Էդուարդ Աղայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Էդուարդ Աղայան (այլ կիրառումներ)
Picto Info sciences exactes.png
Էդուարդ Աղայան
Էդուարդ Աղայան.jpg
Ծնվել է մարտի 16, 1913({{padleft:1913|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:16|2|0}})
Մեղրի, Սյունիքի մարզ, Հայաստան
Մահացել է դեկտեմբերի 29, 1991({{padleft:1991|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:29|2|0}}) (78 տարեկանում)
Ազգություն հայ
Մասնագիտություն լեզվաբան
Հաստատություն(ներ) Երևանի պետական համալսարան և ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ
Ալմա մատեր Երևանի պետական համալսարան
Գիտական աստիճան բանասիրական գիտությունների դոկտոր (1942), պրոֆեսոր (1946) և ակադեմիկոս (1982)
Տիրապետում է լեզուներին Հայերեն
Պարգևներ «Աշխատանքային արիության համար» մեդալ Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան

Էդուարդ Բագրատի Աղայան (մարտի 16, 1913, Մեղրի - դեկտեմբերի 29, 1991, Երևան), հայ լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր (1942), պրոֆեսոր (1946), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1982), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1970

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդուարդ Աղայանը ծնվել է 1913 թվականի մարտի 16-ին Մեղրիում: 1928 թվականին ավարտել է տեղի 7-ամյա դպրոցը։ 1930-1932 թվականներին աշխատել է Մեղրու կոլտնտեսությունում՝ սկզբում որպես հաշվետար, ապա՝ հաշվապահ։ 1933 թվականից ուսանել է ԵՊՀ պատմագրական ֆակուլտետում՝ միաժամանակ աշխատելով ծխախոտի ֆաբրիկայում որպես հաշվապահ։

1938 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը և 1939 թվականին ընդունվել ասպիրանտուրա։ 1941 թվականին պաշտպանել է թեկնածուական («Մեղրու բարբառը»), 1945 թվականին՝ դոկտորական ատենախոսություն («Հայ լեզվաբանության պատմություն»)։ 1942 թվականին նրան շնորհվել է դոցենտի, 1946 թվականին՝ պրոֆեսորի կոչում։ 1953 թվականին ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, 1982 թվականին՝ ակադեմիկոս։

1932-1991 թթ. աշխատել է ԵՊՀ-ում, 1956-1985 թվականներին եղել է համալսարանի ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչ, 1968-1991 թվականներին՝ հայագիտական կենտրոնի ղեկավար, 1986-1989 թվականներին «Բանբեր Երևանի համալսարանի» հանդեսի գլխավոր խմբագիր, 1953-1956թթ՝ ԵՊՀ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, 1948-1950թթ՝ բանասիրության ֆակուլտետի դեկան։ Հայաստանի բուհերում կարդացել է ընդհանուր լեզվաբանություն, լեզվաբանական ուսմունքի պատմություն, լեզվաբանության ներածություն, հայերենի համեմատական քերականություն, հայոց լեզվի պատմություն, գրաբարի, պարսկերենի, լատիներենի քերականություններ, արևելյան բանասիրություն և այլ դասընթացներ։

Էդուարդ Աղայանը տասնամյակներ շարունակ աշխատել է նաև ՀԽՍՀ ԳԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում: 1950-1953 թվականներին եղել է փոխտնօրեն, 1963-1991 թթ.` ընդհանուր և համեմատական լեզվաբանության բաժնի վարիչ, 1947-1948 թվականներին` ՀԽՍՀ լուսավորության նախարարության բուհերի վարչության պետ։ Էդուարդ Աղայանը քանիցս մասնակցել է միջազգային գիտաժողովների (Երևան, Մոսկվա, ԱՄՆ, Հնդկաստան և այլն)։

1979 թվականից մինչև կյանքի վերջը եղել է լեզվաբանության գծով գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի նախագահ։ 1953 թվականին ընտրվել է Երևանի քաղխորհրդի, 1980 թվականին և 1985 թվականին՝ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։

Էդուարդ Աղայանի բրոնզաձույլ կիսանդրին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի նախասրահում խորհրդանշում է ականավոր գիտնական-մանկավարժի դերը համալսարանական գիտության զարգացման գործում[1]:

Գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդուարդ Աղայանի գործունեությունը վերաբերում է ընդհանուր լեզվաբանության, հայ լեզվաբանության պատմության, հայոց լեզվի պատմության, քերականագիտության (համեմատական քերականություն, նկարագրական քերականություն, պատմական քերականություն), բառագիտության (բառաքննություն և ստուգաբանություն), բարբառագիտության, ժամանակակից հայոց լեզվի, Արևելքի գրականության պատմության, գրաբանության (նաև ուղղախոսություն, ուղղագրություն) և այլ հարցերի։ Նշանակալից են նրա «Լեզվաբանության ներածություն» (Եր., 1952, 1963, 1967) աշխատությունը, որը ԽՍՀՄ բարձրագույն նախարարության կողմից երաշխավորվել է որպես միութենական բուհական դասագիրք և հրատարակվել ռուսերեն 1959 թվականին, «Պատմահամեմատական մեթոդը լեզվաբանության մեջ» (Ե., 1957), «Գրաբարի քերականություն», հատոր 1 (Ե. 1964), «Ժամանակակից հայերենի հոլովումը և խոնարհումը» (Ե., 1967), «Ընդհանուր և համեմատական բառագիտություն» (Ե., 1984) աշխատությունները. վերջինը 1957 թվականին վերամշակված հրատարակվել է «Լեզվաբանության հիմունքներ» խորագրով։

Ընդհանուր լեզվաբանությանը նվիրված աշխատություններն աչքի են ընկնում նյութի բազմակողմանի դիտարկումներով, ինքնատիպ հարցադրումներով ու փաստարկումներով, շարադրանքի պարզությամբ ու թարմությամբ։ Դրանցում նա նոր խոսք է ասում լեզվի բնորոշման, նրա տարբերակների առանձնացման, լեզվի ծագման ու զարգացման օրինաչափությունների, լեզվի կառուցվածքային մակարդակների, լեզվաբանական մի շարք հասկացությունների (օրինակ, վանկի, հնչույթի, ձևույթի, խոսքի մասերի, լեզվական կառուցվածքի ու համակարգի և այլն)։

Աղայանը նաև հնչյունաբանական, բառագիտական-բառակազմական, ձևաբանական արժեքավոր վերլուծություններ է կատարել հայերենի գիտական քերականության խնդիրների գծով, կիրառել է նկարագրության ժամանակակից մեթոդներ։ Կարևոր հետազոտություններ է կատարել՝ նվիրված հայրենի բառապաշարին, նրա շերտերին, բառակազմական կաղապարներին, տերմինաբանությանը և այլ խնդիրներ։ Էդուարդ Աղայանը մեծ ավանդ ունի նաև հայ բառարանագրության բնագավառում. «Արդի հայերենի բացատրական բառարան» (Ե., 1976) երկհատոր գիրքը՝ հայերենի բառապաշարի ընդգրկմամբ (136 հազար բառ և 11 հազար դարձվածք) և բառահոդվածների ձևիմաստային բազմաբնույթ դասդասումներով ու պարզաբանումներով մնում է որպես բառարանագրական բացառիկ ձեռքբերում։

Համահեղինակ է հանրակրթական դպրոցի 4-7-րդ դասարանների հայոց լեզվի դասագրքերի, որոնք ունեցել են բազմաթիվ հրատարակություններ։ Նրա գիտական վաստակի մաս է կազմում նաև իր ուսուցիչ Հրաչյա Աճառյանի բազմահատոր աշխատությունների խմբագրման, անավարտ հատվածների լրացման և հրատարակության պատրաստման շնորհակալ աշխատանքը, մասնավորապես «Լիակատար քերականություն հայոց լեզվի» բազմահատորյակի խմբագրման, «Արմատական բառարանի» տպագրության պատրաստման գործում:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, 1970
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան, 1983
  • «Աշխատանքային արիության» մեդալ, 1945
  • Խաչատուր Աբովյանի անվան մեդալ

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լեզվի ծագումը և զարգացումը, Ե., 1948:
  • Լատիներեն լեզվի քերականություն, գիրք 1, Ե., 1950:
  • Պատմա-համեմատական մեթոդը լեզվաբանության մեջ, Ե., 1957:
  • Բառաքննական և ստուգաբանական հետազոտություններ, Ե., 1974:
  • Նախամաշտոցյան հայ գրի ու գրականության, մեսրոպյան այբուբենի և հարակից հարցերի մասին, Ե., 1977:
  • Ընդհանուր և հայկական բառագիտություն, Ե., 1984:
  • Ակնարկներ հայոց տոմարների պատմության, Ե., 1986:

Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կենսագրական հանրագիտարան, Ե., ԵՊՀ համալսարան, 2009, էջ 73-75:
  • Հ. Զ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Ե., «Հայաստան», 1987, էջ 20-22:
  • Գառնիկ Ստեփանյան, Կենսագրական բառարան, հատոր Ա, Ե., «Հայաստան», 1973, էջ 66:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]