Շոթա Ռուսթավելի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Շոթա Ռուսթավելի
Shota rustaveli qartuli.jpg
Ծնվել է 1172[1]
Ծննդավայր Ռուսթավ
Վախճանվել է 1216[1]
Վախճանի վայր Երուսաղեմ
Մասնագիտություն բանաստեղծ և գրող
Լեզու վրացերեն
Քաղաքացիություն Վրաստան
Ուշագրավ աշխատանքներ Ընձենավորը
Շոթա Ռուսթավելի Վիքիքաղվածքում
Shota Rustaveli Վիքիպահեստում

Շոթա Ռուսթավելի (վրաց.՝ შოთა რუსთაველი) (1172[1] , Ռուսթավ - 1216[1] , Երուսաղեմ), «Ոսկեդարի» վրացի քաղաքական գործիչ և բանաստեղծ։ Հայտնի «Ընձենավորը» (վրաց.՝ ვეფხისტყაოსანი, վէփխիստղաոսիանի) էպոսի հեղինակն է։

Շոթա Ռուսթավելու անունը վկայված է 17-րդ դարի գրավոր աղբյուրներում։ Էպոսի տողերում հեղինակը նշել է իր անունը։ Հեղինակի ազգանունը ցույց է տալիս ծննդավայրը (Մեսխեթի Ռուսթավ գյուղ): Կրթությունը ստացել է Գելաթի և Իկալտոյի ակադեմիաներում, ապա «հունաց երկրում» (Բյուզանդիա):

Զարգացած միջնադարում միացյալ Վրացական թագավորությունը զորեղանում է։ Նրա գերիշխանության տակ են անցնում հարևան ու հեռավոր բազմաթիվ երկրներ։ Պայմաններ են ստեղծվում վրացական մշակույթի բարգավաճման համար։ Թբիլիսիի արքունիքը ջանք ու միջոցներ չի խնայում արվեստների ու գրականության զարգացման համար։ Թամար թագուհին (1184-1213) Շոթա Ռուսթավելուն հանձնում է արքունի գանձապահի պաշտոնը։

Ուշ միջնադարի վրացի հեղինակները տեղեկություններ են տալիս Ռուսթավելու կենսագրության մասին։ Կյանքի վերջին տարիները բանաստեղծն անցկացրել է Երուսաղեմի նախկին վրացական Սուրբ Խաչ վանքում, որտեղ էլ գտնվել է նրա որմնանկարը։ Այն հեղինակել է վրացի ուխտավոր Տիմոթեոս Գաբաշվիլին 1757/58 թվականներին։ Երուսաղեմում գտնված տեղեկությունների համաձայն Շոթա Ռուսթավելին նշվում է որպես բարերար, ինչը հաստատում է Թամար թագուհու պալատում իր ունեցած բարձր դիրքի մասին։

Այսօր Շոթա Ռուսթավելու անունով Թբիլիսիում գործում է Պետական ակադեմիական թատրոն (1887 թվականից), կա պետական մրցանակ (1965 թվականից), նրա անունն է կրում Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Գրականության ինստիտուտը։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընձենավորը[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Ընձենավորը

«Ընձենավորը» գրել է 1189–1207 թթ-ին և նվիրել է Թամար թագուհուն ու նրա ամուսնուն՝ ալանաց արքայորդի Դավիթ Սոսլանին։ Թեև նկարագրվող դեպքերն ու իրադարձությունները տեղի են ունենում Հնդկաստանում, Պարսկաստանում, նաև մտացածին երկրներում, այնուամենայնիվ, հեղինակը ճշմարտացիորեն արտացոլում է XII դարի Վրաստանի հասարակական-քաղաքական իրադրությունը։

Պոեմը հիմն է ազատ, անկեղծ ու երկրային սիրո։ Բանաստեղծը մերժել է գռեհիկ զգայական սերը, հնարավոր համարել տղամարդու և կնոջ բարոյական ու մտավոր հավասարությունը։ Պոեմում զարգացրել է նաև եղբայրության, ընկերության ու բարեկամության թեման։

Այստեղ զուգորդվում են Ավթանդիլի ու Թինաթինի (արաբական) և Տարիելի ու Նեստան-Դարեջանի (հնդկական) սյուժետային գծերը։ Պոեմի հերոսները՝ անբաժան ընկերներ Ավթանդիլը, Տարիելը և Փրիդոնը, տարբեր ազգերի ներկայացուցիչներ են. նրանք խիզախ են, քաջ ու պատվախնդիր, պատրաստ են իրենց անձը զոհաբերելու հանուն հայրենիքի և ընկերոջ։ Հեղինակը դատապարտել է ստրկամտությունը և անհաշտ պայքարի կոչել չարիքի ու բռնության դեմ։ Պոեմի գլխավոր հերոսուհին՝ Նեստան-Դարեջանը, իմանալով որ հայրը՝ Հնդկաստանի տիրակալ Փարսադանը, ցանկանում է իրեն ամուսնացնել Պարսկաստանի թագաժառանգի հետ, ըմբոստանում է, խնդրում սիրած տղային՝ երկրի ամիրբար (իշխան) Տարիելին, կանխել դիվանագիտական այդ նվաստացուցիչ առևտուրը։ Նեստանին նետում են Քաջեթի ամրոց, որը խորհրդանշում էր ստրկությունն ու բռնությունը։ Եղբայրացած Ավթանդիլը, Տարիելը և Փրիդոնը գրոհում են ամրոցը։ Պոեմն ավարտվում է արդարության հաղթանակով։

Ռուսթավելու քաղաքական իդեալը թագավորական՝ կենտրոնացված իշխանությունն է ու կառավարման միապետական ձևը։ Ըստ նրա՝ միապետը պետք է լինի հզոր, լուսավորյալ, օրինապաշտ ու արդարադատ, որպիսիք պոեմում նրա սիրելի արքաներն ու թագաժառանգներն են։ Նա դատապարտել է միջպետական երկպառակությունները, դավաճանությունը, շահամոլությունը, իսկ սիրո, բարեկամության, հայրենասիրության ու մարդասիրության գաղափարները վեր է դասել ամեն ինչից։ Սերը համարել է երկրային և ազնվազարմ պարգև, կարևորել է նաև անհատի հոգևոր ազատությունը։

«Ընձենավորը» աչքի է ընկնում բանաստեղծական խոսքի գունեղ պատկերներով ու համեմատություններով, բանահյուսական պատկերավոր տարրերով, ասույթներով, ռիթմով, որոնք պոեմը դարձնում են ավելի գրավիչ ու դյուրին ընթերցվող։ Պոեմը գրված է 16-վանկանի բանաստեղծական չափով։ «Ընձենավորը» սյուժետային և կառուցվածքային որոշ նմանություններ ունի արևմտաեվրոպական ասպետական վեպերի ու միջնադարյան արևելյան էպիկառոմանտիկական պոեմների հետ։ Այն աչքի է ընկնում ազատախոհությամբ, զերծ է կրոնական կապանքներից։

Պոեմի առանձին հատվածներ հայերեն թարգմանվել են XIX դարում, իսկ ամբողջությամբ լույս է տեսել 1937 թ-ին՝ Գևորգ Ասատուրի թարգմանությամբ։

Ռուսթավելու գործերից թարգմանել են նաև Վահան Տերյանը, Հարություն Միրիմյանը, Հովհաննես Կարայանը և ուրիշներ։
Ռուսթավելու կերպարին անդրադարձել է Հովհաննես Շիրազը «Ռուսթավցի Շոթան և Թամարը» (1957 թ.) պոեմում։

Ռուսթավելու անունով կոչվել են Թբիլիսիի պետական ակադեմիական թատրոնը, թատերական և գրականության ինստիտուտները, պողոտա։ Նրա անունով սահմանվել է Վրաստանի պետական գրական բարձրագույն մրցանակ։ Ծննդյան 800-ամյակի առթիվ՝ 1966 թ-ին թողարկվել է ԽՍՀՄ փոստային նամականիշ։ Ռուսթավելու հուշարձանները կանգնեցված են Վրաստանի տարբեր վայրերում, նաև Ախալքալաքում (կիսանդրի)։
Երևանում Ռուսթավելու անունով կոչվել են դպրոց, փողոց, Երևանի պետական համալսարանի հայ-վրացական բանասիրության գիտահետազոտական կաբինետը։

«Շոթա Ռուսթավելի», Flerier, Փարիզ 1852թ

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղում[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Record #119468638 // Gemeinsame Normdatei Ստուգված է հոկտեմբերի 15-ին 2015: