Րաֆֆի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Րաֆֆի (այլ կիրառումներ)
Picto infobox auteur.png
Րաֆֆի
Raffi (poet).jpg
Ծննդյան անուն Հակոբ Մելիք-Հակոբյան
Ծնվել է 1835[1]
Ծննդավայր Փայաջուկ, Սալմաստի գավառ, Պարսկաստան
Վախճանվել է ապրիլի 24 (մայիսի 6), 1888
Վախճանի վայր Թիֆլիս Ռուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Գրական անուն Րաֆֆի
Մասնագիտություն բանաստեղծ, գրող և արձակագիր
Լեզու հայերեն
Ազգություն հայ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Flag of Iran.svg Իրան
Կրթություն Կարապետ Բելախյանցի դպրոց
Ստեղծագործական շրջան 1850-1888
Ուշագրավ աշխատանքներ Սամվել (վեպ), Խաչագողի հիշատարականը, Սալբի, Հարեմ, Ոսկի աքաղաղ և Անմեղ վաճառք
Ամուսին Աննա Հորմուզ (Ասորի)
Կայք armenianhouse.org/raffi/raffi-en.html
Րաֆֆի Վիքիքաղվածքում
Րաֆֆի Վիքիդարանում
Raffi Վիքիպահեստում

Րաֆֆի (Հակոբ Մելիք-Հակոբյան, Փայաջուկ, 1835[1], Սալմաստի գավառ, Արևմտյան Ադրբեջան, Իրան - ապրիլի 24 (մայիսի 6), 1888, Թբիլիսի, Ռուսական կայսրություն[2]) հայ գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Րաֆֆին ծնվել է հարուստ ազնվականի ընտանիքում Պարսկաստանի Սալմաստ գավառի Փայաջուկ գյուղում։ Նախնական կրթություն ստացել է տեղի ծխական ուսումնարանում։ Հայրը՝ Մելիք Միրզան, 13 զավակների հայր էր։ 1847 թ-ին մեկնել է Թիֆլիս, ուսանել Կարապետ Բելախյանցի դպրոցում։ 1852-ին ընդունվել է ռուսական պետական գիմնազիայի չորրորդ դասարանը։ Այնտեղ, չորս տարվա ուսումնառության ընթացքում, կազմավորվել են նրա գրական նախասիրությունները՝ Շիլլերի, Հյուգոյի, ռուսական ժամանակակից գրականության գեղարվեստական փորձի վրա։ 1856-ին, գիմնազիայի դասընթացը չավարտած, վերադարձել է Փայաջուկ՝ տնօրինելու գերդաստանի կառավարման գործը։ Սակայն ազգային-հայրենասիրական ռոմանտիկ գաղափարներով տոգորված Րաֆֆին այլ ասպարեզի համար էր նախակոչված։ Իր ծրագրերի իրականացման համար կարևոր նշանակություն տալով «կյանքի ուսումնասիրությանը», 1857–1858-ին Րաֆֆին ճանապարհորդել է Պարսկաստանի և Թուրքիայի հայկական գավառներում, գրառել ժողովրդի նիստուկացի, բնաշխարհագրական տեղայնության, պատմական հիշատակների վերաբերյալ իր հարուստ տպավորությունները։ 1879 թվականին Րաֆֆին մշտական բնակություն է հաստատում Թիֆլիսում և զբաղվում միայն գրական աշխատանքով։ Կյանքի վերջին տարիներին աշխատակցում է Աբգար Հովհաննիսյանի «Արձագանք» թերթին։ Այդ տարիներին նրա կյանքում կարևոր դեր է կատարում «Մշակ» լրագիրը, որը սկսում է հրատարակվել 1872 թ. Գրիգոր Արծրունու խմբագրությամբ։ Խմբագրի հրավերով Րաֆֆին դառնում է թերթի մշտական աշխատակիցը։ 1888 թ. ապրիլի 25-ին Րաֆֆին վախճանվում է։ Նրա աճյունն ամփոփված է Թիֆլիսում՝ Խոջիվանքի հայկական գերեզմանոցում։

Գրական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1860-ականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Րաֆֆին

1860-ականների վերջերին քայքայվել էր Մելիք-Հակոբյանների տնտեսությունը, և գերդաստանը հասել սնանկության եզրին։ 70-ականների սկզբին Րաֆֆին հաճախ է եղել Թիֆլիսում, կապ հաստատել ազգային մտավորականության հետ՝ ձգտելով մտնել գրական-հասարակական գործունեության ասպարեզ։ Ընդունելով Գ. Արծրունու հրավերը՝ Րաֆֆին դարձել է «Մշակ»–ի գլխ. աշխատակիցը և թերթի էջերում տպագրել իր գեղարվեստական պատկերները («Գեղեցիկ Վարդիկը», 1872, «Անբախտ Հռիփսիմեն», 1872, «Սով», 1872, «Մի օրավար հող», 1873, «Բիբի Շարաբանի», 1876 և այլն), հրապարակախոսական հոդվածներն ու ուղեգրությունները, որոնց նյութը պարսկահայ իրականությունն է՝ սոցիալական ու ազգային թշվառության ողբերգական հետևանքներով։ Կենսական հարցադրումները, թարմ գաղափարները, մշակված լեզուն և պատկերավոր ոճը Րաֆֆու պատկերներին տալիս են հասարակական լայն արձագանք՝ գրողին բերելով համազգային հռչակ։ 1875 - 1877 թվականներին Րաֆֆին աշխատել է Թավրիզի Արամյան դպրոցում, որպես հայոց լեզվի և պատմության ուսուցիչ։ 1877-79 թվականներին դասավանդել է Ագուլիսի հայկական դպրոցում, սակայն, բախվելով պահպանողական մտայնությանը հարող միջավայրի հետ, վերադարձել է Թիֆլիս, որտեղ և մնացել է մինչև կյանքի վերջը՝ զբաղվելով միայն գրական գործունեությամբ։

1870-ականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

70-ականներին Րաֆֆու աշխարհայացքը որոշակի առաջընթաց է կատարել լուսավորական ռոմանտիզմից դեպի պոզիտիվ սոցիոլոգիան։ Հետևելով ժամանակի սոցիալական ուսմունքներին՝ նա եկել է այն համոզման, որ հասարակության զարգացումը ենթարկվում է որոշակի օրենքների, և դրանք պարտադիր են բոլոր ազգերի ու ժողովուրդների համար։ Նման հայացքը մի կողմից վերանայումներ էր գծում հայ ժողովրդի ազգային ու սոցիալական զարգացման վերաբերյալ նրա ըմբռնումների մեջ, մյուս կողմից ընդլայնում էր նրա գեղարվեստական ու հրապարակախոսական հարցասիրությունների ընդգրկումն ու բովանդակությունը։ «Ընտանիքի կերբերոսներ» (1872), «Նամակ Կ. Պոլսից» (1873), «Վաճառականությունը հայերի մեջ» (1872), «Նամակ Պարսկաստանից» (1876) և այլ հրապարակախոսական հոդվածներում Րաֆֆին արծարծել է տնտեսական, բարոյական, կրթական և այլ բնույթի հարցեր, գեղարվեստորեն պատկերել կյանքի բազմազան ոլորտներ։ «Խաչագողի հիշատակարանը» (1869-70, հրտ. 1882-83) վեպում նա առաջադրում է անհատի քաղաքացիական պարտքի գաղափարը։ Ցույց տալով չարության, մարդատյացության, ընչաքաղցության բնազդական կրքերի արթնացումը մարդու էության մեջ՝ գրողն իր հերոսներին հանգեցնում է այն գիտակցության, որ մարդիկ բարի կամ չար չեն ծնվում, այլ այդպիսին են դառնում հասարակական մթնոլորտի ազդեցությամբ։ Հետևաբար, մարդկային գործունեությանն օգտակար ուղղություն տալու համար անհրաժեշտ է բարեփոխել հասարակությունը։ Արթնացնելով իր հերոսների քաղաքացիական գիտակցությունը՝ Րաֆֆին նրանց հայացքն ուղղում է դեպի ազգային-ազատագրական պայքարի ասպարեզը։ «Զահրումար» (1871, հրտ. 1895), «Ոսկի աքաղաղ» (1870, հրտ. 1882), «Մինն այսպես, մյուսն այնպես» (1890) վեպերում նա պատկերում է առևտրական բուրժուազիայի կենցաղն ու բարքերը։

Րաֆֆու ստեղծագործական տաղանդի վերելք[խմբագրել | խմբագրել կոդը]

Րաֆֆու գերեզմանը Թբիլիսիում, Վրաստան

Հայ ազգային-ազատագրական շարժման վերելքը, կապված 1877-78 թթ-ի ռուս-թուրքական պատերազմի իրադարձությունների հետ, ամբողջ խորությամբ բացահայտեցին Րաֆֆու ստեղծագործական տաղանդի հնարավորությունները։ Մի շարք հրապարակախոսական հոդվածներում, «Ճանապարհորդություն Թիֆլիսից մինչև Ագուլիս» (1878) ուղեգրության մեջ, «Ջալալեդդին» (1878) վիպակում, վերլուծելով ազատագրական շարժման իրական հանգամանքները և միանգամայն ապարդյուն համարելով Հայկական հարցի լուծման եվրոպական դիվանագիտության ուղին, Րաֆֆին առաջադրում է ազգային-ազատագրական պայքարի գաղափարը՝ արևմտահայ ժողովրդի գլխավոր խնդիրը համարելով այդ գաղափարի «անդադար և անընդհատ նախապատրաստությունը»։ Այս ծրագրի գեղարվեստական արտահայտությունը հանդիսացան «Խենթը» (1881) և «Կայծեր» (հ. 1-2, 1883-87) վեպերը։ «Կայծեր»–ը XIX դ. հայ ազատագրական շարժումների գեղարվեստական հանրագիտարանն է, նորագույն շրջանի հայոց պատմության ասք-էպոսը։ Իր ընդգրկումներով, պատմա-փիլիսոփայական հագեցվածությամբ և գեղարվեստական հյուսվածքով նա զարգացման նոր աստիճանի բարձրացրեց հայ ազգային վեպը։ «Դավիթ Բեկ» (1882) վեպն արտացոլում է XVIII դ. սկզբի ազատագրական շարժման իրադարձությունները և հայոց պետականության ստեղծումը Սյունիքում։ «Խամսայի մելիքություններ» (1882) ժամանակագրությունը ներկայացնում է Արցախ–Ղարաբաղի մելիքների մաքառումը անկախության համար։ «Սամվել» (1886) վեպի նյութը վերաբերում է IV դ. կեսի սոցիալ–քաղաքական բարդ իրադարձություններին, երբ Պարսկաստանի և Բյուզանդիայի աքցանի մեջ առնված հայոց թագավորությունը ձգտում էր հաստատել ժողովրդի էթնիկական ինքնությունն ու պետական անկախությունը։ «Պարույր Հայկազն» (1884) վիպակում, պատմական զուգահեռի վրա դնելով Մովսես Խորենացուն և Պարույր Հայկազնին (Պրոերեսիոսին), Րաֆֆին կոսմոպոլիտիզմը հակադրում է հայրենասիրությանը՝ հաստատելով, որ փառքի հավերժությունն ու անմահությունն անբաժանելի են հայրենիքի գաղափարից։ Գրողի պատմափիլիսոփայության մեկնակետը ազգային միասնության գաղափարն է։ Ընդհանրացնելով անցյալի փորձը՝ նա ազատագրական շարժման դասերից այն հետևությունն է անում, թե ազգային դժբախտության պատճառը անմիաբանությունն է, որը հայոց պատմության վրա դրոշմել է դավաճանության դատակնիքը։ Սակայն, որպես գեղագետ, Րաֆֆին դավաճանությունը դիտում է ոչ միայն սոցիալական ու քաղաքական շարժերի տեսանկյունից, այլև այն փոխադրում է մարդկային հոգեբանության ոլորտը։ Նրա վեպերի հերոսները, պատմական անձ լինելու հետ միաժամանակ, բարոյական որոշ սկզբունքի կրողներ են և անդրադարձնում են մարդկային վարքի էթիկական գնահատական ը։ Ըստ այղ գնահատականի՝ հայրենասիրությանը բացարձակ է, որին պետք է զոհաբերել ամեն ինչ։ Րաֆֆին կատարելագործեց հայ դասական պատմավեպի գեղարվեստական փորձը։

Րաֆֆու գրական-քննադատական հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Րաֆֆու ստեղծագործության էական բաժինն են կազմում գրական-քննադատական հոդվածները։ Երկերի առաջաբաններում, «Պ. Հայկունու կրիտիկան և «Կայծերը» (1883), «Վիպագրությունը ռուսահայերի մեջ» (1887) և այլ հոդվածներում ու գրախոսություններում նա արձագանքել է ընթացիկ գրական շարժման բնորոշ երևույթներին, արծարծել գրողի անհատականության, ստեղծագործական երևակայության, քննադատության մեթոդի, XIX դ. հայ գրականության զարգացման գլխավոր օրինաչափությունների, գրական երկի ձևի ու բովանդակության, ժամանակակից և պատմական վեպի տեսության հարցեր, որոնք նշանակալից ներդրում են հայ գրականագիտական քննադատական մտքի պատմության մեջ։

Գրական գեղարվեստական առաքելություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորապես կապված ազգային մշակույթի ավանդույթների հետ և յուրացնելով ռուս և եվրոպական գրականության նվաճումները, Րաֆֆին հայ գրականությունը մերձեցրեց ժամանակի համաշխարհային գրականության չափանիշներին։ Րաֆֆին գեղարվեստական խոսքի նորարար է։ Նա որակական նոր աստիճանի բարձրացրեց հայ արձակը՝ մշակելով վեպի, վիպակի, պատմվածքի, նամականիի և ուղեգրության ընտիր նմուշներ։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Րաֆֆի, Դավիթ Բեկ։
  • Րաֆֆի, Ջալալեդին։
  • Րաֆֆի, Կայծեր, մաս 1։
  • Րաֆֆի, Կայծեր, մաս 2։
  • Րաֆֆի, Ուղեգրություններ։
  • Րաֆֆի, Սալբի։
  • Րաֆֆի, Սամվել։
  • Րաֆֆի, Հրապարակախոսություններ, հոդվածներ։
  • Րաֆֆի, Խենթը։
  • Րաֆֆի, Ոսկե աքաղաղ։
  • Րաֆֆի, Զահրումար։
  • Րաֆֆի, Հարեմ։
  • Րաֆֆի, Ղարիբ Մշեցին:
  • Րաֆֆի, Խաչագողի հիշատակարանը:
  • Րաֆֆի, Պարույր Հայկազն:
  • Րաֆֆի, Խամսայի մելիքություններ:

Րաֆֆու մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Խոսք Րաֆֆու գերեզմանի վրա


Ճապոնացիների մեջ մի գեղեցիկ սովորություն կա, որ դիմում են իրենց մեռած գործիչների հոգիներին, ինչպես կենդանի մարդկանց: Հետևելով էս գեղեցիկ սովորությանը, էսօր Հայոց Գրողների Ընկերության անունից ես դիմում եմ Րաֆֆու հոգուն:

Անմահ հոգի՛, որ հայի բազմադարյան տառապանքով ու նրա լավ ապագայի կարոտով լցված՝ քո տաղանդի կախարդական ուժով դուրս կանչեցիր անցյալի մութից ու ապագայի անհայտությունից հրապուրիչ պատկերներ ու հերոսական դեմքեր ու նրանցով վառեցիր, ոգևորեցիր վհատներին, որ տկարներիս համարձակություն ներշնչեցիր ու ղրկեցիր հզորների դեմ նահատակության արյունով լվանալու և սրբելու ստրկության արտասուքը, որ անհագստություն տվիր հայ ժողովրդի հոգուն և ուղղեցիր նրան դեպի ազատագրության ճանապարհը, էսօր եկել ենք քո գերեզմանի վրա դնելու թարմ ծաղիկների հետ և մեր ցավերը, որ միշտ մնում են թարմ, և մեր զգացմունքները, որ համակված են քո շնչով ու հիշատակով: Եկել ենք քո գերեզմանի վրա օրհնելու և փառաբանելու քո տված անհագստությունը, էն ճանապարհը, որ ցույց տվիր և էն նահատակների շարքերը, որ գնացին քո ցույց տված ճանապարհով:

Անհանգիստ հոգի՛, անշուշտ այժմ դու սավառնում ես էն դժբախտ աշխարհի երկնքում, որ քո մահից 25 տարի հետո՝ դարձյալ մի անգամ ավելի մեծ թափով ու սարսափով բարձրացել են հույզերն ու հույսերը, և թերևս հեռու չի օրը, երբ մենք կկարողանանք կրկին գալ քո շիրմի վրա ու կանչել.- Արդեն կատարված է քո իղձը, ո՛վ անհանգիստ հոգի, ընդմիշտ վերացած ու վերջացած են էնքան արյուններ, էնքան կոտորած, և «ամեն կողմից պանդուխտ հայազգիք դիմում են իրենց սիրուն հայրենիք...»: Արդեն կատարված է հայ ժողովրդի ազատագրության մեծ գործը, հանված է նա հին դժոխքից, ապահով է անվերջ կոտորածներից ու հանգիստ անլուր հալածանքներից, դու էլ հանգստացիր քո հավիտենական կայանում, ո՛վ անհանգիստ հոգի:

1913
Aquote2.png


Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Րաֆֆին հանդես է եկել Մելիքզադե, Անանուն, Մել և այլ կեղծանուններով։
  • Երևանում կա Րաֆֆու անվան փողոց, դպրոց։

Հայտնի քաղվածքներ Րաֆֆու երկերից[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Խենթը», 1881թ.:
  • ► Համբերությունը մահ է… Գերեզմանի մեջ միայն մարդը սովորում է համբերող լինել:
  • ► Հիմա աշխարհի կարգն այդպես է, և միշտ այդպես է եղել, ով որ զենք գործածել չգիտե, ով արյուն թափելու և մարդիկ կոտորելու ընդունակություն չունի, նրան ասում են՝ դու ազատ լինելու իրավունք չունես: Ուրեմն, եթե հայերը ցանկանում են մի բան ստանալ և ազատ լինել, պետք է ցույց տան, թե իրենք ևս զուրկ չեն քաջությունից, թե իրենք ևս սպանել գիտեն: Եվ այժմ ամենահարմար ժամանակն է:
  • ► Հայոց ժողովուրդը մի զարմանալի ժողովուրդ է: Նրան սպանելը, եթե չասեմ անհնարին, կարող եմ ասել, որ շատ դժվարին է: Նա այն բազմագլխյան առասպելական վիշապն է, որ կոչվում է Հիդրա, որի յուրաքանչյուր ջախջախված և կտրված գլխի տեղ աճում է նորը և ավելի զորավորը: Դարերի ընթացքւմ համաշխարհային դարբնոցի սալի վրա, հայը այն աստիճան ծեծվեցավ, տաշվեցավ և կոփվեցավ, որ ստացավ երկաթի ամրություն: Նրան ջախջախելը շատ հեշտ չէ, նա չափազանց տոկուն է:
  • ► Մինչև խելացին կմտածե, խենթը գետից անց կկենա:
  • ► Խենթը մի քար գլորեց փոսը, հարյուր խելոքներ հավաքվեցան, չկարողացան դուրս հանել:
  • ► Ինչ վիճակ է այդ…Ինչու համար ենք ապրում…Ինչու գետինը չի պատռվում և մեզ կուլ չէ տալիս…Ինչու երկինքը փուլ չի գալիս…այդ ինչ կյանք է…Տեսնել իր աչքի առջև անպատվությունը և լուռ մնալ…Էլ ում համար է պատրաստել դժոխքի կրակը…Էլ ում համար են երկնքի կայծակները…Ինչու չեն պատժում անզգամին…
  • ► Մի չարագործի ձեռք, եթե չես կարող կտրել, պետք է համբուրես և գլխիդ վրա դնես:
  • ► Գողը իր համար տուն չի կարող շինել, բայց տուն ունեցողի տունը կքանդի:


  • «Ինքնախաբեություն (Հրապարակախոսական և գրական քննադատական հոդվածներ)», 1883թ.:

Ինքնախաբեությու՜ն… դա մի շատ հասարակ բառ է, բայց նրա մեջ թաքնված են մարդու բոլոր թշվառությունները: Տեսնում ես մեկը հիմար է, բայց կարծում է, թե խելք ունի: Մյուսը երկչոտ է, կարծում է, թե առյուծի սիրտ ունի: Երրորդը ոչինչ չէ սովորել, բայց իրան հանճար է երեւակայում: Չորրորդը չարագործ մեկն է, բայց իրան առաքինության տիպար է համարում: Այս բոլորը առաջ է գալիս ինքնախաբեությունից: Ինքնախաբեությունը մի աչք միայն ունի, և նա ամեն բան լավ կողմից է տեսնում: Նրա մյուս աչքը կույր է տգեղություններ, այլանդակություններ և մոլություններ տեսնելու համար: Եվ այս պատճառով այն թշվառականը, որ մի այդպիսի ողորմելի դրության մեջ է գտնվում, միշտ գոհ է իր վիճակից, որովհետև իր մեջ թերություններ չէ տեսնում: Եվ դրա համար նա միշտ անշարժ է մնում. ոչ մի ձգտում դեպի առաջադիմություն և ոչ մի պահանջ կյանքից չունի. իրան ամեն բանով լիացած է համարում: Ինքնախաբեությունը բարոյական ինքնասպանություն է. մի մեռելություն է, որի մեջ մարդկային բոլոր կրքերը հանգիստ են…


  • «Ջալալեդդին», 1878թ.:
  • ► Ո՛վ հայրեր, ո՛վ պապեր, այս գաւաթը խմում եմ, բայց առանց նուիրելու Ձեր ոսկորներին: Եթէ դուք այս վանքերի տեղը, որոնցով լիքն է մեր երկիրը, բերդեր շինէիք, եթէ դուք սուրբ խաչերի և անօթների փոխարէն, որ սպառեցին ձեր հարստութիւնը, զէնքեր գնէիք, եթէ դուք ձեր անուշահոտութեանց տեղ, որ խնկւում են մեր տաճարներում, վառոդ ծխէիք, այժմ մեր երկիրը բախտաւոր կլինէր:

Մեր երկիրը չէին քանդի, մեր որդիքը չէին կոտորի և մեր կանանց չէին յափշտակի… Վանքերի՛ց ծագեց մեր երկրի կործանումը, նրանք խլեցին մեր սիրտը և քաջութիւնը, նրա՛նք ձգեցին մեզ ստրկութեան մեջ, սկսած այն օրից, երբ Տրդատը թողեց իւր սուրը և թագը, վերցրեց խաչը և մտաւ Մանիա այրը՝ ճգնելու… Ո՛վ Հայոց հին աստուածներ, ո՛վ Անահիտ: Ո՛վ Վահագն, Ո՛վ Հայկ, նուիրում եմ այս բաժակը Ձեր սուրբ յիշատակին, դուք փրկեցէք մեզ…

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկերի մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Փունջ, հատ. 1–2, Թիֆլիզ, 1874:
  • Խենթը, Շուշի, 1881, 400 էջ:
  • Ոսկի աքաղաղ, Թիֆլիզ, 1882, 265 էջ:
  • Խամսայի մելիքութիւնները 1600–1827 թթ. (նիւթեր հայոց նոր պատմութեան համար), Թիֆլիզ, 1882, 415 էջ:
  • Կայծեր, հատ. 1, Թիֆլիզ, 1883, 538 էջ:
  • Խաչագողի յիշատակարանը, մաս 1-4, Թիֆլիզ, 1883-1884, 608 էջ:
  • Ջալալեդդին, Մոսկուա, 1884, 100 էջ:
  • Սամուէլ, Թիֆլիզ, 1886, 749 էջ:
  • Կայծեր, հատ. 2, Թիֆլիզ, 1887:
  • Դաւիթ Բէկ, Թիֆլիզ, 1890, 763 էջ:
  • Խենթը: Ջալալէդդին, Մոսկուա, 1890, 554 էջ:
  • Վէպիկներ եւ պատկերներ, հատ. 1–2, Թիֆլիզ, 1891-1893:
  • Կայծեր, հատ. 1, Թիֆլիզ, 1893, 546 էջ:
  • Արծիւ Վասպուրականի (Խրիմեան Հայրիկ), Թիֆլիզ, 1893, 135 էջ:
  • Խաչագողի յիշատակարանը, Թիֆլիզ, 1895, 496 էջ:
  • Զահրումար, Թիֆլիզ, 1895:
  • Տաճկահայք (Հայոց հարցը), Թիֆլիզ, 1895, 80 էջ:
  • Կայծեր, հատ. 2, Թիֆլիզ, 1897:
  • Սամուէլ, Վիեննա, 1898, 764 էջ:
  • Ոսկի աքաղաղ, Բագու, 1903, 240 էջ:
  • Դաւիթ Բէկ, Վիեննա, 1903, 791 էջ:
  • Կայծեր, հատ. 1–2, Վիեննա, 1904:
  • Խաչագողի հիշատակարանը, Վիեննա, 1905, 514 էջ:
  • Խենթը: Ջալալէդդին, Վիեննա, 1905, 524 էջ:
  • Ջալալէդդին, Վիեննա, 1905, 92 էջ:
  • Խամսայի մելիքութիւնները: Ղարաբաղի աստղագէտը: Գաղտնիքն Ղարաբաղի, Վիեննա, 1906:
  • Սալբի, Վիեննա, 1911:
  • Դաւիթ Բէկ, Կ. Պոլիս, 1913, 832 էջ:
  • Խենթը: Ջալալէդդին, Կ. Պոլիս, 1913, 384 էջ:
  • Ջալալէդդին, Կ. Պոլիս, 1913, 93 էջ:
  • Պարսկական պատկերներ, Վիեննա, 1913:
  • Տաճկահայք (Հայոց հարցը), Վիեննա, 1913, 163 էջ:
  • Խենթը, Կ. Պոլիս, 1913, 308 էջ:
  • Խաչագողի յիշատակարանը, Կ. Պոլիս, 1922, 432 էջ:
  • Ոսկի աքաղաղ, Կ. Պոլիս, 1922, 152 էջ:
  • Սամուէլ, Վիեննա, 1926, 768 էջ:
  • Ոսկի աքաղաղ: Պատմվածքներ, Յերեւան,  1927, 176 էջ:
  • Զահրումար, Վիեննա, 1930:
  • Խենթը: Ջալալէդդին, Աթէնք, 1931, 364 էջ:
  • Սամուէլ, Պէյրութ, 1934, 749 էջ:
  • Կայծեր, հատ. 1–2, Պէյրութ, 1934, 712 էջ:
  • Դաւիթ Բէկ, Պէյրութ, 1935, 809 էջ:
  • Դաւիթ Բէկ, Աթէնք, 1935, 691 էջ:
  • Սամուէլ, Աթէնք, 1936, 690 էջ:
  • Խաչագողի յիշատակարանը, Գահիրէ, 1936, 480 էջ:
  • Խաչագողի յիշատակարանը, Պոսթըն, 1936, 434 էջ:
  • Խենթը, Պէյրութ, 1937, 432 էջ:
  • Խենթը, Պոսթըն, 1937, 362 էջ:
  • Կայծեր, հատ. 1, Ալէքսանդրիա, 1937, 446 էջ:
  • Ոսկի աքաղաղ, Ալէքսանդրիա, 1937, 196 էջ:
  • Ջալալեդդին, Ալեքսանդրիա, 1937, 92 էջ:
  • Սամուէլ, Պոսթըն, 1938, 749 էջ:
  • Զահրումար, Գահիրէ, 1938:
  • Դաւիթ Բէկ, Պոսթըն, 1938, 687 էջ:
  • Սամվել, Երևան, 1940, 468 էջ:
  • Դավիթ Բեկ, Երևան, 1941, 436 էջ:
  • Կայծեր, հատ. 1–2, Երևան, 1947:
  • Երկերի ժողովածու, հատ. 1–3, Երևան, 1949–1950:
  • Կայծեր, հատ. 1–2, Վիեննա, 1954:
  • Ոսկի աքաղաղ, Երևան, 1954, 245 էջ:
  • Երկերի ժողովածու, հատ. 1–10, Երևան, 1955–1959:
  • Սամվել, Երևան, 1957, 618 էջ:
  • Սամուէլ, Պէյրութ, 1956, 646 էջ:
  • Ոսկի աքաղաղ, Վիեննա, 1956, 147 էջ:
  • Խաչագողի հիշատակարանը, Երևան, 1957, 422 էջ:
  • Ոսկի աքաղաղ, Երևան, 1958, 146 էջ:
  • Գրականության մասին, Երևան, 1958:
  • Ոսկի աքաղաղ, Երևան, 1960, 135 էջ:
  • Սամվել, Երևան, 1961, 610 էջ:
  • Դավիթ Բեկ, Երևան, 1962, 630 էջ:
  • Երկերի ժողովածու, հատ. 1–10, Երևան, 1962–1964:
  • Խենթը: Ջալալէդդին, Վիեննա, 1966, 378 էջ:
  • Սամվել, Երևան, 1967, 535 էջ:
  • Խաչագողի հիշատակարանը, Երևան, 1970, 388 էջ:
  • Խենթը: Հարեմ: Ոսկի Աքաղաղ: Պատմվածքներ, Երևան, 1970, 680 էջ:
  • Խենթը: Խաչագողի հիշատակարանը, Երևան, 1978, 686 էջ:
  • Դավիթ Բեկ, Երևան, 1980, 574 էջ:
  • Ոսկի աքաղաղ, Երևան, 1980, 150 էջ:
  • Խաչագողի հիշատակարանը, Երևան, 1981, 376 էջ:
  • Խենթը: Ջալալէդդին, Թեհրան, 1981, 524 էջ:
  • Խենթը: Ջալալեդդին, Երևան, 1982, 416 էջ:
  • Կայծեր, հատ. 1–2, Թեհրան, 1982:
  • Ազգային վիպասանութիւն պարսկահայոց կեանքից, Թեհրան, 1983, 536 էջ:
  • Տաճկահայք (Հայոց հարցը), Թեհրան, 1983, 165 էջ:
  • Սամվել, Երևան, 1984, 510 էջ:
  • Երկերի ժողովածու, հատ. 1–12, Երևան, 1983–1991, 1999:
  • Խաչագողի հիշատակարանը, Երևան, 1989, 384 էջ:
  • Մինը այսպէս, միւսը՝ այնպէս, Հալէպ, 1990, 117 էջ:
  • Խամսայի մելիքութիւնները 1600–1827 թթ. (նիւթեր հայոց նոր պատմութեան համար), Անթիլիաս, 1998, 131 էջ:
  • Ոսկի աքաղաղ, Երևան, 2003, 180 էջ:
  • Ոսկի աքաղաղ, Պէյրութ, 2007, 182 էջ:
  • Ջալալէդդին, Պէյրութ, 2007, 82 էջ:
  • Երկեր (Թարգմանություններ: Հոդվածներ: Նամակներ), Երևան, 2011, 400 էջ:
  • Խենթը: Խաչագողի հիշատակարանը, Երևան, 2012, 664 էջ:
  • Ստեղծագործությունների ժողովածու, Երևան, 2013, 592 էջ:
  • Խաչագողի յիշատակարանը, Պէյրութ, 2013, 376 էջ:
  • Սամուէլ, Պէյրութ, 2014, 552 էջ:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանը
Վիքիդարանը ունի բնօրինակ գործեր, որոնց հեղինակն է՝
Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Րաֆֆի հոդվածին
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png