Հայոց լեզվի պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայոց լեզվի պատմություն Հայերենը աշխարհի հնագույն լեզուներից է։ Նրա ձևավորումը համընկնում է հայ ժողովրդի կազմավորմանը և գալիս է վաղնջական ժամանակներից։ Խեթական և ասուրաբաբելական արձանագրությունները վկայում են, որ հայերը՝ իբրև ցեղային առանձին խմբավորումներ,Հայկական բարձրավանդակում երևացել են Ք.ա. երրորդ հազարամյակում, սակայն իբրև էթնիկ ամբողջականություն նրանք հայտնի են դառնում Ք.ա. 8-7-րդ դարերից։ Այդ շրջանում ստեղծված նպաստավոր պայմանների շնորհիվ նախահայկական պարզ ցեղային միությունները և առանձին ցեղերը միավորվելով ստեղծում են իրենց պետականությունը և կազմավորում հայ ժողովրդին, որին ժամանակի մի շարք ժողովուրդներ անվանել են արմեններ, իսկ երկիրը Արմենիա։ Այս անվանումը հետագայում տարածվել է աշխարհի շատ լեզուներում։ Իսկ մեր ժողովրդի հայ ինքնանվանումը ավանդւթյունը կապում է Հայկ Նահապետ անվան հետ։ Անցնելով պատմական զարգացման երկարատև ընթացք՝ հայերենը միշտ էլ եղել է աշխարհի առաջավոր լեզուների շարքում և համընթաց է քայլել ժամանակին։ Եվ այսօր էլ մեր լեզուն բռնել է ժամանակի քննությունը.նա առաջավոր գիտության, մշակույթի ու գրականության, հանրակրթության և բարձրագույն դպրոցի, կինոյի ու թատրոնի լեզու է։

Հայերենն անցել է զարգացման 5-6-հազարամյա ուղի։ Մ. թ. ա. III հազարամյակի սկզբներին հայերենն առանձնանում է հնդեվրոպական ընդհանրությունից ու սկսում իր գոյությունը որպես ինքնուրույն լեզու։ Լինելով կենդանի համակարգ՝ հայոց լեզուն իր զարգացման ընթացքում բազմաթիվ փոփոխությունների է կրել։ Հայերենի կրած փոփոխություններն արդյունք են հիմնականում նրա ինքնուրույն, ներքին զարգացման, ինչպես նաև մշակութային-քաղաքական շփման, հայ ժողովրդի կազմավորման ընթացքում հայկական էթնիկական կազմի մեջ մտած մի շարք միավորների՝ ժողովուրդների ու ցեղերի (հայասացիներ, խեթեր, խուռիներ, ուրարտացիներ և այլն), լեզուների ձուլման, իսկ հետագայում նաև ցեղակից ու ոչ ցեղակից լեզուներից կատարած փոխառությունների և այլ գործոնների։

Հայոց լեզվի հնագույն հուշարձանները վերաբերում են հայ գրերի գյուտին անմիջապես հաջորդող շրջանին՝ 5-րդ դարի սկզբներին։ Նախագրաբարյան հայերենի մասին պատկերացում կարելի է կազմել պատմահամեմատական մեթոդի շնորհիվ։

Հայերենի զարգացումը բաժանվում է երկու փուլի՝ նախագրային հայերեն և գրային հայերեն[1]։

Նախագրային հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերենի զարգացման նախագրային շրջանն ընդգրկում է մ. թ. ա. III հազարամյակից մինչ մ. թ. 4-րդ դարն ընկած ժամանակահատվածը։ Այն իր հերթին բաժանվում է երկու ենթաշրջանի՝

  • Վաղնջահայերեն կամ վաղնջական հայերեն (մ. թ. ա. III հազարամյակից մինչև մ. թ. ա. 13-րդ դարը)`
    • սկզբնային վաղնջահայերեն (մ. թ. ա. III հազարամյակն ամբողջությամբ),
    • ուշ վաղնջահայերեն (մ. թ. ա. 2-րդ հազարամյակից մինչ մ. թ. ա. 13-րդ դար),
  • Հնագույն հայերեն (մ. թ. ա. 12-րդ դարից մինչ մ. թ. 4-րդ դար)
    • վաղ հնագույն (մ. թ. ա. 12-4-րդ դարեր),
    • ուշ հնագույն (մ. թ. ա. 3-րդ դարից մինչ մ. թ. 4-րդ դարը):

Նախագրային հայերենը գրաբարի համեմատությամբ աղքատիկ է, ավելի քիչ փոխառություներ կատարած, հիմնականում հնդեվրոպական լեզվից ժառանգած բառապաշարով[2]: Հետագայում նախագրային հայերենի բառային կազմը համալրվում է ի հաշիվ խեթական, խուռիա-ուրարտական, իրանյան (հին պարսկական) բառերի, որոնց լեզուները կրող ժողովուրդները կամ ցեղերը մասնակցել են հայ ժողովրդի կազմավորմանը։

Գրավոր հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

405 թվականից սկսվում է հայերենի զարգացման գրավոր շրջանը, որ բաժանվում է երեք ենթաշրջանի`

Հին հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին հայերենը, որ լեզվաբանության մեջ հայտնի է գրաբար անունով, ձևավորվել է Տուրուբերանի, Բարձր Հայքի ու Այրարատի խոսվածքների հիման վրա։ Ընդգրկում է 5-11-րդ դարերն ընկած ժամանակաշրջանը։ Սակայն գրաբարը խոսակցական լեզու է եղել մոտավորապես մինչև 9-րդ դարը։

Գրաբարն անցել է զարգացման երեք շրջան՝

  • դասական կամ վաղ հին գրաբար, որ հայտնի է նաև մեսրոպյան, ոսկեդարյան հայերեն անվանումներով (5-րդ դար),
  • ետդասական կամ ուշ հին հայերեն, որ հայտնի է նաև հետմեսրոպյան, հետոսկեդարյան հայերեն անվանումներով (6-7-րդ դարեր),
  • նախամիջին ենթաշրջան (8-11-րդ դարեր). այս շրջանում լեզվական փոփոխություններն արդեն այնքան են շատանում, որ հիմք են տալիս 12-րդ դարից խոսելու նոր գրական լեզվի՝ միջին հայերենի մասին։

Միջին հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջին հայերենը (12-17-րդ դարեր) զարգացման երկու ենթաշրջան է անցել՝

  • վաղ միջին կամ կիլիկյան նորմավորման շրջան (12-14-րդ դարեր),
  • ուշ միջին կամ աշխարհաբարեցման ենթաշրջան (15-16-րդ դարեր)։

Միջին հայերենը ոչ միայն այդ ժամանակաշրջանի գրական լեզուն է, այլև ժողովրդի խոսակցական լեզուն։ Իբրև գրական լեզու՝ միջին հայերենը նորմավորված չի եղել, չի ունեցել կայունացած որոշակի նորմա և հանդես է եկել գրական տարբերակներով։ Այդ դարերում Հայաստանում ու հայկական գաղթօջախներում գործում էին միջին հայերենի մի քանի տարբերակներ, որոնցից մեկն էլ կիլիկյան հայերենն էր՝ Կիլիկիայի հայկական պետականության պաշտոնական լեզուն։ Կիլիկիայի հայկական թագավորության վերացումը (16-րդ դար), ըստ երևույթին, սկիզբ դարձավ միջին հայերենի անկման և աշխարհաբարի՝ հայերենի նոր որակի ձևավորման[3]։

Նոր հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր հայերենը կամ աշխարհաբարը (17-րդ դարից մինչ մեր օրերը) զարգացման երեք ենթաշրջան է անցել՝

  • վաղ աշխարհաբար (17-րդ դարից մինչ 19-րդ դարի կեսերը),
  • ուշ միջին կամ երկճյուղ աշխարհաբարի ձևավորման ենթաշրջան (19-րդ դարի կեսերից մինչ 1920 թվականը),
  • ժամանակակից հայերեն (1920 թվականից մինչ մեր օրերը):

Աշխարհաբարի մասին առաջին վկայությունները կամ նմուշները սկսվում են 14-րդ դարից։ Աշխարհաբարի հնագույն նմուշ է համարվում Բջնիի 1358 թվականի արձանագրությունը։ Սակայն աշխարհաբարի կազմավորման շրջան է համարվում 17-րդ դարը, երբ արդեն այդ լեզվով ստեղծվում են տարբեր բնույթի և նշանակության գրավոր այնպիսի հուշարձաններ, ինչպիսիք են Զաքարիա Ագուլեցու «Ուղեգրությունը», «Արհեստ համարողութեան», «Արհեստ թուական է սայ», Ղ. Վանանդեցու «Գանձ չափոյ, կշռոյ, թուոյ և դրամից բոլոր աշխարհի» թվաբանական-վաճառականական ձեռագրերը, Կ. Ջուղայեցու թվաբանական-հաշվապահական խնդրագիրքը և այլն[4]:

Իր կազմավորման առաջին փուլում աշխարհաբարը միասնական է եղել և՛ արևելահայության, և՛ արևմտահայության համար։ Անցնելով մեկդարյա ձևավորման շրջան, 18-րդ դարից սկսած, միասնական աշխարհաբարը Ում և Կը ճյուղերի բարբառների ազդեցությամբ երկփեղկվում է արևելահայ ու արևմտահայ տարբերակների[5]:

Շրջանաբաժանման այլ տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերենի զարգացման պատմության շրջանաբաժանման հարցով առաջինն զբաղվել են Մխիթարյան միաբանները: Նրանք առանձնացրել են հետևյալ փուլերը`

  • հին մատենագրության շրջան,
  • միջին մատենագրության շրջան,
  • աշխարհաբար մատենագրության շրջան։

Մխիթարյան միաբաններից Արսեն Բագրատունու կարծիքով գրաբարը աստիճանական անկում է ապրել։ 4-6-րդ դարերը համարում է «ոսկեդար», 7-12-րդ դարերը՝ «արծաթե դար», 13-րդ դարը՝ «պղնձի դար», իսկ հաջորդ դարերը՝ «երկաթի, խեցու և վատթարագոյն և այլն»[6]։

Արսեն Այտընյանը 5-7-րդ դարերը համարում է գրաբարի, 7-14-րդ դարերը միջին հայերենի, իսկ 14-րդ դարից հետոն՝ աշխարհաբարի շրջան[7], քանզի աշխարհաբարին հատուկ լեզվական երևույթները սկսել են հանդես գալ արդեն 14-րդ դարում[4]։ Այնինչ Հր. Աճառյանը պնդում է, թե լեզվի զարգացման նոր շրջանի մասին խոսել կարելի է միայն այն դեպքում, երբ նոր լեզվական տարրերը կատարյալ հաղթանակ տանեն հնի նկատմամբ։ Ըստ այդմ էլ Հ. Աճառյանը կատարել է հետևյալ շրջանաբաժանումը՝ գրաբար (5-11-րդ դարեր), միջին հայերեն (11-17-րդ դարեր), աշխարհաբար (17-րդ դարից մինչ մեր օրերը)։

Գուրգեն Սևակը շրջանաբաժանման[8] է ենթարկել հայերենի զարգացման նոր շրջանը՝

  • աշխարհաբարի կազմավորման շրջան (1601-1801 թվականներ),
  • աշխարհաբարի ձևավորման կամ լուսավորական շրջան (1801 թվականից մինչ 1870-ական թվականները), որն էլ իր հերթին բաժանվում է երկու ենթափուլերի՝ նախահյուսիսափայլյան շրջան և հյուսիսափայլյան շրջան։
  • աշխարհաբարի ժողովրդայնացման շրջան (19-րդ դարի կեսերից մինչ Հայաստանի խորհրդայնացումը),
  • հայոց լեզվի խորհրդայնացման շրջան։

Գ. Ջահուկյանը հայերենի պատմության աշխարհաբարի շրջանը բաժանում է երեք ենթաշրջանների՝

  • աշխարհաբարի կազմավորման կամ ձևավորման շրջան (17-րդ դարի սկզբից մինչ 19-րդ դարի կեսերը),
  • երկճյուղ աշխարհաբարի շրջան (19-րդ դարի կեսերից մինչ Հայաստանի խորհրդայնացումը),
  • աշխարհաբարի սովետական կամ համազգային շրջան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գ. Ջահուկյան, Հայոց լեզվի պատմություն (նախագրային ժամանակաշրջան), Երևան, 1987, էջ 20-26:
  2. Հ. Աճառյան, Հայոց լեզվի պատմություն, մաս Ա, Երևան, 1940, էջ 7-9:
  3. Հ. Աճառյան, Հայոց լեզվի պատմություն, մաս Բ, Երևան, 1951, էջ 226-254: Ա. Այտընյան, Քննական քերականութիւն աշխարհաբար կամ արդի հայերեն լեզուի, Վիեննա, 1866, էջ 147, 165: Գ. Ջահուկյան, Հայոց լեզվի զարգացումն ու կառուցվածքը, Երևան, 1969, էջ 192-193:
  4. 4,0 4,1 Ա. Սուքիասյան, Ժամանակակից հայոց լեզու, Երևան, 2008, էջ 13:
  5. Գ. Ջահուկյան, Հայ բարբառագիտության ներածություն, Երևան, 1972, էջ 49-68: Գ. Սևակ, Ժամանակակից հայերենի համառոտ պատմություն, Երևան, 1948: Գ. Սևակ, Ժամանակակից հայոց լեզվի դասընթաց, Երևան, էջ 57-67: Ռ- Իշխանյան, Նոր գրական հայերենը 17-18-րդ դդ., Երևան, 1979:
  6. Արսեն Բագրատունի, «Հայերէն քերականութիւն ի պէտս զարգացելոց», Վենետիկ, 1852:
  7. Ա. Այտընյան, Քննական քերականություն աշխարհաբար կամ արդի հայերեն լեզվի, Ե., 1988:
  8. Գ․ Սևակ, ժամանակակից հայերենի համառոտ պատմություն, Ե․, 1948։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png