Սմբատ Սպարապետ
Սմբատ Սպարապետ | |
---|---|
Ծնվել է | 1208[1][2][3][…] |
Մահացել է | 1276[1][2][3][…] կամ մարտի 6, 1276 |
Մասնագիտություն | պատմաբան |
Ծնողներ | հայր՝ Կոստանդին Գունդստաբլ, մայր՝ Ալիծ Հեթումյան |
Երեխաներ | Լևոն Հեթումյան |
Sempad the Constable Վիքիպահեստում |
Սմբատ Սպարապետը (1208[1][2][3][…] - 1276[1][2][3][…] կամ մարտի 6, 1276)՝ 13-րդ դարի Կիլիկյան Հայաստանի ամենափառաբանված գունդստաբլն է՝ պատմիչ, իրավագետ և բանաստեղծ։
Սմբատ Սպարապետը Կոստանդին պայլի ավագ որդին է, Հեթում Ա (1226-1270 թթ.) արքայի ավագ եղբայրը։
Պատմական ասպարեզ է ելել Լևոն Բ արքայի (1187-1219 թթ.) կառավարման վերջին շրջանում, իսկ եղբոր՝ Հեթում Ա-ի գահ բարձրանալուց հետո ստանձնել է սպարապետի պաշտոնը՝ վարելով այն կես դար շարունակ։ Սմբատ Սպարապետի նախնիները Կիլիկիա են տեղափոխվել 11-րդ դարում Մեծ Հայքից, հաստատվել Լամբրոնում, ապա իրենց իշխանությունը տարածել Կիլիկիայի որոշ բերդերի վրա՝ հիմք դնելով Հեթումյանների իշխանությունը։
Սմբատ Սպարապետը որպես զորավար
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազում հաղթական մարտեր է վարել՝ առաջնորդելով հայոց բանակը (Ռումի սուլթանության զորքերի դեմ՝ 1246 թ. Տարսոն քաղաքի մոտ, 1259 թ. Առակլի քաղաքի մոտ)։ Սմբատ Սպարապետի վարած մարտերից վերջինը տեղի է ունենում 1276 թ., երբ Եգիպտոսի սուլթանության զորքերը կրկին ներխուժում են Կիլիկիա, վճռական ճակատամարտ է տեղի ունենում Մարաշի շրջանի Ջահան հովտի Սարվանդիքարի մոտակայքում։ Լարելով իր ուժերը՝ հայոց զորաբանակը Սմբատ Սպարապետի գլխավորությամբ այս մարտը ավարտվում է փայլուն հաղթանակով։ Սակայն այստեղ սպարապետը, վայր ընկնելով ձիուց, վնասվում է և, շուտով, կնքում իր մահկանացուն։
Սմբատ Սպարապետի դիվանագիտական գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Սմբատ Սպարապետը մեծ ավանդ է ունեցել դիվանագիտական ասպարեզում։ Երբ 1243 թ. մոնղոլները սկսեցին սպառնալ Կիլիկյան Հայաստանի անվտանգությանը, Հեթում Ա-ը Սմբատ Սպարապետի և Կոստանդին պայլի գլխավորությամբ դեսպանություն ուղարկեց Կեսարիա՝ մոնղոլ զորքերի գլխավոր հրամանատար Բաչու Նոյինի մոտ։ Սմբատ Սպարապետի վարած հաջող բանակցությունների արդյունքում մոնղոլ զորահրամանատարի հետ ձեռք բերվեց համաձայնություն, ըստ որի Կիլիկիայի հայկական թագավորությունը պարտավորվում էր մոնղոլական զորքին պարենմթերք մատակարարել, ինչպես նաև հարկ եղած դեպքում տրամադրել օժանդակ զորք։ Մոնղոլներն իրենց հերթին պարտավորվեցին պահպանել Կիլիկիայի հայկական թագավորության ինքնուրույնությունը՝ միաժամանակ պահանջելով հատուկ դեսպանություն ուղարկել Մեծ Խանի մոտ՝ պայմանագիրը վավերացնելու համար։ 1248 թ. Սմբատ Սպարապետը ուղևորվել է մոնղոլների տերության մայրաքաղաք՝ Ղարաղորում, և նախապատրաստում Հեթում Ա-ի այցելությունը մեծ խանին։ 1250 թվականին վերադարձել է հայրենի, իսկ 1254 թ. ուղեկցել է Հեթում Ա-ին Մոնղոլիա, մասնակցել Մանգու խանի հետ հայ-մոնղոլական պայմանագրի կնքմանը։
Սմբատ Սպարապետի գրական ժառանգությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Սմբատ Սպարապետի գրական ժառանգությունը բազմատարր է։ Սմբատ Սպարապետը հեղինակել է իրավական, պատմական բնույթի երկեր, կատարել թարգմանություններ, գրել՝ պոեմներ և բանաստեղծություններ։
Դատաստանագիրք
[խմբագրել | խմբագրել կոդը]Սմբատ Սպարապետը 1265 թ. հեղինակել է «Դատաստանագիրք» օրենքների ժողովածուն[4], որը արժեքավոր սկզբնաղբյուր է Կիլիկիայի հայկական պետության հասարակական-քաղաքական կարգերի ուսումնասիրության համար։ Այն բաղկացած է 202 հոդվածներից, որոնցում լուսաբանվում են այդ պետության XIII դարի սոցիալ-իրավական հարաբերությունները։ «Դատաստանագրքում» արտացոլված են արքայի ու նրա վասալների, աշխարհիկ և հոգևոր իշխանության ներկայացուցիչների, տերերի և ճորտերի իրավական հարաբերությունները, ինչպես նաև՝ օրենքներ առևտրականների և արհեստավորնների վերաբերյալ։
Անտիոքի ասիզներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Անտիոքի ասիզները» միջնադարյան իրավագիտական մտքի արժեքավոր հուշարձաններից է։ Սմբատ Սպարապետը Անտիոքի խաչակիր իշխանության օրենքների այս ժողովածուն թարգմանել է 1253 թվականին։ «Անտիոքի ասիզներ»-ի ֆրանսերեն ինքնագիրը չի պահպանվել։ Հին ֆրանսերենից Սմբատի Սպարապետի թարգմանած «Անտիոքի ասիզները» պահպանվել են երկու խմբագրությամբ։ «Անտիոքի ասիզները» առաջին անգամ հայերենից ֆրանսերեն է թարգմանել Ղևոնդ Ալիշանը[5]։ «Անտիոքի ասիզները» բաղկացած է երկու մասից. առաջին մասը՝ 17, երկրորդ մասը՝ 21 հոդվածից, և բովանդակում է սենյորի և վասալի իրավական հարաբերությունները, ունեցվածքային, քրեական, ինչպես նաև ընտանեկան, ժառանգական և մի շարք այլ հոդվածներ[6]։
Տարեգիրք
[խմբագրել | խմբագրել կոդը]Սմբատ Սպարապետին են վերագրում նաև Ռուբինյան թագավորության պատմության՝ «Տարեգրքի» հեղինակումը, որը երկար ժամանակ անհայտ էր և հայագիտության մեջ համարվում էր կորած։ 1848 թվականին Մ. Ֆ. Բրոսեն Էջմիածնի վանքի գրադարանում հայտնաբերեց այդ ժամանակագրության երկու ձեռագիր օրինակեր, որոնց հիման վրա 1856 թ. լույս տեսավ «Տարեգրքի» առաջին հրատարակությունը Ոսկան Հովհաննիսյանցի կողմից «Սմբատայ Սպարապետի եղբօր Հեթմոյ առաջնոյ արքայի Հայոց Պատմութիւն Յունաց ի Կոստանդնուպօլիս և Հայոց Մեծաց ըստ կարգի ժամանակաց» խորագրով, ապա 1859 թ. Կարապետ վ. Շահնազարեանցի կողմից Փարիզում լույս տեսավ երկրորդ հրատարակությունը՝ «Տարեգիրք արարեալ Սմբատայ Սպարապետի հայոց որդւոյ Կոստանդեայ կոմսին Կոռիկոսոյ» վերնագրությամբ։ Քիչ ավելի ուշ (1876 թ.) հայտնաբերվեց ևս մեկ ձեռագիր օրինակ, այն հրատարակվեց 1956 թ. Սերովբե Ագլյանի կողմից՝ անհրաժեշտ որոշ նշումներով։ Այս աշխատությունում արժեքավոր և հարուստ տեղեկություններ են հաղորդվում Կիլիկիայի հայկական պետության և հարևան երկրների հարաբերությունների, հայ-մոնղոլական զինակցության և մի շարք այլ հարցերի վերաբերյալ։
Չափածո գրվածքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սմբատ Սպարապետի գրական ժառանգությունից մեզ են հասել նամակներ, որոնցից պատմական առումով առանձնապես կարևոր նյութեր է պարունակում 1247 թ. Սամարղանդից իր փեսա՝ Կիպրոսի արքա Հենրիխին գրած նամակը։ Սմբատ Սպարապետը այդ նամակում նկարագրում է այն ավերածությունները, որոնք կատարել էին մոնղոլները կենտրոնական Ասիայի խոշոր մուսուլմանական քաղաքներում և տեղեկություններ է հաղորդում կայսրությունում քրիստոնյա տարրի նշանակալից դերի մասին։ Սմբատ Սպարապետի գրչին են պատկանում նաև մի շարք պոեմներ, բանաստեղծություններ, որոնցից իր պատմական նշանակությամբ հատկապես առանձնանում է 1269 թ. գրված «Ի ճաշոց գիրս» պոեմը՝ նվիրված Մառի ճակատամարտին։
Սմբատ Սպարապետի տնտեսագիտական գաղափարները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Սմբատ Սպարապետի աշխատությունների եկեղեցու եկամուտների գլխավոր աղբյուրներ է համարվել սեփական կալվածքների ընդլայնումը և ժողովրդից կատարվող գանձումները։ Հեղինակն անդրադարձել է նաև գանձված եկամուտների պահպանման, բաշխման և օգտագործման հարցերին։ Ինչպես պետական, այնպես էլ եկեղեցական ունեցվածքի հափշտակության համար Դատաստանագրքում մահապատիժ է սահմանված։ Սմբատ Սպարապետն անդրադարձել է նաև ֆեոդալական հողային ռենտայի բոլոր ձևերին և, ինչպես Մխիթար Գոշը, նույնպես նախապատվությունը տվել է բնամթերային ռենտային՝ այն սահմանելով բոլոր եկամուտների մեկ հինգերորդ մասի չափով։ Նա նկատել է, որ ֆեոդալիզմի ընդերքում զարգանում են ապրանքա-դրամական հարաբերությունները, մասնավորապես՝ առևտրա-վաշխառուական կապիտալը և փորձել է ֆելոդալական բնատնտեսության քայքայման պրոցեսը կանխել որոշակի օրենքներով։ Նրա կարծիքով վաշխառուն իրավունք չունի պարտքի դիմաց որպես գրավ վերցնել բանող անասունները, որոնք ոչ միայն ֆեոդալական տնտեսության հիմքն են, այլ նաև կարևոր են այդ հասարակարգի պատերազմի վտանգից պաշտպանության համար։ Սմբատ Սպարապետը անդրադարձել է նաև արտադրության մի շարք միջոցների վաճառքի պայմաններին, որոնց նպատակն է նորմալ պայմաններ ստեղծել տնտեսության մեջ արտադրության միջոցների ռացիոնալ օգտագործման համար։ Նա հատկապես կարևորել է ջրի որպես ոռոգման միջոցի և որպես շարժիչ ուժի նշանակությունը և նշել, որ դրա ազատ օգտագործման համար արգելքները պետք է վերացնել[փա՞ստ]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Swartz A. Open Library — 2007.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Faceted Application of Subject Terminology
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliografie dějin Českých zemí — 1905.
- ↑ Սմբատ Սպարապետ, Դատաստանագիրք
- ↑ Assises d’Antioche, reproduites en francais et publiees au sixiene centenaire de la mort de Sempad le conne’table, leur ancient traducteur armenien, par H. Alishan, Venise, 1876.
- ↑ SEMPAD, ASSISES D’ANTIOCHE
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գրիգոր Ակներցի, Պատմութիւն թաթարաց, Երուսաղէմ, 1974
- Կիրակոս Գանձակեցի, Պատմութիւն Հայոց, Թիֆլիս, 1909
- Մխիթար Այրիվանեցի, Պատմութիւն Հայոց, Ս. Պետերբուրգ, 1882
- Ալիշան Ղ., Սիսուան, Վենետիկ, 1885
- Ալիշան Ղ., Հայապատում, Վենետիկ, 1901
- Հայերեն ձեռագրերի հիշատակարաններ ԺԳ դար, կազմեց Ա. Մաթևոսյան, Երևան, 1984
- Հովսեփյան Գ., Յիշատակարանք ձեռագրաց, հատ. Ա, Անթիլիաս, 1951
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ա. Գ․ Գալստյան, Սմբատ Սպարապետ, Երևան, 1961։
- Խ. Սամուելյան, Հին հայ իրավունքի պատմություն, Երևան, 1939։
- Տ․ Ա․ Աթայան, Քաղագրական եղանակի առանձնահատկությունները Սմբատ Սպարապետի «Տարեգրքում», Պատմություն և մշակույթ, Երևան, 2014, էջ 279-292։
- Տ․ Ա․ Աթայան, Սմբատ Սպարապետի «Տարեգրքի» ձեռագրերը, Հանդէս ամսօրեայ, Վիեննա-Երեւան, 2015, 1-12, էջ 53-88։
- Տ․ Ա․ Աթայան, Սմբատ Սպարապետի «Տարեգրքի» սկզբնաղբիւրների մասին, Հանդէս ամսօրեայ, Վիեննա-Երեւան, 2016, 1-12, էջ 57-82։
- Տ․ Ա․ Աթայան, Սմբատ Սպարապետը եւ «Տարեգրքի» հեղինակային պատկանելիության հարցը, «Հայաստանը եւ արեւելաքրիստոնեական քաղաքակրթությունը» միջազգային գիտաժողովի նյութեր, Երեւան, 2016, էջ 3-7։
- Տ․ Ա․ Աթայան, Սմբատ Սպարապետի «Տարեգրքի» ժանրային պատկանելիության շուրջ, Հայագիտության հարցեր,Երևան, 2017 էջ 29-38։
- Sirarpie der Nersessian, The Armenian Chronicle of the Constable Smpad or of the "Royal Historian",- Dumbarton Oaks Papers, Vol. 13, (1959), pp. 141+143-168.
- С.Л. Григорян, Коронационный список летописи Смбата Гундстабля: Сируи, владетель Симанаклы. Արխիվացված 2013-11-26 Wayback Machine
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սմբատ Սպարապետ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 454)։ |