Բացառական հոլով
Բացառական հոլովն արտահայտում է ելակետի (սկզբնակետի), անջատման կամ հեռացման իմաստ, ցույց է տալիս այն առարկան, որից սկսվում, ծագում է գործողությունը։
Պատասխանում է ինչից, ումից հարցերին։
Բացառական հոլովը կազմվում է ուղղական կամ սեռական հալովաձևերից՝ ից կամ ուց վերջավորությունների միջոցով, ըստ որում ուց վերջավորությունն ստանում են Ու արտաքին հոլովման պատկանող բառերը, ից վերջավորությունը՝ մյուս հոլովների պատկանող բառերը։ Եթե սեռականի ձևը վերջանում է ա ձայնավորով, ապա բացառական հոլովի կազմության մեջ հիմքի և վերջավորության միջև ավելանում է ն ներույթը՝ աղջկանից, վաղվանից։ Հոգնակի բացառականը կազմվում է միայն ից վերջավորությամբ, ընդ որում՝ ուղղականի հիմքով՝ հայրերից, եղբայրներից, ընկերներից։ Միայն ց հոլովման պատկանող բառերի, նաև կանայք, մարդիկ հոգնակիների բացառականն է, որ կազմվում է սեռականի հիմքով՝ մարդկանցից, Գրիգորենցից։
Նախադասության մեջ բացառական հոլովաձևով դրված բառը կարող է լինել՝
- Անջատման անուղղակի խնդիր - Մեկնելիս դժվար էր բաժանվում ընտանիքից։
- Ներգործող անուղղակի խնդիր - Ծառն օրորվում է քամուց։
- Վերաբերության անուղղակի խնդիր - Պատմում էր իր ընտանիքից։
- Սահմանափակման անուղղակի խնդիր - Դուստրը մաթեմատիկայից ուժեղ է։
- Տեղի պարագա - Քաղաքից մեկնեց առավոտյան։
- Ժամանակի պարագա - Առավոտից աշխատում է։
- Պատճառի պարագա - Ուրախությունից լալիս էր։
- Հիմունքի պարագա - Նրան ճանաչել էր քայլվածքից։
- Որոշիչ - Հնձվորը ծղոտից գլխարկ էր դրել։
- Ստորոգելի - Կտորը մահուդից է։
- Մասնական ուղիղ խնդիր - Յարս էլ խմեց այդ ջրից։
Բացառական հոլովով դրված բառը նախադասության մեջ կարող է լինել նաև բաղկացության խնդիր, մասնակի ենթակա և այլն[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Մ. Ասատրյան, Ժամանակակից հայոց լեզու, Ձևաբանություն, Երևան, 2002