Հնչույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հնչույթ, լեզվի արտահայտության պլանի նվազագույն միավորը, ծառայում է լեզվի իմաստակիր միավորները (ձևույթները, բառերը) տարբերակելու համար։ Խոսքի մեջ արտահայտվում է մի քանի հնչյուններով, որոնց որակը պայմանավորված է դիրքով, շեշտով ևն։ Հնչույթն ինքնին զուրկ է որևէ իմաստից և ազդանշում է իմաստի փոփոխման մասին՝ հակադրվելով այլ հնչույթների (առանձին վերցրած ա-ն ոչ մի իմաստ չունի, սակայն տար-տեր հակադրական զույգի մեջ ազդանշում է բառիմաստի փոփոխման մասին)։ Հնչույթները լեզվի մեջ կազմում են կուռ համակարգ, որտեղ յուրաքանչյուր հնչույթ պայմանավորված է մյուսով, և որևէ մեկի փոփոխումը առաջ է բերում համակարգի խախտում։ Հնչույթները լեզվական վերլուծության միջոցով կարելի է տարրալուծել ավելի փոքր բաղադրիչների տարբերակիչ հատկանիշների, որոնք խոսքի մեջ ինքնուրույն գոյություն չունեն, հանդես են գալիս մյուս հատկանիշների հետ։ Այսպես՝ պայտ-փայտ հակադրական զույգի մեջ շնչեղացումը դիտվում է որպես տարբերակիչ հատկանիշ, որը հանդես է գալիս մյուս հատկանիշների (հպականության, շրթնայնության, խլության) հետ միաձուլված։ Յուրաքանչյուր լեզվի մեջ հնչույթը հանդես է գալիս տարբերակիչ հատկանիշների որոշակի ամբողջությամբ։ Այս առումով ամերիկյան նկարագրական լեզվաբանության մեջ հնչույթը բնորոշվում է որպես «տարբերակիչ հատկանիշների փունջ» (տես նաև Հնչույթաբանություն

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 497 CC-BY-SA-icon-80x15.png