, որի կարևոր առանձնահատկություններից է հենց դիտավորյալ սպանության ժամանակ նախատեսվող մահապատիժը։ Այն այլադավանները, ովքեր իրականացրել են դիտավորյալ սպանություն, ապա նրանք անխտիր պետք է եբթարկվեն մահապատժի, իսկ ահա քրիստոնյաների նկատմամբ պետք է տեղի ունենա հանգամանքների պարզում և այդ դեպքում հնարավորություն է տրվում ապաշխարության։ Ապաշխարության դիմելիս նա մեջ է բերում Նոր Կտակարանը և նշում, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի ապաշխարության։

Որպես օրենք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դատաստանագրքի աղբյուրներն են՝ Մովսիսական օրենքները, հայոց կանոնական իրավունքը, հայ սովորութային իրավունքը։ Ընդգրկում է ֆեոդալական իրավունքի բոլոր ճյուղերն ու ինստիտուտները, հասարակական հարաբերությունների բազմապիսի բնագավառները։ Որպես տիպիկ ֆեոդալական օրենսգիրք, ամրապնդում է տիրապետող կարգերն ու դասային արտոնությունները, պաշտպանում եկեղեցու Գիրքը։ Ըստ «Գիրք Դատաստանի»-ի դատական համակարգը հետնյալն էր պետական դատարաններ (թագավորական, թագավորին առընթեր, իշխանական, իշխանին առընթեր, ստորին), ֆեոդալական (տերունական, դասային), կորպորատիվ (համայնքային, համքարային, եղբայրությունների), եկեղեցական (կաթողիկոսական, եպիսկոպոսական, վարդապետական, քահանայական) և արտակարգ։ Դատավարությունը մեղադրական-մրցակցական է, առանց ծայրահեղ ձևապաշտության։ Դատավարությունն սկսվում է, երբ կա մասնավոր մեղադրող (հայցվոր), իշխանության մարմինները դատ են սկսում եզակի դեպքերում։ Դատական ապացույցներ էին՝ խոստովանությունը, վկաների ցուցմունքները, երդումը (առանձին դեպքերում), գրավոր փաստաթղթերը և գիտակ անձանց (փորձագետների) եզրակացությունը։ Հանցագործություն է համարվել ամեն մի գործողություն՝ ուղղված գոյություն ունեցող հասարակական հարաբերությունների, պետության, հանրային կառավարման, սեփականության, անձի կյանքի ու առողջության, եկեղեցու, տիրող գաղափարախոսության դեմ։ Հանցագործության պատճառները, ինչպես ամենուր, այնպես էլ Հայաստանում, ամենից առաջ, սոցիալ-տնտեսական էին, չնայած պատճառներ էին համարվում նաև (այդ թվում՝ ըստ «Գիրք Դատաստանի»-ի) մարդու մեղսունակությունը, կրոնական ջերմեռանդության թուլացումը, «առ աստված հավատի տկարությունը», այդ ամենի հետևանքով առաջացած բարքերի խաթարումը։ Մինչև միջնադար հանցակազմի ենթակա, այսինքն՝ հանցագործություն կատարող են համարվել նաև միջատները, կենդանիները, նույնիսկ՝ անշունչ առարկաները։ «Գիրք Դատաստանի»֊ն, ելնելով սուբյեկտիվ մեղսայնացման սկզբունքից, դատապարտության ենթակա է համարում ոչ թե վտանգավոր արարքը ընդհանրապես, այլ այն արարքը, որը կատարվել է մեղքով։ Ըստ «Գիրք Դատաստանի»֊ի անմեղսունակությունը նույնպես դատական պատասխանատվությունը բացառող հանգամանք է։

Ամուսնական հարաբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կնոջ և տղամարդու միջև ամուսնական հարաբերությունների հաստատումը կարևոր գրավական էր իրավունքի զարգացման տեսանկյունից։ Համաձայն Գոշի կնոջ ամուսնական տարիքը 15 տարեկանն է։ Եթե ամուսնությունը տեղի էր ունենում նրա կամքին հակառակ, ապա համարվում էր, որ կինը հարկադրվել է ամուսնության, և այդպիսի ամուսնությունը համարվում էր ստիպողական, ուստի կինը կարող էր ամուսնալուծվել։ Մոտեցումն ուներ սկզբունքային նշանակություն, քանզի ամուսնությունը կամովին միություն, էր և կինը չէր կարող հարկադրվել։

Ամուսնաընտանեկան հարաբերություններում Գոշը ելնում էր մենամուսնության սկզբունքից՝ պատժելի համարելով երկկնությունն ու բազմակնությունը։ Այնուամենայնիվ ինչպես տղամարդուն, այնպես էլ կնոջը թույլատրվում էր ամուսնանալ երկրորդ, իսկ բացառիկ դեպքում նաև երրորդ անգամ։

Ըստ նրա արգելվում էր բռնությունը կանանց նկատմամբ։ Ամուսինն իրավունք չուներ մարմնական վնասվածքներ հասցնել կնոջը, հակառակ դեպքում պետք է պատժվեր այդ արարքի համար նախատեսված տուգանքի կրկնակիի չափով։ Եթե ամուսինը կրկներ իր արարքները տուգանվելուց հետո և վտանգեր կնոջ առողջությունը կինը իրավունք ուներ ամուսնալուծվելու։

Մխիթար Գոշը եզակի խնդիր բարձրացրեց, որը չենք գտնի այլ միջնադարյան աղբյուրներում այն է՝ գույքային իրավահավասարություն սահմանել տղամարդու և կնոջ միջև։

Կնոջն իրավունք էր վերապահվում ինքնուրույն տնօրինել իր գույքը։ Նա կարող էր իր սեփականությունը կտակել ըստ իր հայեցողության։ Երեխաները նրա ունեցվածքը ժառանգում էին անկախ հայրական ժառանգությունից։ Նման մոտեցումը կնոջ նկատմամբ առաջադիմական քայլ էր այդ ժամանակաշրջանի համար։

Ժառանգականության հիմնահարցը[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրադառնալով երեխաների ժառանգման իրավունքին՝ հեղինակը հատուկ ուշադրություն է դարձնում հաշմանդամ երեխաների վրա։ Նա առանձնացնում է հաշմանդամության երկու տեսակ՝ մտավոր և ֆիզիկական։ Առաջինները զրկված են բանականությունից և ի վիճակի չեն տնօրինել ժառանգությունը, հետևաբար չեն կարող լինել ժառանգորդներ։ Գոշը գտնում էր, որ տան հոր մահից հետո գլխավոր տիտղոսը սովորութային ուժով անցնում է ավագ որդուն, իսկ ահա նրա մահվան կամ այլ պատճառներով, որ նա անհնար է, որ կարողանար իրականացնել իր պարտականությունները պետք է այն ժառանգեր երկրորդ որդին կամ հետ եկող ժառանգը։ Մխիթարը գտնում էր, որ չի կարելի թափուր թողնել ժառանգական տիտղոսը, քանի որ այն կարող էր ողբաի հետևանքներ ունենալ պետության կամ իշխանության համար։

Գոշը կողմնակից էր շատ օրենքների սովորութային ուժով կարգավորմանը, եթե դրանք հնարավոր են իրականացնել, իսկ անհնարինության դեպքում նա առաջարկում էր օգտագործել, այլ երկրների փորձը։ Համաձայն Գոշի, սովորութային ուժով պետք է կարգավորվեն այն օրենքները, որոնք անմիջական առնչություն ունեն պետական համակարգի և պետության համար կարևորագույն նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ։

Պատիժներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դատաստանագրքում մեղքն ընկալվում է երկու իմաստով՝ կրոնական և իրավական, առաջինը որպես աստվածադիր, մյուսը՝ մարդադիր օրինականության խախտում։ Ընդունելով, որ մեղքն իրավական իմաստով միաժամանակ մեղք է կրոնական իմաստով (հակառակ իմաստով՝ ոչ միշտ), Մխիթար Գոշը, համապատասխանաբար, նախատեսում է երկու բնույթի պատիժ՝ հոգևոր-եկեղեցական և մարմնական։ Առաջինը նշանակում էին միայն եկեղեցական, երկրորդը՝ աշխարհիկ դատարանները։ Մխիթար Գոշն ընդունել է հետևյալ պատիժները՝ հոգևոր-եկեղեցական (բանադրանք, նզովք, ապաշխարություն իր տեսակներով, աստիճանազրկում, պաշտոնազրկում), մարմնական-նյութական՝ մահապատիժ, մարմնական պատիժներ (ծեծ, անդամահատում), ազատությունը զրկող կամ սահմանափակող, գույքային-դրամական։ Գտնելով, որ պատժի ներգործությունը չի որոշվում խստությամբ, Մխիթար Գոշն ընդունում է հանցանքի ու պատժի համամասնության, իր ժամանակի համար առաջադիմական, սկզբունքը, «իսկ պատիժն ըստ վնասուն համեմատ լիցի»[1]։

Այն հայկական իրավա-քաղաքական մտքի և ընդհանրապես միջնադարի իրավական հուշարձանների շարքում խոշորագույններից է, ամփոփում է ժամանակի համար շատ առաջավոր դրույթներ, որոնք այժմեական են։ Օրինակ, Մխիթար Գոշը գտնում է, որ պատիժը պետք է ունենա ոչ թե տանջանք պատճառելու և վրեժ լուծելու, այլ խրատելու, ուղղել-դաստիարակելու նպատակ։

Անձնական և գույքային հարաբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մխիթար Գոշ մանրանկար 1713

«Գիրք Դատաստանին» ուշագրավ դրույթներ է արտահայտում նաև ամուսինների անձնական և գույքային հարաբերությունների կարգավորման բնագավառում։ Տղամարդը տան գլուխն է, նրան են ենթարկվում ընտանիքի բոլոր անդամները, նաև՝ կինը։ Սակայն տղամարդու իշխանությունը բռնակալական կամ անկաշկանդ կամայական չէ։ Ինչպես տղամարդու, այնպես և կնոջ իրավունքները զուգորդվում են ամուսնու և ընտանիքի մյուս անդամների նկատմամբ ունեցած որոշակի պարտականություններով։ Ամուսինը պարտավորվում է հարգել կնոջը, նրա նկատմամբ լինել մարդկային, հոգալ նրա կարիքները, ապահովել նյութական բարեկեցությունը, հիվանդանալիս խնամել, պահանջել ամուսնական հավատարմություն ևն։ Կնոջը ծեծելու համար ամուսինը ենթակա է դատական պատասխանատվության։ Մխիթար Գոշը կնոջ իրավունքների հարաբերական հավասարությունը պայմանավորում է գույքային հարաբերություններով։

Ամուսինների մինչամուսնական շրջանի գույքը նրանց առանձին, ամուսնության ընթացքում ձեռք բերածը՝ համատեղ սեփականությունն է։ Ամուսնանալու պահից կինն ուներ նյութական-գույքային հենարան, որը ամուսնու հանդեպ և ընտանիքում կնոջ իրավունքների երաշխիքն էր։ «Գիրք Դատաստանի»-ն բացառիկ կարևոր նշանակություն ունի հայ ժողովրդի ներքին կյանքին վերաբերող տեղեկություններ հաղորդելու առումով։

Դատաստանագրքի ամենից կարևոր դրույթներից մեկը հենված Աստվածաշունչ վրա մարդկանց բնական հավասարության իրավունքն է։ Մխիթար Գոշը մարդկանց անհավասարության փաստը բացատրում է սոցիալ-տնտեսական հարաբերություններով։ Գոշը, հակառակ իր դարաշրջանի գաղափարախոսությանը, մարդկանց սոցիալական անհավասարությունը հիմնավորում է տնտեսական պատճառներով։

Գոշը նշում է, որ գյուղացիները կախման մեջ են ընկել, քանի որ կորցրել են իրենց ապահովող հիմնական միջոցը հողը։ Հողային հարաբերությունների կարգավորման համար նա սահմանափակում է ավատատերերի իշխանությունը։ Անհավասարության առաջացման պատճառի բացատրությունը և դա լուծելու անհրաժեշտության խնդրի բարձրացումը նորություն էր ողջ միջնադարի իրավական համակարգի համար։ Գոշից մի քանի դար հետո միայն Վերածննդի դարաշրջանում հայտնի գիտնականները սկսեցին խոսել մարդկանց իրավահավասարության անհրաժեշտության մասին։

Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Այդ իմաստով Մխիթար Գոշը միջնադարյան հումանիզմի ներկայացուցիչներից է։ «Գիրք Դատաստանի»-ն մերժում է կրոնական անհանդուրժողականությունը, պաշտպանում մուսուլմանի արժանապատվությունը, կրոնական պատկանելիության համար չի սահմանում պատիժներ։ «Գիրք Դատասաանի»-ն կիրառվել է նաև Հայաստանի սահմաններից դուրս այն գաղութներում, որտեղ հայ համայնքը ձեռք էր բերել ներքին ինքնավարության իրավունք։ Սուդանում այսօր էլ հայ համայնքի անդամների քաղաքացիական գործեր լսելիս պետական դատարանը կիրառում է «Գիրք Դատաստանի»-ն։

Դատաստանագրքի գործադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնադարյան Հայաստանում Մխիթար Գոշի Դատաստանագրքի գործադրության վերաբերյալ հայագիտության մեջ իշխող կարծիքը բացասական է։ Դրա հիմքը, ամենից առաջ, արտաքուստ շատ ծանրակշիռ թվացող հետևյալ փաստն է։ Դատաստանագիրքը չի բխել լիազոր իշխանությունից, այն մասնավոր անձի նախաձեռնության արդյունք է, ուստի ենթադրել են, որ այդպիսի աղբյուրից բխող պարտավորիչ ուժ ունենալ։ Այս ամենին զուգահեռ Գոշի Դատաստանագիրքը իր կիարառությունն է գտել տարբեր երկրների իրավական կյանքում։

Գոշը քաջ գիտակցել է այս հանգամանքը, այդ իսկ պատճառով իր կենդանության օրոք անում էր ամեն ինչ որպեսզի իր դատաստանագիրքը ստանա օրինական ուժ, որը կարող էր լուրջ ազդակ հանդիսանալ հայոց անկախ պետականության համար։ Մխիթար Գոշը փորձել է հրավիրել ազգային ժողով․ որպեսզի հաստատվի իր դատաստանագիրքը՝ որպես պարտավորիչ նշանակություն։ Սակայն նրա այս նախաձեռնությունը իրականություն չդարձավ, քանի որ սկսվեցին քաղաքական զարգացումներ, թե Կիլիկիայի հայկական թագավորությունում և թե Զաքարյան իշխանությունում։ Բացի այս կային բազմաթիվ տարաձայնություններ հայկական իշխանությունների երկու թևերի միջև, ինչպես քաղաքական, այնպես էլ եկեղեցական հարցերի վերաբերյալ։

Մխիթար Գոշի ժամանակներում հայտնի են բազմաթիվ նմանատիպ օրենսդրական ակտեր, որոնք դրվել են գործածության մեջ 12-րդ դարի երկրորդ կեսին հայտնի է հռոմեական օրենքների հիման վրա ստեղծված օրենքների ժողովածու, որը այս նույն ժամանակներում սկսեց պարտավորիչ ազդեցություն ունենալ Ֆրանսիայի հարավում։ 1250 թվականին Գոլսատորների սերնդի վերջին ներկայացուցիչ Ակուրսիուսի օրենքների ժողովածուն կիրառության մեջ դրվեց դատարաններում։ Նմանատիպ բազմաթիվ աշխատանքներ ի հայտ եկան Միջնադարյան Եվրոպայում։

12-րդ դարի երկրորդ կեսի բազմաթիվ վկայությունները վկայում են այն մասին, որ միջնադարյան Հայաստանում ևս կար դատաստանագրքի խիստ անհրաժեշտություն։ Դրա անհրաժեշտությունը զգում էին ինչպես հոգևորականները, այնպես էլ իշխանությունները։ Արևմուտքում՝ Կիլիկիայի հայկական թագավորությունում օրենքների ժողովածու նախաձեռնեց Ներսես Լամբրոնացին, իսկ ահա Արևելքում այդ գործը նախաձեռնեց Մխիթար Գոշը։ Սակայն Ներսես Լամբրոնացու ստեղծածը հիմնականում ընդգրկում էր եկեղեցական և որոշակի չափով կենցաղավարության կանոններ, իսկ ահա Գոշի Դատաստանագիրքը ժամանակի իրավական մտքի հուշարձաններից մեկն է հանդիսանում։ Հարկ է նշել, որ թե՛ Կիլիկիայի հայկական թագավորությունում, թե՛ Բագրատունյաց թագավորությունում դատարանները և պետական իշխանությունը իրականցվում էր սովորույթային ուժով, բայց արդեն Մխիթար Գոշից հետո հայկական իշխանությունները կարող էին օգտագործել Գոշի ստեղծած Դատաստանագիրքը։ Դատաստանագիրքը գործածության մեջ դրվեց Զաքարյանների իշխանության ժամանակաշրջանում։

1254 թվականին Մխիթար Գոշի դատաստանագիրքը որոշակի փոփոխություններով ներկայացրեց Սմբատ Գունդստաբլը, որը ընդունվեց Կիլիկիայի հայկական թագավորությունում։ Մխիթար Գոշի Դատաստանագիրքը այլ անվանումներով կիրառվել է, այլ պետություններում, ինչպես նաև սփյուռքի հայկական գաղթօջախներում։

Թարգմանություններ և հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գիրք Դատաստանի»-ն առաջին անգամ հայերեն հրատարակել է Վահան Բաստամյանցը՝ 1880 թվականին։ Այն ունի մի քանի այլալեզու խմբագրություններ։ Առաջին անգամ թարգմանվել է լատիներեն (կրճատված, տեղին և պայմաններին համապատասխան փոփոխված), որը լեհահայոց գաղութը 1519 թվականին ներկայացրել է Սիգիզմունդ I-ի հաստատմանը, իր ազգային օրենքներով ղեկավարվելու համար։ Լատիներեն խմբագրությունը հրատարակել է Բիշոֆը (1862)։ 1519—1523 թվականներին լատիներեն խմբագրությունը թարգմանվել է լեհերեն (հրատարակել են Կ․ Վույցիցկին՝ 1843 թվականին, Ա․ Բարոնչը՝ 1869 թվականին և Կրակովի լեհական օրինաց հավաքի երրորդ հատորում, 1906), որը նույն ժամանակ թարգմանվել է ղփչաղերեն (հայատառ)։ Ղփչաղերեն է թարգմանվել (ոչ լրիվ) նաև բուն «Գիրք Դատաստանի»-ն։ Դատաստանագիրքը թարգմանվել է վրացերեն՝ կազմելով Վախթանգի օրենքների «Հայկական իրավունք» բաժինը, որի վրացերեն խմբագրությունը հրատարակել են Լ․ Մելիքսեթ-Բեգը՝ 1928-ին, և Ի․ Դոլիձեն՝ 1963 թվականին։ Ռուսերեն թարգմանությունը առաջին անգամ հրատարակվել է 1828 թվականին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մխիթար Գոշ, Գիրք Դատաստանի (գրաբար) Արխիվացված 2020-07-23 Wayback Machine
  • Մխիթար Գոշ, Գիրք Դատաստանի (աշխատասիր․ Խ․ Թորոսյանի), Երևան, 1975։
  • Խաչիկ Սամուելյան, Մխիթար Գոշի Դատաստանագիրքը և հին հայոց քաղաքացիական իրավունքը, Վիեննա, 1911
  • Ալեքսեյ Սուքիասյան, «Մխիթար Գոշը և Հայոց դատաստանագիրքը», Երևան, 1965
  • Խոսրով Թորոսյան, Դատարանային համակարգը միջնադարյան Հայաստանում ըստ Մխիթար Գոշի Դատաստանագրքի / ԳԱ «Տեղեկագիր», №125 1965
  • Խոսրով Թորոսյան, «Մխիթար Գոշի Դատաստանագրքի գործադրության մասին միջնադարյան Հայաստանում», / «Պատմաբանասիրական հանդես», №3, 1971
  • Վահան Բաստամյանց, «Մխիթար Գոշի Դատաստանագիր. - Հառաջաբանություն հրատարակողի», Վաղարշապատ, 1880
  • Семейное право по Мхитару Гошу, «Юридическое обозрение», Тифлис, 1885
  • Хосров Торосян, «Судоустройство и судопроизводство в средневековой Армении по Судебнику Мхитара Гоша». Автореферат-диссертация на соискание учёной степени кандидата юридический наук, 1969
  • С. Арцруни, Историко-догматическое значение Судебника Мхитара Гоша, Тифлис, 1980
  • Армянский судебник Мхитара Гоша (пер․ Паповяна А․ А․ с древнеармянского, ред․, вступительная статья и примечания Арутюн я- на Б․ М․), Е․, 1954

Kars J․, Gmndriss der Geschich e des armenischen Rech es <Zei- schrif fur Vergleichende Rech swissenscha- f », 1906, Bd 19

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մխիթար Գոշ «Գիրք Դատաստանի», էջ 150
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 630