Համեմատական քերականությաւն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Համեմատական քերականություն, լեզվաբանական գիտակարգ, քերականագիտության ճյուղերից մեկը, որը հենվում է պատմական հայեցակետի վրա, կիրառում է համեմատական մեթոդ, այսինքն՝ լեզվական փաստերն ու իրողությունները դիտարկում է ցեղակից լեզուների համապատասխան փաստերի և իրողությունների հետ համեմատության մեջ և այդ կերպ վերականգնում հնագույն լեզվավիճակներ, նախաձևեր։

Հայերենի համեմատական քերականությունը, նույն այս սկզբունքով առաջնորդվելով, թափանցում է նախագրային հայերենի պատմության խորքերը և բացահայտում նրա ծագման և ցեղակցության ակունքները, նախնական շրջանի օրինաչափությունները, կատարում հնարավոր վերականգնումներ։ Համեմատական տեսանկյունը հետաքրքրել է դեռևս ուշ միջնադարի և 19-րդ դարի առաջին կեսի հայ քերականներին և բառարանագիրներին։ Այս բնագավառում արժեքավոր ներդրում ունեն, օրինակ, Հայկազյան բառարանի հեղինակները։ Սակայն հայերենի համեմատական քերականության հիմնադիր են համարվում եվրոպացի հայագետներ Հ. Պետերմանը և Ֆ. Վինդիշմանը, որոնց հայտնի աշխատությունները լույս տեսան նույն դարի 30-40-ական թվականներին։ Ձևավորվեց հայերենի ծագման ու ցեղակցության մասին երեք հիմնական տեսություն՝

  • հայերենը՝ իրանական բարբառ (հայերենը՝ իրանական խմբի հնդեվրոպական լեզու),
  • հայերենը՝ հնդեվրոպական անկախ լեզվաճյուղ,
  • հայերենը՝ երկցեղ լեզու։

Այս երեք տեսությունից հաղթանակ տարավ երկրորդը, և հայերենի համեմատական քերականությունը դրվեց ամուր հիմքերի վրա։

Այս բնագավառում կարևոր ուսումնասիրություններ են կատարել հայ և այլազգի շատ լեզվաբաններ՝ Ռ. Գոշեն, Ֆ. Բոպպը, Ֆ. Մյուլլերը, Պ. դը Լագարդը, Հ. Հյուբշմանը, Ս. Բուգգեն, Ա. Մեյեն, Հ. Պետերսոնը, Հ. Աճառյանը, Ք. Պատկանյանը, Է. Բենվենիստը, Ֆ. Ֆեյդին, Գ. Ջահուկյանը, Է. Աղայանը, Է. Թումանյանը և ուրիշներ։

Հայերենի համեմատական քերականության առարկան ընդգրկում է հայերենի կազմի բոլոր կողմերը՝ հնչյունաբանություն, բառագիտություն, ձևաբանություն, շարահյուսություն և այլն։ Կարևոր առաջընթաց է գրանցվել հատկապես բառային ստուգաբանության բնագավառում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հ. Պետրոսյան, Հայրենագիտական բառարան, էջ 327։