Արարատյան բարբառ
Արարատյան բարբառ (նաև՝ Երևանի բարբառ) - հայերենի ում ճյուղի քառաստիճան բաղաձայնական համակարգի բարբառ։
Խոսվում է Արարատյան դաշտում, մասամբ նաև՝ Վայոց ձորում, Լոռու և Գեղարքունիքի մարզերում։
Բովանդակություն
Պատմական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արարատյան բարբառը հայոց լեզվի հնագույն տարբերակներից է: Արևելյան բարբառախմբի -ում ճյուղի այս բարբառը անցել է զարգացման բավականին երկար ուղի: Արարատյան բարբառի հետքերն ի հայտ են եկել դեռևս 13-րդ դարի աղբյուրների մեջ: Այսպես, Վարդան Բարձրաբերդցին գրում է. «Ամենու սիրտն հետ քեզ լաւ են, և քեզ աղօթք են առնում»: Այս նախադասության մեջ Երևանի բարբառից նկատում ենք անկատար դերբայը, դերբայական խոնարհումը և նախադասության կառուցվածքը, որտեղ օժանդակ բայն ընկնում է դերբայից առաջ: Երևանի բարբառի դրսևորումներ նկատելի են նաև 15-րդ դարի հեղինակների գործերում, բայց այն լավագույնս իր արտահայտությունն է գտել 17-րդ դարի վաճառական Զաքարիա Ագուլեցու օրագրային գրառումներում («Օրագրություն»): Վերջինս գրել է ժողովրդին հասկանալի, պարզ լեզվով, թեև նրա խոսքում նկատվում է նաև Ջուղայի և Ագուլիսի բարբառների ազդեցությունը: 1675 թվականին Մարսելում հրատարակված «Արհեստ համարողության» և 1687 թվականին Վենետիկում լույս տեսած «Պարզաբանություն» աշխատությունները Արարատյան բարբառի առաջին գրավոր աղբյուրներից են: Արարատյան բարբառն ուներ տարածքային մեծ ընդգրկունություն` Արևելյան Հայաստանի կենտրոնական մաս, Նախիջևան, Աստապատ, Կաղզվան, Ճակատք (Սուրմալու), Խանլար, Շահումյան և այլն: Արարատյան բարբառով խոսող բնակավայրեր կան Վրաստանի Մառնեուլի շրջանում: Սակայն Շահ-Աբասի մեծ գաղթը, ինչպես նաև 1827 թվականի ռուս-պարսկական պատերազմները մեծ հետք թողեցին բարբառի տարածքային ընդգրկման վրա: Ներկայումս Արարատյան բարբառն ընդգրկում է ՀՀ բազմաթիվ բնակավայրեր` Աշտարակ, Էջմիածին, Արմավիր, Նաիրի, Կոտայք: Արարատյան բարբառի խոսվածքներից տարածքային ամենամեծ ընդգրկվածությունն ունի Լոռին: Բջնին, Արզականը, Ալափարսը Հրազդանում, Դդմաշենը, Ծաղունքը Սևանում նույնպես մտնում են Արարատյան բարբառի սահմանների մեջ:
Ըստ Հր. Աճառյանի՝ այս բարբառի մեջ են մտնում Բայազետի եւ Թավրիզի ենթաբարբառները:
Հնչյունական կազմը[խմբագրել | խմբագրել կոդը]
Արարատյան բարբառն ունի վեց պարզ ձայնավոր՝ ա, է, ի, ը, օ, ու: Այս ձայնավորների արտասանությունը բառացի զուգադիպում է մեր ժամանակակից արևելահայ գրական լեզվի ձայնավորների արտասանությանը: Արարատյան բարբառի ձայնավորները և հատկապես «ու» ձայնավորը սղվում են շեշտվող վանկից թե′ առաջ և թե′ հետո (օրինակ՝ գը′րըմ էմ, դա′շտըմը): Երևանի բարբառի բաղաձայնական համակարգը քառաստիճան է, այսինքն՝ ենթարկված է երկրորդ աստիճանի լրիվ տեղաշարժին: Գրաբարի համեմատությամբ բառասկզբի ձայնեղները արտասանվում են շնչեղ ձայնեղ, բառամիջի խուլերը արտասանվում են ձայնեղ, բառասկզբի խուլերը մնում են խուլ, իսկ շնչեղները մնում են շնչեղ:
Արարատ Ղարիբյանն իր «Հայ բարբառագիտություն» (Ե., 1948) գրքում[1] առանձնացնում է բաղաձայնների մասնակի փոփոխության հետևյալ դեպքերը.
- «Հ» հնչյունը «ո»-ից առաջ արտասանվում է ֆ, օրինակ՝ ֆօտ>հոտ, ֆող>հող, ֆօքի>հոգի, ֆօրթ>հորթ:
- «Խ» հնչյունը վերածվում է «հ» հնչյունի, եթե բառի մեջ հաջորդող բաղաձայնը «ղ» է, օրինակ՝ հաղալ>խաղալ, հեխդել>խեղդել, հավող>խաղող, հեղճ>խեղճ:
- «Ր» հնչյունը որոշ բառերի մեջ դուրս է ընկնում, օրինակ՝ դուս>դուրս, նես>ներս, աժել>արժել:
- «Ր» և «ղ» հնչյուններից հետո բառամիջում և վերջում ձայնեղ հնչյունները վերածվում են շնչեղ խուլերի, օրինակ՝ մարթ>մարդ, կարք>կարգ, վօրփ>որբ:
- «Տ» կապակցությունը դառնում է «նն», օրինակ՝ գետնին>գէննին, ոտներ>վօննէր:
- «Ղ» հնչյունը խուլ հնչյուններից առաջ արտասանվում է «խ», օրինակ՝ կեխդօդ>կեղտոտ, մէխք>մեղք:
- «Ր» հնչյունը խուլ պայթականներից առաջ արտասանվում է կոշտ «ր», երբեմն էլ՝ «ռ», օրինակ՝ առտ>արտ, առծիվ>արծիվ:
- Ռնգայիններից հետո, ինչպես նաև մյուս դեպքերում ձայնավորներից հետո կամ առաջ խուլ հնչյունները արտասանվում են ձայնեղ, օրինակ՝ աշագէրդ>աշակերտ, հարգ>հարկ, ճանջ>ճանճ:
- Բառամիջում ձայնավորներից հետո բոլոր ձայնեղները արտասանվում են շնչեղ խուլ, օրինակ՝ ֆօքի>հոգի, կարաք>կարագ, մարաք>մարագ:
Արարատյան բարբառում գրաբարյան երկբարբառների փոխարեն պարզ հնչյուններ են: Օրինակ՝ «այ» երկբարբառի փոխարեն՝ ա բառավերջում և է բառասկզբում և բառամիջում՝ էս, էտ, էն>այս, այդ, այն, էրէխա>երեխայ: «Իւ» և «ոյ» երկբարբառների դիմաց Արարատյան բարբառում «ի» պարզ հնչյունն է, օրինակ՝ քոյր>քիր, հարիւր>հարիր, լոյս>լիս:
Ձևաբանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Արարատյան բարբառին բնորոշ է շեշտը բառերի վերջընթեր վանկի վրա դնելը՝ ի տարբերություն գրական լեզվի: Հոգնակին կազմվում է գրական լեզվի նմանությամբ՝ միավանկ բառերը ստանում են «էր», իսկ բազմավանկ բառերը «նէր» վերջավորությունը, օրինակ՝ ձի-ձիեր, սիրդ-սըրդեր: Մի շարք գոյականներ ունեն «արէնք» վերջավորություն (գեղարէնք, տէղարէնք), «տիք» վերջավորություն (կընկըտիք կամ կընանիք), «տինք» վերջավորություն (ախպըրտինք-եղբայրներ): Արարատյան բարբառի հոլովումը գրականին շատ մոտ է: Հիմնական տարբերությունն այն է, որ Արարատյան բարբառը բոլոր հոլովներում հոդ է ստանում (դառդիցը, սարէրըմը և այլն): Ներգոյական հոլով ունեն և′ անձ, և′ առարկա ցույց տվող գոյականները (քըվօրըմ(ը), ախպօրըմ(ը)), այնինչ գրական լեզուն անձ ցույց տվող գոյականներից ներգոյական հոլով չի կազմում:
Ածականներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արարատյան բարբառում ածականների արտահայտած հատկանիշն առավել ուժեղ շեշտվածությամբ արտահայտելու համար հաճախ ածականը կրկնվում է՝ սիրուն-սիրուն ախչիգ (շատ սիրուն աղջիկ), մէ-մէնձ մարդ (խոշոր մարդ):
Դերանուններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հետաքրքիր է հատկապես դերանունների հոլովումը, թեպետ անձնական դերանունների հոլովումը շատ նման է գրական լեզվին.
Եզակի Հոգնակի
- Ուղղ. յէս դու մէնք դուք
- Սեռ. իմ քու մէր ձէր
- Տր. ինձ քէզ մէզ ձէզ
- Հայց. ինձ քէզ մէզ ձէզ
- Բաց. ինձանից քէզանից մէզանից ձէզանից
- Գործ. ինձանօվ քէզանօվ մէզանօվ ձէզանօվ
- Ներգ. ինձանում քէզանում մէզանում ձէզանում
Ցուցական դերանուններ
Եզակի
- Ուղղ. էս էդ էն
- Սեռ. ըստուր ըդուր ընդուր
- Տր. » » »
- Հայց. էս էդ էն
- Բաց. ըստուց ըդուց ընդուց
- Գործ. ըստօվ ըդօվ ընդօվ
- Ներգ. ըստում ըդում ընդում
Հոգնակի
- Ուղղ. ըստօնք ըդօնք ընդօնք
- Սեռ. ըստօնց ըդօնց ընդօնց
- Տր. » » »
- Հայց. նման է տրականին կամ ուղղականին
- Բաց. ըստօնցից ըդօնցից ընդօնցից
- Գործ. ըստօնցօվ ըդօնցօվ ընդօնցօվ
- Ներգ. ըստօնցըմ ըդօնցըմ ընդօնցըմ
Մյուս դերանունները նման են գրական լեզվին:
Խոնարհում[խմբագրել | խմբագրել կոդը]
Արարատյան բարբառն ունի երեք խոնարհում` էլ, իլ, ալ. իլ խոնարհումը լինում է սովորաբար ժխտականի դեպքում: Բաղադրյալ ժամանակները կազմվում են դերբայով և օժանդակ բայով:
Ներկա – գըրըմ էմ, գըրըմ էս, գըրըմ ա, գըրըմ էնք, գըրըմ էք, գըրըմ էն
Անցյալ անկատար – գըրըմ ի, գըրըմ իր, գըրըմ էր, գըրըմ ինք, գըրըմ իք, գըրըմ ին
Ապառնի – գրելու յէմ, գրելու յէս, գրելու յա, գրելու յէնք, գրելու յէք, գրելու յէն
Անցյալ ապառնի – գրելու յի, գրելու յիր, գրելու յէր, գրելու յինք, գրելու յիք, գրելու յին
Վաղակատար – գրէլ էմ, գրէլ էս, գրէլ ա, գրէլ էնք, գրէլ էք, գրէլ էն
Անցյալ վաղակատար – գըրէլ ի, գըրէլ իր, գըրէլ էր, գըրէլ ինք, գըրէլ իք, գըրէլ ին
Հարակատար – գրած էմ, գրած էս, գրած ա, գրած էնք, գրած էք, գրած էն
Անցյալ հարակատար – գըրած ի, գըրած իր, գըրած էր, գըրած ինք, գըրած իք, գըրած ին
Անցյալ կատարյալ – գրէցի, գըրէցիր, գըրէց, գըրէցինք, գըրէցիք, գըրէցին
Ըղձական և պայմանական եղանակները նման են գրական լեզվին, տարբերությունը միայն այս եղանակների անցյալ ապառնիի կազմության մեջ է.
Ըղձական եղանակ – գըրի, գըրիր, գըրէր, գըրինք, գըրիք, գըրին:
Պայմանական եղանակ – կըգըրի, կըգըրիր, կըգըրէր, կըգըրինք, կըգըրիք, կըգըրին:
Ապառնի - պըդի գըրէմ կամ գըրիլ պըդէմ, պըդի գըրէս կամ գըրիլ պըդէս, պըդի գըրի կամ գըրիլ պըդի, պըդի գըրէնք կամ գըրիլ պըդէնք, պըդի գըրէք կամ գըրիլ պըդէք, պըդի գըրէն կամ գըրիլ պըդէն:
Անցյալ ապառնի – պըդի գըրի կամ գըրիլ պըդի, պըդի գըրիր կամ գըրիլ պըդիր, պըդի գըրէր կամ գըրիլ պըդէր և այլն:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ղարիբյան Արարատ (1947)։ Հայ բարբառագիտություն։ Երևան: Հեռակա Մանկավարժական Ինստիտուտի հրատարակչություն։ էջեր 72–88
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայկանուշ Մեսրոպյան: Երևանի բարբառի ընդհանուր բնութագիրը (հոդված): http://aybuben.com/st19