Jump to content

Ներգոյական հոլով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ներգոյական հոլովի ընդհանուր հոլովական իմաստը կարելի է համարել պարունակման իմաստը, որը տեղի իմաստ ցույց տվող բառերի հետ հանդես է գալիս որպես տեղային պարունակություն, իսկ ժամանակի իմաստ ունեցող բառերի հետ՝ ժամանակային պարունակություն։ Ներգոյական հոլովը ցույց է տալիս այն տեղը, որի մեջ կամ սահմաններում կատարվում է գործողությունը, այն ժամանակը, որի մեջ կամ ընթացքում կատարվում է գործողությունը և այլն։

Ժամանակակից հայերենում ներգոյական հոլովաձևը կազմվում է բառին կամ նրա հնչյունափոխված ձևին ում վերջավորության ավելացմամբ[1]։

Ներգոյականը ժամանակակից հայերենի միակ հոլովաձևն է, որ նախադասության մեջ գործածվում է միայն պարագայական նշանակությամբ։ Ներգոյական հոլովաձևով դրված բառը նախադասության մեջ կարող է լինել՝

  • Տեղի պարագա - Նրանց այն կավե գետնափոր խրճիթների փոխարեն կանգնած են հիմա նաիրյան այդ փոքրիկ քաղաքում քարե միհարկանի, երկհարկանի եւ նույնիսկ երեքհարկանի շինություններ՝ տներ ու խանութներ: (Եղիշե Չարենց) Եվ գուցե միայն սենյակում մի խուլ, Գլուխը թեքած պատկերիս վրա՝ Կնայի մի կին աչքերիս տխուր: (Եղիշե Չարենց)
  • Ժամանակի պարագա - Այդ յոթ տարում դու քանի՞ անգամ ես մեզանից փող ստացել։ (Րաֆֆի) Միևնույն ժամում, երբ հրդեհը տարածվում էր ամրոցի մեջ, երբ հոյակապ շինվածքները գոռգոռալով խորտակվում էին, երբ մարդիկների բազմությունը աշխատում էր կրակի ծավալման առաջը առնել: (Րաֆֆի)
  • Սահմանափակման անուղղակի խնդիր - Այդ գործում նա մրցակիցներ չունի: Ճարտասանության բնագավառում նա անգերազանցելի է:

Գոյականների մի զգալի մասը (անձանիշ գոյականները, շնչավոր ոչ անձեր ցույց տվող գոյականները, վերացական գոյականները և այլն), ներգոյական հոլովաձև չունի։ Այդ բառերը ներգոյականի իմաստը կարող են արտահայտել սեռականով և մեջ կապով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Մ. Ասատրյան, Ժամանակակից հայոց լեզու, Ձևաբանություն, Երևան, 2002