Բառակապակցություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բառակապակցություն, որևէ լեզվի՝ երկու կամ ավելի բառերից կազմված ինքնուրույն շարահյուսական միավոր, որն արտահայտում է անդամազատ, բայց ամբողջական հասկացություն։ Բառակապակցությունները կազմվում են խոսքի մասերի կապակցելիության օրենքներով։ Լինում են 2 տեսակ՝ ազատ և կայուն։ Ազատ բառակապակցությունների մեջ բառերից մեկը հանդես է գալիս որպես անդամ՝ լրացյալ։ Հայերենում լրացյալ կարող են լինել գոյականը, ածականը, բայը, մակբայը, հազվադեպ՝ դերանունն ու թվականը։ Ազատ բառակապակցությունները ստորաբաժանվում են ըստ լրացումների բնույթի և իմաստի։ Այսպես գոյականը ստանում է գոյական, ածական, թվական և այլ լրացումներ, որոնք արտահայտում են որոշչային, խնդրային կամ պարագայական հարաբերություններ։ Կայուն բառակապակցությունները ծագել են ազատ բառակապակցություններից, որոնք ժամանակի ընթացքում կարող են վերածվել բաղադրյալ անունների (Կովկասյան լեռներ, Խաղաղ օվկիանոս), դարձվածքների, հարադրական բարդությունների[1]։

Բառակապակցությունների դասակարգումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բառակապակցությունները դասակարգվում են․

  • Ըստ կազմության
  • Ըստ բաղադրիչների կապակցելիության սերտության աստիճանի
  • Ըստ գերադաս անդամի խոսքի մասային պատկանելիության

Ըստ կազմության բառակապացությունները լինում են երկանդամ և բազմանդամ։ Բառակապակցությունը միաբառ լինել չի կարող, այն կազմված է լինում երկու կամ ավելի բառերից, օրինակ՝ գեղեցիկ աղջիկ, Երևանի Մանկավարժական համալսարան և այլն։

Ըստ բաղադրիչների կապակցելիության սերտության աստիճանի բառակապակցությանները լինում են ազատ և կայուն։

Ազատ բառակապակցությունները կազմվում են խոսքի ժամանակ և դրանց բաղադրիչները կարող են իրարից հեշտությամբ բաժանվել, գործածվել առանձին-առանձին, ինչպես նաև միանալ տարբեր բաղադրիչների հետ և ուրիշ բաղադրիչներ կազմել, օրինակ՝ պատանի բարեկամ, առաջին կարգ, քաղցր հայացք, զբաղվել ընթերցանությամբ բառակապակցությունների բաղադրիչները տարրալուծելի են , դրանց ստորադաս անդամները կարող են այլ գերադաս անդամների հետ գործածվել, այսպես՝ երիտասարդ բարեկամ, երրորդ կարգ, անմիտ հայացք, զբաղվել նկարչությամբ, ինչպես նաև ստորադաս անդամները կարող են գործածվել այլ գերադաս անդամների հետ, այսպես՝ պատանի մանկավարժ, առաջին դասարան, քաղցր միրգ, տարվել ընթերցանությամբ։

Կայուն բառակապակցությունները խոսքի ընթացքում չեն կազմվում, այլ կառուցված են լինում մշտապես իրար հետ գործածվող բաղադրիչներից և մեկ իմաստ են արտահայտում։ Այս բառակապակցությունների համար լեզվում նախապես ստեղծվել են պատրաստի կաղապարներ, այսպես՝ Ազգային ժողով, ծծմբական թթու, գառան դմակ և այլն։

Կայուն բառակապակցությունները լինում են երկու տեսակ՝ ոչ վերաիմաստավորված և վերաիմաստավորված։

Կայուն բառակապակցության ոչ վերաիմաստավորված իմաստով անվանվում են՝

Վերաիմաստավորված բառակապակցությունների ներքո պետք է հասկանալ միայն դարձվածային միավորները։

Ըստ գերադաս անդամի խոսքիմասային պատկանելիության բառակապակցությունները լինում են՝ գոյականական, ածականական, թվականական, բայական, մակբայական, դերանվանական։

Գոյականական[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյականական գերադաս անդամ ունեցող բառակապակցությունները կարող են ունենալ գոյականի տարբեր հոլովներով արտահայտված լրացումներ, օրինակ՝ ոսկի երազ, երեխայի ձայն, աշնան քամի, ծղոտից գլխարկ, հյուսերով աղջիկ, հանդիպում գրասենյակում և այլն։ Առավել տարածված են ածականներով և թվականներով լրացումներոը, օրինակ՝ առաջին դասարան, պատկերազարդ նկար և այլն, քիչ չեն դերանուններով և մակբայներով լրացումները, օրինակ՝ համայն աշխարհը, առավոտյան մարմնամարզություն և այլն։

Ածականական[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերենում բավականին տարածված են ածական գերադաս անդամով բառակապակցություններ, որոնց լրացումները կարող են արտահայտվել գոյականներով՝ խելքից պակաս, մտքով տկար, ածականներով՝ անսահման բարի, մակբայներով՝ արտաքուստ խաղաղ, թվականներով՝ երկու երեսանի, դերբայներով՝ գովելու արժանի, դերանուններով՝ այդքան գեղեցիկ։

Թվականական[խմբագրել | խմբագրել կոդը]

Քիչ գործածական են թվական գերադաս անդամով կազմված բառակապակցությունները։ Դրանցից են՝ մոտավորապես քսան, համարյա հարյուր։

Դերանվանական[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս բառակապակցությունները քիչ են գործածվում։ Օրինակ՝ համարյա բոլորը, գրեթե այսքանը[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկական սովետական հանրագիտարան հատոր 2, էջ 298
  2. Արտաշես Պապոյան, Խաչիկ Բադիկյան (2003). Ժամանակակից հայոց լեզվի շարահյուսություն. Երևան. էջեր 38–43.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 298