Փոխառություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Փոխառություն, լեզվական այս կամ այն տարրի, հիմնականում բառի անցումը մի լեզվից մյուսին։ Փոխառություն են կոչվում նաև փոխառված տարրերը՝ բառերը, (ածանցները, բառակազմական կաղապարները և այլն)։

Փոխառությունները ուրիշ ժողովուրդների հետ տնտեսական, քաղաքական, մշակութային կապերի բնական արդյունք են, երբ այդ շփման հետևանքով նորանոր հասկացություների, իրույթների հետ լեզվի մեջ մուտք են գործում նաև դրանց նշանակող բառերը։ Փոխառությունները սովորաբար ավելի հաճախ վերաբերում են՝

  • հասարակական-քաղաքական, գիտատեխնիկական տերմիններին,
  • կենցաղային, տնային գործածության առարկաներին (հագուստեղենի, կոշկեղենի, զանազան գործիքների, ուտելիքի, ճաշատեսակների և այլնի անվանումներ),
  • տեղանունների, աշխարհագրական անուններին (երկրների, բնակավայրերի, գետերի, լեռների և այլ անուններ),
  • ժողովուրդների և մարդկանց անուններին։

Որպես կանոն, հազվադեպ են փոխառվում հիմնական բառաֆոնդի բառերը, օրինակ՝ ազգակցական-արյունակցական կապեր ցույց տվող բառեր, ինչպես՝ հայր, մայր, եղբայր, որդի, դուստր և այլն, մարմնի մասերի անվանումներ, ինչպես՝ գլուխ, աչք, ականջ, ատամ, լեզու, ձեռք և այլն, անձնական դերանունները, քանակական թվականների մեծ մասը, կարևորագույն բայերը, հիմնական որակական ածականները և այլն։

Փոխառության աղբյուր հանդիսացող լեզուն կոչվում է փոխատու լեզու, փոխառնողը՝ փոխառու լեզու։

Փոխառությունների տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Անմիջական և միջնորդավորված փոխառություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անմիջական կամ ուղղակի են կոչվում այն փոխառությունները, որ փոխառու լեզուն իր պատմական զարգացման ընթացքում այս կամ այն լեզվից փոխ է առել անմիջապես, առանց մի երրորդ լեզվի միջնորդավորման։ Օրինակ՝ ժամանակակից հայերենի` ամբոխ, ապակի, բժիշկ, գանձ, ժամ, ժամանակ գրաբարից ժառանգված բառերը անմիջական փոխառություններ են պարսկերենից, բյուջե, կոնֆերանս բառերն աշխարհաբարյան անմիջական փոխառություններ են ֆրանսերենից։

Միջնորդավորված կամ անուղղակի են կոչվում այն փոխառությունները, որոնք փոխատու լեզվում նույնպես փոխառություն են մի այլ լեզվից։ Այսպես` ժամանակակից հայերենում գործածվող արիա, ալեգրո, լիբրետո, դիրիժոր, ռեժիսոր, սերենադ, սոնատ, սոպրանո, ռեստորան, ինստիտուտ, մեդալիոն, մակարոն, կարամել, սիգար, լեդի, լիդեր, տրոլեյբուս, էվոլյուցիա, սպորտ, ֆուտբոլ և այլ բառերը միջնորդավորված փոխառություններ են։ Հայերենն այդ բառերը փոխառել է ռուսերենի միջոցով, թեև դրանք ծագումով պատկանում են անգլերենին, ֆրանսերենին, իտալերենին, հոլանդերենին, իսպաներենին, պորտուգալերենին։

Միջնորդավորված կամ անուղղակի փոխառություններ հայերենում կատարվել են ինչպես աշխարհաբարյան, այնպես էլ գրաբարյան շրջանում, օրինակ՝ գրաբարից ավանդված զամբյուղ բառը ասորերենից (zabulla - մի բան տանելու աման) անցել է պարսկերենին, որից էլ՝ հայերենին[1]։

Աշխարհաբարյան շրջանում հայերենը փոխառություններ հիմնականում կատարում է ռուսերենի (խորհրդային տարիներին) ու անգլերենի միջոցով։ Այսպես՝ իդեալ, իդեալիստ բառերը հայերենը փոխառել է ռուսերենից, ռուսերենը՝ ֆրանսերենից, իսկ վերջինս էլ հունարենից։ Պառլամենտ բառը ֆրանսերեն սկզբնաղբյուրից փոխառել է անգլերենը, որից գերմաներենը, սրանից ռուսերենը, իսկ հետո՝ հայերենը, նույն կերպ՝ կապիտալիզմ` լատիներեն-անգլերեն-ֆրանսերեն-ռուսերեն-հայերեն, ֆետիշ(իզմ)` պորտուգալերեն-ֆրանսերեն-ռուսերեն-հայերեն։

Անհրաժեշտ և անհարկի փոխառություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեզվի բառապաշարի լրացման ու հարստացման հիմնական աղբյուրը լեզվի ներքին հնարավորություններն են՝ բառակազմական գործող կաղապարներով նոր բառերի կերտումը և լեզվում առկա բառերի իմաստային հարստացման շնորհիվ նոր բառերի ձեռքբերումը։

Փոխառությունն իր կարևորությամբ ու անհրաժեշտությամբ հանդերձ մնում է իբրև բառապաշարի լրացման օժանդակ աղբյուր և կոչված է միայն նպաստելու լեզվի բնական զարգացմանը, բառային կազմի հարստացմանը։ Այդ առումով էլ պետք է տարբերել անհրաժեշտ ու անհարկի փոխառությունները։

Անհրաժեշտ են համարվում տնտեսական, քաղաքական, մշակութային, գիտական և այլ կարգի շփումների հետևանքով կատարված բառային այն փոխառությունները, որոնք որպես նոր հասկացությունների կրողներ՝ կոչված են բավարարելու լեզվի բառային կազմի համալրման ու հարստացման բնական պահանջը։

Անհարկի են համարվում այն փոխառությունները, որոնց համանշանակները կան լեզվում և դրանց պահանջը չի զգացվում։ Այդ կարգի բառերը նոր հասկացությունների կրողներ չեն, լեզվում առկա բառերի հետ չեն կարող մտնել հոմանշային կապերի մեջ, ընդհանրապես որևէ չափով չեն նպաստում բառապաշարի հարստացմանը և լեզվի կենսագործունեությանը։

Բանավոր և գրավոր (գրքային) փոխառություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանավոր փոխառությունները կատարվում են այլալեզու հանրության ստվար կամ առանձին անհատների հետ անմիջական շփման՝ խոսակցական հարաբերության միջոցով։ Այդ պատճառով էլ փոխատու լեզվից հիմնականում յուրացվում է խոսակցական բառապաշարը, որն ըստ ամենայնի համապատասխանեցվում է սեփական լեզվի հնչյունական, քերականական և իմաստաբանական համակարգին։ Հաճախ ժողովրդական ստուգաբանության շնորհիվ այս դեպքում փոխառյալ բառերն աղավաղման են ենթարկվում։

Բանավոր փոխառությունների շնորհիվ լրացվում է հիմնականում բարբառային-խոսակցական բառապաշարը։ Մինչդեռ, հիշյալ եղանակով կատարված փոխառությունների մուտքը գրական լեզվի բառապաշար սովորաբար տեղի է ունենում երկար ժամանակահատվածի ընթացքում և այն էլ սակավաթիվ դեպքերում։ Հատկանշական է, որ բանավոր փոխառությունների դեպքում հայերենում նկատելիորեն աղավաղվում է փոխառյալ բառի արտաքին տեսքը՝ հնչյունական կազմը, ենթարկվելով երբեմն բարբառային-խոսակցական լեզվի օրինաչափություններին։ Օրինակ՝ ստաքան, պեչենի, բասանոշկա և այլն։

Գրավոր կամ գրքային փոխառությունները կատարվում են գեղարվեստական, գիտական, տեխնիկական, հասարակական-քաղաքական, պատմական գրականության, պարբերական մամուլի, պաշտոնական և գործարարական փաստաթղթերի շնորհիվ, և այդ պատճառով էլ այդ եղանակով կատարված փոխառություններն իրենց արտաքին տեսքով՝ հնչյունական կազմով և իմաստով մոտ են մնում սկզբնաղբյուրին՝ փոխատու լեզվին։ Փոխատու լեզվում նրանց յուրացումը նույնպես անմիջապես չի կատարվում, այլ աստիճանաբար, որոշ ժամանակի ընթացքում։ Գեղարվեստական, գիտական գրականության միջոցով կամ այլ ուղիներով կատարվող գրավոր կամ գրքային փոխառյալ բառերն առնչվում են ավելի շատ լեզուների։

Ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր փոխառությունները ժամանակակից հայերենը կատարել է իր պատմական զարգացման բոլոր փուլերում, այն կատարվում է նաև արդի փուլում։ Ժամանակաից հայերենին բանավոր փոխառություններն անցել են բարբառներից, իսկ գրավոր փոխառությունները՝ հիմնականում գրականության միջոցով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հր. Աճառյան, Լիակատար քերականություն. ներածություն, Երևան, 1955, էջ 373։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ա. Սուքիասյան, Ժամանակաից հայոց լեզու, Երևան, 2008, էջ 187-194։
  • Հ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Երևան, 1987, էջ 613-617։
  • Հր. Աճառյան, Հայոց լեզվի պատմություն, հ. 1-2, Երևան, 1940, 1951։