Հոլով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հոլով, թեքական և կցական լեզուներում անվանական խոսքի մասերին (գոյական, ածական, թվական) և դերանուններին հատուկ քերականական կարգ, որն արտահայտում է տարբեր առարկաների, առարկայի ու հատկանիշի, առարկայի ու գործողության միջև եղած հարաբերությունները և դրսևորվում է բառի վերջավորություններով, հիմքի հերթագայություններով (հոլովական թեքույթներ) կամ այդ երկուսի, որոշ դեպքերում նաև նախդիրների, զուգակցումով։ Հոլով են կոչվում նաև հոլովական թեքույթներով բաղադրված առանձին բառաձևերը (հոլովաձևեր), որոնք ունեն իրենց անվանումները և որոնց ամբողջությունը՝ նրանց կազմության եղանակների ու միջոցների հետ, կազմում է տվյալ լեզվի հոլովման համակարգը[1]։

Հայերենի հոլովներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերենում հոլովվում են գոյականը և որոշ դերանուններ, ինչպես և գոյականաբար առնված բառեր ու արտահայտություններ։ Ժամանակակից գրական արևելահայերենի քերականության մեջ (մասնավորապես՝ դպրոցական) հոլովման համակարգը ներկայացվում է 7 հոլովով։ Այդ հոլովներն են՝ ուղղական, սեռական, տրական, հայցական, բացառական, գործիական, ներգոյական։ Որոշ լեզվաբաններ տարբերակում են 5 հոլով՝ ուղղական, տրական, բացառական, գործիական, ներգոյական, ոմանք ընդունում են 6 հոլով՝ ն որոշիչ հոդը համարելով սեռականի ե՝ տրականի տարբերակիչ հատկանիշ։ Ուղղականը համարվում է ուղիղ հոլով և մյուս՝ թեք հոլովներին հակադրվում է հոլովական թեքույթի բացակայությամբ։ Դա անփոփոխ (մաքուր) հիմքով յուրատեսակ սկզբնաձև է, որից կազմվում են մյուս հոլովները[1]։

Որոշ հետազոտողներ, այդ թվում՝ Մանուկ Աբեղյանը անկախ հոլով են անվանում ժամանակակից արևելահայերենի ուղղական և «կոչական» հոլովները, որոնցով դրսևորված բառերը նախադասության մեջ կամ անկախ են կամակցությունից (կոչական), կամ եթե ցույց են տալիս առարկաների հարաբերություններ, ապա այդ անում են ներունակությամբ, անկախ լրացական գործառույթից[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Խմբագրական կոլեգիա, Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 6 (խմբ. Վիկտոր Համբարձումյան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիա Հայկական Սովետական Հանրագիտարանի գլխավոր խմբագրություն», 1980, էջ 513 — 720 էջ։
  2. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 14։