Jump to content

Դերանուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դերանուն, անվան դեր կատարող բառ։ Խոսքում գոյական, ածական, թվական անունները չկրկնելու համար հաճախ դրանք փոխարինվում են անվան դեր կատարող բառերով, այսինքն՝ դերանուններով։ Այլ կերպ ասած՝ դերանուն են կոչվում այն բառերը, որոնք մատնացույց են անում առարկա, հատկանիշ, քանակ կամ որակ՝ առանց դրանք անվանելու։ Դերանունները հանդես են գալիս իրենց ութ տեսակներով, դրանք են անձնական, ցուցական, փոխադարձ, հարցական, հարաբերական, անորոշ, որոշյալ և ժխտական։

Անձնական դերանունները մատնացույց են անում խոսող, խոսակից կամ մի երրորդ անձ՝ առանց դրանց անվանելու։

Անձնական դերանուններն են՝ ես, ինքս, մենք, ինքներս, դու, ինքդ, դուք, ինքներդ, նա, ինքը, նրանք, իրենք:

Ցուցական դերանունները մատնացույց են անում առարկա, հատկություն, քանակ, տեղ և ձև՝ առանց դրանք անվանելու։

Ցուցական դերանուններն են՝ սա, դա, նա, այս, այդ, այն, սույն, նույն, միևնույն, մյուս, այսպես, այդպես, այնպես, այսպիսի, այդպիսի, այնպիսի, նույնպիսի, այսքան, այդքան, այնքան, նույնքան, այսչափ, այդչափ, այնչափ, նույնչափ, այստեղ, այդտեղ, այնտեղ:

Փոխադարձ դերանունները ցույց են տալիս փոխադարձ հարաբերությամբ միմյանց հետ կապված առարկաներ կամ անձեր՝ առանց դրանք անվանելու։

Փոխադարձ դերանուններն են՝ իրար, միմյանց, մեկմեկու կամ մեկմեկի:

Հարցական դերանունները արտահայտում են հարցում խոսողին ծանոթ անձի կամ առարկայի, սրանց հատկության, թվի, գործողության տեղի, ժամանակի, ձևի և այլնի մասին՝ առանց դրանք անվանելու։ Հարցական դերանուններն են՝ ո՞վ, ի՞նչ, ինչպիսի՞, ինչքա՞ն, ինչպե՞ս, ինչու՞, ո՞ր, ո՞րը, որքա՞ն, որչա՞փ, որպիսի՞, ո՞րերորդ, որտե՞ղ, ե՞րբ, ու՞ր, քանի՞, քանի՞սը, քանի՞երորդ:   Հարաբերական դերանունները նույն հարցական դերանուններն են, որոնք, սակայն, արտահայտում են ոչ թե հարցում, այլ մի նախադասություն կապում են մյուսին։

Որոշյալ դերանունները մատնացույց են անում առարկաների կամ անձերի հայտնի, որոշյալ ամբողջություն՝ միասնաբար կամ առանձին-առանձին վերցրած, առանց դրանք անվանելու։

Որոշյալ դերանուններն են՝ ամբողջ, ամեն, ամեն մի, բոլոր, յուրաքանչյուր, ողջ, համայն, ամենայն, ամբողջը, ամենը, ամեն ինչ, ամեն մեկը, ամեն ոք, ամենքը, բոլորը, յուրաքանչյուրը, յուրաքանչյուր ոք, ողջը:

Անորոշ դերանունները մատնացույց են անում անորոշ անձ, առարկա և կամ անձի ու առարկայի անորոշ հատկություն, քանակ՝ առանց դրանք անվանելու։ Անորոշ դերանուններն են՝ ինչ-որ, ինչ-ինչ, ոմն, մեկը, մեկնումեկը, մի, մի քանի, մի քանիսը, ուրիշ, այլ, այսինչ, այնինչ, որոշ, որևէ, ովևէ, երբևէ, երբևիցե, որևիցե: Ժխտական դերանունները մատնացույց են անում ամբողջությամբ ժխտվող առարկաներ կամ անձեր, առանց դրանք անվանելու։

Անձնական դերանուն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձնական դերանունը ածանցական դերանվան տեսակ է գրաբարում՝ մերայն, ձերայն և գործածվում է ստացական նշանակությամբ[1]։

Հարցական և հարաբերական դերանուններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարցական դերանունները արտահայտում են հարցում խոսողին ծանոթ անձի կամ առարկայի, սրանց հատկության, թվի, գործողության տեղի, ժամանակի, ձևի և այլնի մասին՝ առանց դրանք անվանելու։

Օրինակ՝ Ինչո՞ւ նա գնաց քաղաք, ի՞նչ թղթեր էին, որ բերել էր իր հետ։

Հարցական դերանուններն են՝ ո՞վ, ի՞նչ, ինչպիսի՞, ինչքա՞ն, ինչպե՞ս, ինչու՞, ո՞ր, ո՞րը, որքա՞ն, որչա՞փ, որպիսի՞, ո՞րերորդ, որտե՞ղ, ե՞րբ, ու՞ր, քանի՞, քանի՞սը, քանի՞երորդ: 

Հարցական դերանուններից միայն ո՞վ դերանունն է, որ գոյականներից տարբեր հոլովում ունի։

Սա ներգոյական հոլով չունի. սեռականը լինում է ո՞ւմ, որից կազմվում են մյուս հոլովաձևերը. այսպես՝ տրական՝ ո՞ւմ, հայցական՝ ո՞ւմ, բացառական՝ ումի՞ց, գործիական՝ ումո՞վ: 

Ո՞վ դերանվան հոգնակին լինում է ովքե՞ր, որը չի հոլովվում։

Ե՞րբ դերանունը ենթարկվում է գոյականական վա հոլովման՝ երբվա՞, երբվա՞ն, երբվանի՞ց:

Հոգնակի թիվ չունի։ 

Ի՞նչ, ո՞ր, քանի՞սը, որտե՞ղ դերանունները հոլովվում են գոյականական ի հոլովմամբ։ 

Ո՞ր դերանվան հոգնակին լինում է որո՞նք և ենթարկվում է գոյականական ց հոլովման։ 

Որքա՞ն, որչա՞փ, ինչպիսի՞, որպիսի՞, քանի՞երորդ, ո՞րերորդ դերանունները հոլովվում են միայն գոյականաբար գործածվելիս և դարձյալ ենթարկվում են ի հոլովման. այսպես՝ որքանի՞, քանի՞երորդից, ինչպիսիներո՞վ և այլն։

Այսպիսով, հարցական դերանուններից հոլովվում են գոյականական ո՞վ,ե՞րբ, ինչ, ո՞ր, քանի՞սը, որտե՞ղ դերանունները։ Մնացած դերանունները հարցում են արտահայտում գոյականական կամ բայական անդամի մասին և իրենց հիմնական կիրառության մեջ չեն հոլովվում։

Հարցական դերանունները նախադասության մեջ լինում են՝

  • ենթակա՝ Օրինակ՝ «Տեսնես ո՞վ է որս անում»,--մտածեց նա, երբ հրացանի ձայն լսեց։
  • ստորոգյալի մաս՝ Օրինակ՝ Այս տոպրակը ո՞ւմն է։
  • գոյականի լրացում՝ Օրինակ՝ Քանի՞ աղջիկ կա ձեր դասարանում։
  • բայի լրացում՝ Օրինակ՝ Դու ե՞րբ պիտի գնաս։

Հարցական դերանունների վերջին ձայնավորի վրա սովորաբար դրվում է՝

  • հարցական նշան՝ ինչպե՞ս, ո՞ւր և այլն,
  • որոշ դեպքերում, ըստ խոսքի բովանդակության՝ շեշտ՝ Օրինակ՝ Մարզիչը մեզ խմբերի բաժանեց և բացատրեց, թե ո՛ր խումբը ի՛նչ է անելու։
  • որոշ դեպքերում՝ բացականչական նշան՝ Օրինակ՝Հետո տասներկու տարի անցավ, և ի˜նչ տարիներ։ Որոշ դեպքերում էլ, երբ արտահայտում են անուղղակի հարցում, գրվում են առանց որևէ նշանի։ Օրինակ՝  Պարզ չէ, թե ինչպես է երեխան հասել այստեղ։
  • Քանի՞երորդ, ո՞րերորդ դերանունների բառային շեշտը վերջին վանկի վրա չէ, ուստի առոգանության նշանները նույնպես վերջին ձայնավորի վրա չեն դրվում։

Հարաբերական դերանունները նույն հարցական դերանուններն են, որոնք, սակայն, արտահայտում են ոչ թե հարցում, այլ մի նախադասություն կապում են մյուսին։

Օրինակ՝ Նա, ով առաջ չի նայում, հայտնվում է հետևում։

Հարաբերական դերանունները նախադասության մեջ կատարում են նույն պաշտոնները, ինչ որ հարցականները՝ ենթակա, ստորոգյալի մաս, լրացում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 2։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 359
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դերանուն» հոդվածին։