Jump to content

Արևմտահայերեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արևմտահայերեն
Տեսակբարբառ, լեզու և կենդանի լեզու
Ենթադասհայերեն
Մասն էՖրանսիայի տարածաշրջանային լեզուներ[1]
Երկրներ Հայաստան[2],  Լիբանան[3],  Սիրիա[4] և  Թուրքիա[5]
Խոսողների քանակ1 395 240 մարդ (2018)
Գրերի համակարգՀայոց գրեր
IETFhyw
ISO 639-3hyw
 Western Armenian language Վիքիպահեստում

Արևմտահայ գրական լեզու, արևմտահայերեն, աշխարհաբարի կամ նոր հայերենի երկու տարբերակներից մեկը, հայ ժողովրդի արևմտյան հատվածի (մինչև 1915 թվականը), այնուհետև սփյուռքահայության գրական լեզուն։ Ստեղծվել է Կոստանդնուպոլսի բարբառի հիման վրա՝ ներառելով իր մեջ «կը» ճյուղի մյուս բարբառների ընդհանրական տարրերը։

Սկսել է ձևավորվել XII դարից և աստիճանաբար մշակվել, հղկվել, կատարելագործվել արևմտահայ մշակույթի գլխավոր կենտրոններում (Կ․Պոլիս, Զմյուռնիա, Վենետիկ, Վիեննա և այլն)։ Արևմտահայ գրական լեզվի զարգացումը նախապես կրել է տարերային բնույթ, վաղ շրջանում հատկանշվել է գրաբարյան, միջին հայերենի, բարբառային և օտարամուտ անհարկի տարրերով ու ձևերով, որոնք հետզհետե դուրս են մղվել գործածությունից և փոխարինվել գրական համարժեքներով։ Արևմտահայ գրական լեզուն, XIX դարի առաջին տասնամյակներից սկսած ընդարձակելով իր ոլորտները, դարձել է հրապարակագրության, թատերագրության, գիտական, գեղարվեստական գրականության լեզու։

Արևմտահայ իրականության մեջ հատկապես XIX դարի 40-ական թվականներին ծավալված գրապայքարը մի կողմից, բուրժուական հարաբերությունների զարգացումը և հայ ժողովրդի` իբրև ազգի ձևավորման գործընթացը մյուս կողմից, ապահովեցին արևմտահայ գրական լեզվի վերջնական հաղթանակը և բարենպաստ պայմաններ ստեղծեցին նրա հետագա առաջընթացի համար։ Բանավոր լեզվի բառապաշարը գնալով հարստացվեց գրական երկերում՝ ի հաշիվ գրաբար և գրաբարյան արմատներով բարդված նոր բառերի, գործածությունից դուրս մղվեցին նեղբարբառային բառերն ու բառաձևերը, զգալիորեն կրճատվեցին գրաբարի, միջին հայերենի և բարբառների դրոշմը կրող քերականական բազմաձևությունները։ Բուռն զարգացում ապրեց արևմտահայ գեղարվեստական գրականության լեզուն և ժամանակի գրողների (Մ․ Պեշիկթաշլյան, Հակոբ Պարոնյան, Պետրոս Դուրյան, Դանիել Վարուժան, Միսաք Մեծարենց, Գրիգոր Զոհրապ, Սիամանթո, Երվանդ Օտյան, Ա․ Արփիարյան և ուրիշներ) լեզվաշինարարական աշխատանքի շնորհիվ` ավելի ու ավելի մշակվեց, կատարելագործվեց ու դարձավ հարուստ գրական լեզու։

Արտասանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևմտահայ գրական լեզուն արևելահայ գրական լեզվի համեմատությամբ, ունի առանձնահատկություններ։ Պայթականների համակարգը երկաստիճան խլազուրկ է, այսինքն՝ բ, գ, դ, ձ, ջ ձայնեղները խլանում ու հնչում են փ, ք, թ, ց, չ, իսկ պ, կ, տ, ծ, ճ խուլերը, ընդհակառակն, ձայնեղանում ու հնչում են իբրև բ, գ, դ, ձ, ջ։ Ունի 6 հոլով՝ ուղղական, սեռական, արական, հայցական, բացառական, գործիական։ Անձի առումով հայցականը ձևով նման է ուղղականին (բացառությամբ դերանունների, որ երբեմն ստանում են զ նախդիրը), սեռականը՝ արականին, բացառականը կազմվում է է(ն) մասնիկով (քաղաքէն=քաղաքից, քաղաքներէն=քաղաքներից), ներգոյականի համար գործածվում է սեռականը՝ մէջ կապով (քաղաքին մէջ=քաղաքում)։

Հոլովումներն են ի [ջուր-ջուրի (ն)], ու[ժամ-ժամու (ն)], ան (մանուկ-մանկան), եան (ճշմարտութիւն-ճշմարտութեան), ոջ (քոյր-քրոջ), օր (հայր-հօր), ուան (օր-օրուան)․ կան նաև գրաբարաձև և այլաձև հոլովումներ (համեմատական՝ թշնամի-թշնամւոյ, մարդիկ-մարդոց)։ Գոյականների հոգնակին կազմվում է եր (միավանկ և մեկուկես վանկանի բառերի համար), ներ (բազմավանկ բառերի համար) մասնիկներով և ընդհանրապես հոլովվում է ու հոլովմամբ (ծովեր-ծովերու, կիներ-կիներու, անուրջներ-անուրջներու և այլն)։ Բոլոր հոլովները որոշիչ հոդ են ստանում։ Անորոշ հոդ է մը, որ դրվում է գոյականից հետո և ձայնավորից առաջ դառնում է մ’, մըն (համեմատական՝ էրիկ մը, երգ մը, օր մ՛ալ, խուրձ մըն է)։ Դերանունների մեջ նկատելի են՝ դուն, ինծի, քեզի, մեզի, ձեզի, աս, ատ, ան դու, ինձ, քեզ, մեզ, ձեզ, այս, այդ, այն ձևերի փոխարեն։ Սովորական են ստացականի նիս, նիդ, նին մասնիկավոր ձևերը (երեսնիս, տուներնիս, երեսնիդ, տուներնիդ, երեսնին, տուներնին)։

Խոնարհումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոնարհումները 4 են՝ ել (սիրել, տեսնել), իլ (խօսիլ, փախչիլ), ալ (երթալ, մոռնալ), ուլ (զբօսնուլ, թողուլ)։ Սահմանական եղանակի ներկան ու անցյալի անկատարը կազմվում են կը եղանակիչով (կը գրեմ-կը գրէի, կը գրենք-կը գրէինք), որ միավանկ բայերից առաջ գործածվում է կու ձևով (կու գամ, կու տամ, կու լամ)։ Ունի 5 դերբայաձև՝ անորոշ (զրել, փայլիլ, խնդալ), ապառնի (գրելու, փայլելու, խնդալու), վաղակատար (գրեր, փայլեր, խնդացեր), հարակատար (գրած, փայլած, խնդացած), ենթակայական (գրող, փայլող, խնդացող)։

Բայը ունի 3 եղանակ՝ սահմանական, հրամայական և ստորադասական (հիմա ըղձական)։ Ապառնին կազմվում է պիտի եղանակիչով (պիտի գրեմ=գրելու եմ, պիտի գրէի=գրելու էի), ել, իլ խոնարհման բայերի հրամայական եղանակի եզակին՝ է վերջավորությամբ (սիրէ, խօսէ), անցյալ կատարյալը որոշ դեպքերում պահպանում է գրաբարյան խոնարհման ձևերը (օրինակ, հասկցուցի, հասկցուցիր, հասկցուց, հասկցուցինք, հասկցուցիք, հասկցուցին, խօսեցայ, խօսեցար, խօսեցալ, խօսեցանք, խօսեցաք, խօսեցան)։

Սահմանական եղանակի ներկայի և անցյալ անկատարի ժխտական խոնարհումը կազմվում է յուրահատուկ ձևով (չեմ գրեր=չեմ գրում, չենք գրեր=չենք գրում, չէի գրեր=չէի գրում, չէինք գրեր=չէինք գրում և այլն), երկրորդական բաղադրյալ ժամանակներն արտահայտվում են խոնարհված բայով կամ դերբայով և ըլլալ՝ լինել բայի դիմավոր ձևերով (կը գրեմ եղեր, կը գրենք եղեր, պիտի գրեմ եղեր, գրած կ’ըլլամ, գրած կ’ըլլանք և այլն)։

Արևելահայ գրական լեզվի համեմատությամբ, արևմտահայ գրական լեզու երևան է հանում նաև բառապաշարային տարբերություններ, գործածում է իրեն հատուկ բառեր (օրինակ, աղջնակ, աղւոր, ճանչւոր, քով և այլն), մի շարք բառերում սղվում է ա ձայնավորը (մատնի<<մատանի, կատղիլ<կատաղել), կյանքի կոչում ոչ գործածելի գրաբարյան շատ բառեր (օրինակ, ազազուն, ցփսի և այլն), նախընտրում է թարգմանել փոխառյալ բառերը (օրինակ, ինքնաշարժ=ավտոմեքենա, փապուղի=թունել, կաճառ=ակադեմիա և այլն)։

Արտասահմանում արևմտահայ գրական լեզվի համար պահպանվում ու կիրառվում է հայերենի գրաբարյան-ավանդական ուղղագրությունը։ Մեծ եղեռնից հետո արևմտահայ գրական լեզուն զրկվել է զարգացման պատմական բարենպաստ պայմաններից։

Հնչյունաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևմտահայերենի հնչյունական համակարգը զգալիորեն տարբերվում է արևելահայերենից։ Գրության մեջ պահելով ավանդական համակարգը՝ արևմտահայերենը տարբերություն չի ներկայացնում արևելահայերենից և պահպանում է բոլոր գրանիշերը։ Սակայն արտասանության մեջ կան մի շարք տարբերություններ։

Բառագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերենի բառապաշարի մեծ մասը թե՛ ձևով, թե՛ բովանդակությամբ ընդհանուր է երկու տարբերակների համար։ Միաժամանակ առանձնացվում են ձևիմաստային տարբերություններ, որոնք արդյունք են լեզվական և արտալեզվական բազում գործոնների՝ սկսած տարբերակների ակունքներից (գրաբար, միջին հայերեն), բարբառային հիմքերից (Արարատյան և Պոլսի ու հարակից շրջանների) և վերջացրած քաղաքական, տնտեսական կամ աշխարհագրական հանգամանքներով։

Արևմտահայերենի բառապաշար ասելով սովորաբար նկատի են առնվում այն բառերը, բառաձևերը և դարձվածքները, որոնք արևելահայերենում գործածվող ձևերի համեմատ ունեն առնվազն մեկ ձևային կամ իմաստային տարբերություն։ Արևմտահայերենի և արևելահայերենի բառապաշարային տարբերությունների գիտական բնութագրին առաջինը անդրադարձել է Հրաչյա Աճառյանը՝ ներկայացնելով դրանք որոշակի խմբերով, որոնք հետագա ճշգրտումների և լրացումներից հետո ներկայացնում են հետևյալ ձևիմաստային խմբերը.

Արևմտահայերենը տարբերակում է հետևյալ հինգ դերբայները՝ անորոշ, ապառնի, վաղակատար, հարակատար, ենթակայական։ Այսպիսով, արևելահայերենի համեմատությամբ բացակայում են անկատար առաջին (գրում, կարդում) և անկատար երկրորդ կամ համակատար (գրելիս, կարդալիս) դերբայները։ Ժխտական կամ ժխտման դերբայը (գրի, կարդա), թեև առկա է արևմտահայերենում, սակայն քերականների կողմից քիչ է նկարագրվել ու բնութագրվել։

Արևելահայերենի ու արևմտահայերենի կապերի տարբերությունը բառային է և ոչ խոսքիմաստային։ Պարզապես արևմտահայերենն ունի կապեր, որոնք բացակայում են արևելահայերենում, ինչպես օրինակ՝ ասդին, անդին, ետք, քով, վասն, ի գին, ի սէր, ի տրիտուր և այլն։ Մի քանի կապեր տարբերվում են արևելահայերենի հրենց համարժեքներից գրաբարյան ձևերին տրվող նախապատվությամբ կամ արևմտահայերենին բնորոշ հոլովման առանձնահատություններով, ինչպես օրինակ՝ ձեռամբ, միջոցաւ, պատճառաւ, կողմէ (կողմանէ), պահուն, սկսեալ, սիրոյն, բաղդատմամբ և այլն։

Մէջ ետադրությունը արևմտահայերենում, ի տարբերություն արևելահայերենի, հոլովվելիս չի ենթարկվում է-ի ընդհանրական հնչյունափոխության. մէջ-մէջի-մէջէ(ն)-մէջով, փոխանակ արևելահայերենի մեջ-միջի-միջից-միջով հարացույցային ձևերի։

Հոլովառությամբ ևս կապերը նույնական են. միակ տարբերությունը ի հայտ է գալիս դէպի, մինչև ուղղության կապերի՝ անձնական դերանունների առաջին և երկրորդ դեմքերի հետ գործածվելիս, քանի որ արևմտահայերենում անձնական դերանունները տրականի համար ունեն առանձին ձևեր, առաջանում է արևելահայերենի համեմատ տարբերակված գործածություն գոյականների ու դերանունների հետ, ուր հիշյալ դերանունների տրականի ու հայցականի ձևերը չունեն ձևային տարբերակվածություն։

Շաղկապների տարբերությունը արևելահայերենում և արևմտահայերենում բառային է, երբեմն էլ՝ ոճական։ Տարբերություններն առաջանում են արևմտահայերենում գրաբարյան ձևերին նախապատվություն տալուց (զի, քանզի, վասնզի, պայմանաւ որ), երբեմն էլ արդյունք են կամ արևմտահայ բառաձևի առկայության (հակառակ անոր որ) կամ արևմտահայերենին բնորոշ հնչյունափոխության։ Այսպես արևելահայերենում գործում է այ - է, իսկ արևմտահայերենում՝ այ - ա հնչյունափոխությունը։ Իբրև այդ հնչյունափոխության հետևանք՝ արևելահայերենն ունի էլ, իսկ արևմտահայերենը՝ ալ շաղկապը։

Արևելահայերենի ոչ թե շաղկապի փոխարեն խոսակցական արևմտահայերենում հանդիպում է նաև չէ թէ շաղկապը։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Այտընյան Ա․ - Քննական քերականություն աշխարհաբար կամ արդի հայերեն լեզվի, Վնն․, 1866։
  • Դազանճյան Հ․, Նոր քերականություն արդի հայերեն լեզվի, ԿՊ, 1925։
  • Պողոսյան Ե․, Քերականություն աշխարհաբար լեզվի, մաս 1-2, Պլովդիվ, 1935-36։
  • Աճառյան Հ․, Հայոց լեզվի պատմություն, մաս 2, Ե․, 1951։
  • Աճառյան Հ․, Լիակատար քերականություն հայոց լեզվի՝ համեմատությամբ 562 լեզուների, հ․ 1-6, Ե․, 1952 - 71։
  • Ջահուկյան Գ․, Հայոց լեզվի զարգացումը և կառուցվածքը, Ե․, 1969։
  • Աճեմյան Վ․Լ․, Գրական արևմտահայերենի ձևավորումը, Ե․, 1971։
  • Ա․ Մարգարյան, Վ․ Աճեմյան

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Արևմտահայերեն հոդվածին
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արևմտահայերեն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 38