Հովհաննես Շիրազ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շիրազ (այլ կիրառումներ)
Հովհաննես Շիրազ
Ծննդյան անունՕնիկ Թադևոսի Կարապետյան
Ծնվել էապրիլի 27, 1914(1914-04-27)
ԾննդավայրԱլեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Վախճանվել էմարտի 14, 1984(1984-03-14) (69 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԳերեզման Հովհաննես Շիրազի
Մասնագիտությունբանաստեղծ, գրող և բանասեր
Լեզուհայերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1941), Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ (1956) և Շիրակի պետական համալսարան
Ուշագրավ աշխատանքներԲիբլիական
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Պարգևներ
ԱմուսինՍիլվա Կապուտիկյան
ԶավակներՍիփան Շիրազ, Արա Շիրազ, Մասիս Շիրազ և Վանանդ Շիրազ
Հովհաննես Շիրազ Վիքիքաղվածքում
Հովհաննես Շիրազ Վիքիդարանում
 Hovhannes Shiraz Վիքիպահեստում

Հովհաննես Շիրազ (Օնիկ Թադևոսի Կարապետյան) (ապրիլի 27, 1914(1914-04-27), Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - մարտի 14, 1984(1984-03-14), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մեծանուն բանաստեղծ։ Հայկական ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1975, «Համամարդկային» բանաստեղծությունների ժողովածուի համար)։ ԽՍՀՄ գրողների միության անդամ (1935):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1914 թվականին Ալեքսանդրապոլ քաղաքում (այժմ՝ Գյումրի)։ Շիրազը մեծացել է աղքատության մեջ։ Առաջին գիրքը՝ «Գարնանամուտ» վերնագրով, հրատարակվել է 1935 թվականին։ Նովելագիր Ատրպետը տաղանդավոր պոետին տալիս է «Շիրազ» գրական անունը, որովհետև «Այս երիտասարդի բանաստեղծությունները Շիրազի թարմ և ցողով ծածկված վարդերի բուրմունքն ունեն» (Շիրազը քաղաք է Իրանում, որը հայտնի է իր վարդերով և պոետներով)։ Սովորել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետում, այնուհետև՝ Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացներում։ 1958 թվականին հրատարակում է «Քնար Հայաստանի» գրքի առաջին հատորը։ Երկրորդ և երրորդ հատորները հրատարակվում են 1965 թվականին և 1974 թվականին։ Այս ժողովածուները ներառում են Շիրազի պոեզիայի լավագույն նմուշները։ Շիրազի ստեղծագործությունները չափածո են։ Նա հեղինակ է հանրաճանաչ հայրենասիրական և լիրիկական պոեմների ու բանաստեղծությունների, որոնցից են՝ «Անի», «Սիամանթո և Խջեզարե», «Էքսպրոմտ», «Իմ սուրբ Հայրենիք», «Սերս գաղտնի թող մնա», «Հայերի ճակատագիր», «Անդրանիկին» և այլն։ Նա գրել է «Հայոց Դանթեական» մեծածավալ պոեմը, որը Հայոց ցեղասպանության մասին է, թեմա, որն արգելված էր Խորհրդային Միությունում. Գլուխգործոց համարվող այս ստեղծագործության առաջին տարբերակը գրվել է 1941 թ.[1] Շիրազի կենդանության օրոք այդ գործից միայն կարճ հատվածներ հրատարակվեցին Խորհրդային Միությունում և մի քանի գլուխներ Բեյրութում և Թեհրանում։ Պոեմը ամբողջությամբ (ավելի քան 8000 տող) լույս տեսավ Երևանում 1990 թվականին։

Թաղված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում՝ այլ հանրահայտ հայերի կողքին։

Նրա առաջին կինը հայտնի բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանն էր։ Նրանց տղան՝ Արա Շիրազը քանդակագործ է։ Շիրազը իր երկրորդ կնոջից՝ Շուշանից յոթ երեխա ունեցավ։ Նրանց որդին՝ Սիփան Շիրազը, պոետ էր։

Հովհաննես Շիրազի անվամբ են կոչվում Երևանի թիվ 169 դպրոցը և Սպահանի մարզի Ջուղայի մի փողոց։ Գյումրիի 19-րդ դարի կառույցում բացվել է Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանը[2]։

Հուշատախտակ այն տանը, որտեղ ապրել է Շիրազը. Երևան, Մաշտոցի պողոտա

Անհատականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շիրազը հայտնի էր իր լավ հումորի զգացումով։ 1960-ականների սկզբներին Ջոն Ստեյնբեկը այցելում է Երևանում պոետի բնակարանը, ավելի ուշ Շիրազին ուղղված իր նամակում գրում է՝ ...մարդիկ հարազատ են զգում միասին, երբ նրանք միասին ծիծաղում են։ Եվ ես հիշում եմ, որ Երևանում մենք մի լավ ծիծաղեցինք[3]։ Եվգենի Եվտուշենկոն[4] և Ալեքսանդր Գիտովիչը[5] պոեմներ են նվիրել Շիրազին։

Շիրազը հանրահայտ և սիրելի պոետ էր Սովետական Հայաստանի ժողովրդի կողմից։ 1974 թվականին, երբ հայտնի քննադատ Սուրեն Աղաբաբյանը Շիրազին հայտնեց նրան Լենինի շքանշանով պարգևատրելու մասին, պատասխանը հետևեց. «Եվ փոխարենը ի՞նչ են նրանք [Սովետական կառավարությունը] ուզում։ Իմ լռությունը գնե՞լ»[6]։

Պոեզիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Շիրազը մոտ քառասուն գրքերի հեղինակ է։ Նրա հարուստ բառապաշարը և զգացմունքային ոճը հարստացված ժողովրդական և բարբառային տարրերով[7], նրա պոեզիան դարձրին Հայ գրականության լավագույն նմուշներից։ Քննադատները նրա շատ գործեր գլուխգործոցներ են համարում։ Ըստ Պարույր Սևակի՝ «Ժամանակակից հայ պոեզիան արթնացավ Շիրազ սարի վրա»[6]։ «Շիրազը մեծ հանճար է, մենք պետք է հպարտ լինենք, որ պատիվ ունենք անձամբ նրան ճանաչելու»,- գրել է Վիլիամ Սարոյանը։ «Շիրազը իր պոեմները կառուցում է հայկական զգացմունքների տուֆով»,- ավելացնում է Եվգենի Եվտուշենկոն[8]։

Շիրազի ստեղծագործությունները հայտնի էին ողջ Սովետական Միությունում (նրա գործերը թարգմանել են Արսենի Տարկովսկին և Նիկոլայ Ասեևը) և արտասահմանում։ Նրա գործերը թարգմանվել են աշխարհի ավելի քան 60 լեզուներով։ Ամենից շատ թարգմանվել է բանաստեղծի քնարի անգին գոհարը՝ «Բիբլիական» պոեմը։ Անդրեյ Դեմենտևը գրում է, որ Հովհաննես Շիրազի գործերը շատ դժվար է թարգմանել, քանի որ Սերգեյ Եսենինի նման, նա շատ մետաֆորաներ է օգտագործում[9]։

Հնդիկ գրող Բիշամ Սահնին Սովետական գրողների հետ հանդիպման ժամանակ, Շիրազի պոեմներն է ցույց տալիս՝ որպես պոեզիայի լավագույն նմուշներ[10]։

Ստեղծագործական աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում գրողն իր բանաստեղծությունները ստորագրում էր Հովհաննես Շիրակ։ Սակայն Ատրպետը առաջարկում է Շիրակը փոխարինել Շիրազով, որովհետև ինչպես ինքն է նկատում, պատանու բանաստեղծություններն Իրանի վարդաշատ քաղաք Շիրազի վարդերի բուրմունքն ունեն։

1935 թվականին լույս է տեսնում Շիրազի առաջին գիրքը՝ «Գարնանամուտ» վերնագրով, որով էլ տարածվում է բանաստեղծի համբավը։ Անհամար ընթերցողներ դառնում են Շիրազի պոեզիայի սիրահարները։ Ձեռքից ձեռք են անցնում նրա բանաստեղծությունների հրապարակումներն ամսագրերում, լրագրերում։ Շիրազի գրքերը մասունք են դառնում շատերի համար։

Հովհաննես Շիրազի ստեղծագործությունները Հայաստանում լույս են տեսել ավելի քան կես միլիոն տպաքանակով։ Շիրազյան հորդաբուխ ու հայաշեն խոսքը երկար տարիներ հայրենասիրության ու ազգապահպանման պատգամն է վառում աշխարհասփյուռ հայության սրտում։

Հուշեր Շիրազի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Շիրազի հուշարձանը Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում

Ամբողջ կյանքում նրա համար անմոռաց մնացին գյումրեցի Թադևոսի (հոր) և կարսեցի Աստղիկի (մոր) հետ կապված տպավորությունները։ Թադևոսն Ախուրյանի ափին մի հին ու խարխուլ տնակ ուներ, ուր անց էր կացնում աշխատավոր գյուղացու իր կյանքը՝ գոհություն հայտնելով Աստծուն և՛ տվածի, և՛ չտվածի համար։

Կգար հայրս Շիրակի հովերի հետ, իրիկվա,
Կշողշողար բահն ուսին, սարից ելնող լուսնի պես։

Բայց ահա սպանվում է հայրը, իր իսկ խրճիթի շեմին, թուրքական արշավանքի ժամանակ։ Սկսվում է մանուկ Օնիկի տխուր մանկությունը, որն անցնում է գյուղից գյուղ, բանջարանոցից բանջարանոց, մինչև որ ծվարում է Ալեքսանդրապոլի որբանոցում։

«Որբանոցից շատերն էին փախչում,― պատմում է Շիրազն ինքնակենսագրականում,― մեծ մասը դեպի շուկա, իսկ ես՝ դեպի Արփաչայի հովիտները՝ փնտրելու հայրիկիս բոստանը։ Եվ մի վայրկյան ծաղիկների ու կակաչների մեջ մոռանում էի, որ որբ եմ...»։

Անհանգիստ ու կրակոտ խառնվածքը, սակայն, փողոց է նետում նաև Օնիկին, ուր վխտում էին անապաստան երեխաները։ «Ջուր տամ, պաղ ջուր, պուլպուլակի սառը ջուր»,-կանչելով թափառում էր նա, բայց իր իսկ խոստովանությամբ՝ միշտ ձախողակ ու անհաջող։

Բայց ահա այդ ձախողակ օրերի մեջ փայլում է «ճակատագրական մի սուրբ վայրկյան»։ Փողոցով անցնում է սև հացի բոքոնը ձեռքին մի խեղճ կին։ Սոված Օնիկը փորձում է փախցնել հացը, բայց կինը բռնում է նրան ու ... սեղմում կրծքին։ Այդ նրա մայրն էր՝ Աստղիկը, որ վերջապես գտել էր կորած որդուն։ Նա, փաղաքշելով ու «գիժ ջան, գիժ» կրկնելով, տուն է տանում որդուն, որը հին ու կիսափուլ խրճիթ էր։ Մոր խոսքը օրենք էր Օնիկի համար, իսկ նա խորհուրդ է տալիս՝ «Արհեստ սովորիր... արհեստն է մարդուն ոսկե բիլազուկ»։

Արհեստներով հարուստ քաղաք Գյումրիում Շիրազն սկզբում դառնում է կոշկակարի աշակերտ, ապա զբաղվում այլ արհեստներով, բայց ոչ մի զբաղմունք դուր չի գալիս նրան։ Դպրոցում էլ նա լավ սովորողներից չէր։ Միայն հայոց լեզուն էր, որ հարազատ էր նրան։ Այստեղ էլ երևում էր նրա բնածին տաղանդը։ Հասակակիցներից ստանալով «խելառ» մականունը՝ պատանին սկսում է անընդհատ հանգեր հորինել, բառեր կառուցել, բանաստեղծություններ գրել։ Գրում է ձեռքն ընկած պատառոտված թղթերի, ինչ-որ տեղից ճարած թղթե անձեռոցիկների վրա։ Այդ օրերին Գյումրիում իր գրական մայրամուտն էր ապրում Ատրպետը, որին էլ ապագա գրողը ծանոթացնում է իր բանաստեղծական գաղտնիքներին։ Ատրպետը դառնում է Շիրազի առաջին քննադատը և առաջինն էլ կռահում, որ ծնվող բանաստեղծը օժտված է շքեղ տվյալներով։

1930 թվականին պատանի Շիրազի բանաստեղծությունները տպագրվում են տեքստիլ գործարանի թերթում։ Այդ գործարանում նա աշխատում էր որպես ջուլհակ։ Բայց Շիրազի երազանքը «Բանվորի» էջերն էին։ Հեռու չէր նաև այդ օրը։ Իսկ հետո, ժամանակի գրական երիտասարդության հովանավոր Վահրամ Ալազանի շնորհիվ երիտասարդ բանաստեղծի անունը շրջում է Երևանում։

1984 թվականին, երբ այլևս չկար Շիրազը, գրականագետ Սուրեն Աղաբաբյանը գրում է.

«...Ամեն օր, նույն ժամին հայտնվում էր Աբովյան, Ամիրյան, Տերյան փողոցների խաչմերուկներում՝ գլխին հավաքելով իր տաղանդի երկրպագուներին։ Սրանք ասես թե հաղորդակցվում էին Նոյի վաղնջական ժամանակներից, Ավարայրի ռազմադաշտերից, Անիի բերդապարիսպներից, հայոց պատմության քառուղիներից մեր օրերը հասած հրաշագործ առասպելական հերոսի հետ։ Այլևս չի երևալու ազգային ըղձասացի արծվենի կերպարանքը, այլևս բազմությունները չեն լսելու նրա կենդանի, սրամիտ, պատկերավոր խոսքը, այլևս Հովհաննես Շիրազը անցել է հավերժության գիրկը՝ անմահների համար սահմանված հավերժության օրենքով»։

Հովհաննես Շիրազը պաշտում էր երեխաներին։ Նա նրանց համար մինչև ափերը լցված բարության ծով էր։

Երբ գրկում եմ բալիկներիս,
Ձեզ եմ գրկում հայ բալիկներ,
Երբ գրկում եմ ձագուկներիս,
Ձեզ եմ գրկում հայ գալիքներ։
Կուզեմ դառնան տիեզերքիս
Աստղերը ձեզ խաղալիքներ։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Շիրազի գերեզմանը Կոմիտասի անվան պանթեոնում

Մահացել է Երևանում 1984 թվականի մարտին, թաղվել է Կոմիտասի անվան պանթեոնում։

Մահվանից 20 տարի անց, համաձայն Շիրազի կտակի (նշված Շիրազի բանաստեղծություններից մեկում), մի քանի հայրենասեր հայերի շնորհիվ նրա սիրտը թաղվել է Արարատ լեռան բարձունքներում՝ սառույցի մեջ[11]։

Մեջբերումներ Շիրազի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

... Հովհաննես Շիրազը, որ երեկ անապաստան, «խուժանային» որբ տղեկ մը եղած է...այսօր, ըստ իս, Երևանի և ամբողջ աշխարհի բանաստեղծներուն մեջ ինքնուրույն տեղ մը գրավելու արժանի ներշնչյալ, հմայիչ քնարերգակ մըն է։
Հ. Շիրազը հայ ժողովրդի վշտի դարավոր մառախուղից ծագած աստղն է։
Շիրազը սփյուռքի մեջ ամենաժողովրդական և սիրված բանաստեղծն է, հուզիչ կապ է մեր և մեր հայրենիքի ժողովրդի մեջ, նրա ձայնը սփյուռքում սրտեր կգրավե... Տարբեր լարեր կան անոր քնարին վրա, թե՛ աշուղական, թե՛ քնարական, թե՛ փիլիսոփայական և նկարագրով էլ, որպես մարդ, նա հրաբխային բանաստեղծ է։
Շիրազ մեծ տաղանդ մըն է։ Անիկա մեծ, մեծ անուն ունի և մենք շատ կգնահատենք անոր գոյություն... Շիրազ թանկագին հոգի մըն է, ես շատ կցանկանամ լուրեր առնել անոր գրություններե, լսել անոնք։ Ան տաղանդ է, մենք պետք է հպարտ զգանք և մեծ պատիվ համարենք անոր հետ ծանոթ ըլլալ։
Նրա մեջ բոցկլտում էր մաշտոցյան լեզվի կրակը, նրա երակներում հոսում էր Նարեկացու և Քուչակի արյունը, իսկ սրտի միջով անցնում էր Խաչատուր Աբովյանի վերքը։ Նա տիրապետում էր Սասունցի Դավթի ուժին, սակայն նրա պոեզիայում ծաղկում էր մոր ծաղիկը, որի անունը քնքշություն է։ Նրա քնարը պատվով կրում էր Կոմիտասի կարոտը և Մարտիրոս Սարյանի գույների հարմոնիան։

Շիրազը ոչ միայն բանաստեղծական պատկերի անգերազանց վարպետ է, այլև բանաստեղծության գերազանց կառուցող-ճարտարապետ։

Շիրազի ստեղծագործությունը ոչ թե պատմություն է կամ անցյալի հուշ, այլ բանաստեղծական գալիք, ուր թրթռում է պոեզիայի կենդանի ոգին, «աստվածային շունչը»։
Ապագայում ևս շիրազյան բանաստեղծությունը բազմաթիվ հիվանդ հոգիներ ու սրտեր կբուժի, ինչպես այսօր մենք մոռացված խոտեր ու ծաղիկներ ենք փնտրում՝ մեր հիվանդ մարմինը բուժելու համար։ Այն անթառամը, որ կա շիրազյան բանաստեղծության մեջ, սքանչելի բույր ունի և ապաքինող բաղադրություն։
Նա, ժառանգելով իր ժողովրդի տաղանդի բանաստեղծական հատկանիշը, հասունացել է այնքան, լցվել է այնպես, ինչպես Արարատյան դաշտի այն հարուստ վազը, որ հազվադեպ տեսակի է և իր արտասովոր ողկույզների նույնքան արտասովոր շողշողումներով ժպտում է ամեն անցորդի ու չի հարցնում նրա ով լինելը։

Երկերի մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

aybuben.com կայքում հասանելի են Հովհաննես Շիրազի որոշ ստեղծագործություններ[12]։

  • Գարնանամուտ, Երևան, 1935, 106 էջ։
  • Սիամանթո և Խճեզարե (հայ-քրդական ժողովրդական պոեմ), Երևան, 1935, 38 էջ։
  • Արևի երկիր (վեպ-բանաստեղծություն), Երևան, 1938, 176 էջ։
  • Բևեռի առումը, Երևան, 1938, 12 էջ։
  • Փոքրիկ հովիվը, Երևան, 1938, 8 էջ։
  • Մեր երջանկությունը, Երևան, 1938, 18 էջ։
  • Մեր երջանկությունը, Երևան, 1939, 27 էջ։
  • Բրոնզե արծիվը, Երևան, 1940, 12 էջ։
  • Երգ Հայաստանի, Երևան, 1940, 292 էջ։
  • Բանաստեղծի ձայնը, Երևան, 1942, 32 էջ։
  • Երգերի գիրք, Երևան, 1942, 111 էջ։
  • Փոքրիկ հովիվը, Երևան, 1943, 16 էջ։
  • Լիրիկա, Երևան, 1946, 98 էջ։
  • Սիամանթո և Խջեզարե (պոեմ), Երևան, 1947, 34 էջ։
  • Հատընտիր, Երևան, 1949, 332 էջ։
  • Գիրք խաղաղության և սիրո, Երևան, 1950, 140 էջ։
  • Իմ ընկեր Լորիկը, Երևան, 1950, 16 էջ։
  • Ռոսթավելի Շոթան և Թամարը (պոեմ), Երևան, 1952, 54 էջ։
  • Ռոսթավելի Շոթան և Թամարը (պոեմ), Բեյրութ, 1952, 54 էջ։
  • Օձն ու մեղուն, Երևան, 1953, 12 էջ։
  • Հատընտիր, Երևան, 1954, 376 էջ։
  • Բանաստեղծություններ, Երևան, 1954, 160 էջ։
  • Սիամանթո և Խջեզարե (պոեմ), Երևան, 1955, 36 էջ։
  • Սիամանթո և Խջեզարե (պոեմ), Պէյրութ, 1955, 61 էջ։
  • Սիամանթո և Խջեզարե (պոեմ), Երևան, 1957, 60 էջ։
  • Սիամանթո և Խջեզարե (պոեմ), Պէյրութ, 1957, 49 էջ։
  • Քնար Հայաստանի, գիրք 1, Երևան, 1958, 472 էջ։
  • Սիրանամե (պոեմ), Երևան, 1959, 56 էջ։
  • Իմ ընկեր Լորիկը (պոեմ), Երևան, 1960, 80 էջ։
  • Շղթայված մեղեդիներ, Երևան, 1962։
  • Քնար Հայաստանի, գիրք 2, Երևան, 1964, 360 էջ։
  • Հայոց Դանթեականը (պոեմ), Պէյրութ, 1965, 80 էջ։
  • Հուշարձան մայրիկիս, Երևան, 1968, 164 էջ։
  • Հուշարձան մայրիկիս, Պէյրութ, 1968, 164 էջ։
  • Սիրանամե (պոեմ), Երևան, 1969, 54 էջ։
  • Սիամանթո և Խաջեզարե (պոեմ), Երևան, 1970, 104 էջ։
  • Բանաստեղծի ձայնը, Երևան, 1970, 61 էջ։
  • Բանաստեղծություններ, Երևան, 1971, 72 էջ։
  • Հատընտիր, Պէյրութ, 1971, 240 էջ։
  • Հուշարձան մայրիկիս, Երևան, 1972, 232 էջ։
  • Քառյակներ, Վենետիկ, 1973, 62 էջ։
  • Քնար Հայաստանի, գիրք 3, Երևան, 1974, 416 էջ։
  • Համամարդկային, Երևան, 1974, 172 էջ։
  • Յոթնապատում (քառյակներ), Երևան, 1977, 176 էջ։
  • Առակս զինչ ցուցանե, Երևան, 1978, 64 էջ։
  • Սիամանթո և Խաջեզարե (պոեմ), Երևան, 1979, 120 էջ։
  • Հուշարձան մայրիկիս (պոեմ հյուսված բանաստեղծություններով), Երևան, 1979, 272 էջ։
  • Հուշարձան մայրիկիս, Երևան, 1980, 270 էջ։
  • Երկեր, հատ. 1. Բանաստեղծություններ, Յոթնապատում քառյակներ, Երևան, 1981, 388 էջ։
  • Երկեր, հատ. 2. Պոեմներ, Երևան, 1982, 352 էջ։
  • Հատընտիր (բանաստեղծութիւններ), Թեհրան, 1983, 212 էջ։
  • Հովհաննես Շիրազի թարգմանությամբ (Ժողովածուն ընդգրկում է բանաստեղծի տարբեր տարիներին կատարած թարգմանությունները), Երևան, 1983, 52 էջ։
  • Երկեր, հատ. 3. Քնար համամարդկային (միայն սերը), Երևան, 1984, 352 էջ։
  • Մի փետուր իմ արծիվ կյանքից, Երևան, 1984, 112 էջ։
  • Հայոց Տանթէականը, Պէյրութ, 1985, 54 էջ։
  • Հատընտիր, Պէյրութ, 1985, 368 էջ։
  • Երկեր, հատ. 4. Հուշարձան մայրիկիս, Հուշարձան հայրիկիս, Երևան, 1986, 312 էջ։
  • Հայոց Տանթէականը, Պէյրութ, 1988, 56 էջ։
  • Հայոց Դանթեականը, Երևան, 1990, 384 էջ։
  • Հայոց Դանթեականը, Երևան, 1991, 352 էջ։
  • Ընտիր երկեր, հատ. 1, Երևան, 1992, 296 էջ։
  • Հատընտիր, Երևան, 1992, 132 էջ։
  • Մի արմատ խոր (բանաստեղծություններ), Երևան, 1994, 52 էջ։
  • Բանաստեղծություններ, Երևան, 1999, 98 էջ։
  • Քնար Հայաստանի (ընտիր բանաստեղծություններ և պոեմներ), Երևան, 2000, 244 էջ։
  • Նորահայտ ստեղծագործություններ, Երևան, 2002, 304 էջ։
  • Բանաստեղծություններ, Երևան, 2004, 240 էջ։
  • Ընտրանի (բանաստեղծություններ), Երևան, 2005, 76 էջ։
  • Անի (պոեմ), Երևան, 2011, 308 էջ։
  • Հայոց Դանթեականը, Լոս Անճելըս, 2011, 165 էջ։
  • Բանաստեղծություններ և պոեմներ (ընտրանի), Երևան, 2012, 196 էջ։
  • Հատընտիր, Երևան, 2012, 344 էջ։
  • Թոնդրակեցիներ (պոեմ), Երևան, 2014, 328 էջ։
  • Հուշարձան մայրիկիս, Երևան, 2017, 240 էջ։

Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Լերմոնտով Միխայիլ։ Երկերի ժողովածու։ Երեք հատորով։ Հատոր II.- Երևան։ Հայաստան, 1966.- 458 էջ։
  • Լերմոնտով Միխայիլ։ Ընտիր երկեր.- Երևան։ Սովետական գրող, 1982.- 572 էջ.- (Ռուս դասականների գրադարան)։
  • Հովհաննես Շիրազի թարգմանությամբ /Խմբ.՝ Գ. Գ. Հովսեփյան.- Երևան։ Սովետական գրող, 1983.- 51 էջ։
  • Սովետական քուրդ բանաստեղծներ (1936 - 1952) /Կազմ.՝ Ջ. Ջասըմե; Թարգմ.՝ Վ. Գրիգորյան, Խ. Դաշտենց, Մ.Խերանյան, Հ. Շիրազ.- Երևան։ Հայպետհրատ, 1953.- 168 էջ։
  • Վրաց գրականության ընտիր էջեր.- Երևան։ Հայպետհրատ, 1961.- 648 էջ.- Բովանդ-ից՝ Բարաթաշվիլի Նիկոլոզ. Իմ չոնգուրին։

Գրականություն Շիրազի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սովետահայ գրականության պատմություն, երկրորդ հատոր (1941-1964, հատորում զետեղված է «Հովհաննես Շիրազ» գլուխը, որը գրել է Սուրեն Աղաբաբյանը), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1967, 655 էջ։
  • Գուրգեն Մահարի, Սուրեն Աղաբաբյան, Հրանտ Թամրազյան, Մկրտիչ Սարգսյան, Հովհաննես Շիրազի մասին, Երևան, «Հայաստան», 1974, 104 էջ։
  • Սուրեն Աղաբաբյան, Հովհաննես Շիրազ (գրական էտյուդներ), Երևան, «Սովետական գրող», 1984, 84 էջ։
  • Բատիկյան Լ. Հովհաննես Շիրազի մայրականը.Եր.։ Սովետ. գրող, 1976.-102 էջ։
  • Բարսեղյան Խիկար, Շիրազ։ (Հուշ նովելներ։ Թանկագին մասունքներ։ Նամակներ).- Եր.։ Արևիկ, 1990.264 էջ։
  • Գրիգորյան Արամ, Պատումներ Շիրազի կյանքից, Երևան։ Սովետական գրող, 1987.- 232 էջ։
  • Աբաջյան Վլադիմիր, Հավերժության ուղևորը.- Սովետ. Հայաստան, 1984, 25 դեկտ.։
  • Աբգարյան Գ. «Երազիս մեջ սիբիր էի աքսորված»։ (Շիրազի ստեղծ. մասին).- Գրքերի աշխարհ, 1991, 5 հուլիսի։
  • Ադալյան Ն. Վսեմ անուն.- Գրական թերթ, 1984, 28 դեկտ.։
  • Մարո Ալազան, Հուշեր Հովհ. Շիրազի մասին.- Գրքերի աշխարհ, 1991, N 10 - 12։
  • Աղաբաբյան Սուրեն «...Գիրս մնա հիշատակող».- Հայրենիքի ձայն, 1984, 26 դեկտ.։
  • Աղավնի Մեծ մի մանուկ.- Գրական թերթ, 1984, 21 դեկտ.։
  • Բատիկյան Լ. Նա բարձր էր գնահատում խոսքը.Սովետ. դպրոց, 1984, 27 դեկտ.։
  • Բարսեղյան Խ. Հովհաննես Շիրազ - 75.- Խորհրդային Հայաստան, 1990, 22 մայիսի։
  • Գասպարյան Դավիթ «Ես պոետների արքան ջահել...».Կուլտ. լուս. աշխատանք, 1986, N 7, 8, էջ 47-52։
  • Գասպարյան Դ., Պոեզիան և կյանքի ճշմարտությունը, Ե., 1990։
  • Գյոդակյան Ս. Բանաստեղծի պատգամը.- Պիոներ կանչ, 1984, 26 դեկտ.։
  • Դավթյան Վ. Նա պիտի մեզ հետ լիներ.- Գրական թերթ, 1990, 18 մայիսի։
  • Դավոյան Ռազմիկ, Հովհաննես Շիրազ.- Գարուն, 1988, նո 9, էջ 75-84։
  • Էմին Գ. Անմահության ճամփորդը.- Սովետ. դպրոց, 1984, 22 մարտի։
  • Կարճիկյան Հ. Հայոց հանճարի նորագույն թռիչքը։ («Հայոց դանթեականը»-ը պոեմի մասին).- Երեկոյան Երևան, 1990, 25 մայիսի։
  • Հակոբյան Վ. Բարև, Շիրազ.- Արցախ, 1990, նո 3-4, 45-50։
  • Մանուկյան Ս. Աստղիկ Շիրազ։ (Բանաստեղծի աղջկա հուշերը հոր մասին).- Ավանգարդ, 1991, 4 հունվարի։
  • Մակարյան Ա., Հովհ. Շիրազի լիրիկայի հիմնական գծերը, Երևան, Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի հրատարակություն, 1968, 61 էջ։
  • Մուրադյան Սամվել, Շիրազը իմ կյանքում։ (Հուշեր).Ավանգարդ, 1992, 11 փետրվարի։
  • Պալյան Ա. Քնարի թագը գլխին։ (Հովհ. Շիրազի մասին).- Առագաստ, 1992, նո 16։
  • Նազարեթ Կիրակոսյան, Մեծ Շիրազի հետ /հուշեր/, Երևան, 1991, 112 էջ։
  • Գևորգ Արշակյան, Հոգով խելառը, Երևան, 2003։
  • Ռուբեն Զարյան, Մայրամուտից առաջ։ Ինքնապատում հուշեր, հատ. 2, Երևան, 1990, էջ 318-344։
  • Սերո Խանզադյան, Ինչպես հիշում եմ, Երևան, 1988, էջ 99-111։
  • Արամայիս Սահակյան, Զվարճալի հարցազրույցներ, Երևան, 1985, էջ 3-11։
  • Հովնաթան Հ., Ցանեց Շիրազը, հնձեց Հովնաթանը։ Զրույցներ Շիրազի հետ, Ե., 1998։
  • Մարտիրոսյան Վ., Հովհաննես Շիրազ, Ե., 1999։
  • Աթաբեկյան Ս., Հովհաննես Շիրազի քնարերգությունը, Ե., 1979։
  • Առաքյալ [Առաքելյան] Վ., Արարատ լեռան քուրմը, Ե., 2002։
  • Հովհաննես Շիրազ։ Կենսամատենագիտություն, Ե., 1989։
  • Հովհաննես Շիրազ։ Մի փետուր իմ արծիվ կյանքից։ Ե., 1984։
  • Ղարիբջանյան Գ., Շիրազի հետ, Ե., 1995։
  • Սողոմոնյան Ս., Ժամանակից հայ բանաստեղծներ, Ե., 1967։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ Հովհաննես Շիրազ-Ռեժիսոր Լևոն Մկրտչյան
  • 1983 թվականին Հայֆիլմ կինոստւդիան նկարահանել է «Հավերժի ճամփորդը» ֆիլմը (35 մմ), սցենարի հեղինակ և ռեժիսոր՝ Լևոն Մկրտչյան, կոմպոզիտոր Սարգիս Ալաջաջյան։
  • 2005 թվականին «Հայկ ստուդիան» նկարահանվել է «Հովհաննես Շիրազ» վավերագրական ֆիլմը, սցենարի հեղինակ և ռեժիսոր՝ Լևոն Մկրտչյան[14]։
  • 2014 թվականին Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը նկարահանել է «Հավերժական սառույցների տակ ապրող սիրտը. Հ.Շիրազ» վավերագրական ֆիլմը, սցենարի հեղինակ Մարիաննա Փայտյան, ռեժիսոր՝ Մուշեղ Մինասյան«Հավերժական սառույցների տակ ապրող սիրտը. Հ.Շիրազ» (անգլերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.

Շիրազի զավակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Հովհաննես Շիրազ
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
  1. The Armenian genocide: cultural and ethical legacies, By Richard G. Hovannisian, p. 103
  2. House-Museums of Writers
  3. «The Fragrance of the Roses Lingers On ... Hovhannes Shiraz». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 31-ին.
  4. Первое собрание сочинений в восьми томах: 1976-1982, Евгений Александрович Евтушенко
  5. Подольный И. Что было, то было: Записки счастливого человека. – Вологда, 2001
  6. 6,0 6,1 «"МОЯ БИОГРАФИЯ - ЭТО МОИ СТИХИ", 2010». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 31-ին.
  7. Calendar of literary facts: a daily and yearly guide, by Samuel J. Rogal - 1991
  8. Е. Евтушенко, Талант есть чудо неслучайное, 1980, с. 216
  9. «Поэт Андрей ДЕМЕНТЬЕВ, Bulvar Gordona, № 34 (329) 2011». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 2-ին.
  10. Soviet literature, journal, 1987, p. 156
  11. ««ԱՐԱՐԱՏ. ՀԱՅՈՑ ԱՆՄԱՀՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ»». www.azg.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.
  12. «Հայ Գրողներ». aybuben.com. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.
  13. Daily, A. Z. G. «ԵՐԿՈՒ ՀՊԱՆՑԻԿ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄԵԾՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶԻ ՀԵՏ». AZG Daily. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.
  14. «ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ» (անգլերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]