Հնչույթաբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հնչույթաբանություն, լեզվաբանության բաժին, որն ուսումնասիրում է հնչյունների և հնչյունական միջոցների (շեշտ, հնչերանգ և այլն) գործառությունը և դերը լեզվի մեջ։ Ի տարբերություն հնչյունաբանության, որն ուսումնասիրում է հնչյունների նյութական կողմը, հնչույթաբանությունն ուսումնասիրում է դրանց գործառությունը լեզվի մեջ։ Իբրև առանձին գիտաճյուղ ձևավորվել է XX դ. 30-ական թթ., հատկապես Պրահայի լեզվաբանական խմբակի ջանքերով և Ն. Տրուբեցկոյի «Հնչույթաբանության հիմունքները» աշխատությամբ։ Տարբերակում են հնչույթաբանության երեք դպրոց՝ Պրահայի, Կոպենհագենի, ամերիկյան։ Պրագայի կամ ֆունկցիոնալ ուղղության համաձայն՝ հնչույթի ըմբռնման հիմքում ընկած է հակադրության գաղափարը։ Հնչույթների հիմնական և կարևորագույն ֆունկցիան լեզվական իմաստների (բառային կամ քերականական) տարբերակումն է, որն իրականանում է հակադրական զույգերի միջոցով. օրինակ՝ սեր-սար, բառ-տառ և այլն։ Ամերիկյան նկարագրական լեզվաբանությունը չի զբաղվում հնչույթի տեսական հարցերով, այլ ուշադրությունը կենտրոնացնում է դրանց բացահայտման ու նկարագրության վրա, որի համար օգտագործում է այսպես կոչված «բաշխական մեթոդը»։ Վերջինիս համաձայն՝ հնչույթների ինքնուրույնությունը որոշվում է տեքստում միանման դիրքերում հանդես գալով, տեր, դեր, կեր, գեր, սեր, ծեր, մեր, բեր բառերի բաղաձայն հնչյունները գտնվում են միանման դիրքում, հետևաբար տարբեր հնչույթներ են։ Դրան հակառակ, եթե երկու նման հնչյուններ հանդես են գալիս տեքստում իրար բացառող դիրքերում, ապա դրանք ինքնուրույն հնչույթներ չեն, այլ դիրքային տարբերակներ։ Օրինակ, ատյան, մատյան բառերի քմայնացած տ հանդես է գալիս միայն այդ դիրքում, հետևաբար այն տ-ի դիրքային տարբերակն է։ Կոպենհագենի դպրոցի ներկայացուցիչները գտնում են, որ կարևորը ոչ թե լեզվական միավորների նյութական կողմն է, այլ նրանց հարաբերությունը և ֆունկցիան։ Այսպես, լեզուն կարող է իրականանալ որպես բանավոր և գրավոր խոսք, վերածվել հեռախոսային ագդակների կամ Մորզեի այբուբենի, սակայն լեզվի հիմնական կառուցվածքը մնում է անփոփոխ։ Դիտելով լեզուն որպես նշանների համակարգ, այս ուղղության ներկայացուցիչները հնչույթները համարում են նշանները տարբերակող ֆիգուրներ (ցուցիչներ)։ XX դ. 70-ական թթ. սկսեց զարգանալ սերող հնչույթաբանությունը, որպես ընդհանուր սերող քերականության բաժին։ Ի տարբերություն նախորդ հնչույթաբանական դպրոցների, որոնցում հնչույթաբանության նվազագույն միավոր է ընդունվում հնչույթը, այստեղ որպես այդպիսին դիտվում է տարբերակիչ հատկանիշը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 497 CC-BY-SA-icon-80x15.png