Հրաչյա Քոչար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Հրաչյա Քոչար
Հրաչյա Քոչարի Գաբրիելյան
Hrachya Qochar.JPG
Ծնվել է 1910 հունվարի 19
Վախճանվել է մայիսի 2, 1965(1965-05-02) (տարիքը 55)
Վախճանի վայր Երևան
Մասնագիտություն խմբագիր և արձակագիր
Լեզու հայերեն
Ազգություն հայ
Կրթություն Երևանի պետական համալսարան
Անդամակցություն ԽՍՀՄ Գրողների միություն
Հրաչյա Քոչար Վիքիքաղվածքում

Հրաչյա Քոչար (Հրաչյա Քոչարի Գաբրիելյան, 1910, հունվարի 19 - 1965, մայիսի 2), հայ արձակագիր, հրապարակախոս, ՀԽՍՀ պետական մրցանակի առաջին դափնեկիր (1967, «Նահապետը» վիպակի համար), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ Գրական անուն է դարձրել հոր անունը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Բագրևանդ գավառի Գումլուպուճախ գյուղում, որը գտնվում է Նպատ լեռան ստորոտին։ Գաղթի ճանապարհին մահացել է մայրը, 1918 թվականին՝ հայրը՝ հայտնի խմբապետ Քոչոն, ով կռվել է Անդրանիկի ջոկատում։ Փրկվելով թուրքերի կողմից իրականացրած կոտորածներից՝ համագյուղացիների հետ անցել է Արևելյան Հայաստան: Եղել է գառնարած, հանքափոր Ալավերդու հանքերում։ Այնուհետև տեղափոխվել է Երևան, ընդունվել Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ։

Առաջին պատմվածքը՝ «Խաջե», լույս է տեսել 1931 թվականին, «Նոր ուղի» ամսագրում։ 1934 թվականին խմբագրել է քրդերեն «Ռյա թազա» թերթը։ 1939 թվականին, կուսակցական տույժ ստանալուց հետո, մնացել է անաշխատանք, ապա Մարտիրոս Սարյանը նրան տեղավորել է իր ղեկավարած Պատմական հուշարձանների պահպանության կոմիտեում։ Ոտքով շրջել ու ուսումնասիրել է հայկական վանքերի ու մատուռների վիճակը, և այդ աշխատանքներն ամփոփել «Գորիսի և Սիսիանի շրջանների ալբոմ-ուղեցույցի» մեջ։ 1941-1945 թվականներին ծառայել է ԽՍՀՄ բանակում, մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմին: 1942 թվականին լույս է տեսել «Հերոսների ծնունդը», իսկ մեկ տարի անց՝ «Նախօրյակին» պատերազմական ակնարկների և պատմվածքների ժողովածուները։ Ռազմաճակատային պատմվածքների մեջ առանձնանում է «Գեներալի քույրը» պատմվածքը, որն առաջին անգամ տպագրվել է 1945 թվականին, «Պրավդա» թերթում։ Հետագայում այս պատմվածքը թարգմանվել է աշխարհի 24 լեզուներով, ներառվել խորհրդահայ դասագրքերի ծրագրերում։ Ստեղծել է «Մեծ տան զավակները» երկհատոր վեպը։ Կյանքի վերջին տարիներին տպագրել է «Սպիտակ գիրքը», որում զետեղված «Նահապետը», «Կարոտը» և «Եփրատի կամրջին» վիպակները արձակագրի լավագույն գործերն են։

Հրաչյա Քոչարի հուշատախտակը Երևանում

1946-1951 թվականներին եղել է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղար, «Սովետական գրականություն» ամսագրի խմբագիր, 1954 թվականին՝ «Ոզնի» երգիծական հանդեսի խմբագիր։ Գրել է «Հյուսիսային ծիածան» (Հայֆիլմ, 1961) կինոնկարի սցենարը։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն և այլ լեզուներով։ Մահացել է Երևանում:[1]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կարմիր աստղ» շքանշան
  • ՀԽՍՀ պետական մրցանակ «Նահապետ» վիպակի համար, 1967

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հակոբ Նորունի, Հրաչյա Քոչարի «Սպիտակ գիրքը» (գնահատական-վերլուծական փորձ), Բեյրութ, տպարան «Սևան», 1967, 58 էջ։
  • Սովետահայ գրականության պատմություն, երկրորդ հատոր (1941-1964, հատորում զետեղված է «Հրաչյա Քոչար» գլուխը, որը գրել է Սուրեն Աղաբաբյանը), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1967, 655 էջ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ էջ 571. 
Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Հրաչյա Քոչար հոդվածին