Բառապաշար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բառապաշար (հին հուն․՝ τὸ λεξικός — «բառին վերաբերող», ἡ λέξις — «բառ», «արտահայտություն»), լեզվի մեջ մտնող բոլոր բառերի ամբողջությունը, կոչվում է նաև բառային կազմ։ Բառապաշար է կոչվում նաև այն բառերի ամբողջությունը, որ գիտի մարդը կամ մարդկանց խումբը։

Լեզվի բառապաշարի մեջ մտնում են ինչպես համագործածական (ընդհանուր գործածածական) բառերն ու դարձվածքները, այլ նաև լայն գործածություն չունեցող տերմինները, այլ կերպ ասած՝ լեզվի բառապաշարն ընդգրկում է ինչպես գործուն (ակտիվ) և ոչ գործուն (պասիվ) բառախմբերը, այնպես էլ տերմինաբանությունը։ Բառապաշարի առավել գործուն, կենսունակ շերտը կոչվում է բառային հիմնական ֆոնդ (հիմնական բառաֆոնդ)։

Բառային կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բառային կազմի մեջ մտնում են տվյալ լեզվի բոլոր բառերը.

  • Հիմնական բառաֆոնդ - ընդհանուր գործածական այն բառերը, որոնք անվանում են օբյեկտիվ իրականության առարկաները, երևույթները, գործընթացները, հատկանիշները և այլն։
  • Նորաբանություններ, այսինքն՝ նորակազմությւոններ ու նորագույն փոխառություններ։
  • Հնացած ու հազվադեպ հանդիպող այն բառերը, որոնք դեռևս գործածվում են լեզվի տարբեր ոճերում, գեղարվեստական գրականության մեջ։
  • Ոչ համաժողովրդական բառապաշարի այն բառերը, որոնք գործածվում են որևէ բնագավառում կամ գեղարվեստական գրականության մեջ (օրինակ՝ հերոսների խոսքում)։
  • Զբաղմունքային բառապաշարը՝ մասնագիտական ու տերմինաբանական բառերի ամբողջությունը։
  • Ժողովրդախոսակցական լեզվի այն բառերը, որոնք չեն մտնում հիմնական բառաֆոնդի մեջ։
  • Օտարազգի ծագում ունեցող այն բառերը, որոնք չեն մտնում հիմնական բառաֆոնդի մեջ և իրենց համազորները չունեն լեզվում։

Ակտիվ բառապաշար[խմբագրել | խմբագրել կոդը]

Բառապաշարի այն մասը, որում ընդգրկված բառերը տվյալ լեզվով խոսողը ոչ միայն հասկանում է, այլև օգտագործվում է անվանվում է ակտիվ բառապաշար: Ավելի լայն իմաստով՝ ակտիվ բառապաշարի մեջ մտնում են առօրյա գործածական այն բառերը, որոնք հասկանալի և օգտագործելի են տվյալ լեզվով խոսող բոլոր մարդկան համար[1]:

Բառապաշարի զարգացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բառապաշարը պատմական կարգ է։ Այն անընդհատ փոփոխվում է լեզվի զարգացմանը զուգահեռ, լրացվում է ու կատարելագործվում։

Լեզվի կառուցվածքային բաղադրիչներից ամենինց շատ բառապաշարն է կրում արտալեզվական գործոնների ազդեցությունը։ Հասարակական կյանքում տեղի ունեցող փոփոխությունները շատ արագ իրենց արտահայտությունն են գտնում բառապաշարի մեջ։ Վերջինիս փոփոխումն ու լրացումն անմիջականորեն կապված է արտադրական գործունեության, հասարակական-տնտեսական կյանքի, մշակույթի, գիտության և տեխնիկայի զարգացման հետ։ Նոր առարկաների ու երևույթների ի հայտ գալուն զուգահեռ լեզվուն համալրվում է նոր բառերով, որոնք կարող են լինել ինչպես լեզվում արդեն առկա բառերից բառաբարդման ու ածանցման միջոցով կերտված, այնպես էլ այլ լեզուներից փոխառված։ Մյուս կողմից որոշակի առարկաների ու երևույթների՝ գործածությունից դուրս գալու հետևանքով լեզվից դուրս են մնում նաև դրանց անվանումները։

Բառապաշարի փոփոխմանն ու լրացմանը մեծապես նպաստում են նաև տեղի ունեցող իմաստաբանական բարդ գործընթացները։ Բառային կազմի լրացման աղբյուր կամ բառապաշարից բառի դուրս մղման պատճառ կարող են դառնալ նաև բառերի մեջ նոր իմաստի կամ իմաստների առաջացումը, բառի իմաստի մթագնումը և այլն։

Այսպիսով, բառապաշարում տեղի ունեցող տեղաշարժերն արտահայտվում են նորաբանություններով՝ նոր բառերի կազմությամբ, նորագույն փոխառություններով, լեզվի տարբեր ոլորտներում արդեն գործածական բառերի վերաիմաստավորման, հների մոռացման և այլ իրողությունների շնորհիվ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 7։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պապոյան Ա., Պարույր Սևակի չափածոյի բառապաշարը, Երևան, 1970։
  • Օհանյան Հ., Ժամանակակից հայոց լեզվի բառապաշարը և նրա հարստացման միջոցները, Երևան, 1982։
  • Աբեղյան Մ., Հայոց լեզվի տեսություն, Երևան, 1965։
  • Աղայան Է., Ընդհանուր և հայկական բառագիտություն, Երևան, 1984։
  • Մուրվալյան Ա., Հայոց լեզվի բառային կազմը, Երևան, 1955։