Հոմանիշություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հոմանիշություն, լեզվի արտահայտության և բովանդակության (ձևի և բովանդակության) փոխհարաբերությունները բացահայտող լեզվական երևույթ, որով բնութագրվում են ձևով (հնչյունակազմով) տարբեր, սակայն իմաստով նույն կամ խիստ մոտ բառերը, ձևույթները, բառաձևերը, բառակապակցությունները, նախադասությունները և այլն։

Հոմանիշությունն ունի համակարգային բնույթ և հատուկ է լեզվական այն մակարդակներին, որոնք ունեն իմաստակիր միավորներ։

Հոմանիշների տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոմանիշները լինում են բառական և քերականական։ Բառական հոմանիշները ընդգրկում են լեզվի բառական համակարգը, դրանք ձևով տարբեր, իմաստով նույն կամ նման բառերն են, որոնք կազմում են հոմանիշական շարքեր՝ քաջ-արի-խիզախ, մազ-հեր-վարս-ծամ և այլն։ Այս խմբի մեջ են մտնում նաև բառադարձվածային հոմանիշները՝ հաջողվել-գլուխ գալ, խռովել-երես դարձնել։ Քերականական հոմանիշները երևան են գալիս լեզվի քերականական համակարգում և, ի տարբերություն բառական հոմանիշների, ունեն շատ ենթատեսակներ՝ հոմանիշ ձևույթներ (ի-վա-ոջ, եր-ներ-ք-ենք և այլն), բառաձևեր (կանգնել եմ-կանգնած եմ, գրելու եմ, պիտի գրեմ), բառակապակցություններ (գիրքը դնել սեղանին—գիրքը դնել սեղանի վրա), նախադասություններ (Հեռվից նկատելի է — Հեռվից նկատվում է, Ւնչռ՞ւ ես հուզվում-Մի՛ հուզվիր) են, որոնք խմբավորվում են «ձևաբանական և շարահյուսական հոմանիշներ» տեսակների մեջ։ Կան նաև բառաքերականական հոմանիշներ, այս դեպքում հոմանիշական շարք են կազմում բառական և քերականական միավորները (գարնան-գարնանային, արագընթաց-արագ ընթացող)։ Հոմանիշների բնորոշման համար խիստ կարևոր է այն հանգամանքը, որ նրանք, մատնանշելով նույն առարկան, հատկանիշը, առարկայական հարաբերությունը, սովորաբար ունենում են նրբիմաստային, ոճական, հուզարտահայտչական գործառական տարբերություններ։

Նույնանիշներ և համանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ իմաստային մերձավորության հոմանիշները բաժանվում են երկու խմբի՝ նույնանիշներ (բացարձակ հոմանիշներ) և համանիշներ (հարաբերական հոմանիշներ)։ Նույնանիշները ձևով տարբեր, իմաստով լրիվ նույնական լեզվական միավորներն են, որոնք կարող են ունենալ միայն գործառական-ոճական տարբերություններ կամ գտնվել լրացուցիչ բաշխման հարաբերության մեջ (հմմտ. դրամ-փող, պարանոց-վիզ, տվեցի-տվի, ձյան-ձյունի, ի-ու-վա և այլն)։ Համանիշները ձևով տարբեր, իմաստով մոտ լեզվական միավորներն են։ Արտահայտելով նույն առարկայի, հատկանիշի հասկացությունը, ինչպես նաև նույն քերականական հարաբերությունները՝ համանիշները տարբերվում են իրարից իմաստային նրբերանգներով, հատկանիշի դրսևորման որոշ աստիճանավորումով, տվյալ իմաստի դրսևորման ինտենսիվության աստիճանով, հուզարտահայտչական երանգավորումով, ոճական-գործառական առանձնահատկություններով (հմմտ. սիրուն-գեդեցիկ-հրաշագեղ, համարձակ-֊հանդուգն, ծիծաղել-հռհռալ, դեմք-մռութ, կոտրատել-կտոր-կտոր անել և այլն)։ Ի տարբերություն նույնանիշների, համանիշները լեզվում ունեն կիրառության մեծ ոլորտ և լեզվի հարստության, ճկունության չափանիշ են։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 538 CC-BY-SA-icon-80x15.png