Լեզվի ինստիտուտ
ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ | |
---|---|
Տեսակ | ակադեմիական ինստիտուտ |
Հիմնադրված է | 1943 |
Տիպ | Գիտահետազոտական ինստիտուտ |
Նախագահ | Տնօրեն՝ Վիկտոր Կատվալյան |
Հասցե | Երևան 0015, Գրիգոր Լուսավորչի փողոց, 15 |
Կայք | language.sci.am |
ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ, 1943 թվականին Երևանում հիմնադրված գիտահետազոտական հիմնարկություն, որը զբաղվում է հայերենագիտության հիմնարար հարցերով, հայոց լեզվի կառուցվածքի և գործառության, հայերենի բարբառների, հայոց լեզվի պատմության և համեմատական քերականության ուսումնասիրությամբ, ստեղծում է ստուգաբանական, երկլեզվյան, բարբառային բառարաններ և տերմինարաններ։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինստիտուտում համակարգված աշխատանքներ են ծավալվում լեզվի հետազոտության հիմնարար ուղղություններով, ստեղծվում են գիտական մեծ արժեք ներկայացնող բազմաթիվ աշխատություններ, պատրաստվում են գիտական հետաքրքրությունների լայն շրջանակ ունեցող և հմուտ լեզվաբաններ։ Գիտաշխատողները զբաղվել և զբաղվում են հայոց լեզվի կառուցվածքի և գործառության, պատմության և համեմատական քերականության ուսումնասիրությամբ, գրական արևելահայերենի և արևմտահայերենի քննությամբ, գրական լեզվի կանոնարկման, տերմինաբանության մշակման, ուսուցողական լեզվաբանության հարցերով, կարևորվում է ստուգաբանական, երկլեզվյան, բարբառային բառարանների և տերմինարանների ստեղծումը։
Աշխատանքներ են ընթանում հայերենագիտական ուսումնասիրությունների մեջ նոր և նորագույն տեխնոլոգիաների կիրառման ուղղությամբ, մասնավորապես՝ ԳԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի հետ համատեղ մշակվել է հայոց լեզվի համակարգչային հիմնօրինակը։ Ստեղծվել է ժամանակակից հայերենի (արևելահայ և արևմտահայ տարբերակներ) բառապաշարի, այլև գրաբարի՝ ձևաբանական բնութագրիչներով համակարգչային շտեմարան, որն օգտագործվում է գրաբար և աշխարհաբար տեքստեր խմբագրելու և սրբագրելու համար Abbyy ֆիրմայի FineReader համակարգում։ Մշակվել է ժամանակակից հայերենի բայերի շտեմարան Access միջավայրում. բոլոր բայերի համար նշվում են խոնարհման հարացույցը, ձևային բառակազմական կաղապարը, բառարանային բնութագրերը։ Համակարգը հնարավորություն է ընձեռում ավտոմատ կերպով առանձնացնել ցանկացած ձևույթ պարունակող, ցանկացած կաղապար կամ բնութագիր ունեցող բառերի ամբողջությունը։
Բաժիններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինստիտուտն ունի հետևյալ բաժինները՝
- Արդի հայերենի բաժին - ուսումնասիրվում են արդի հայերենի բառապաշարի և քերականական իրողությունների, ժամանակակից խոսակցական հայերենի կառուցվածքի և գործառության հիմնահարցերը
- Արևմտահայերենի բաժին - արևմտահայերենի նորագույն շրջանի բառապաշարի քարտագրում (շուրջ 20000 բառ-միավոր) աշխատանքների արդյունքների ամփոփում, գրական արևմտահայերենի համակարգչային տերմինաբանության զուգաձևությունների քննություն, պոլսահայ գրական լեզվի հանրալեզվաբանական քննության շարունակություն, օտարաբանությունների գործածությունը նորագույն շրջանի մամուլի լեզվում
- Բառարանագրության բաժին - կատարվում են նոր բառարանների կազմման աշխատանքներ
- Բարբառագիտության բաժին - կազմվում են հայ բարբառների բառիմաստային և բառային զուգաբանությունների շտեմարաններ
- Ընդհանուր և համեմատական լեզվաբանության բաժին - ուսումնասիրություններն ընթանում են համեմատական-ստուգաբանական ուղղություններով. ստուգաբանական լրացումներ և ճշգրտումներ են կատարվում հայերեն ստուգաբանական բառարանի ցանկում
- Կիրառական լեզվաբանության բաժին - կատարվում են ինքնուրույն և թարգմանական գրականության (9-11-րդ դարերի մատենագիրներ) համաբարբառների էլեկտրոնային տարբերակների կազմման աշխատանքներ։ Ավարտվել են հետևյալ էլեկտրոնային համաբարբառները՝
- Մովսես Կաղանկատուացու «Պատմութիւն Աղուանից աշխարհի»
- Ուխտանէս Եպիսկոպոսի «Պատմութիւն Հայոց»
- Կիրակոս Գանձակեցու «Պատմութիւն Հայոց»
- Խոսրովիկ թարգմանչի «Պատմական մատենագրական ուսումնասիրություն»
- Արիստակես Լաստիվերտցու «Պատմութիւն ...»
- Ստեփանոս Սյունեցու «Մեկնութիւն չորից աւենտարանչաց»
- Հայոց լեզվի պատմության բաժին - ուսումնասիրություններ են ընթանում պատմական-նկարագրական ուղղություններով (քննվում են գրաբարի բառիմաստային խմբերը, կատարվում է գրաբարյան և միջին հայերենյան սկզբնաղբյուրների լեզվական քննություն)
Միջոցառումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեզվի ինստիտուտը կազմակերպել է միջազգային հայերենագիտական գիտաժողովներ, 2006 թվականից կազմակերպում է «Ջահուկյանական ընթերցումներ», նաև երիտասարդ լեզվաբանների հանրապետական ամենամյա գիտական նստաշրջաններ՝ Հայաստանի բուհերի, Արցախի ներկայացուցիչների, այլև արտերկրի հայագետների մասնակցությամբ։
Ինստիտուտում ավանդաբար կազմակերպվել են գիտական սեմինարներ, բանավեճեր, քննարկումներ։ Հիշարժան է արդի հայերենի հոլովական համակարգին նվիրված բանավեճը, որն անցկացվել է 1966 թվականի նոյեմբերին և շարունակվել է 20 օր»[1]
2003 թվականից ինստիտուտը հրատարակում է «Լեզու և լեզվաբանություն» պարբերականը, որի նպատակն էր անդրադառնալ առհասարակ լեզվի և լեզվաբանության առանցքային և զարգացման հեռանկարի տեսանկյունից առավել ուշագրավ խնդիրների և հարցերի լուսաբանմանը (լույս է տեսել տասնմեկ համար)։